16 December, 2021

Միութիւն Թիւրքերի Հետ. Քրիստափոր

Ներկայ խնդրի մասին խօսելու մեզ առիթ է տալիս «Դրօշակի» նախընթաց համարում տպագրած Տամատ Մահմուդ փաշայի նամակը, որ հայերին ուղղած մի ընդհանուր կոչ է՝ միանալու թիւրքերի հետ: Մենք յարմար ենք համարում այդ նամակի առիթով յայտնել մեր կարծիքները նաեւ ընդհանրապէս բոլոր թիւրք հակա-սուլթանական կամ՝ աւելի ճիշդն ասած՝ հակա-համիդեան տարրերի մասին, որովհետև՝ չնայելով այն բոլոր տարբերութիւններին և երբեմն նոյնիսկ փոխադարձ թշնամական յարաբերութիւններին, որ դիտւում են դրանց մէջ, այդ տարրերը բոլորն էլ, վերջին ժամանակներս, մեծ համերաշխութիւն են արտայայտում, երբ հարցը գալիս է հայերի հետ միանալու խնդրին:

Կար ժամանակ, որ մենք էինք թիւրքերին անդադար միացած կռւի հրաւիրում և զարմանում նրանց անտարբերութեան վրայ դէպի Տաճկաստանի ընդհանուր ողբալի վիճակը: Կար ժամանակ, որ մենք էինք նրանց բացատրում մարդկային ամենալայն գաղափարներով ներշնչւած մեր ծրագիրը, որպէսզի նրանք աներկիւղ մօտենան, հասկանան մեզ և աջակցեն ընդհանուր գործին: Կար վերջապէս ժամանակ, որ ամէն անգամ, երբ մեր կոչերին արձագանք տւող ոևէ անկեղծ ձայն էինք լսում մեր թիւրք հայրենակիցների բանակից, մենք ամբողջ յօդւածներ էինք նւիրում «Դրօշակում»՝ այդ առիթներով մեր հրճւանքը արտայայտելու համար: Իսկ այժմ... այժմ դերերը փոխւել են. այժմ «միութեան» հրաւէրները անդադրում կերպով տեղում են թիւրքերի կողմից, և մենք ենք, որ՝ չնայելով մեր ամենաբուռն համակրանքին դէպի սկզբունքը, այսօր տարաբախտաբար ստիպւած ենք անվճռողական դիրքի մէջ մնալ:

Պատճառը պարզ է: Ձայները այնտեղից չեն լսւում, որտեղից մենք վաղուց իվեր շարունակ սպասում ենք, և այն դիւթիչ ձայները չեն դրանք, որոնք ուժեր են կազդուրում, սրտեր են վառում, եղբայր եղբօրը ճանաչեցնում... Ինչպէս միութեան գաղափարը – այն գաղափարը, որ դեռ 10 տարի առաջ մենք ընտրել ենք իբրև հիմնական կէտ մեր ծրագրում – պահանջեց այսքան տարիներ երիտասարդ թիւրքերի շրջաններում ևս համակրութիւն գտնելու համար, երեւի նոյնպէս տարիներ կը պահանջւեն՝ մինչև որ կիրագործւի այդ միութիւնը՝ ազգով տարբեր, բայց միևնոյն թշնամու դէմ կռւող տարրերի մէջ:

«Միանա՜նք» – գեղեցիկ միտք. բայց ո՞ւմ հետ և ի՞նչպէս:

Հայ յեղափոխականները վաղուց են հրապարակի վրայ և վարում են արդէն այն կռիւը, որի անունով մեզ հրաւիրում են միանալ: Իսկ ո՞ւր են թիւրք-կռւողները... Մինչև այժմ մենք տեսանք անհատներ, խմբեր, թղթի պրօպագանդայով պարապողներ, բայց չտեսանք գործով կռւողներ, գործի պրօպագանդիստներ: Կտրւած բուն տաճիկ ժողովրդից և յենւած սակաւաթիւ թւիրք ինտէլիգէնցիայի մի աննշան մասի վրայ, երիտասարդ-թիւրքերը մնում են դեռ ևս «յեղափոխութիւնը իվերուստ» հասկացող պօլիտիկաններ, թոյլ, անկազմ և հետևաբար դեռ ևս անգործ, խօսքի մարդիկ...

Խօսելու համար միանա՞նք:

Եւ երանի թէ գոնէ խօսքի պրօպագանդը տանէին դրանք այն ճշմարիտ ուղղութեամբ, որը համապատասխանում է տաճիկ ժողովրդի ժամանակակից կուլտուրական պահանջներին: Թերթեցէք երիտասարդ թիւրքերի հրատարակութիւնները, և դուք չէք գտնի նրանց մէջ ոչ մի կռիւ տաճկական կեանքի այն ներքին կաշկանդիչ գործօնների դէմ, որ մենք՝ հայ ժողովրդի կեանքում չենք խնայել երբէք և հարւածել ենք ոչ պակաս քան արտաքին թշնամուն: –«Մեր պատմութիւնը եւրօպականից բարձր է, մեր հաւատահամբերութիւնը աւելի» – գրում է մէկը: –«Չկայ Տաճկաստանում ոչ մի չարիք, որ աւելի մեծ չափերով գոյութիւն չունենանար լուսաւորւած կոչւող Եւրօպայում» – լրբաբար կրկնում է անդադար միւսը*:

(*Օրինակի համար յիշենք այստեղ թէկուզ միմիայն ապագայ սուլթանական սենեկապետացումների բոյն՝ «Մէշվէրէթ» լրագրի սեպտեմբեր ամսւայ համարի երկու յօդւածները – «Ինչո՞ւ» և «Մեղաւոր են թէ՞ ոչ»: Այդ յօդւածներից առաջինում լրագիրը, իրեն յատուկ երկդիմի, ճիզւիթական ձևերով, զայրանում է այն բողոքի դէմ, որ բարձրացնում են եւրօպացիք ու եւրօպական լրագիրները Սպաղանքի կոտորածի առիթով և արդարացնում է իրողութիւնը հարցնելով՝ ինչո՞ւ Անգլիա և Ֆրանսիա կարող են Աֆրիկայում սպանութիւններ անել, իսկ քիւրդը կամ տաճիկը իրենց երկրներում չեն կարող իրենց հասկացած ձևով դադաստան կապել հայ աւազակների հետ: Երկրորդ յօդւածում «Մէշվէրէթը» կրակ է թափում եւրօպացոց վրայ, որոնք բողոքեցին թէ Դիարբէկիրի հերոս Ենիս-փաշայի Հալէպ նահանգապետ նշանակելու դէմ և թէ Բիթլիսի զինւորական հրամանատար Ալի-փաշայի դէմ, որ հեղինակ եղաւ Սպաղանքի և ուրիշ գիւղերի կոտորածին.

«Սուլթանի և մանաւանդ ներքին գործոց նախարարի պարտքն է՝ պաշտպանել իր պաշտօնեաների պատիւը և օրինաւոր վարմունքը», – թելադրում է լրագիրը և շարունակում – «Սպաղանքի դէպքը տեղի ունեցաւ այն ժամանակ, երբ գերմանական կայսրը հրամայում էր Չինաստան գնացող իր զինւորներին ոչ մի գթութիւն ցոյց չտալ դէպի նրանց, որոնք կը դիմադրեն զէնքով: Եթէ Վիլհէլմի այս խօսքերը ուղղւած լինէին Ալի փաշային, նա իր հերոսական գործերի համար վարձատրութիւն կըստանար»:)

– Միակ չարիքը սուլթան Համիդի անձնաւորութիւնն է և Տաճկաստանի քառորդ դարւայ ամբողջ տագնապը՝ միայն նրա քմահաճոյքների արդիւնք: Չի լինի Համիդը, և Տաճկաստանը կը դառնայ օրինակելի երկիր,  –ահա ինչ են միաբերան կրկնում բոլոր երիտասարդ թիւրքերը, ահա զանազան ձևերով համեմած ինչ հոգևոր սնունդ են մատակարարում նրանք իրենց ժողովրդին, ընկճւելով նրա անսահման տգիտութեան առաջ, խոնարհւելով նրա կոյր աւանդապահութիւնների, կրօնական և այլ սպանիչ նախապաշարմունքների դիմաց ու կամայ-ակամայ շոյելով նրա հակակուլտուրական հակումները...

Սրանց հետ միանա՞նք:

Անկասկած, հէնց այդ պրիմիտիվ աշխարհահայեացքով է բացատրւում և այն երեւոյթը, որ երիտասարդ թիւրքերը, մեծից սկսած մինչև փոքրը, հայկական հարցի վերաբերմամբ, միշտ ներշնչւած են միևնոյն ոգով, այսինքն՝ հայկական հարցի համար, իբրև միջազգային խնդրի համար, ոչ մի արդարացուցիչ հանգամանք չտեսնելու հակումներով, հայերի կրած սարսափները նրանց թշւառ գլխին փաթաթելու պատրաստականութեամբ, հայկական կոտորածները անուղղակի ձևերով արդարացնելու տրամադրութիւններով և վերջապէս մի այնպիսի պահանջկոտութեամբ դէպի մեզ, որ կարծես թիւրք ժողովուրդն է մեծապէս վնասւել հայերից և վերջիներս են, որ դեռ մի բան պարտական են նրան: Սա արդէն չարիքի գիտակցութիւն չէ, սա մեր սպասած թարմ, գաղափարական հոսանքը չէ, սա «առանց խտրութեան կրօնի և ազգի» խնդիրներ դնող այդ խնդիրներով տանջւող գործիչների ընթացք չէ, այլ միմիայն թուլացող տաճկական պետութեան քաղաքական արտաքին դիրքը պահպանելու ճիգեր – հոգեր, որոնք իբրև թէ անպատճառ պահանջում են հայկական և ուրիշ հարցերի կատարեալ չէզօքացումը Տաճկաստանում: Ահա սրանք, այս մարդիկն են, որ այսօր միութեան ձեռք են մեկնում մեզ: Եւ եթէ մենք միշտ պատրաստ ենք ընդունել այնպիսի ձեռքեր, որոնք ընդունակ կը լինեն հայերին դիմելիս զգալ իրենց պատմական հրէշաւոր յանցանքը, ամաչել և սոսկալ այն անօրինակ ոճիրի դիմաց, որ կատարւեց հայերիս վերաբերմամբ իրենց դժոխք երկրում և իրենց ժողովրդի աչքի առաջ. եթէ մենք պատրաստ ենք ձեռք մեկնելու այնպիսի թիւրքերին, որոնք ամէն րոպէ կը գիտակցեն հայ ժողովրդի անօրինակ դժբախտութիւնը և քաղաքացիական համարձակութիւն կունենան թէկուզ արար-աշխարհի առաջ և ամէն հանգամանքներում բարձրաձայն գոչելու՝ թէ այնպիսի մի սատանայական կառավարութեան դէմ, ինչիսին տաճկականն է, հայերը իրաւունք ունէին և ունեն ինչ միջոցների էլ ասես դիմելու, – ապա այդ գիտակցութիւնից և քաղաքացիական այդ զգացմունքից զուրկ ձեռք մեկնողների դիմաց մենք կարող ենք միայն բացականչել՝

Ի՞նչպէս ընդունել այս ձեռքերը, որ ուզում են միայն մեր ձայները խեղդել...

Եւ յետոյ: Երիտասարդ թիւրքերը կարող են ցոյց տալ մի խումբ, որ ընդունակ լինէր մեզ հաւատ ներշնչել դէպի իր բարոյականը նոյնիսկ այն փոքրիկ գործերում, ուր մենք միշտ կարող էինք համերաշխաբար ընթանալ: Քանի-քանի՜ շանտաժիստներ տեսանք մենք ներկայումս գոյութիւն ունեցող բոլոր կուսակցութիւնների, բոլոր խմբերի մէջ: Անուններ չտանք. դրանք շատ լաւ յայտնի են մանաւանդ իրենց թիւրքերին: Միակ հայը, Անմեղեան անունով, որ ոտով-գլխով յարել էր «Մէշվէրէթի» խմբակին, նա էլ իր կարճատեւ թղթեայ գործունէութիւնը «Մէշվէրէթի» մթնոլորտում վերջացրեց կաշառւելով սուլթանից և վերադարձաւ Պօլսի պաշտօնի: Ծանր է խոստովանել, որ երիտասարդ-թրքութիւնը այժմ ապրուստ ճարելու, անձնական կարիէրա ստեղծելու մի սինօնիմ է դարձել Եւրօպայում: Չկան համոզւած մարդիկ, չկան անձնուրաց գործիչներ, չկան բարոյական մաքուր բնազդների տիպարներ, որոնց հետ միայն կարելի է կապւել յեղափոխական կռւի տատասկոտ ճանապարհին...

Ո՞ւմ հետ միանանք:

Իսկ ո՞րն է այն ծրագիրը, որ պէտք է համախմբէ տաճկահպատակ բոլոր նեղւող, բոլոր դժգոհ ու բողոքող տարրերին. ի՞նչ պէտք է ընդունւի բոլորիս համար պարտաւորեցուցիչ նպատակ և որոնք են այն միջոցները, որ պէտք է հասցնեն մեզ մեր նպատակին:

«Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը» – որի անունից միայն իհարկէ մենք իրաւունք ունենք խօսելու – ընդհանրացնելով Տաճկահայաստանի վերաբերեալ իր ծրագիրը, կարող է առաջարկել համայն Տաճկաստանի համար մի կազմակերպութիւն, որը – միւս հաւասար պայմաններում – անշուշտ ընդունակ է միացնել բոլորին: Դա ֆեդերադիվ (դաշնակցական) ռամկավարական կազմակերպութիւնն է, որի համաձայն տաճկահպատակ բոլոր ժողովուրները կազմում են մի անխախտ ամբողջութիւն, բայց իւրաքանչիւրը իր ներքին, տեղական ինքնավարութեամբ: Երիտասարդ թիւրքերը դրա տեղ դնում են Միթհադ-փաշայի սահմանադրութիւնը՝ կարծելով, որ դա միանգամայն բաւարարութիւն կըտայ բոլոր տարրերի կուլտուրական պահանջներին:

Մենք իհարկէ այն տեսակ մտածողներիցը չենք, որոնք զանազանութիւն չեն գտնում սահմանադրական և միապետական կարգերի մէջ: Ոչ. մենք ընդունում ենք առաջինի բոլոր բարեբեր առաւելութիւնները երկրորդի դիմաց: Բայց Տաճկաստանին հարկաւոր են not meausures, but men (ոչ թէ միջոցներ, այլ մարդիկ) – ասել են Տաճկաստանը ճանաչող մարդիկ, և Հատտի-Շէրիֆ-Գիւլխանէն 1839 թւին, տաճիկ կառավարութեան արած «ընդհանուր բարենորոգումների» անվերջ խոստումները 1844 ու 1850 թւերին, Հատտի-Հիւմայունը 1856 թւին և Սահմանադրութիւնը 1876 թւին, իբրև կենդանի օրինակներ՝ գալիս են հաստատելու այդ հայեացքը: Այո, ամբողջ մի դարի ընթացքում բոլոր վերանորոգիչ փորձերը անցան Տաճկաստանի պատմութեան էջերով իբրև մեռած խօսքեր, իբրև կեանքի չվերածւելու համար ստեղծւած անբնական օրէնքներ, որովհետև Տաճկաստանը կուլտուրական կեանքի համար անապատ է, որովհետև նրա ժողովուրդը դեռ ևս տգէտ է, իսկ տաճկական իշխող բիւրօկրատ-ինտէլիգէնցիայի և հոգևորականութեան մէջ տիրում է արևելեան սպանիչ մթնոլորտը: Ահա ինչու մեր թիւրք հայրենակիցները մեզ ոևէ յոյս ներշնչելու համար պէտք է մօտենան մեզ՝ թողնելով «ընդհանուր բարենորոգումներ» հին եrգերը, որոնք վաղուց արդէն խլացնում են մեր ականջները և որոնք սակայն մարդավայել կեանքի ձգտող տաճկահպատակ ժողովուրդներին մինչև այսօր ուրիշ ոչինչ չեն տւել բացի սիստէմատիք կոտորածներից:

Համաձայն վերոյիշեալ not meausures, but men բանաձևին, Տաճկաստանում այն ժամանակ կը լինի ոևէ իրական փոփոխութիւն, երբ երկրում կը կազմւի մի համերաշխ քաղաքակիրթ ուժ, որ ընդունակ լինէր այս կամ այն կարգերը հաստատելու և պահպանելու: Ընդունելով ֆեդերատիվ պետական կազմակերպութեան նպատակը միայն՝ կարելի է ներկայումս կազմել մի այդպիսի ուժ: Այսօր կենդանի փաստեր են՝ հայկական, մակեդօնական, ալբանական, յունական, արաբական և ձեր շարժումները: Պարզենք բոլորի առաջ Օտտօմանեան Դաշնակցութեան եղբայրական դրօշակը. խրախուսենք այդ շարժումները բոլոր կարելի միջոցներով. անկեղծ գործակցութեամբ փոխադարձ վստահութիւն ներշնչենք, որ իւրաքանչիւր ժողովրդի էական պահանջները գոհացում կըստանան. տենդային ջանքերով պատռենք և ձեր ժողովրդի գիտակցութիւնը պատող խաւարը, – և մեզ կը յաջողւի համախմբել բոլոր տաճկահպատակ ժողովուրդների առաջադէմ, օրինապահ և ազնիւ տարրերը, որոնք՝ միասին վերցրած՝ և կըտան երկրին այն ուժը, որի կարիքը զգացւում է: Եւ եթէ վերջապէս դուք հաւատում էք սահմադրութեան բարեբեր հետևանքներին, թողէք նախ՝ ընդհանուր նպատակի առաջ միանան, իմի ձուլւեն բոլոր տարրերը, իսկ նրանից յետոյ կեանքի ընթացքը, ժամանակի պահանջները ինքնստինքեան ցոյց կըտան՝ թէ որքան անհրաժեշտ է մինչև Օտտօմանեան Դաշնակցութեան հաստատւելը՝ ընդունել իբրև իջևան, իբրև անցողական մի շրջան – ձեր փայփայած սահմանդրութիւնը: Բայց դուք, երիտասարդ թւիրքերդ, հակառակ էք դրան, և մէկ սուլթանին խփելով՝ պատրաստ էք մեզ էլ չխնայել:

Ի՞նչպէս հետևենք ձեզ...

Գալով միջոցների խնդրին, այստեղ ևս դրութիւնը անորոշ է: «Օսմանլին» միակ խումբն է, որ յայտարարել է իրեն յեղափոխական, իսկ «երիտասարդ թիւրքեր» են իրենց անւանում բոլոր բողոքները, բոլոր դժգոհները: «Մէշվէրէթը» իրեն «կարգի և յառաջադիմութեան» կողմնակից համարելով՝ հանում է իր ծրագրից յեղափոխական միջոցները: Տամատ-Մահմուտ փաշան պարզ չէ խօսում այն ձևերի մասին, որոնցով կարելի է «ջնջել հայրենիքը կեղեքող բռնակալութիւնը», և՝ եթէ ներելի լինէր ենթադրութիւնների մէջ մտնել, միայն կարող էինք ասել, որ յամէնայն դէպս նա «կարգի և յառաջադիմութեան» կուսակցութիւնից շատ աւելի է առաջադէմ:

Ո՞ր միջոցների վրայ պէտք է կայանայ միութիւնը:

Հայրենիցնե՛ր. մենք խօսեցինք ամէնայն անկեղծութեամբ – այնպէս, ինչպէս խօսում ենք ինքներս մեզ հետ և ինչպէս վայել է լուրջ հարցերի դիմաց: Եթէ տեղ-տեղ մենք ստիպւած եղանք խիստ լեզու բանեցնել – դա բացատրւում է ոչ թէ մեր կոշտութեամբ, այլ միակ ցանկութեամբ՝ չթողնել ոչ ներկայի և ոչ ապագայի համար մութ, անորոշ կէտեր: Իսկ մի անգամ էլ ձեր առաջ մեր տրամադրութիւնները շեշտելու համար՝ աւելացնում ենք և հետևալը.

Թիւրքե՛ր. մենք չենք ձգտում ոչ հայ թագաւորութեան վերականգման, ոչ թէկուզ 100 մարդուց միայն բաղկացած ոևէ ազգութեան սպառնող գերիշխանութեան, ոչ էլ անպատճառ ձեր պետութիւնից անջատւելուն: Մեր դրութիւնը պարզ է. ինչպէս ձեզ վիճակւած է գործել ձեր ժողովրդի մէջ, նոյնպէս էլ մեզ համար աւելի յարմար է մեր ժողովրդի պէտքերին հետևել: Եթէ մենք այսօր կոչում ենք բարձրաձայն՝ «Կեցցէ՜ հայկական շարժումը», «Կեցցէ՜ հայ յեղափոխութիւնը» – դա չէ նշանակում, որ մենք միշտ պատրաստ չենք նոյն ոգևորութեամբ նաև կոչելու՝ «Կեցցէ՜ ըդնահնուր օտտօմանեան յեղափոխութիւնը», «Կեցցէ՜ ընդհանուր օտտօմանեան անկախութիւնը»: «Աշխատաւոր դասակարգերը իրենց բնական և բազմակողմանի զարգացման համար կարիք ունեն իրենց ազգերի անկախութեան ոչ պակաս, քան ընդհանուր ձայնատւութեան, կապակցութիւնների և մամուլի ազատութեան». «միջազգայնութիւնը չէ հերքում ազգայնութիւնը, այլ նշանակում է միայն ազգերի ազատութիւն և հաւասարութիւն» – ասում է յայտնի Կաուցկին: «Միջազգայնութիւնը նոյնքան հակառակ չէ ազգայնութեան, որքան սօցիալիզմը՝ անհատականութեան, այսինքն անհատի զարգացման». «առանձին ազգերի անհատականութիւնը մարդկութեան համար նոյնն է, ինչ որ հասարակութեան համար անձնաւորութիւնների անհատականութիւնը» – պնդում է Լիբկնէխտ, և մենք, ինչպէս տեսնում էք, չենք հակասում և չպիտի հակասենք միջազգայնութեան գաղափարին:

Այո՛, լինելով հայեր, գործելով հայերի մէջ, մենք մնում ենք մարդիկ և չենք կարող ուրիշներին պակասը ցանկանալ, քան ուզում ենք մեզ համար: Ուրիշի հաշւով ապրողների կամ նրանց իրաւունքների սահմանափակման վրայ իրենց իրաւունքները հիմնողների վատութիւնը եթէ մենք չիմանայինք, սուլթանների տիրապետութիւնը միայն բաւական կը լինէր դրանում մեզ համոզելու համար: Տւէք մեզ ոևէ հաւաստիք, որ միանալով ձեզ հետ՝ դրանով մենք չենք ապահովի միայն ձեր հանգստութիւնը՝ թէ հայկական հարցը յաջողաբար խեղդեցիք և որ այդ հարցից այլևս վտանգ չկայ օսմանեան գերիշխանութեան և նրա վաղեմի աշխարհակալ փառքին, այլ դրանով ձեռք կը բերենք թիւրք ինտէլիգէնցիայի մի արժանահաւատ ուժը, որ կարող է բարեփոխել մեր ժողովրդի դրութիւնը, – և մենք յեղափոխականին վայել աւիւնով կը վազենք ձեր շարքերը ամրապանդելու:

Բայց ե՞րբ կը լինի...

Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Հոկտեմբեր 1900
Թիւ 8 (109)