Հեռագիրը մեզ վաղուց էր գուժել մեր անմոոռաց ընկերոջ՝ ՊԵՏՕԻ ամբողջ խմբի նահատակման լուրը: Երկար ժամանակ մենք չէինք հաւատում, - աւելի լաւ ասած – չէինք ուզում հաւատալ սոսկալի իրողութեան. մենք դեռ յոյս ունէինք, որ խմբի մի մասը կարող էր ազատւած լինել: Սակայն հետզհետէ վրայ հասնող լուրերը այլեւս ոչ մի կասկած չեն թողնում. Պետօն չկայ, չկան եւ նրա ընկերները:
Պետօն մտաւ յեղափոխական ասպարէզը 1890 թ. եւ որպէս կատարեալ բնաւորութիւն, նւիրւեց յեղափոխութեան ամբողջովին եւ մի անգամից, թողնելով ընդմիշտ խաղաղ ուսուցչական կեանքը եւ ապրուստի կարօտ ծնողներին: Եւ մտնելով այդ ասպարէզի մէջ, նա առաջինն եղաւ մեր ընկերներից, որ ոտ դրեց Տաճկահայաստան, ոտ դրեց նէօքարի (ծառայի) դերում, ահագին բրդեայ փափախը գլխին, տրէխները ոտներին, կեխտոտ, գզգզած հագուստով... Վեց տարի շարունակ նա գործեց այնտեղ, անտրտունջ կրելով զրկանքներով լի չարքաշ կեանքը, մինչեւ որ թշնամու գնդակները վերջ տւին նրա կեանքին:
Ո՞վ էր Պետօն, ինչո՞վ էր նա աւելի թանկագին մեր սրտերին:
Կան գործիչներ, որոնք անփոխարինելի են իրենց կռւելու հմտութեամբ ու անվեհերութեամբ. կան այնպիսիները, որոնք լաւ ուժեր միացնող ու կազմակերպութիւններ առաջ բերողներ են. կան կրակի մէջ առաջին նետւողները եւ այլն... Սակայն կան եւ անձնուրացներ, որոնք իրենց անընկճելի ոգեւորութեամբ, անսահման հաւատով ու անկեղծ սիրով դէպի Ս. Գործը՝ յեղափոխական կազմակերպութեան հաստատուն պատւանդանն են կազմում: Այսպէս էր Պետօն. նա իր ամբողջ գործունէութեան շրջանում մարմնացեալ ոգեւորութիւն էր: Ոչինչ չէր կարող նրան թուլացնել: Կեանքի ձախորդութիւնները, կրած հալածանքները աւելի էին ամրացնում նրա ոգին, աւելի մեծ ուժով էին նրան առաջ մղում: Մեծ էր նրա բարոյական ոյժը. չարչի-յեղափոխականների չափով չէր կարելի չափել նրան:
Պետօն իր հոգեկան ուժի ամբողջ կարողութիւնը ցոյց տուեց 92 թ. Րոպէապէս վառւած եւ նոյն արագութեամբ հիասթափւած հայ հասարակութիւնը սառն անտարբերութեամբ էր դիտում իր շուրջը. «յեղափոխական» կոչւած շատ երիտասարդներ իրենց ծակն էին քաշւել, սպասելով նոր «լայն օրերի» նորից ասպարէզ դուրս գալու եւ «դեր խաղալու». յեղափոխական մթնոլորտի մէջ լքումն էր առաջ գալիս. բուն երկրի մէջ գտնւած «մենաշնորհեալ յեղափոխականները» ոչ միայն երես էին դարձնում նրանից, այլ եւ դաւեր էին լարում նրա դէմ եւ ամենաստոր միջոցներով աշխատում դուրս քշել նրան Վանից: Սակայն այս բոլորը ոչ մի րոպէ չէր կարող թուլացնել Պետօի հոգին. նա կրկնակի եռանդով վերսկսեց իր գործը, հաւաքեց իր շուրջը իսկական յեղափոխականներին եւ 93 թ. վերադառնալով Կովկաս, կարողացաւ իր ոգեւորութեամբ շարժել թմրած երիտասարդութիւնը, նորից հաւատ ներշնչել դէպի Գործը եւ տանել իր հետ մատաղ ուժերի անհուն համակրութիւնը:
Պետօին, շիտակ, անկեղծ ոգեւորւող Պետօին, երբէ՛ք չի մոռանալ մեր երիտասարդութիւնը:
Նա հասաւ իր փափագին: Նա ընկաւ պատերազմի դաշտում, կռւելով մինչեւ վերջին շունչը: Բայց նա դեռ մեռած չէ Գործի համար, նա կենդանի է իր բազմաթիւ ընկերների սրտերում:
Նրա կենդանի, կրակոտ պատկերը դեռ մեր աչքի առաջն է. մեր ականջին դեռ հնչում են նրա վառվռուն, ոգեւորւած ճառերը, նրա խիստ ու միաժամանակ միամիտ դիմումները քարացած սրտերին, նրա վրդովմունքը, զայրոյթը դրանց դէմ:
Դու ընկար ընկերներիդ հետ, անվհատ գործի՛չ. ձեր մարմինները պատառ-պատառ, ձեր ոսկորները ցիրուցան են՝ «Հանգի՜ստ ոսկերացդ» չենք կարող ձեզ ուղղել. բայց տեսէ՛ք, ձեր ընկերները ոգեւորւած ձեր հերոսական կեանքով ու մահով, չտեսնւած կատաղութեամբ հարւածներ են թափում արիւնարբու գազանի գլխին. տեսէ՛ք, գազանը հոգեւարքի մէջ է, եւ հեռու չէ այն օրը, երբ հայ ազգը ցնծութեան մէջ կը մաղթի՝ «Հանգի՜ստ ձեր բազմատանջ հոգիներին, ազատութեան նահատակնե՛ր»: