24 January, 2024

Լօլաձէի Ահաբեկումը

1905-ի ռուսական առաջին յեղափոխութեան վիժումից յետոյ, որի պատճառները շատ բարդ են, իրենց յանդգնութեամբ եւ գազանութեամբ աչքի ընկան մի շարք ցարական պաշտօնեաներ, մասնւաորապէս Կովկասի մէջ:

Սրանց թւին պէտք է դասել նաեւ Լօլաձէին, որ 1906 թւի ընթացքում Թիֆլիսի մէջ գլխաւորապէս իր ազգակից վրացի յեղափոխականների ձերբակալմամբ եւ վերջիններիս կողմից իր վրա կատարւած մի շարք անյաջող մահափորձերի պատճառով, օրւան մարդ էր դարձել:

Ինչպէս լսել եմ, Լօլաձէն մեծ դեր է կատարել կովկասեան փոխարքայ տխրահռչակ Գոլիցինի դէմ անյաջող մահափորձ կատարող հնչակեան ահաբեկիչների ձերբակալութեան ժամանակ, դէպի պահուն պատահաբար փողոցով անցնելիս: Յետոյ մասնակցել է, որպէս սպայ ռուս-ճապոնական պատերազմին, բայց փոխանակ թշնամու դէմ կռւելու, սպանւած ռուս սպաների գրպաններում պեղումներ կատարելիս ձերբակալւել է եւ զինւորա-դաշտային դատարանի կողմից մահւան դատապարտւել, բայց Գոլիցինի միջնորդութեամբ, ներման է արժանանում եւ վերադառնալով Կովկաս, մտնում է Թիֆլիսում ոստիկանական ծառայութեան մէջ:

Թիֆլիսում Լօլաձէին կառավարութիւնը մեծ լիազօրութիւններով 1907 թւի յունւարի սկզբներին ուղարկեց Գանձակ, որտեղից պէտք է անցնէր Շուշի, Բագու եւ ապա, որպէս վարձատրութիւն յեղափոխականների դէմ իր ցայտուն գործունէութեան, Պետերբուրգում պիտի նշանակւէր Պետական Դումայի ոստիկանապետ:

Լօլաձէն Թիֆլիսից Գանձակ է հասնում 1907-ի յունւարի սկզբները, առաւօտեան ժամը 6-ին եւ մինչեւ նրա վագոնից իջնելը եւ կայարանից դէպի քաղաք մեկնելու րոպէն, տեղական ոստիկանութիւնը դադարեցնում է երթեւեկը: Զուգադիպութեամբ Լօլաձէի եկած վագոնով Գանձակից Բագու է մեկնում ընկ. Ա. Գ. Գանձակեցի մեր հին ընկեր Տիգրան Ստեփանեանի հետ: Իսկ Լօլաձէն մի խումբ ոստիկաններով եւ ժանդարմներով շրջապատւած, ուղղակի անցնում է հայկական քաղաքամասը եւ խուզարկում իրաւաբան Նիկ. Բաբաքեխվեանի բնակարանը, յատկապէս ընկ. Ա. Գ.-ին ձերբակալելու համար, որպէս ներկայացուցիչ Հ. Յ. Դ. Արեւելեան Բիւրոյի եւ կազմակերպիչ Գանձակի ինքնապաշտպանութեան, հայ-թրքական ընդհարումների ժամանակ:

1906ի վերջին ինքնապաշտպանութեան գործը հաշւեյարդարի էր ենթարկւած: Բոլոր զինւորները արձակւած, զէնքերը ապահով վայրերում տեղաւորւած, դրամական եւ զինւորական հաշիւները կազմւած, ժողովրդի կողմից նշանակւած մասնագէտների (բոլորն էլ հակադաշնակցական) քննութեանը ենթարկւած եւ մեծ գնահատութեան արժանացած:

Պարզ է, որ Լօլաձէի համար առաջին խոշոր որսը կը լինէր ընկ. Ա. Գ., եթէ մի քանի ժամով եւս ընկերը մնար Գանձակում:

Գանձակի ազգաբնակութիւնը բաղկացած լինելով գլխաւորապէս երկու ազգերից, հայերից եւ թուրքերից, պարզ է, որ Լօլաձէն Գանձակ էր ուղարկւած արտակարգ իրաւունքներով, խուզարկութիւններ եւ ձերբակալութիւններ կատարելու յատկապէս զուտ հայկական քաղաքամասում:

Մեր ժողովուրդը շատ էր ենթարկւել խուզարկութիւնների, ձերբակալութիւնների եւ հազար ու մի տեսակ չարչարանքների ռուս պաշտօնեաների կողմից, բայց Լօլաձէի պէս աւարառու, բիրտ ու կոպիտ հրէշի չէր հանդիպել: Եկած օրից սկսած ամէն գիշեր հարիւր ձիաւոր կոզակներով, ոստիկաններով ու ժանդարմներով արշաւում էր հայկական քաղաքամասը եւ խուզարկութիւններ ու ձերբակալութիւններ կատարում: Ինքը անձամբ գլխաւորապէս խուզարկում էր կանանց զարդերի տուփերը եւ հաւանածները գրաւում: Այս բացարձակ աւազակութեան դէմ բողոքող կանայք անգամ չէին ազատւում ատրճանակի կոթով հսացրած հարւածներից:

Հրէշ Լօլաձէն իր գործ դրած բռնութիւններով եւ աւազակային արարքներով սոսկալի վրդովմունք առաջացրեց եւ նրան գնդակահարելու հարցը դարձաւ պահանջ:

Ինչ խօսք, որ Հ. Յ. Դ. Այգեստանի (Գանձակի) Կ. Կոմիտէն չէր կարող անպատիժ թողնել Լօլաձէի պէս հրէշին: Եւ Լօլաձէի մահւան վճիռը արձակեց, գործադրութիւնը յանձնելով գանձակեցի ընկ. Նիկոլին: Ընկերը նոր էր վերադարձել Վասպուրականից, որտեղ յայտնի էր «Աբրատ» անունով:

Ընկ. Նիկոլը 1904-ին, որպէս պահակապետ Ալեքսանդրապոլի պետական զինական պահեստի, երկար ամիսների ընթացքում, գիշերները պահակ նշանակելով վստահելի հայ զինւորների, յաջողում է մեծաքանակ ռազմամթերք դուրս բերել եւ սայլերով տեղափոխել մօտակայ հայկական գիւղերը, այնտեղից էլ Երեւան ու Կարս, Երկիր գնացող խմբերը զինելու համար:

Վերջ ի վերջոյ զինւորական իշխանութիւնը կռահելով, ձերբակալում է ընկ. Նիկոլին որպէս պահակապետի եւ իր օգնական ղազախեցի Բաղրամեանին: Մի քանի ամսից յետոյ, սրանց յաջողւում է մի օր երեկոյեան խաժամուժին բանտից դուրս գալ: Սակայն, փախչելու ժամանակ, դրսի պահակը նկատելով, սկսում է կրակել մերոնց վրա եւ Բաղրամեանին ոտքից ծանր վիրաւորելով նորից ձերբակալում են, իսկ Նիկոլին յաջողւում է անվտանգ ազատւել: Ապա նա ընկեր Արամի հետ անցնում է Վասպուրական: Մօտ երկու տարի տեղական հայդուկային կռիւներին մսանակցելուց յետոյ, վերադարձաւ Գանձակ եւ լծւելով տեղական կուսակցական գործին, գործօն դեռ կատարեց Լօլաձէի ահաբեկման մէջ: 1908 թ. սեպտեմբերին, Հ. Յ. Դ. Արեւելեան Բիւրոյի հրահանգով մտաւ Քեռիի խմբի մէջ եւ մասնակցեց պարսկական յեղափոխական շարժման, որի ընթացքում եւ զոհւեց շամախեցի ռազմիկ ընկ. Արտէմի հետ, Թաւրիզի մօտ գտնւող հայկական Մուժամբար գիւղի կռւում: Սրանց մարմինները, յետագայում Սոֆիանում զոհւած մեր մարտիկներ Մարտիրոս Չարուխչեանի, Կարօի եւ Սեթօի մարմինների հետ թաղւեցին Թաւրիզի հայոց եկեղեցու բակում:

Սոց.-դեմոկրատները Թիֆլիսում չյաջողելով ահաբեկման ենթարկել Լօլաձէին, Գանձակ էին ուղարկել երկու ահաբեկիչ: Մէկը վրացի, որի մասին պատմում էին, որ 10-15 ահաբեկումներ է կատարել, միւսն էլ զինւորական ծառայութիւնից փախած մի ռուս երիտասարդ: Գանձակում սրանց միացաւ գանձակեիցի էս-դէկ Բլանց Վաղարշը, որպէս տեղական պայմաններին ու վայրին լաւ ծանօթ: Սրա եղբայրն էլ, որպէս դաշնակցական աչքի ընկած մարտիկ, մասնակցեց նոյն գործում մերոնց հետ:

Վրացին պահակի պէս մօտ մի հարիւր քայլի վրա անցո ւ դարձ էր անում հայոց եկեղեցու առջեւի մայթի վրա. ռուսը՝ դիմացի, իսկ հայը, իրեն յատուկ շատախօսութեամբ, ամբողջ օրը այդ միեւնոյն վայրում վիճում է րխմբւած երիտասարդների հետ:

Մերոնք՝ Նիկոլը, Բլանց Արշակը, Սեդրակ Ներսէսեանը, ղարադաղլւեցի Յովհաննէսն ու Մուխին եւ բանանցի Մուխին նոյն վայրում սպասում էին նոյնպէս Լօլաձէի այդ փողոցով անցնելուն: Եւ որովհետեւ այս սպասողական դրութիւնը մի քանի օր տեւեց, մի մեծ խումբ երիտասարդներ կռահելով մեր եւ էսդէկ ահաբեկիչները մի քանի օր շարունակ հայոց եկեղեցու մօտ սպասելու նպատակը, շատերը զուտ հետաքրքրութեան համար, ոմանք իրենք էլ անձամբ մասնակցելու նպատակով, մինչեւ ուշ գիշեր չէին հեռանում այդ տեղից: Որպէսզի արտակարգ հւաաքոյթները աչքի չզարնէին, ստիպւած էինք խոհուրդ տալ, որ ցրւէին: Շատերը ցրւում էին, թէեւ նորից մի ուրիշ տեղ համախմբւում, բայց եղան անհատներ էլ, որ պատասխանեցին թէ՝ «Պա՛հ, ձերը տրաքումա, մերը չէ՞»: Պարզ էր, որ կողմնակի անձնաւորութիւններ էլ պէտք է մասնակցէին Լօլաձէի ահաբեկմանը, խաչաձեւ կրակից թերեւս մերոնցից զոհեր տալով: Եւ կատարւեց մեր յոռետեսութիւնը:

Լօլաձէն կառքով թրքական քաղաքամասից գալիս, հայոց եկեղեցու մօտով անցնում է Չայլու թաղամասում գտնւող հայկական քաղաքամասի ոստիկանատուն, իր հետ ունենալով Թիֆլիսից բերած թիկնապահը կառապանի կողքին նստած եւ դիմացը՝ մի հայ մատնիչ: Այդ ժամանակ մերոնք ճաշելիս են լինում նոյն փողոցի վրա գտնւող «Ֆլօրիա» հայկական ճաշարանում, իսկ էսդէկ ահաբեկչները լինում են իրենց սպասած տեղը, որտեղից անցնում է Լօլաձէի կառքը:

Մինչեւ ոստիկանատնից վերադառնալը, մերոնք լուրը առնելով, գալիս սպասում են Չայլուից հայոց եկեղեցու մօտով դէպի թրքական քաղաքամաս տանող փողոցի աղբիւրի մօտ: Լօլաձէի կառքը մօտենալուն պէս Նիկօլը մօտակայ մսագործ Սանդրօի խանութում պահ տւած որսորդական հրացանի երկու խողովակից միաժամանակ կրակում է կառքի մէջ, շփոթելու համար Լօլաձէին, որը յայտնի էր որպէս յանդուգն կռւող: Եւ ապա խաչաձեւող կրակի տակ վազում է կառքի յետեւից: Ճիշտ հայոց առաջնորդարանի առջեւ, կառքը դիպչելով հսկայ մէկ ծառի ցնցւում է եւ Լօլաձէն գլորւում է առուի մէջ, որտեղից չորքոտանիի պէս առաջանում է դէպի Նիգեանների խանութը: Շէմքին վրա են հասնում մեր ահաբեկիչները, տեղն ու տեղը գնդակահարում եւ յետոյ անյայտանում:

Լօլաձէի կառքի վրա տեղացող խաչաձեւ գնդակներից կրծքից մահացու վիրաւորւում է Բանանցի Մուխին, որ իրեն մի կերպ նետելով եկեղեցու բակը, շունչը փչում է մեր ուսանող ընկերներից մէկի բազուկների մէջ: Դիակը խոստով լիքը սայլով գաղտնի տեղափոխում են մի ապահով թաղ եւ նոյն գիշերը հողին յանձնում վերին գերեզմանատանը:

Մուխին պետական զինւորական ծառայութիւն ստացած՝ հայ-թրքական ընդհարումներին աչքի ընկաւ իր քաջութեամբ: Ընդհարումներից յետոյ Գանձակում լծւեց իր արհեստին (որմնադիր էր): Միեւնոյն ժամանակ, որպէս մեր ամենավստահելի մարտիկներից մէկը, գործօն մասնակցութիւն ունեցաւ մեր զէնքերի տեղափոխութեան եւ տեղաւորման գործում:

Լօլաձէի խփւելու ժամանակ Նիգեանների խանութում է լինում Գանձակի նահանգապետ Ֆլէյշերի կինը, որ միւսների հետ թախչում է դէպի խանութի յետեւի կողմը. իսկ Նիգեանների մեծ եղբայրը Լօլաձէի դիակը նետում է իր խանութի շէմքից դէպի մայթը, ենթադրելով թէ այդպիսով ինքը եւ միւս ականատեսները կազատւեն ոստիկանական եւ դատական հետապնդումից: Էս.դեկ ահաբեկիչներից միայն հայն էր, այն էլ Լօլաձէի խփւելուց յետոյ, մօտ հարիւր քայլ հեռաւորութեան վրա, օդի մէջ պարպում է ատրճանակը: Քիչ հեռւից պարզ քաղաքացու պէս դիտող հայկական քաղաքամասի ոստիկանապետ Բակրաձէն (վրացի անվնաս ծերունի) հարցնում է, թէ այս պարոնը ինչու է օդի մէջ կրակում: Իր թիկնապահ հայ ոստիկանը (մեր համակիրնրեից), կարծելով, որ կրակողը մերոնցից է, ասում է, որ սա էլ կրակում է, որ ժողովուրդը ցրւի:

Այս դէպքից մի քանի ամիս վերջը, Ժընեւում հրատարակւող «Իսկրա» ամսագրում էս-դեկները իրենց վերագրեցին Լօլաձէի տերորը:

Ահաբեկում կատարւելուց հազիւ կէս ժամ վերջին էր, որ հասան ոստիկանութիւնը, զօրքը եւ քննիչը: Ժողովուրդը ցրւած էր եւ մայթի վրա փռւած՝ Լօլաձէի դիակը: Շշմած այս յանդուգն քայլից, կառավարութիւնը մի քանի օր ո՛չ մի խուզարկութիւն կամ ձերբակալութիւն չկատարեց: Օրեր յետոյ միայն, դէպը կատարւած վայրի բոլոր խանութպաններին ոստիկանատուն կանչելով, իբր թէ ինչ որ թուղթ ստորագրելու համար, մի վաշտ զօրքով շրջապատած՝ ուղարկում են բանտ, որըգ տնւում է թուրքական քաղաքամասում:

Ամբողջ երկու ամիս փակ մնացին խանութները: 42 հայ խանութպաններ մի շարք հարցաքննութիւնների ընթացքում պատասխանել էին, թէ իրենք կրակոցը լսելուն պէս՝ կարծելով թէ նորից հայ-թրքական ընդհարումներ են սկսւում, խանութները թողել փախել են:

Կառավարութիւնը երկու ամիս պահելուց յետոյ, ստիպւած եղաւ ազատ արձակել բոլոր ձերբակալւծներին, քանի որ չգտնւեց ոչ ոք, որ այս կամ այն անհատի դէմ ցուցմունքներ տար:

Ի պատիւ այդ 42 հայ վաճառականների, պէտք է ասել, որ իրենց շատ լաւ էին պահել բանտում: Ոչ ոք իրեն թոյլ չէր տւել մատնութիւններ անել: Ընդհակառակն բոլորն էլ իրենց պատիւ էին համարում, որ Լօլաձէի ահաբեկման պատճառով բանտարկւել են:

Լօլաձէի ահաբեկումը կատարւեց ժողովրդի պահանջով եւ, հետեւաբար, ոչ մի բողոքի կամ տրտունջի ու մատնութեան տեղիք չտւեց:

Բենօ
«Դրօշակ»
Փետրւար 1930
Թիւ 2 (297)