15 September, 2021

Դիպլօմատ-Հրէշներ

Հասարակական կեանքի մէջ պատահում են այնպիսի անակնկալ դժբախտութիւններ, այնպիսի ահռելի չարիքներ, որ շշմեցնում են ամենամեծ յոռետեսին անգամ: Յոռետեսը, որը միշտ ամենավատ գոյներով է ներկայացնում ապագան, իւր երեւակայութեան մէջ դարձեալ ունենում է մի սահման, որից չի կարող անցնել, նրա կարծիքով, այս կամ այն հասարակական չարիքի աստիճանը: Բայց դժբաղդաբար մենք տեսնում ենք, որ մեր ներկայ կեանքի մէջ յոռետեսի երեւակայած սահմանն էլ ոչնչանում է, եւ չարիքը տարածում է իր թեւերը աւելի հեռու ու հեռու...

Ամեն անգամ, երբ առիթ ենք ունեցել խօսելու եւրոպական դիպլօմատիայի մասին, որը պաշտօնապէս իր «հովանաւորութեան» տակ է առել արեւելքի քրիստոնեաներին, մենք հեռու որեւէ յոռտեսեութիւնից, յենւած միմիայն պարզ իրականութեան վրայ, պնդել ենք միշտ, որ ոչ մի դիպլօմատի համար գոյութիւն չունին ոչ քրիստոնէական, ոչ մի մարդասիրական, ոչ քաղաքակրթական եւ ոչ այլ նոյնանման նպատակներ: Մենք ընդունում էինք, որ դիպլօմատիան կարող է ոչ թէ միայն չօգնել մեզ, անտարբեր մնալ, այլ մինչեւ իսկ վնասել մեզ, աշխատել կանգնեցնել ծնունդ առած շարժումը, եթէ այդ իր շահերին վնասակար նկատւի: Բայց մենք – եւ մեզ հետ նոյն իսկ ամենամեծ յոռետեսները – դժւար կարող էինք երեւակայել, որ քաղաքակիրթ աշխարհի «քաղաքակիրթ» ներկայացուցիչները հասնէին անխղճութեան, տմարդութեան ու լրբութեան այն ծայրայեղ աստիճանին, որի վրայ նրանք կանգնած են այժմ, եւ ոչ թէ միայն մեր, այլ եւ ամբողջ արեւելեան հարցի վերաբերմամբ:

Եւրոպական դիպլօմատները «գթութեան քոյրերի» նման շրջապատել են «հիւանդ մարդուն» եւ ամենաաններելի միջոցներ գործ դնելով, աշխատում են պահպանել նրա նեխւած կեանքը, I homme malade (հիւանդ մարդը) դառել է enfant gâté (երես առած երեխայ), որին պահում, պահպանում, շոյում, փայփայում են ամեն կողմից: Հոգատար դիպլօմատները ամենայն աջողութեամբ մրցում են իրար հետ այդ ասպարէզում: Մէկն իր արջի թաթի զօրութեամբ միջոց է տալիս նրան կոտորել, ջարդել տասնեակ հազարաւոր հայեր՝ երկրի «խաղաղութիւնը» վերականգնելու համար: Միւսը իր հաստ գրպանն է բաց անում եւ առաջարկում իր ոսկիները տնտեսական բացարձակ քայքայումից ազատելու համար, երրորդի նախաձեռնութեամբ ընդհանուր ճնշում են գործ դնում ու սպառնալիքներ կարդում ապստամբ կրէտացիներին: Ճնշում են Յունաստանին, որ անուղղակի կերպով օգնում է իր արիւնակից եղբայրներին, ճնշում են Բօլգարիային, որ չի խանգարում մակեդոնական շարժմանը... Բայց ոչ մի տեղ, ոչ մի պարագայում եւրոպական դիպօլմատը չարտայայտեց իր էութիւնը այնքան ստոր, զզւելի եւ կոպիտ կերպով, ոչ մի տեղ նա ցոյց չտւեց իր բարոյական այլանդակութիւնը այնքան շոշափելի փաստերով, որքան Վանի եւ ընդհանրապէս Վասպուրականի վերջին աղետալից դէպքերի ժամանակ: Այդ դէպքերն այնքան սրտաճմլիկ էին, որ ամենաչոր, ամենաքարասիրտ դիլօմատն անգամ պէտք է յիշէր, որ ինքը ոչ միայն դիպլօմատ է, այլ եւ մարդ: Բայց այդ չեղաւ: Պետերսի եւ Աֆրիկայի այլ հերոսների արժանաւոր ընկերակիցները՝ Վանի անգլիական հիւպատոսը, որ շատ առաջ էր ստացել վանեցիներից «ոստիկան-հիւպատոս» տիտղոսը եւ քրիստոնէութեան սկզբունքը տարածող բողոքական միսիօնար Ռէյնօլսը հաւասարապէս զզւելի են մեզ թէ՛ իրենց բացարձակ լրբութիւններով եւ թէ՛ իրենց գաղտնի խարդաւանանքներով:

Մուտք գործելով Տաճկահայաստան, շփւելով յաճախակի վայրագ կառավարութեան հետ, դրանք կարծես թէ մոռանում են իրենց ծագումը, մոռանում են այն միջավայրը, ուր ծնւել ու սնւել են, մոռանում են այն դարը, որի մէջ ապրում են: Առանց խղճահարութեան, առանց ամօթի, բացարձակ կերպով պաշտպան հանդիսանալով սուլթանի կառավարութեան, դրանք ամենանենգ ճանապարհներով ստիպում են յեղափոխական գնդերին՝ հեռանալ քաղաքից. դրանք մատնում են այդպիսով անզէն ժողովրդին վրէժխնդիր զինւորների ու վայրագ խուժանի կատաղութեան, իսկ յեղափոխական գնդերին՝ Պարսկաստանի ճանապարհի վրայ պատրաստւած զինւորների եւ համիդիականների անհամար բազմութեան:

Կոտորածի այդ սարսափներից յետոյ նրանք դեռ համարձակւում են բարդել բոլոր յանցանքը հայերի վրայ, մեղմացնել կառավարութեան եւ բաշիբօզուկների վոհմակների գործած գազանութիւնները, ուրանալ քաղաքի ռմբակոծութիւնը, քաղաքի եւ շրջակաների աւերւիլը, թալանիլը, հազարաւոր զոհերի թիւը... Եւ այդ դեռ բաւական չէ, նրանք յանդգնում են հանրագրութիւններ պատրաստել հայերի կողմից, ստիպում են ստորագրել անճարացած, ահաբեկւած ժողովրդին, իբր թէ նա ինքն է մեղաւոր, որ իրեն կոտորել են, թէ նա շնորհակալ է կառավարութիւնից, որ կոտորածը չի շարունակւում... Սա արդէն չափից դուրս է, այս դէպքում մարդ դժւարանում է հաւատալ, թէ դրանք մարդկային արարածներ են եւ ոչ թէ հրէշներ մարդկային կերպարանքով...

Վասպուրականի կոտորածի ահռելիութիւնը անյայտ մնաց շատ շատերից. դիպլօմատները կարող են դրանով պարծենալ: Բայց ռմբակոծւած տները, արիւնաներկ փողոցները, անթաղ դիակները, մոխիր դարձած գիւղերը դեռ մնայուն վկաներ են սուլթանի գազանութիւնների եւ դիպլօմատիայի լկտիութեան: Անօթի, մերկ, բոբիկ մնացած բազմաթիւ կենդանի էակների խուլ հեծեծանքը, առեւանգւածների, բռնաբարձածների ապարդիւն ճիչերը, հազարաւոր անմեղ զոհերի բարձրաձայն անէծքը... այս բոլորը դառը բողոք են Եւրոպայի հասարակական դատաստանի առաջ՝ իր ներկայացուցիչների տմարդութիւնների դէմ:

Վասպուրականն աւերեւեց. սուլթանը, Շահիրը, Սաադէտին եւ այլ փաշաները հրճւում են եւ դիպլօմատները. նրանից իւրաքանչիւրը հասաւ իր նպատակին: Իսկ մե՞նք...

Ճիշտ է մենք կրեցինք սոսկալի հարւած, անհամեմատ աւելի զոհեր տւինք, քան մեր թշնամին, կորցրինք մեր լաւագոյն ընկերներից շատերին, բայց մեր ժամանակաւոր պարտութիւնը, մեր թշնամիների հրճւանքը մեզ չեն վհատեցնիլ: Տասնեակ հազարաւոր դժբաղդների յուսահատական ճիչերը պահանջում են մեզանից արդար վրէժխնդրութիւն, մեր հարիւրաւոր նահատակւած ընկերների ստւերները կոչում են մեզ դէպի անձնազոհ գործունէութիւն:

«Դրօշակ» - 15 Օգոստոս 1896
Թիւ 19