1940 թ. Դեկտ. 27ին,
տառապալից հիւանդութիւնից յետոյ, Փարիզում, իր վերջին շունչը փչեց Արշակ Ջամալեանը:
Բնատուր բարձր շնորհքներով
օժտւած, բազմատաղանդ հայ մտաւորական էր Ջամալեանը: Մարմնով բարեկազմ ու գրաւիչ, ճոխ
ու մշակւած, գիտելիքների հարուստ պաշարով հմտացած, արթուն եւ աշխոյժ մտքի տէր, բնաւորութեամբ՝
շէն ու կենսուրախ, առինքնող ու դիւրահաղորդ՝ մտաւորականի օրինակելի տիպար էր նա: Պերճախօս
բեմբասաց, արւեստասէր, հանրային ու քաղաքական գործիչ, ճարտար հրապարակագիր ու սուր բանավիճող,
գրագէտ, հմուտ տեսաբան ընկերային հարցերի, կազմակերպող ու խանդավառող ոգի – յաճախ չեն
պատահում մեզ մօտ այսպիսի բազմակողմանի տաղանդով օժտւած անհատներ: Եւ զարմանալի չէ,
որ մինչեւ այսօր էլ մեր կեանքում ցաւագին կերպով զգացւում է Ջամալեանի կորուստը. նրա
տեղը դեռ մնացել է բաց: