26 October, 2024

Դաշնակցութեան Պանթէօնը. Իմ Մարգարէն (Փառապսակ Զաւարեանին)

Ecce homo/–Ահա մարդը

Զոհաբերի՛ր...

Զոհաբերիր անվերջ, առանց մնացորդի:

Սովորիր եւ սիրիր զոհաբերել ու տանջւել բաւականութեան լուսափայլ ժպիտը երեսիդ, եւ դու կմոտենաս Աստծուն, դու կդառնաս մարդ-Աստուած...

Այպէս է պատգամում իմ մարգարէն իր հրեղէն խօսքը...

Մոռացի՛ր քեզ...

Յանուն թշւառների մոռացիր քեզ, երբ հազար հազարներին սեւ ցաւն է ընկերանում, բռնակալ կարիքը նեղում...

Ուրախ քրքջալու ժամին մի՛ մոռանայ, որ դառնօրէն լացողներ կան...

Սիրի՛ր թշուառին. ծառայի՛ր սրան. Թող քո ցաւը թշուառի ցաւը, քո Աստւածը թշուառի Աստուածը լինի...

Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր ազատ խօսքը:

Եղի՛ր հպարտ...

Գոյութիւն քարշ տալու համար մի՛ սողար, մի՛ ստորանար եւ մի՛ ստիր...

Ստել՝ նշանակում է հայհոյել ճշմարիտը, ուրանալ՝ նշանակում է դադարել մարդ լինելուց...

Եղի՛ր ազատ...

Գիտակից ստրուկի եւ յանցագործի մէջ չկայ տարբերութիւն: Խոնարհի՛ր ճակատդ միայն իդէալիդ առաջ, միայն իդէալիդ ազատ գերին եղիր...

Եղի՛ր բացարձակ...

Եւ ո՛չ մի զիջում: Յանցանք է զիջելը: Զիջել՝ նշանակում է թոյլ լինել, ամօթալի պարտութիւն կրել...

Այսպէս է պատգամում իմ մարգարէն իր աստւածաշունչ խօսքը եւ հոգիս՝ նրա հրեղէն պատգամներին գերի վեհօրէն իր թեւերն է պարզում...

Գար. Նժդեհ
Ժայռ, Ալեքսանդրապոլ
Ա. Տարի, Թիւ 4
Կիրակի, 30 Ապրիլ 1917