12 October, 2021

Այբ ու Բեն

Նոյեմբեր, 1893 թ. 

Այբուբեն կայ կարդալ-գրել սովորելու համար, կայ այբուբեն այսինքն տարրական օրէնքներ՝ զանազան մասնագիտութիւնների համար. կայ այբուբեն նաև հասարակական խնդիրների շրջանում:

Դժբաղդաբար, այս վերջին տեսակի այբ ու բենն անհասկանալի կամ տարօրինակ է համարվում շատերի համար. Չը նայելով, որ հասարակական երևոյթներն աշխարհիս բոլոր անկիւններում պատմութիւնը դարէց դար կրկնում է զարմանալի նմանութեամբ՝ մեր յեղափոխականներից շատերի համար, կարծես, հայը և Հայաստանը մի բացառութիւն են, որ դուրս պիտի համարվին համամարդկային ընդհանուր օրէնքների ազդեցութիւնից. Հայ-յեղափոխականը չէ ուզում որ և է առնչութիւն ունենալ մարդկային պատմութեան հետ: Անմեղների անարատ արիւնով շաղախված, անարդարութեան սև դրոշմով կնքված, միլիօնաւոր ժողովուրդների հառաչանքներով և սգով արատաւորված պատմութեան էջերը մենք չենք ուզում ճանաչել: Այո, յեղափոխական այբուբենը գտնված, ընդունված չէ մեր զանազան գործիչների կողմից:

Բայց չէ՞ որ այդ այբ ու բենը կայ, և չէ՞ որ նրա ընդունելը կը լինէր ամենանպատակայարմար միջոց մեր երկրի յեղափոխական ձգտումները մի ընդհանուր լեզւով և ոգով արտայայտելու համար:

Այո, այդ այբ ու բենը կայ, և մեզնով չէ, որ նա որոշվում է: Միմիայն, բնականաբար, նա կը մնայ անըմբռնելի բոլոր այն «գործիչների» համար, որոնք չեն արտայայտում ո՛չ բաւականաչափ զգացմունք դէպի մեր անբաղդ ժողովրդի անպաշտպան շահերը և ոչ էլ առողջ միտք՝ համամարդկային պատմութեան և ներկայ ժամանակների ուսումնասիրութեամբ հայի դրութիւնը լուսաբանելու համար:

Հայ ժողովուրդը ազատութիւն է ուզում,-այս ամենքի համար պարզ է, և այս խօսքը միակ տառն է, միակ այբն է, որի անհրաեշտութիւնն ընդհանուրի կողմից ընդունված պէտք է համարել: Բայց մի տառ այբուբեն չէ կազմում. այբից յետոյ գալիս է բենը:

Ի՞նչ է նշանակում ազատութիւն. ի՞նչ է հասկանում մեր ժողովուրդը ազատութիւն խօսքը արտասանելիս:

Շատերը կասեն. քաղաքական ազատութիւն, ազգային անկախութիւն, հայկական կառավարութիւն տաճկականի տեղ:

Դա, ի հարկէ, շատ որոշ պայման է. բայց բովանդակո՞ւմ է արդեօք իր մէջ ժողովրդի բոլոր իղձերը, գաղափարները, նրա բոլոր պահանջներն ազատ դրութիւնից. Ազատութեան ձգտելով՝ արդեօք մեր ժողովուրդն ուզո՞ւմ է միմիայն իր ազգային ինքասիրութեանը բաւականութիւն տալ, թէ այդ դրութեան հետ նա անշուշտ կապում է առհասարակ իր կեցութեան ընդհանուր բարեփոխումը: Մենք չենք հերքում առաջին մօտիւի նշանակութիւնը, բայց հակառակ ենք այն հայացքներին, որոնք ժողովրդի դրութեան բարեփոխումն անպայման կապում են միմիայն նրա անկախութեան հետ, համարելով այդ բարեփոխումը ինքնըստինքեան հասկանալի, բնական, անհրաժեշտ հետևանք անկախութեան: Սա է այն բենը, որի վրայ անհրաժեշտ է կանգ առնել: Բայց համաձայնվենք նախօրէն, որ իսկապէս ժողովուրդն ազատութիւն է կամենում ոչ թէ լոկ ազգային ինքասիրութիւնից դրդված, այլ գլխաւորապէս իր առօրեայ կեանքը մաշող, ճնշող հանգամանքների ազդեցութեան ներքոյ:

Խօսեցրէ՛ք Հեքքեարի, Մանազկերտի, Սասնոյ մի մասի հային, որը յայտնի է իր տեղում ֆլահ (ստրուկ) անուան տակ. Դա պատկանում է այս կամ այն քիւրդ աղային, որը հարստահարում է նրան ուզածին պէս, ծախում է նրան ուրիշին 10-20-30 լիրայով, և միևնոյն ժամանակ հովանաւորում է հայ վաշխառուի և միւս քիւրդ աղաների դէմ. այդ հայը, որ տարին մի երկու անգամ հազիւ է տեսնում տէրութեան պաշտօնեայ, դժուար թէ հետաքրքրվի հայկական օրէնսդիր ժողովով կամ ազգային ազատ մամուլով. նրա համար, ի հարկէ, աւելի բնական է ազատութեան տակ հասկանալ ֆլահի դրութիւնից դուրս գալը, ֆէօդալ բէկի կամայականութիւնից անկախ լինելը և այլն...

Վերցրէք Կարնոյ դաշտի, Փոքր Հայաստանի, Վանայ շրջակայքի ժողովուրդը. քրդերի յարձակումն այս կողմերում նուազում են այն նշանակութեան առաջ, որ ունեն հարկերի չափազանց ծանրութիւնը և վաշխառուների կողոպտումները՝ վարչական կազմակերպութեան փթածութեան հետ միասին: Հարկային բարեփոխումները, հողի և նրանից ստացված արդիւնքների ապահովութիւնը զանազան էֆենդիների ճանկերից,- ահա այն պայմանները, որ առաջնակարգ տեղ են բռնում այս հայերի կեանքում:

Ալաշկերտի հայը, իր յետին չքաւորութեան մէջ, ազատութիւնից աւելի շուտ կուզենար խաղաղ դրացի: Թէ որքան նշանաւոր է նրա համար այս պայմանը, այդ պարզ է նրանից, որ գիտենալով հանդերձ, որ ազգային անկախութիւնը Ռուսաստանի սահմաններում հայերի համար կատարեալ ցնորք է. գիտենալով, որ ազգային ինքնասիրութիւնը պահանջում է հաստատ լինել իր ազգային կրօնին, այսուամենայնիւ իւր անհանգիստ դրացիից-քրդից-ազատվելու համար՝ նա այսօր պատրաստ է ամբողջ գաւառներով Ռուսաստան գաղթել և, եթէ պահանջվի, նաև ռուսադաւանութիւն ընդունել:

Խօսեցրէ՛ք հայ գիւղացուն, հայ արհեստաւորին, վաճառականին կամ հայ ինտելլիգենտին, ընդհանուր եզրակացութիւնը բոլոր լսածներից կը լինի՝ ազատութիւն ցանկանալով, հայ ժողովուրդը ձգտում է այնպիսի դրութեան, որ ազատված լինի՝ ինչպէս մահմեդականներից հալածվողի իր անարագ դրութիւնից, ինչպէս օրէնքի առաջ եղած անհաւասարութիւնից, նոյնպէս և հարկերի ծանրութիւնից, քրդերի և պաշտօնեաների յափշտակութիւններից, բէկերի և վաշխառուների իշխանութիւնից, հողին վերաբերեալ զեղծումներից, իր յուսահատ չքաւորութիւնից, իր աստանդական մուրացկանի դրութիւնից և այլն...

Այժմ հարցնում ենք մենք. ի՞նչ կարգեր կարող են ապահովել այդ պահանջները. ի՞նչ կարգեր կարող են բաւականութիւն տալ իր ճակատի քրտինքով ապրող մեծամասնութեան բոլոր արդար պահանջներին:

Քրիստափոր-Զաւարեան
«Դրօշակ» - Նոյեմբեր 1893
Թիւ 5

Յունվար, 1896 թ.

Անցեալ անգամ մենք վերջացրինք այս հարցով, թէ ինչ կարգեր կարող են ապահովել ժողովրդի արդարացի պահանջները:

Հարկաւոր է պարզ դնել հարցը և աներկիւղ քննել դրան, որովհետև անխղճութիւն է քաղցածին հացի տեղ քար տալ, որովհետև ապշութիւն է դարման չանել հիւանդի այն վէրքին, որից իսկապէս տանջվում է ինքը հիւանդը:

Սակայն «Դաշնակցութեան» սկիզբ առնելուց առաջ այդ հարցերը դրել և ըստ իւրեանց մշակել են երկու աւելի հին հայ յեղափոխական օրգաններ. – «Արմենիա» և «Հնչակ». Ի՞նչպէս են հասկացել այդ օրգանները հայի ցաւը և նրա ապագան բարւոքելու անհրաժեշտ պայմանները:

Իսկապէս «Արմենիայի» մասին, այն «Արմենիայի», որը, ինչպէս ինքը վաղուց յայտարարել է, դադարել է յեղափոխական կազմակերպութիւն, յեղափոխական կենդանի գործի օրգան լինելուց, որն այժմ զբաղված է աւելի փողի և ուրիշ տեսակ վիճակախաղեր կազմելով իր բաժանորդների համար,-իսկապէս, ասում ենք, «Արմենիայի» մասին չարժէր խօսել. չարժէր, որովհետև պարզ է, որ հանդերձ իր յեղափոխական երեմիականներով, այդ թերթը հասել է բարոյական մահւան, իր նիւթականn ապահովելու միակ և թշւառ խնդրին:

Բայց մեր միտքը պարզելու համար, աւելի լաւ է, խօսենք՝ աչքի առաջ ունենալով հասարակութեան մէջ պտտող, փոքր ի շատէ յայտնի կարծիքներ, ծրագիրներ, ուղղութիւններ. Ինչքան և անորոշ լինէր «Արմենիայի», այդ նախկին «Հայրենասիրաց Միութեան» օրգանի նախկին ծրագիրը, այն ծրագիրը, որ տարէցտարի շաբաթը երկու անգամ նոյն ոչինչ չը պարզող խմբագրութեամբ լոյս էր տեսնում թերթի առաջին սիւնակում՝ սակայն այս և այն խմբագրական առաջնորդներից նկատելի էր, որ «Արմենիայի» համար առաջնակարգ տեղ էին բռնում Թիւրքիայում տիրող վարչական-քաղաքական թերութիւնները: Վերացնել այդ թերութիւնները՝ և հայի լացը բաղդաւոր՝ ժպտի, հայի թշուառ կենցաղը կատարեալ անդորրութեան պիտի վերափոխվին: Այդպէ՞ս է արդեօք:

Աստուած գիտէ, ինչ էր հասկանում պ. Փորթուգալեանը վարչական բարեփոխումներ ասելով, բայց ամենայն համբերութեամբ կարդալով այդ քարոզները՝ մտածում էինք, ենթադրենք՝ թէ, դիւթական մի շարժւածքով Թիւրքիայում իրականացաւ ներկայ ժամանակներիս համար առաջնակարգ մի եւրոպական վարչական դրութիւն. ի՞նչ կը լինենք մենք դատած դորանով: Ի հարկէ շատ բան, բայց ոչ այն բոլորը, ինչ հարկաւոր է ժողովրդին, ոչ այն դրութիւնը, որի անունով միայն մենք ձեռներս սրտերիս վրա դրած, առանց մեր խղճի առաջ ամաչելու, կարող լինէինք բարձրաձայն գոչել ժողովրդին. «Հայ ժողովուրդ, ոտ դի՛ր յեղափոխութեան դժոխային ուղին. կռւի՛ր, մեռի՛ր, զոհի՛ր որդիքդ ու ունեցածդ, և երբ կը ստանաս այդ վարչական դրութիւնը, դու բաղդաւոր կը լիենս անպատճառ...

Պարսիկ գիւղացին անկախ է, իր երկրում նա քաղաքականպէս իշխող է, բայց ապահո՞վ է նրա կացութիւնը, ազա՞տ է նա. ոչ, նա ստրուկ է և աղքատ: Ռումանիան ազատ է. նրա քաղաքական կարգերն առնված են Եւրոպական սահմանադրական մօդելներից, բայց ի՞նչ է նրա գիւղացու դրութիւնը, եթէ ոչ կատարեալ ճորտութիւն. բոլոր աշխատաւոր, բայց մեծ մասամբ անհող գիւղացիք իրականապէս պատկանում են մի քանի հազար հողատէր ազնուականների: Իտալական ժողովուրդը, որը դեռ երէկ թօթափեց իր վրայից Աւստրիայի լուծը և ձեռք բերեց քաղաքական ազատութիւն, ներկայումս հեծում է դառն աղքատութեան տակ: Եւ Սիցիլիան, այն Սիցիլիան, որ իտալական ապստամբութեան յենարանն էր կազմում, որ համարձակ բարձրացրեց ապստամբութեան դրօշակն օտար կառավարութեան դէմ, հենց այս րոպէիս զէնքը ձեռքին կռվում է իր սեփական, իր արիւնով ստեղծված կառավարութեան դէմ... Ութսուն միլլիօն ռուս ժողովուրդը, քաղաքականապէս ազատ լինելով հանդերձ՝ այսօր այնքան աղքատ է և տգէտ, որ համարեա կենդանիների կեանք է վարում: Վերջապէս Եւրոպայի առաջնակարգ ազատ սահմանադրական երկրներում, ժողովրդի առնուազը երկու երրորդ մասը ապրում է օրէցօր, խաղում է ապրանք ստեղծող հասարակ մեքենայի դեր. անձնական և հասարակական յարաբերութիւնները մարդու համար այդ երկրներում այնքան խիստ որոշվել են, որ ոչ մի երկրում, նոյն իսկ ամենայետադէմ երկրների հետ համեմատած, անհատն այնքան երկիւղ չէ կարող ունենալ հենց վաղն անգործ մնալ և փողոցի մէջ սովից մեռնել, որքան հենց այդ քաղաքակրթութեան մեծահռչակ օրրաններում: Ով փոքր ի շատէ ծանօթ է Եւրոպական ներկայ կեանքին՝ նա կարօտ չէ բացատրութիւնների. յամենայն դէպս յիշենք, որ Լօնդօն քաղաքը միայն ունի 100,000 փողոցային մուրացկաններ, որ բանւորների մշտական գործադուլներն աննկարագրելի չարիքներ են առաջ բերում այն միլլիօնաւոր դասակարգի համար, դասակարգի, որը բացի իր ձեռքից և ոտքից չունի ուրիշ ոչ մի սեփականութիւն, որ Եւրոպական բոլոր պարլամենտներում սօցիալիստ դէպուտատների թւի տարէցտարի աւելանալը, բանւորական յուզումները նշան են խիստ դժգոհութեան տիրող կարգերի դէմ, որ վերջապէս անարխիզմի սարսափահար գործունէութիւնը, իբրև մեծամասնութեան դրութեան վերաբերեալ անզուսպ բողոք՝ ծնվել և զարգանում է հենց այդ երկրներում:

Ընդհանրացնելով մեր ասածները եւրոպական կարգերի բացասական կողմերի մասին՝ մենք կը կամենայինք ընթերցողի հետ գալ հետևեալ եզրակացութեան. պարզ է, որ Եւրոպան իր քաղաքական կազմակերպութիւններով այսօր բարձր է ուրիշ երկրներից. միևնոյն ժամանակ ապացուցված պիտի համարել, որ այդ կազմակերպութիւններն անկարող են ապահովել ժողովրդի բարեկեցութիւնը և հետևաբար իրենց տիպով դեռ շատ և շատ ստոր պիտի համարվին:

Մեզ կարող են ասել, որ նոյն իսկ Եւրոպայում չենք գտնում՝ այնպիսի քաղաքական ձևեր, որոնց մենք հաւանէինք, նախանձէինք. –Ճիշդ է. սակայն հարցը հաւանելու, չը հաւանելու մէջ չէ. հարցը միմիայն նրանումն է, որ մենք պարտաւոր ենք չը ծածկել մեր հասարակութիւնից եւրոպական քաղաքական կազմակերպութիւնների անկարողութիւնն իրենց ժողովրդի բարօրութիւնն ապահովելու, տալու նրան այն, ինչի նա այսօր ձգտում է:

Քրիստափոր-Զաւարեան

«Դրօշակ» - Յունուար 1894
Թիւ 6

Անցնենք Հնչակին:

Հնչակեան խումբը ասպարէզ դուրս եկաւ, իբր սօցիալիստ-յեղափոխական: Նա հենց սկզբից յայտարարեց, որ ինքը չի բաւականանալու միայն ռամկավարական ազգային անկախութեամբ, այլ նրա նպատակն է սօցիալիզմը: Բայց թէ ինչ բան է սօցիալիզմը, ինչպէս կարող է նա իրականանալ, դրա մասին չէր կարելի ոչ մի որոշ գաղափար կազմել Հնչակի տուած յօդուածներից, չէր կարելի, որովհետև հենց ինքը, Հնչակի խմբագրութիւնը, որոշ գաղափար չունէր նրա մասին և չունի մինչև այսօր էլ:

Հայեացքների քաօս, խառնաշփոթութիւն և ինքնուրոյնութեան կատարեալ բացակայութիւն,- ահա թէ ինչ կարելի է նկատել Հնչակի տեսական հայեացքների մէջ: Եւ եթէ Հնչակի խումբը ասպարէզ դուրս եկաւ բոլորովին անպատրաստ, առանց դրական համոզումներ ունենալու, պէտք էր սպասել, որ քոնէ իր 7-ամեայ գոյութեան ընթացքում նա այդ ձեռք կը բերէր: Սակայն այդ չեղաւ, և ներկայումս էլ՝ չնայելով այն փոփոխութիւններին, որոնց ենթարկվել են Հնչակի տեսական համոզումները, նա նոյն քաօսն է ներկայացնում, նոյն անինքնուրոյնութեան կնիքն է կրում, ինչպէս և առաջ:

Հնչակը առաջ իրեն հրատարակեց սօցիալիստ-յեղափոխական. վերջերումս աւելացրել է և երկու ուրիշ կոչումներ. մարքսիստ և սօցիալ-դէմօկրատ: Հենց այդ երկու նոր տէրմինները բացատրելու համար Հնչակի խմբագրութիւնը Ֆէրդ. Լասսալի «Սահմանադրութեան էութեան մասին» գրքոյկի թարգմանութեան կցել է մի երկար յառաջաբան: Գիրքը նոր է լոյս տեսել, այնպէս որ այդ յառաջաբանը նրա վերջին խօսքը կարելի է համարել, ուստի կանգ առնենք քիչ դրա վերայ: Այդ յառաջաբանը մեր ընթերցողներից շատ շատերը կարդացած չեն լինիլ, և եթէ կարդացած էլ լինեն, հաւատացած ենք, շատ էլ բան հասկացած չեն լինիլ նրա Էնգելսական խրթին նախադասութիւններից աւելորդ չենք համարում այս պատճառով կրկնել այստեղ նրա մէջ արտայայտած մի քանի մտքերը, որոնք նշանակութիւն ունեն այժմ:

Հասարակական, քաղաքական կազմակերպութեան հիմքը կազմում են երկրի տնտեսական պայմանները: Ուստի, երբ մի երկրի տնտեսական պայմանները փոխվում են, այնպայման պէտք է փոխվեն և նրա քաղաքական ձևերը: Հայութեան մէջ ներկայումս կատարվում է մի այդպիսի պրօցէս: Հայ ժողովրդի տնտեսական պայմանները փոխվում են, նոյն ձևով, ինչ ձևով այդ եղել է Եւրոպայում. մանր սեփականութիւնը քայքայվում է հետըզհետէ և տեղի տալիս խոշոր սեփականատիրութեան: Տաճկահայ գիւղացու համար հարկերի պատճառով իր սեփական հողը դառել է «ծանր բեռ, որ չէ տալիս ոչ մի շահ, այլ և մի չարաբաստիկ գործիք, որ ծառայում է միայն շահագործողներին»: Նա թողնում է իր հողը, գնում արդիւնաբերական քաղաքները և դառնում վարձկան բանւոր: Նոյն վիճակին են ենթարկվում և արհեստաւորները, որոնք անկարող են լինում մրցել խոշոր գործարանատէրերի հետ: Այսպիսով՝ մեր մէջ պատրաստվում է պրօլետարիատ, բանւոր դասակարգ: Դրա հետ զուգընթացաբար զարգանում է մի ուրիշ դասակարգ, բուրժուազականը, որը իր ձեռքի տակ ունենալով կապիտալը, երևան կը գայ, իբրև բանւոր դասակարգի մշտական կեղեքիչ.–

«Դա է այն պատմական բնական պրօցէսը, որ սկսել է տեղի ունենալ հայութեան մէջ եւ որի առաջադիմական ընթացքն անխուսափելի է եւ միեւնոյն ժամանակ ինքն էլ պայման հայութեան ընդհանուր յառաջադիմութեան: Հայութեան մէջ ծագող տնտեսական նոր յարաբերութիւններն իրանց շարունակ զարգացումով ազգին աւելի եւ աւելի կը զատեն երկու մասի, երկու դասակարգի վրա, բուրժուա եւ պրօլէտարիատ, որոնք հէնց այժմ, իրանց կազմութեան ներկայ սկզբնաւորութեան մէջ, ունեն միմիանց հակառակ տնտեսական շահեր, որ՝ գնալով աւելի ու աւելի կորոշվեն եւ վերջը կառնեն արդէն սուր կերպարանք»:

Կանգ առնենք այս վերջին կէտի վրա միառժամանակ:

Ուրեմն այդ պրօցէսն անխուսափելի, ճակատագրական է, ուրեմն կապիտալիզմը պէտք է անպայման մեր մէջ մուտք գործի, պէտք է տակունվրայ անի ներկայ բոլոր կարգերը, մտնեն խոշոր արիդւնագործութեան ձևեր, հարստութիւնը պէտք է կենտրօնանայ փոքրաթիւ կապիտալիստների ձեռքը, ընդհանրութիւնը անպատճառ իր բոլոր սեփականութիւնից զրկվի, և այս բոլոր ցաւերից յետոյ միայն կարող է իրագործվել սօցիալիզմը:

Այսպէս է, չէ՞...

Սակայն նոյն Հնչակի խմբագրութիւնը աւելի մեծ ապլօմբով պնդում էր մի ժամանակ, թէ հայ ժողովուրդը կարող է խուսափել կապիտալիզմի չարիքներից, որ յանցանք է աջակցել նրա մուտք գործելուն, որ պէտք է դրա առաջն առնել, որ հենց դրա համար է սօցիալիզմը. հարկաւոր է միայն ձեռք բերել ընդարձակ ռամկավարական կառավարութիւն, որը երկրի բոլոր հարստութիւնը կը դարձնի հասարակական, հաւաքական սեփականութիւն և այլն: Եւ երբ Արմենիայի էջերում պ. Սիւնին յանդգնեց ասելու, թէ անկարելի բան է, թէ մինչև իսկ ձգտումը «արգելել կապիտալիզմի մուտքը» հակասում է նշանաւոր սօցիալիստների տէօրիաներին, ահա թէ ինչ պատասխանեց Հնչակը իր օլիմպիական բարձրութիւնից պ. Սիւնիի հասցէին.

«Մեր կարծիքն այն է, որ եթէ Հայաստանն ամփոփվէ ռամկավարական-հանրապետական պայմաններում, նա իր տնտեսական սովորութիւններով ու առանձնայատկութիւններով կարող կը լինի խուսափել կապիտալիստական բուն կազմակերպութիւնից, միանգամայն օգտվելով դրա հարկաւոր ու առողջ պտուղներից: Մեր այս միտքը, ինչպէս ասացինք, Ա. Սիւնին կարծում է թէ հակասում է նշանաւոր սօցիալիստների թէօրիաներին: Տեսնենք, ուրեմն, թէ Կ. Մարքսն, սօցիալիզմի հայրը, ինչ է ասում իր «նամակում» հրատարակութիւն սօցիալիզմի երկրորդ հօր՝ Ֆրիդրիխ Էնգելսի: «Ես այն կարծիքն ունեմ,–ասում է Մարքսը–որ կարելի է իւրացնել կապիտալիստական կազմակերպութեան պտուղներն, առանց կրելու այն չարչարանքները, որ նրանից անբաժան են և զարգանալ սեփական, ինքնուրույն պատմական պայմանների համեմատ: Ռուսաստանը, որ այնքան ձգտում է դառնալ կապիտալիստական երկիր՝ Արեւմտեան Եւրոպային նմանելու, նա այդ քայլն անելով կկորցնէ ամենայարմար առիթներից մէկը, որ իրերի պատմական ընթացքը տուել է նրան խուսափելու համար կապիտալիստական կազմակերպութեան ամեն ձախորդութիւններից: Իսկ Արեւմտեան-Եւրոպական կապիտալիզմի ծագման ու ընթացքի իմ նկարագիրն (այսինքն՝ թէ Եւրոպայում կապիտալիզմը կկերպարանափոխվէ ապագայում սօցիալիզմի) դարձնել պատմական-փիլիսոփայական մի ամբողջ թէօրիա եւ ասել թէ ամեն ժողովուրդ անպատճառ պիտի այդպէս ընթանայ (կապիտալիստական շաւղով դէպի սօցիալիզմ),–ներողութիւն, թէօրիաիս այդպիսի բացատրութիւնն ինձ համար միանգամայն թէ շատ պատւաբեր է եւ թէ չափազանց ամօթալի:» Այսպէս, հետեւաբար ամեն երկրին պարտաւորեցուցիչ  չէ սօցիալիստական կազմակերպութեան հասնելու համար կապիտալիզմի շաւղով անցնել: Կան երկիրներ, որ ունենալով իրենց պատմական ինքնուրույն պայմանները եւ կամ ամփոփելով նրանց հասարակական նպատակայարմար կերպերում, «կարող կլինեն իւրացնել կապիտալիզմի առողջ պտուղներն, առանց կրելու նրա չարչարանքները», կարող կլինեն օգտվել նրա բարիքներով, առանց զգալու նրա չարիքները, «կարող կլինեն եւ առանց կապիտալիստական շաւղի հասնել սօցիալիստական կազմակերպութեան»: Այժմ պա՞րզ է ձեզ, ո՜վ գիտուն Սիւնի, որ նոյն իրեն Մարքսի եւ մեր ասածն իրար չեն հակասում: Ինչո՞ւ համար էք ձեր փայտէ գրչով Կ. Մարքսի մեծ անունը մրոտում:

Իսկ «այժմ պարզ է ձեզ, ո՜վ գիտուն» Հնչակի խմբագրութիւն, որ դուք ձեզ սարսափելի կերպով հակասում էք, որ դուք կրկնում էք նոյնը, ինչ որ Փորթուգալեանի «նոր ձեռք բերած դեռահաս արբանեակներից մէկը, ոմն Ա. Սիւնին» էր ասում. պարզ է՞ նոյնպէս, որ անուանելով ձեզ մարքսիստ, հակասում էք Կ. Մարքսի վերոյիշեալ խօսքերին: «Ինչո՞ւ համար էք ձեր փայտէ գրչով Կ. Մարքսի մեծ անունը մրոտում»:

Ռոստոմ
«Դրօշակ» - Մարտ 1894
Թիւ 7

Անցեալ համարում մենք ցոյց տուինք, թէ ի՜նչ արմատական հակասութիւնների մէջ է ընկել Հնչակը և ինչպէս է ինքն իրեն ապտակներ հասցնում:

Շարունակենք, սակայն, մեր ընդհատված քաղուածքը:

Հայութիւնը բաժանվում է երկու իրար թշնամի դասակարգերի՝ բուրժուա և պրօլետարիատ: Սակայն այդ երկու թշնամիներն ունեն և մի ընդհանուր թշնամի, դա միապետական կարգերն են: Հայկական հարցն այդպէս բարդ լինելով` բարդ է և հայ աշխատաւոր ընդհանրութեան ու դորա հետ միասին հայ սօցիալիստների դերը: Նոքա մի կողմից պէտք է ձգտեն տապալելու միապետական կարգերը բուրժուազիայի հետ ձեռք ձեռքի տուած. միւս կողմից միջոց պէտք է տան հայ աշխատաւոր տարրին պաշտպանելու իր շահերը բուրժուազիայի դէմ, որը միապետական կարգերի անկումից յետոյ աւելի մեծ ոյժ է ձեռք բերելու: Բայց ի՞նչպէս այդ կատարել: –Հարկաւոր է զէնք տալ ժողովրդի ձեռքը: Այդ զէնքը հետևալն է:–

«Բացատրել աշխատաւոր ընդհանրութեան իր պատմական դերը, իր սօցիալական, քաղաքական խնդիրներն ու շահերը,  զարգացնել նրա դասակարգային գիտակցութիւնը, լուսաբանել ու որոշել նրան իր քաղաքական իւրաքանչիւր պահանջը եւ այդպիսով դարձնել կողմնակից նրան իր շահերի համապատասխան յեղափոխութեան, պատրաստել նրա այդ անելիք յեղափոխութիւնը, եւ պրօպագանդայի ու ագիտացիայի հետ միաժամանակ համախմբել ու կազմակերպել նրա ոյժերը մէկ ընդհանուր կազմակերպութեան մէջ ընդհանուր յեղափոխութեան համար – ահա, հայ սօցիալիստի, հայ յեղափոխականի բռնելիք ընթացքն ու աշխատութիւնները»:

Այդ տեսակ զէնք տալու դէմ մենք ոչինչ չունենք ասելու. սակայն մի հանգամանք անորոշ է մնում այդ կտորի մէջ, պարզ չէ, թէ ում ձեռքը պէտք է տալ այդ զէնքը: Մեր աշխատաւոր ընդհանրութիւնը, որ ըստ Հնչակի անխուսափելի կերպով պէտք է պրօլետարիատ դառնայ, դեռ ևս չէ դառել, դեռ ևս սաղմային դրութեան մէջ է, ինչպէս խոստովանվում է և ինքը՝ Հնչակը. և մեր աշխատաւոր ընդհանրութիւնը արհեստաւոր դասի հետ միասին: Այնպէս որ, երբ Հնչակը խօսում է վերոյիշեալ կտորում «դասակարգային գիտակցութեան» մասին, որ պէտք է մտցնէ աշխատաւոր ընդհանրութեան մէջ հայ սօցիալիստը, նա պարզ չէ յայտնում, թէ ինչ դիրք պէտք է բռնի հայ սօցիալիստը, իբրև սօցիալիստ, դէպի ներկայումս գոյութիւն ունեցող աշխատաւոր ընդհանրութեան ամենաէական մասը, դէպի գիւղական դասակարգը: Պարզ չէ թէ այդ սօցիալիստական զէնքը դրա ձեռքն էլ պէտք է տալ, թէ միմիայն սաղմի ձեռքը:

Մեզ թւում է, որ ըստ Հնչակի սօցիալիզմն ոչ մի առնչութիւն չունի և չպէտք է ունենայ գիւղական դասակարգի անմիջական շահերի հետ. հայ սօցիալիստը, իբրև սօցիալիստ, գործ ունի միմիայն բանւորների հետ, հաւատացած լինելով, որ այսօր-էգուց հայ աշխատաւոր ընդհանրութիւնը դառնալու է վարձկան բանւոր:

Մեր այս կարծիքը կազմելուն տեղիք են տալիս Հնչակի թէ ընդհանուր դատողութիւնները և թէ մեր վերևում բերած կտորի անմիջական շարունակութիւնը, որտեղ նա պարզ ասում է, որ հայ ժողովրդի իսկական պաշտպանները կը կատարեն բուն սօցիալիստական գործ՝ բանւորներին կազմակերպելով: Պէտք է խոստովանվենք, որ այս կտորն էլ բաւականաչափ չէ պարզում հարցը, մեր դրած հարցին դրական պատասխան չի տալիս, որովհետև, գուցէ, բացի «բուն» սօցիալիզմից բանւորների համար՝ կայ մի այլ սօցիալիցմ, ոչ այնքան «բուն», գիւղական դասակարգի համար: Պարզ և դրական պատասխան մենք գտնում ենք «Մի շարք հարցեր» յօդուածում (Հնչակ, թիւ 16, Դեկ. 1891 թ.): Այդ յօդուածում որոշ կերպով ասված է, որ սօցիալիստական ձտումներն ուղղակի արդիւնք են բանւորական շահերի. որ պէտք է արդիւնաբերութեան կենտրոն կազմող վայրերում բանւորների մէջ տարածել և բացատրել սօցիալիստական ձգտումները:

Իսկ «գիւղացի ժողովո՞ւրդը»:

Բանից դուրս է գալիս, որ այդ «գիւղացի ժողովուրդը» «իր տնտեսական տարբեր պայմանների շնորհիւ ընդունակ չէ իւրացնելու սօցիալիզմի գաղափարները»:

Եւ այս տողեր գրողը նոյն Հնչակն է, որը մի ժամանակ ձգտում էր գիւղական համայնական դրութեան վրայ Հայաստանում հաստատել սօցիալիզմ: Իսկ այժմ նա ոչ միայն թողել է սօցիալիզմը հաստատելու այդ ճանապարհը, այլ մինչև իսկ անհնարին է համարում որ և է կերպով «գիւղացի ժողովրդին» ըմբռնել տալ սօցիալիզմի սկզբունքները:

Հնչակը ընթերցողները լա՜ւ գաղափար կը կազմեն նրա քարոզած «գիտական սօցիալիզմի» մասին:

Սակայն տեսնենք, ինչպէս է ցանկանում Հնչակը իրականացնել սօցիալիզմը բանւորների միջոցով: Առաջ բերենք այդ կտորն էլ.–

«Հայ սօցիալիստները..... կը կատարեն մի բուն սօցիալիստական գործ. հայ բանւորներից, այդպիսով, նրանք պատրաստում են, կազմակերպում են «ապագայի դիմադրական կուսակցութիւնը», որին ձեռք բերած ռամկավարական սահմանադրական պայմանները «կը ծառայեն իբրեւ գործիք» մղելու համար՝ միապետական կարգերի անկումից անմիջապէս յետոյ՝ իր դասակարգային կռիւը շահերով իրան հակառակ իշխող դասակարգերի դէմ եւ ձգելու այլ ևս իր անմիջական նպատակ դարձած սօցիալիստական կազմակերպութեան հաստատութեան»:

Այս ի՞նչ «ապագայի դիմադրական կուսակցութիւն» է: Հարկաւոր է քիչ կանգ առնել սրա վերայ, մի քիչ պարզել:

Բանւորական հարցն իբրև ինքնուրույն դասակարգային հարց, հասունացաւ միմիայն քառասնական թուականներում: Այդ ժամանակ Եւրոպական մի քանի երկրներ ազատ էին բոլորովին միապետական րէժիմից, մի քանի տեղ էլ այդ րէժիմը թէև գոյութիւն ունէր, սակայն թոյլ էր, ներգործական դեր չէր կարող խաղալ: Ուստի այդ երկրներում բանւոր դասակարգին մնում էր ուղղակի կռիւ մղել անմիջական բուրժուական կառավարութեան դէմ: Իսկ Գերմանիայում, ուր զօրեղ էին դեռ միապետական կարգերը, գերմանական սօցիալիստ-յեղափոխականները ձգտում էին կռվել այդ կարգերի դէմ՝ միացած բուրժուազիայի հետ, միևնոյն ժամանակ չմոռանալով, որ իրենք սօցիալիստներ են, որ պիտի շարունակեն իրենց գործը բանւորների մէջ, կազմակերպեն նրանց, ստեղծեն «ապագայ դիմադրական կուսակցութիւնը», որպէս զի յաղթութիւնը տանելուց յետոյ կարող լինեն իրենց դաշնակից բուրժուազիայի դէմ կանգնեցնել մի զօրութիւն, մի ոյժ և թոյլ չտան նրան ամբողջ արդիւնքը կլանելու և իրենց գլխին նստելու: Այդ ուղղութեամբ գերմանական սօցիալ-դէմոկրատներն ահագին քայլեր են արել առաջ, գերմանական բանւորները շատ քաղաքական արտօնութիւններ են ձեռք բերել: Այս մենք այսօր տեսնում ենք:

Նոյն ընթացքն առաջարկել են ռուս սօցիալ-դէմօկրատները ռուս յեղափոխականներին, նոյնն առաջարկում են մեզ մեր հայ «սօցիալ-դէմօկրատները»:

Դասեր չառնել պատմութիւնից, միւս ազգերի օրինակից՝ մահացու մեղք է ամեն մի յեղափոխական մարմնի համար. ուստի շատ գովելի է Հնչակի այդ ձգտումը: Բայց խրատ, դաս վերցնել կեանքից և ոչ թէ ընդօրինակել նոյնութեամբ այն, ինչ որ յայտնել են և յայտնում են այս կամ այն երկրի յեղափոխականները:

Երբ գերմանական սօցիալ-դէմօկրատը ձգտում է միաժամանակ թէ միապետական կարգերը ոչնչացնել և թէ «ապագայի դիմադրական կուսակցութիւն» կազմակերպել, կատարելապէս հասկանելի է բոլորի համար նրա անելիքը: Մասամբ հասկանալի է ռուս սօցիալ-դէմօկրատի ընթացքը, որովհետև թէ միապետական կարգերը, որոնց դէմ նրանք ուզում են կռւել, և թէ բանւորները, որոնց պէտք է կազմակերպել, գտնվում են մի և նոյն երկրում: Իսկ ի՞նչպէս են մեր երկրի պայմանները:

Հնչակը միշտ կրկնում է, թէ հայութիւնը բաժանվում է երկու դասակարգի՝ հայ պրօլետարիատի, հայ բուրժուա դասակարգի, որ հայ գիւղացին թողնում է հողը և գնում արդիւնաբերական քաղաքները և դառնում «վարձկան բանւոր» և այլն: Ի՞նչ նշանակութիւն ունեն այստեղ ամեն մի քայլափոխում կրկնվող հայութիւն, հայ բանւոր, հայ բուրժուա խօսքերը. ի՞նչ արժէք ունեն դրանք սօցիալիստի համար: Եթէ հայ գիւղացին թողնում է հողը, եթէ հայ դարբինը թողնում է իր մուրճը, նա չի մնում իր մայրենի երկրում, նա գաղթում է օտար երկրներ, գնում է Պօլիս, Ռուսաստան, Յունաստան, Ռումանիա, Ամերիկա, Աւստրալիա... և այնտեղ միայն, Հայաստանից դուրս, նա կարողանում է դառնալ «վարձկան բանւոր»: Վերադարձաւ իր երկիրը՝ նա դադարում է բանւոր լինելուց, նա նոյն հողագործն է, նոյն արհեստաւորը: Եւ եթէ նա կարող է «դիմադրական կուսակցութիւնը» կազմել, դա այն երկրներում կարող է անել, որտեղ ինքը բանւոր է: Իսկ թէ ինչպէս Ամերիկայի, Յունաստանի մինչև իսկ Պօլսի բանւորներից Հնչակը պէտք է «ապագայի դիմադրական կուսակցութիւնը» ստեղծի Հայաստանի համար, այդ միայն Աստուած գիտէ:

Կրկնում ենք, այստեղ ուշադրութեան պէտք է առնել ոչ թէ հայը, հայութիւնը, հայ բանւորը, հայ բուրժուան, այլ այն երկիրը, որի համար ձգտում կայ քաղաքական ազատութիւն ձեռք բերել. ուշադրութեան պէտք է առնել նոյն երկրի տնտեսական պայմանները, նրա մէջ գոյութիւն ունեցող բուրժուային, բանւորին, լինեն դոքա հայ, թուրք, նասրանի, այդ փոյթ չէ սօցիալիստի համար:

Ահա թէ ի՜նչպէս է հաշտեցրել Հնչակը սօցիալիստական գաղափարն ազգայնութեան գաղափարի հետ, և ի՜նչ խառնաշփոթութիւն է առաջացել դրանից:

Ինչի՞ն վերագրել այս բոլոր անորոշութիւնները, ի՞նչով բացատրել Հնչակի հայեացքների փոփոխութիւնը: Մի՞թէ Հայաստանի տնտեսական պայմաններն այդպէս զգալի կերպով փոխվեցան. գիւղական համայնքներն սկսեցին աւելի արագ քայքայվել, թէ կապիտալն ահագին քայլեր արաւ, կամ մի որ և է ուրիշ նշանաւոր փոփոխութիւն պատահեց մեր երկրի հետ, որի ազդեցութեան տակ Հնչակն էլ փոխեց իր հայեացքները: –Ո՛չ այս և ո՛չ այն. «տնտեսական մատերիալիզմը», «մարկսիզմը»,– որի ասելով գաղափարների փոփոխութեան պատճառները պէտք է որոնել երկրի տնտեսական պայմանների փոփոխութեան մէջ,–անզօր է գտնվում բացատրելու, պարզելու այս երևոյթը: Իսկապէս մի բան փոխվել է, և այդ փոփոխութիւնը կատարվել է ո՛չ թէ Հայաստանում տիրող արդիւնագործութեան ձեւերի մէջ, այլ ... արտասահմանեան ռուս յեղափոխական գրականութեան մէջ:

Քանի դեռ այդ գրականութեան մէջ տիրապետում էր «Նարօդնայա Վօլիա» կուսակցութեան հայեացքները, Հնչակը կրկնում էր նրա ասածը. նա «համոզված էր», որ կապիտալիզմը կարող է և մուտք չգործել Հայաստանում, որ կարելի է, մինչև իսկ պէտքէ արգելել նրա մուտքը, որ գիւղական համայնքները կարող են ծառայել իբրև հիմք ապագայ սօցիալիստական կազմակերպութեան: Բայց հետզհետէ այդ կուսակցութեան ձայնը թուլացաւ և ասպարէզը (գրական) մնաց սօցիալ-դէմօկրատական կուսակցութեանը: Հնչակն այն ժամանակ «համոզվեց», որ կապիտալիզմն անխուսափելի կերպով պէտք է մեր երկիրը մտնի, որ անկարելի է նրա առաջն առնել, որ գիւղական համայնքները պէտք է քայքայվեն, որ գիւղացին դառնում է վարձկան բանւոր, և այդ բանւորներից պէտք է կազմակերպել «դիմադրական կուսակցութիւնը» և այլն:

Եւ այդ «փոխառութիւնը» կատարվել է այնքան պարզ, բնական, անմեղ կերպով, որ Հնչակի խմբագրութիւնը չի զգացել իր կրած փոփոխութիւնը, կարծել և կարծում է, թէ ինքը միշտ միևնոյն ուղղութեանն է հետևել: «Հնչակի գոյութեան առաջին օրից մինչև այժմ մեր սկզբունքները միշտ եղել են սօցիալ-դէմօկրատական», պնդում էր նա վերջերումս (ՀՆչակ, թիւ 11 և 12, 1893): Այս տողերը կարդալիս մեզ մնում է միայն ուսերը վեր քաշել և զարմանալ Հնչակի անչափ միամտութեան վերայ:

Բաւական է, որքան խօսեցինք ուրիշների մասին: Միւս համարում մենք կանցնենք մեր ծրագրին, որ կազմված է 1892 թ. ամառը, «Դաշնակցութեան» ընդհանուր ժողովում, որից յետոյ «Դաշնակցութեան» հայեացքները հիմնաւորապէս որոշվեցին և կազմակերպական ձևերն արմատականապէս փոխվեցին:

Ռոստոմ
«Դրօշակ» - Մայիս 1894
Թիւ 8