18 January, 2022

Մահմեդական Ամբոխի Դերը

I

Ամէն անգամ, երբ հայ յեղափոխական շարժումը սաստկանում էր եւ ստիպում եւրոպական պետութիւններին աւելի խստիւ պահանջել սուլթանից Տաճկահայաստանի մէջ տիրող անկարգ իրերի փոփոխումը, սուլթանը ճարպիկ կերպով օգտւելով շահերի այն հակառակութիւնից, որ կարող է առաջ գալ Եւրոպայում Հայկական խնդրի այս կամ այն եղանակով լուծւելուց, ամեն անգամ զանազան առարկութիւններ էր անում կամ «սեփական միջոցներն» առաջարկում: 

Եւրոպական պետութիւնները շատ լաւ էին հասկանում այն խաղը, որ իրենց հետ խաղում է սուլթանը. հասկանում էին, բայց եւ այնպէս վախենալով հետեւեալ քայլ անելուց, որ կարող էր բարդութիւններ առաջ բերել եւ վնասել անմիջապէս իրենց շահերին կամ զօրեղացնել այս կամ այն հակառակորդին, իրենց տալիս էին լուրջ կերպարանք, սուլթանի ակնյայտնի ծաղրածութիւններն ստիպւած ընդունում էին իբր խելահաս, նպատակայարմար միջոցներ եւ բարձրաձայն աւետում աշխարհին, որ այսուհետեւ ամեն ինչ լաւ կընթանայ:

Բայց ով որ էլ խաբւէր, չէր կարող խաբւել հայ ժողովուրդը, որի գլխին էին կատարւում այդ բոլոր «օյինբազութիւնները», որը դարերի ընթացքում լաւ էր ուսումնասիրել իր վեհափառ պետի գործ դրած «հայրախնամ բարենորոգումները» եւ որը վճռել էր միանգամ ընդ միշտ խմել մինչեւ վերջը յեղափոխութեան դառը բաժակը:

Սուլթանի ամենալուրջ առարկութիւններից մէկն էլ հետեւեալն էր. «Եթէ ծրագիրն ընդունւի, եթէ քրիստոնեայ ազգաբնակութեան տրւի առանձնաշնորհումներր, այն ժամանակ մահմեդական մոլեռանդ ամբոխը կը գրգռւի, կը յարձակւի քրիստոնեաների վրայ եւ բոլորին կը կոտորի. իսկ ես իմ ուժերով անկարող կը լինեմ դրա առաջն առնել»: Այս իւր առարկութեամբ նա իսկապէս երկիւղ էր ազդում շատ շատերի վրայ եւ շատ միամիտներ անտեղեակ էին, որ ինքը սուլթանն է ամեն միջոց գործ դնում՝ գրգռելու մահմեդական տարրը, որպէս զի պատրաստ զէնք ունենայ ձեռքին՝ իր դժոխային ծրագիրն իրագործելու համար, երբ այդ հարկաւոր կը համարի:

Ներկայյօդւածով մենք նպատակ չունինք բնաւ ցոյց տալ սուլթանի եւ եւրոպական դիպլօմատիայի կեղծութիւնն ու փարիսեցիութիւնը. դա ինքն ըստ ինքեան պարզ է եւ մեկնաբանութիւնների կարօտ չէ: Մեր նպատակն է միայն ցոյց տալ մեր ունեցած փաստերի հիման վրայ կառավարութեան եւ մահմեդական ամիբոխի դերերը, իւրաքանչիւրի նշանակութիւնը, մասնակցութեան աստիճանը վերջին եղեռնական գործերում:

Թէ ներկայ ընդհանուր կոտորածի հրամանը բղխում էր ուղղակի սուլթանի պալատից, թէ դրանով սուլթանը եւ իր խորագէտ խորհրդատուները նպատակ ունէին իսպառ լռեցնել բողոքող հայ ժողովրդի ձայնը, դրա մէջ դժւար թէ այժմ մէկը կասկածի: Թող դեռ կառավարութիւնը բանտերը լցնի հարիւրաւոր պատահական անձնաւորութիւններով, միայն թէ ցոյց տւած լինի, թէ «ապստամբները» ձերբակալւած են, թող լրբաբար զուր ամբաստանութիւններ անի սրա, նրա վրայ, որոնց գոյութիւնը զանազան պատճառներով անհաճոյ է իրեն, թող շարունակի գործ դնել նրանց վրայ իր բոլոր դժոխային տանջանքները՝ զանազան խոստովանութիւններ կորզելու նպատակաւ... Թող նա իւր գիշատիչ չանկերով, որոնց վրայ դեռ չի չորացել հարիւր հազար անմեղների արիւնը, պատառի հայ ժողովրդի արիւնաքամ կուրծքը, նրա վէրքերը քրքրելով, թող փնտրի ամենայն եռանդով «կոտորածի հեղինակներին», նա ոչ ոքի խաբել չի կարող. ամենքի համար պարզ է, որ դա նոյնպէս առիթ է հայ ժողովրդի վրայ ահ ու սարսափը միշտ վառ պահելու, նրան իսպառ վհատեցնելու եւ յեղափոխական շարժման միագնամից վերջ տալու:

Միամիտ հայ հասարակութիւնը կարող էր խաբւել կոտորածից առաջ. նա դժւարութեամբ էր իրեն թոյլ տալիս մտածելու, որ կառավարութիւնը ընդունակ է մի այդպիսի տմարդի գործողութեան, այդ տեսակ գազանական եւ միեւնոյն ժամանակ՝ յիմար ընթացք, որ մարդկային պատմութեան մէջ բացառիկ դէպքերի շարքը կը դասւի, հայ ժողովուրդը չէր սպասում մինչեւ իսկ սուլթանի կառավարութեան նման ապուշ եւ վայրենի կառավարութիւնից:

Սուլթանի բաղձանքը կատարւեց. երկիրը ծածկւեց բիւրաւոր դիակներով, բազմաթիւ քաղաքներ եւ գիւղեր ամայի դարձան:

Ի՞նչ դեր կատարեց ինքը ամբոխը, որով տարիների ընթացքում սարսափեցնում էին մեզ. ի՞նչ կարող էր անել առանց կանոնաւոր զօրքի ուժեղ մասնակցութեան:

–Ոչի՛նչ, համարձակ կարող ենք ասել մենք, գոնէ այն տեղերի վերաբերմամբ, որոնք մեզ քաջ յայտնի են, բայց թող խօսեն փաստերը:

Կարնոյ մէջ տաճիկ ազգաբնակութիւնը անհամեմատ շատ է հայերից: Բացի այդ, դրսից հաւաքւել էին ամեն տեսակ գիշատիչներ՝ լազեր, չերքէզներ, թարաքամաներ, քրդեր... թւով մօտ 20,000: Այդ ահագին բազմութիւնը խռնւած էր Կարնոյ փողոցներում, անցնելու տեղ չկար: Բայց եւ այնպէս՝ հարկաւոր էր 3000-ից աւել լաւ զինւած զինւորներ, որ համարձակւէին հայերի վրայ յարձակում գործել: Կոտորածի ժամանակ բաւական էր մի ատրճանակի ձայն՝ այդ «ահռելի» ամբոխը ցիրուցան անելու համար: Հայերի կողմից ամենաթեթեւ ընդդիմութիւնը ընդհատում էր մահմեդական ամբոխի «յաղթական» ընթացքը: Այդ ժամանակ օգնութեան էին հասնում Մարտինի հրացաններով զինւած զինւորները եւ ամբոխի համար ճանապարհ բաց անում: Ի՞նչ կարելի է անել ատրճանակով Մարտինների դէմ: Զինւորները բռնում էին շուկաների երկու կողմն էլ, հեռւից գնդակահար անում եւ յետոյ դիակների վրայից ատրճանակները ժողվում: Մի ընդդիմադրող հայի վրայ միանգամից 20-25 հրացաններ էին ուղղւում: Խանութների, տների ամուր կողպէքները փշուր փշուր էին լինում նրանց գնդակներից: Դրանից յետոյ միայն ամբոխը համարձակւում էր առաջ ընթանալ: Նա այդ ժամանակ առիւծ էր դառնում թալանում էր, աւերում, բռնաբարում, սրի էր անցկացնում դեռ կենդանի մնացածներին, յօշոտում, այլանդակում էր արդէն զինւորների գնդակներով ծածկւած դիակները, զւարճանում էր նրանց կաշին քերթելով, վիրաւորւածներին այրելով եւ այլն: Կոտորածի երկրորդ օրւանից սկսած գերեզմանատուն էին բերել 315 դիակ: Նրանք երկար ժամանակ շարւած մնացին ծառերի տակ: Ամեն մէկը կարող էր գալ եւ իր աչքով տեսնել: Դիակների վրայ ոչ մի հագուստ չէր մնացել, շատերը բոլորովին մերկ էին. դիակների միայն մի մասի վրայ դեռ կային կամ շապիկ կամ ոտաշոր. դա մի անբացատրելի բարեխղճութիւն էր թալանողների կողմից... Այնպէս որ ոչ մի դժւարութիւն չկար զննել դիակները* (դրանց լուսանկարներն ուղարկւած են եւրոպական լրագրոց): Շատերը զննեցին նաեւ իրենք՝ հիւպատոսները. չկար մի դիակ, որ իր վրայ չկրէր գոնէ մի քանի հրացանի կամ զինւորական ատրճանակի գնդակների վէրքեր: Կարծես թէ քաղաքի մէջ գտնւող հետեւակ զինւորների ահագին բազմութիւնը բաւական չէր, քաղաք իջեցրին նաեւ թնդանօթաձիգ զօրքերը, որոնք, գլխաւորապէս զինւած էին իրենց խոշոր ատրճանակներով եւ «Ղափաղլի» հրացաններով: Իսկ ընդհանրապէս դիակները կրում էին, բացի սրի, կացնի, կասաթուրայի վէրքերից, 5-10 եւ աւելի գնդակի վէրքեր: Յովհաննէս Կորկոտեանի վրայ հաշւած է 23 գնդակի վէրքեր...

Բաբերդ հայերը կազմում են տեղական մահմեդական ազբնակութեան 10-րդ մասը: Չնայելով դրան, այնտեղ կուտակւած են եղել եւ անթիւ քանակութեամբ լազեր, բայց կոտորածը չի սկսւել, մինչեւ Երզնկայից զօրք չի եկել:

Ինչպէս յայտնի է, Բաբերդի շրջակայ գիւղերը բոլորվին զոհ գնացին խուժանի վայրագութեան, որովհետեւ անզէն էին եւ անպաշտպան: Դեռ նոր էր այնտեղ զէնքի կարիքը մուտք գործել, դեռ նոր էր սկսւում այնտեղ կանոնաւոր յեղափոխական գործունէութիւնը, երբ կոտորածն առաջ եկաւ: Այդ ժամանակ այնտեղի դաշնակցական հրոսակային խումբը ցրւած էր գիւղերում՝ ձմեռւան պատճառաւ: Լուսհանք գիւղում այդ խմբի անդամներից մէկը հրացանը ձեռքին կարողանում է պաշտպանել հարիւրաւոր ամբոխի դէմ մի տուն, լիքը հարսներով ու աղջիկներով: Մի ուրիշ գիւղում նոյն խմբի անդամներից մէկը լինում է միակ հրացանաւորը ամբողջ գիւղում: Երբ լազերի վոհմակը մօտենում է, անվեհեր երիտասարդը առնում է հրացանը, դուրս գալիս դրանց դէմ եւ երկար ժամանակ թոյլ չէ տալիս այդ ահագին բազմութեանը գիւղը մտնել: Նրա ընկնելուց յետոյ միայն լազերը կարողանում են մուտք գործել բոլորովին անպաշտպան գիւղը:

Տրապիզոնի մէջ, ինչպէս յայտնի է, սեպտ. 22-ին, դէպքի ժամանակ, երբ մասնակցում էր միմիայն ամբոխը, հայերից ոչ մի մարդ չսպանւեց: Մինչեւ սեպտ. 26-ը կառավարութիւնը պատրաստեց իր կանոնաւոր զօրքը, իր սեփական հրացաններով զինեց տեղական խուժանը ու բազմաթիւ լազերին եւ յետոյ միայն կարողացաւ յաջողեցնել կոտորածը:

Զօրքերը նոյն դերն են կատարել եւ Բաղէշում:

Մինչեւ այժմ կոտորած չէ եղել Վանայ մէջ շնորհիւ միմիայն այն հանգամանքի, որ տեղական զինւորական ոյժը անբաւական է համարւում: Կառավարութիւնը լուրջ պատրաստութիւններ է տեսնում. զինել է հրացաններով տեղական մահմեդականներին, ժողովել է պահեստի զինւորներին, հրաւիրել է մահեմդականներին, թնդանօթները ուղղել է դէպի հայոց թաղերը, կտրտել է Այգեստանի ծառերի մի մասը, որպէս զի թնդանօթների ռումբերին արգելք չհանդիսանան, վերջապէս ուղարկել է այնտեղ Բաղէշի կոտորածը կարգադրող փաշային... Կոտորած չի եղել դեռ եւս, նշանակում է այդ բոլոր պատրաստութիւնները դեռ քիչ են համարւում: Սպասենք...

Իսկ Կարնոյ եւ նրա շրջակայ գաւառների գիւղերի պաշտպանութիւնից, որի մասին անցեալ անգամ գրեցինք* (յաջորդ մաս), լուսոյ պէս պարզ է, թէ մինչեւ որ աստիճան անզօր են եղել հարիւրաւոր, հազարաւոր քրդերը ու լազերը մի խումբ զինւած կտրիչների դիմաց, երբ յարձակում է եղել առանց կանոնաւոր զօրքի օգնութեան:

Կրկնում ենք, որ մահմեդական ամբոխի ընդդիմադրական ոյժը չափազանցացրած է, որ առանց կառավարութեան դրդման, առանց նրա քաջալերութեան, առանց նրա վարժւած զօրքերի ջերմ աջակցութեան, մահմեդական ամբոխը չէր համարձակւիլ շարժւել իր տեղից, եւ եթէ շարժւէր էլ, շատ տեղ անհամեմատ մեծ կորուստ կունենար եւ դա լաւ դաս կը լինէր ապագայի համար

II

Մենք միշտ գործ ենք ածում «մահմեդական ամբոխ»: Բայց մահմեդական ամբոխի վրայ ընդհանրապէս կարելի էր նայել սրանից մի քանի դար առաջ: Այժմ նրա կեանքը բաւկանաչափ բարդացել է եւ նրա մէջ առաջացել են տարբեր խաւեր, որոնք ունին իրենց որոշ առանձնայատկութիւնները ու ձգտումները եւ որոնք, բնականաբար, տարբեր կերպով պէտք էր վերաբերւէին դէպի հայերի կոտորածը: Բայց նախ քան այդ տարբերութեան մասին խօսելը, ընթերցողի ուշադրութիւնն ենք դարձնում մի հանգամանքի վրայ: Չնայած, որ լոյսի պէս պարզ է, որ վերջին շարժումները լոկ քաղքական բնաւորութիւն ունէին, որ նրանք նախագծւում էին սուլթանի ձեռքով եւ նպատակ ունէին ահաբեկել գլուխ բարձրացրած հայ ժողովուրդը, բայց եւ այնպէս մեր մէջ զարմանալի յամառութեամբ շարունակում են տեղի ունեցած ընդհարումներին տալ կրօնական կերպարանք եւ ամբողջ մեղքը ձգել մահմեդական մոլեռանդութեան, ղուրանի, սօֆտատների վրայ եւայլն: Դեռ դրանք չեն ուզում տեսնել, որ այս դէպքում, ինչպէս եւ մարդկային ամբողջ պատմութեան մէջ, կրօնը եղել է մի քօղ, որի տակ պատսպարւած առաջ են տարել ամեն տեսակ անձնական շահեր եւ կեղդոտ միտումներ: Մինչդեռ կան ակնյայտնի փաստեր, որոնք պէտք էր խախտէին այդ հինաւուրց համոզումը: Տաճկահայաստանում բացի հայերից ապրում են եւ ուրիշ քրիստոնեաներ: Ինչո՞ւ եւրոպացիք ազատ մնացին, ինչո՞ւ ասորիներին չմօտեցան, ինչո՞ւ վերջապէս ամենայն հոգատարութեամբ ու խնամքով պատսպարում էին յոյներին, որոնք մի քանի տեղեր այնքան էին լրբացել կառավարութեան փաղաքշանքներից, որ զզւանք էին պատճառում բոլորին: Դրա հակառակ մի քանի տեղեր իրենք՝ մահմեդական հոգեւորականութեան ներկայացուցիչները՝ շէյխերն են նախաձեռնող հանդիսացել հայերի պաշտպանութեան, ինչպէս օր. Ղարաքիլիսա, Իւզվերան:

Գալով մահմեդական ամբոխի տարբեր խաւերի խաղացած դերերին, տեսնում ենք, ինչպէս եւ հարկաւոր էր սպասել, որ ամենաքիչ մասնակցութիւն ունեցաւ տաճիկ գիւղացի երկրագործ դասը: Յարձակողները գլխաւորապէս լեռնաբնակ անասնապահ կամ կիսաերկրագործ ազգաբնակութիւնն էր՝ քրդերը, լազերը եւ Ռուսաստանից գաղթած չերքէզները, իսկ երկրագործ դասը շատ շատ հետեւել է նրանց՝ թալանից բաժին ձեռք ձգելու համար, իսկ գլխաւորապէս կամ անտարբեր են մնացել, կամ թէ,– որքան էլ դա զարմանալի թւայ,– պաշտպանել է իր դարեւոր հարեւան հայ ազգաբնակութիւնը եւ սաստիկ ընդդիմադրութիւն է ցոյց տւել յարձակւող խուժանին: Բացի այդ, պաշտպանութիւն են ցոյց տւել մի քանի տեղ արհեստաւոր եւ վաճառական դասը: Աւելի անսպասելին այն է, որ քրդերը, այդ հայերի անհաշտ համարւած թշնամիները, նոյնպէս պաշտպանել են:

Ընթերցողը կը համաձայնի, որ այսպիսի ժամանակ անհնար է շատ փաստեր հաւաքել, բերենք մեր ձեռքի տակ ունեցածները:

Հասան-Ղալան* (Հասան-Ղալայի վանքը, որ աւերւել ու թալանւել է, գտնւում է Հասան-Ղալայից մէկ ու կէս ժամ հեռաւորութեան վրայ), Կարնոյ մօտ գտնւած Կան գիւղը, Բասենի Ամրագոմը, մասամբ Իւզվերանը, Ալաշկերտի Ղարաքիլիսան, Բայազէդը, Երզնկայի, Խնուսի մի քանի գիւղերը պաշտպանւել են տեղական մահմեդականների շնորհիւ, Նարիմանի գիւղերը պաշտպանւել են շնորհիւ Էմին աղայի, Ռուսաստանից գաղթած՝ Խասթուր-Մուստաֆա աղի տղերքի:

Խալլու, Ամար, Խայաբեկ, Իրից գիւղ՝ պաշտպանել է զիլանցի Սելիմ փաշան:

Իւչքիլիսէի ս. Յովհաննու վանքը եւ իր շրջակայ գիւղերը՝ Ջուջան, Ղարաբազար, Վանքի գիւղ, Ղումլուպուճաղ, Բօդին պաշտպանել է հայդարանցի Մուստաֆա բէկը: Բացի այդ, պաշտպանութիւն են ցոյց տւել Միրվա աղէն, Նաբի աղէն:

Նոյն իսկ Կարնոյ մէջ, որտեղ կառավարութիւնը հոգեւորականութեան հետ միասին տարիների ընթացքում գրգռում էին տեղական մահմեդականներին, որտեղ էր այդ ժամանակ բոլոր կոտորածների հերոս Շաքիր փաշան, ուր ամենից սաստիկ պէտք էր արտայտւէր տաճիկների կատաղութիւնը, ազգաբնկութեան մի մասը, գլխաւորապէս վաճառական եւ արհեստաւոր դասը, հեռու պահեց իրեն կոտորածից: Մինչեւ իսկ բազմաթիւ հայեր պատսպարւեցին տաճիկների մօտ կոտորածի ամենախիստ ժամանակը:

Մենք արդէն սպասում ենք ընթերցողից զանազան առարկութիւններ եւ վերոյիշեալ պատշպանների վարմունքի համար բացատրութիւններ: Մենք էլ շատ լաւ գիտենք, որ մի տեղ ազգաբնակութիւնը երկիւղ է կրել «ռուսաստանցի» հայերից, որոնց հետ ընդհարումներ է ունեցել եւ որոնց վրէժխնդրութիւնից տեղիք ունի երկիւղ կրելու, մի ուրիշ տեղ նա դողալով է յիշում ռուսական արշաւանքը, երրորդ տեղում աւելի հեռատես գտնւելով, մտածում է ապագայի մասին, հաւատացած լինելով,որ իրերի դրութիւնը անշուշտ կը փոխւի, չորրորդ տեղում զգում է, որ հայերի հետ կապւած է սերտ կերպով, տնտեսական շահերով, հինգերորդ տեղում հայերը այս կամ այն բէկի մարաբաներն են եւ այլն... Այս բոլորը մենք շատ լաւ գիտենք, մենք ոչ մի րոպէ թոյլ չենք տալ մեզ մտածելու, որ այդ զանազան Մուստաֆաները կարող են դէպի հայերը մի առանձին պլատօնական սէր տածել:

Մեզ համար առանձապէս նշանակութիւն ունի այն, որ իրերի այս խառը դրութեան մէջ, երբ կառավարութիւնը ինքն է մղում մահմեդականներին դէպի կոտորած, դէպի թալան ու աւերում, երբ նա ինքն է ամբոխի առաջն ընկնում եւ իր մարտիններով նրա համար ճանապարհ հարթում, երբ այդքան նպաստաւոր պայմաններ է ստեղծում կիսավայրերնի ամբոխի գազանական կրքերի անարգել կերպով դուրս ժայթքելու համար, այդ տգէտ, մոլեռանդ, ֆանատիկոս ամբոխի մի մասը կարողանում է ի նկատի առնել զանազան հանգամանքներ, չտարւել հոսանքով, զսպել իր կրքերը եւ մինչեւ իսկ դիմադրութիւն ցոյց տալ կառավարութեան ոտնաձգութիւններին:

Դա պարզ ապացոյց է, որ ազգաբնակութեան մի մասը արդէն նկատում է շահերի այն անհամերաշխութիւնը, որ վաղուց ի վեր գոյութիւն ունի սուլթանի եւ իր բոլոր հպատակների մէջ, բայց որը մնում էր մինչեւ այժմ խորին մթութեան մէջ, շնորհիւ սուլթանի եւ տիրապետող տարրերի համերաշխ գործունէութեան:

Նա նկատում է այն տնտեսական կապը, որով կապւած է իր հարեւան հայերի հետ եւ որի ահագին նշանակութիւնը նա ընդունակ է դարձել գնահատել:

Վերոյիշեալներից մենք տեսանք, որ վերջին եղերական կոտորածների մէջ մահմեդական ամբոխի դերը բոլորովին երկրորդական էր, մենք տեսանք, որ նրա մի մասը դուրս է եկել մասամբ տգիտութեան, խաւարի, անգիտակցութեան մթնոլորդից, սկսել է մտածել, հասկանալ իր իրական շահերը. և մենք սրտանց ողջունում ենք նրա այդ առաջին եւ դժւարին քայլը:

«Դրօշակ»
10 Փետրուար 1896, Թիւ 5
20 Փետրուար 1896, Թիւ 6