Pages

29 October, 2024

Կռիւներ Պարսկաստանում. Արտէմ եւ Նիկոլ

Մերթ Բագւում ու Երեւանում, մերթ Շուշում ու Գորիսի շրջակայքում (Զանգեզուր): Կարող եւ համարձակ մարտիկներ լինելուց զատ՝ նշանաւոր են եւ որպէս ահաբեկիչներ: Արտէմը (Օտապաշեան) – մանաւանդ:

1907-ին ուրիշների հետ միասին ենթարկւելով «հակադաշնակցական» հովերին՝ ժամանակաւորապէս ձուլւեցին «երիտ. Դաշ.»-ների հետ, միաժամանակ յարաբերութիւն ունենալով կուսակցութեան մի շարք, իրենց համար յարգելի անհատների հետ: Վիեննայի Ընդհ. Ժողովից յետոյ «վերադարձողների» մէջ էին եւ այդ երկու մաքուր ու կարող ռազմիկներն, որոնց յեղափոխական տեմպերամենտին բնաւ գոհացում չէր տալիս իրենց գրկած «նոր դրօշը»: Այդպէս էր բացատրում ինքը Արտէմը. «Մենք յեղափոխականներ ենք, այդ դպրոցում դաստիարակւած, գործի մարդ ենք, ոչ խօսքի»:

1908-ի սեպտեմբերին էր, երբ պատրաստւում էին Պարսկաստան անցնել: Խիստ ոգեւորւած էին եւ սահմանն անցնելու օրեր էին համրում: Դժգոհ էին Երեւանում երկար մնալու համար:

«Թաւրիզը ճգնաժամի մէջ է եւ եթէ գնում ենք օգնութեան, պէտք է շտապել, այլապէս դատապարտելի է մեր ընթացքը», բացականչում էր Արտէմը, Նիկոլի եւ Մարտիրոսի հետ միասին:

Հոկտեմբերին Թաւրիզ են: Կռիւները դադարել են: Միապետականները հեռացել են Թաւրիզի շրջակայքից: Ընդհանուրի մասնակցութեամբ ապագայ գործունէութեան ծրագիր էր մշակւում: Մինչ այդ՝ մի տասնեակ մարտիկներ, Արտէմի եւ Նիկոլի մասնակցութեամբ, անցան (հոկտեմբերի վերջին) Մուժամբար հայկական գիւղը, շրջակայքի դիրքերին ծանօթանալու նպատակով: Երեկոյեան հասնելով գիւղը, հետեւեալ օրը՝ առաւօտեան, երբ պատրաստւում են գիւղից դուրս գալ, նկատում են Ալի-խանի բանակը, մօտ 1500 հոգի, որն արդէն շրջապատած է լինում գիւղը: Սկսւում է մի անհաւասար կռիւ: Բաժանւելով մի քանի խմբակների, մարտիկները կռւում են ամբողջ 10 ժամ, մինչ ջարդւած թշնամին մօտ 150 սպանւած ու վիրաւոր թողնելով, նահանջել է սկսում, գուշակելով կռւողների հայ ֆէդայի լինելը եւ դատապարտելով իր անմիտ ընթացքը: «Նման հարւած ես չեմ կրել իմ կեանքում – ասել է Ալի-խանը, իր մտերիմ խաներից մէկին – մանաւանդ որ ընդամենը 10 հոգի էին»:

Այդ կռւում են ընկած երկուսն էլ, միեւնոյն դիրքում եւ այն վայրկեանին, երբ ոքի են կանգնում մնացած ընկերների վիճակը հասկանալու: Մահը վայրկենական է լինում. երկուսի վէրքն էլ գլխից էր: Թաղւած են Լիլաւայի դպրոցի բակում, ուր նրանց շիրիմները յաճախում են հարիւրաւոր օտար մայրեր եւ ողբում կորուստը «թարմ ծաղիկների» 

Մեր անդրանիկ զոհերն են՝ Պարսկաստանի ազատագրական շարժման ընթացքում:

«Դրօշակ» - Յունւար 1911
Թիւ 1 (214)