Pages

27 October, 2024

Զինակիր Խմբի Կռիւը (Փոխիկի «Ճաբօն» խումբի նահատակութիւնը)

Հոկտեմբերի 13ին Սալմաստի Ս... գիւղից ճանապարհւեց դէպի երկիր մի ձիաւոր զինակիր խումբ, յայտնի Փոխիկի (Վահրամ Յովհաննիսեան-Օհանեան) խմբապետութեամբ: Խումբը բաղկացած էր 15 հոգուց: Պետօյի, Վարդանի եւ Խանասօրի արշաւանքի ժամանակներից մնացած հայդուկներ էին, որոնք երկար տարիներից ի վեր բնակւում էին Սալմաստում եւ որոնց գործունէութեան շրջանը Սալմաստն էր իր շրջապատի լեռներով:

Սասունի հերոսական կռիւները, երկրի մէջ տառապող ժողովրդի լացն ու կոծը, ընկերների օգնութեան կոչերը, չէին կարող չ'ազդել կռիւների սովոր հայդուկների վրայ:

Ֆէդայու մարտասէր ոգին նոր թափով եւ նոր եռանդով յարութիւն առաւ նրանց սրտերում, եւ նրանք շարունակ դիմումներ էին անում՝ իրենց երկիր ուղարկելու, որպէս զի իրենք էլ Հայրենիքի Ազատութեան գոնէ իրենց մասը տան:

Երբ խումբը կազմ եւ պատրաստ էր, տեղական ներկայացուցիչը համառօտակի յիշեցրեց տղաներին, թէ ինչի համար են նրանք գնում, ինչ պարտք ունին կատարելու եւ ապա աջողութիւն ու բարի ճանապարհ մաղթեց:

Հետեւեալ օրը խումբը հասնում է Կօթուրի մօտերը, սահմանագլխից երկու ժամւայ ճանապարհ դէպի ներս. տղաները շտապում են, բայց չեն կարողանում հասնել որոշւած դիրքերը, եւ յանկարծ տեսնում են, որ ձորի մէջ շրջապատւած են թշնամուց: Անարգ մատնութիւնը արդէն լարել էր իր որոգայթը: Խումբը նախօրօք մատնւած էր, եւ կռիւը անխուսափելի էր:

Մամադ բէկ եւ Սադըմ բէկ ցեղապետները շրջապատում են ձորը, տղաները հազիւ հազ կարողանում են իրենց ձգել դիրքերը: Հաւարը բարձրանում է, հետզհետէ թշնամու թիւը ստուարանում: Մինչեւ կէսօր տղաները կռւում են կատաղաբար, մեծ ոգեւորութեամբ, բայց երբ կէսօրւայ մօտերին հասնում է զօրքը (մէկ թաբուր), գալիս են այլ ցեղապետներ իրենց կռւողներով, Պարսկաստանի Կօթուրի քրդերը եւ թշնամու թիւը անցնում է 2000-ից, այն ժամանակ մերոնք նկատում են, որ այլեւս ոչ մի յոյս չունին ոեւէ կերպ իրենց կեանքը փրկելու. որոշում են մինչեւ վերջին շունչը կռւել անհամեմատ ուժի դէմ: Կէսօրը անցնում է. տղաներից ոմանք ընկնում են, խմբի ուժը հետզհետէ նւազում է: Արեւը մայր մտնելու միջոցին քրդերը միահամուռ ուժով յարձակում են գործում, եւ տղաները ամբողջ օրը կռւած, թուլացած, վերջին ուժով կրակ են թափում թշնամու վրայ եւ ընկնում իրենց բռնած անյարմար դիրքերում. ընկնում են քաջին յատուկ մահով, երբէք թիկունք չդարձնելով թշնամուն, ընկնում են կռւելով Հայրենիքի համար, Ազատութեան համար:

Ոտքի ձախէն աջ: Շատխցի Սահակ Յակովբեան,Սեդրակ Խալօյեան (Խանասորի վալադը), Խմբապետ Փոխիկ (Վահրամ Յովհաննիսեան-Օհանեան), Եւնան
Նստած ձախէն աջ:Խլլօ Ռաշօյեան (Խուրշուդ), Գարեգին Գիւլմսերեան, Յակովբ Ասլանեան, Սարգիս Պետրոսեանց, Մովսէս Աւետիսեան

Պատմում են շէկ մազերով, կարճահասակ մի ֆէդայում ասին (Մահլամում ապրող Յակովբն է), որ այդպիսի կռւող երբէք չեն տեսել քրդերն ու զօրքերը: Րոպէապէս դիրքից դիրք փոխւելով, դիմադորւմ է  բազմաթիւ մարդկանց, պաշտպանում է ընկերների դիրքերը: Խմբիվալադ քիւրդ Մստօն վիրաւոր ընկնում է իր դիրքում. նա հաւաքում է իր վերջին ուժերը՝ կռւողին վայել հարստութեամբ հրացանը ջարդ ու փշուր է անում, որպէսզի իր պաշտելի կրակ ու բոց արձակող ընկերը ողջ-ողջ թշնամու ձեռքը չ'անցնի: Մստօյին բռնում են կենդանի. ինչպէս պատմում են, նա միայն ասում է. «խնայեցէք ինձ»: Բայց որովհետեւ նրա շրթունքները ոչ մի խոստովանք չեն արտասանում, կտրում են գլուխը եւ այդօրինակ տանջանքներով նահատակում յեղափոխական քիւրդ վալադին:

Թշնամուց սպանւել են 37 հոգի, վիրաւորւել՝ 18:

Յարգանք եւ փառք ձեզ, անվեհեր քաջեր, սիրելի ընկերներ...

«Դրօշակ» – Ապրիլ 1905
Թիւ 4 (157)


Թղթակցութիւններ. Դաշնակցական Զինակիր Խումբը

Յուլիս 28-ին (նոր տոմարով) ընկեր Փոխան (Փոխիկ) 14 հոգու ի ձիաւոր զինակիր խմբով երկիր էր անցնում: Խումբը գնում էր Կոթուրի գծով, հասնում է Նոխա լեռան ստորոտ եւ համանուն լճի եզերքը իջևանում: Խմբի անցած ճամբան, ձիերի թողուցած հետքերից շատ որոշ կերպով նկատւելիս է լինում:
Առաջին անգամ Կոթուրից կէս ժամ հեռու գտնւող Կվարան քրդաբնակ գիւղի բնակիչներն են նկատում խմբի թողուցած հետքը ու լուր տանում Կոթուր. այնտեղ եւս կռահած են եղել խմբի անցքը միեւնոյն նշաններից:

Շուտով իմաց է տրւում շրջակայ բոլոր քրդերի նեւ սահմանապահ թիւրք զօրքերին, որոնք չորս կողմից պաշարում են մեր զինակիր խումբը, հէնց տաճկական սահմանագլխի վրայ: Ֆէտայիները նահանջելու կամ ազատւելու ոչ մի յոյս չունենալով, որոշում են կռւել մինչեւ վերջին շունչը: Թշնամիները թւով մօտ 4000 – քրդերի ասելով – չորս կողմից պաշարում եւ յարձակւում են: Սկսւում է մի անհաւասար ու մոլեգին կռիւ: Մեր զինւորները կռւում են աննման քաջութեամբ – եւ ինչպէս պատմում են հէնց նոյն կռւից վերադարձող քրդերը – կռւել են հետզհետէ հրացանով, ատրճանակով, դաշոյնով, մինչեւ որ թշնամու անհուն հարւածների ներքեւ ընկնում են բոլորն էլ հերոսական մահով...

Մի կարգի զրոյցների նայելով երկու հոգի ազատւում են, բայց ուր լինելնին յայտնի չէ: Թշնամիներից սպանւում են 32 անձ եւ շատերը վիրաւորւում ծանր կերպով: Մեծ քաջութեամբ է կռւել նաեւ խմբի ուղեցույցը քուրդ Մզտօն (Մստօն), որ իր հաւատարմութեան ու անձնւիրութեան համարմ եծ համակրանք ու վստահութիւն էր վայելոմ մերոնցից եւ շատ անգամ ամենայն յաջողութեամբ առաջնորդել է Հ. Յ. Դաշնակցութեան խմբերին եւ մեծ չափով օգնել փոխադրութեան գործին:

Յարգա՜նք կռւի դաշտի վրայ ընկնող մեր հարազատներին:

Ազիզ
«Հայրենիք», Պոսթոն
Զ. Տարի, Թիւ 284
Շաբաթ, Դեկտեմբեր 17, 1904