16 December, 2019

Տերրօր. Տէր-Սահակով


1904 թւի դեկտեմբերի 3-ին (հին տոմարով), երեկոյեան ժամը 9-ին, Թիֆլիսի փողոցներից մէկում երկու գնդակի մահացու հարւածով ընկաւ ոստիկանական ծառայող (ակալօգոչնի նադզիրատել) Տէր-Սահակովը: Նրան ճանաչող քաղաքի ամբողջ հասարակութիւնը՝ հայ թէ վրացի, ռուս թէ թիւրք, հրճւանքով լսեց այդ լուրը, եւ խաղաղ բնակիչներից շատ շատերը սկսեցին քիչ ազատ շունչ քաշել եւ ահա թէ ինչո՛ւ:

Այդ անտանելի սրիկան իր պաշտօնավարութեան առաջին օրերից իսկ՝ հանդիսացաւ որպէս մի մարմնացեալ ոստիկան-հրէշ: Թիֆլիսում եւ առհասարակ Կովկասում տիրող ոստիկանական հարստահարութիւնների եւ գռփումների ամենափայլուն ներկայացուցիչներն էր դա: Նրա լրբութեան եւ յանդգնութեան չափ ու սահման չկար: Բացի այն անվերջ ու անսահման կաշառքներից, որ նա առնում էր ամէն մի քայլափոխում, բացի այն ապօրինի «փէշքէշներն» ու տուրքերը, որ նա դրել էր իր բաժնի բնակիչների վրայ, եւ, որ ստիպւած էին վճարել ամէն տօնի, ամէն դէպքի առիթով, Տէր-Սահակովը առանձին եռանդ էլ էր ցոյց տալիս իր ծառայութեան «քաղաքական» բաժնում: Նրա օրով սովրական էր դարձել արդէն՝ ցերեկները փողոցում անցորդներին կանգնեցնելն ու խուզարկելը:

Վա՜յ նրան, հասարակ ժողովրդից, ով ընկնէր նրա ձեռքը. նրան ոստիկանատանը այնքան կը ծեծէին, մինչեւ որ կիսամեռ վայր ընկնէր, ուշագնաց: Եւ այդպիսի դէպքեր մէկ չէր, տասը չէր:

Իշխանաւորին դուր գալու համար՝ նա կանգ չէր առնում եւ ոչ մի լիրբ միջոցի առաջ: Մինչեւ անգամ բռնում էր անմեղ մարդկանց, նրանց շլնքին փաթաթում մի ոեւէ քաղաքական յանցանք եւ ներկայացնում իշխանաւորին եւ կեղծ վկաներով հաստատելով իր անամօթ զրպարտութիւնը՝ փտեցնում էր խեղճերին Մետեխի բանտի մռայլ եւ խոնաւ խուցերում: Տէր-Սահակովը իր այդ լրբութիւններով իհարկէ միակը չէ մեր զզւելի ոստիկանների մէջ. այդպիսի զազրելի անձանց նմաններով լիքն է մեր ոստիկանութիւնը, որոնք ամէն մի քայլափոխում ոտնատակ են տալիս քաղաքացու մարդկային արժանապատւութիւնը: Միապետական բռնակալութիւնը իր կամայական եւ կեղեքիչ սիստէմով հազարաւոր այդպիսիներ է ստեղծում օրաւուր, սակայն Տէր-Սահակովը իր ծառայութիւններով մի գարշելի տիպար էր այդ չարիքի: Յուսահատ, անպաշտպան ժողովուրդը, կարծես ճարը կտրած՝ յեղափոխական գործիչներից է սպասում չարիքի վերացումն: Կեղեքւող ժողովրդի մի մատը կարծես դէպի նա էր ուղղած եւ նա ընկաւ տէռօրիստի հարւածներից: Տէռօրիստը ազատ է: Եւ քանի գոյութիւն կ'ունենան նոյնանման հարստահարիչները, ժողովուրդը միշտ կը ծնի վրիժառու զաւակներ, քանի որ կը թագաւորեն կամայականութիւնն ու անարդարութիւնը եւ ժողովրդի թշնամիները կը շարունակեն իրենց անսանձ արարքները, Նեմեզիդայի սուրը չի դադարի իր հարւածները տալուց:

Հ.Յ.Դ. Կովկաս. Պատասխ. Կեդրոնական Կօմիտէ

«Պաշտօնական Ազդեր. Երկու Տէռօր»
«Դրօշակ» - Ապրիլ 1905
Թիւ 4 (157)