08 September, 2020

Ժողովրդի Ինքնապաշպտանութիւնը եւ Դաշնակցութեան Խմբերը

Ընդհանուր կոտորածի լուրը նոր չէ: Դեռ մի տարի առաջ, երբ Հայկական հարցը բարձրացրել էր իր գլուխը եւ վրդովում էր իւրաքանչիւր րոպէ սուլթանի հարեմական անդորրութիւնը, երբ դիպլօմատիայ հետ ձեռք ձեռքի տւած երկար ժամանակ հարցը ձգձգելուց յետոյ անկարելի եղաւ խաբել հայ ժողովուրդը, երբ մասնակի խստութիւնները, բանտերը, աքսորավայրերը, կախաղանները... փոխանակ պակասեցնելու յեղափոխականների թիւը, փոխանակ ահ ու սարսափ տարածելու ժողովրդի վրայ, աւելի գրգռեցին, աւելի զարգացրին նրա յեղափոխական ոգին, այս բոլորից յետոյ՝ սուլթանին մնում էր միայն մի միջոց՝ ահաբեկել համայն հայ ժողովուրդ միանգամից մի ընդհանուր կոտորածով:

Միջոցը երկսայրի սուր էր, բայց քանի որ սուլթանը տեսնում էր, որ այդպէս ընթանալով անշուշտ կը զրկւի Տաճկահայաստանի նման արդիւնաւէտ երկրից, նրա տոկուն, աշխատասէր, չարքաշ ժողովրդից, ընտրեց երկու չարիքից փոքրագոյնը: Նա այդպիսով յոյս ունէր, եթէ ոչ վերջնականապէս օձիքը թափ տալ այդ չարաբաստիկ հարցից, ազատւել իրեն հալածող յեղափոխականների ուրւականներից, գոնէ ժամանակաւորպէս լռեցնել հայերի ձայնը եւ մի առ ժամանակ ձգձգել Օսմանեան պետութեան խղճալի գոյութիւնը: Մինչեւ այդ րոպէն գուցէ ինքն էլ մեռնի, իսկ իրենից յետոյ, ինչ լինելու է, թող լինի:

Իւր նպատակների համար ամենալաւ զէնք կարող էր ծառայել, տգէտ, մոլեռանդ, իր սեփական շահերը չհասկացող մահմեդական ազգաբնակութիւնը, որին կարելի էր զինել ապստամբ հայերի դէմ: Դեռ անցեալ տարի, նկատելիվ նրա նշանները, մենք զգուշացրինք մեր հասարակութեանը, փաստերով ցոյց տալով, որ հայ ժողովրդեան ընդհանուր կոտորած է սպառնում: Անհրաժեշտ համարելով մահմեդական ամբոխի աչքերը բանալ, մենք միաժամանակ հրաւէր կարդացինք հայ հասարակութեան, անդադար «զէ՜նք, զէ՜նք գոչելով»: Զէնք էինք պահանջում ոչ թէ միայն յեղափոխական գործն առաջ տանելու, այլ եւ ժողովրդի ինքնապաշտանութեան համար էլ: Հասարակութիւնը անզգայ, պօռոտախօս, անձնական նեղ շահերի սահմանից դուրս չեկող հասարակութիւնը հարկաւոր ուշադրութիւնը չդարձրեց մեր կոչի վրայ, սառն անտարբերութեամբ նայեց հայ ժողովրդի տագնապալից դրութիւնը եւ բաւականութիւն չտւեց նրա օրէ օր աճող զէնքի պահանջին:

Կոտորածը եղաւ, եւ ի՜նչ ենք տեսնում մենք այժմ: Ա՛յնտեղ, որտեղ Դաշնակցութիւնը զէնք էր բաժանել, որտեղ զինավարժ մարդիկ էր պատրաստել կամ հայդուկային խմբեր էր պահել, այնտեղ ժողովուրդը կամ բոլորվին անվնաս է մնացել, կամ թե համեմատաբար շատ քիչ է վնասւել: Յիշենք այստեղ մի քանի փաստեր Կարնոյ շրջակայ գիւղերից եւ գաաւառներից:

Ա. Հարուստ եւ բազմամարդ գիւղի բնակիչները իմանալով, որ շրջակայ գիւղերն աւերւում են լազերի, չերքէզների ձեռքով, գիշեր, ցերեկ պահապաններ նշանակելով՝ հսկում են, որպէս զի անակնկալ կերպով չբռնւին: Լազերը եւ չերքէզները մօտենում են ահագին բազմութեամբ, բայց գիւղից գնդակների մի այնպիսի կարկուտ են թափում անկոչ հիւրերի գլխին, որ նոքա վայրկենաբար փախուստ են տալիս: Փախչողները նորից վերադառնում են աւելի մեծ բազմութեամբ, յարձակումը կրկնւում է 5 անգամ եւ իւրաքանչիւր անգամ թշնամին մեծ ամօթով յետ է փախչում:

Բ. եւ Գ. գիւղացիք միանում են եւ հայդուկային խմբի օգնութեամբ յետ են մղում քրդերի յարձակումը:

Դ. գիւղը նոյնպէս առաջին օրը քաջար պաշտպանւում է: Երկրորդ օրը զօրք է մտնում գիւղը «պաշտպանութեան» համար: Զօրքի հետ մտնում են եւ քրդերը, որոնք զօրքի հեռանալուց անմիջապէս յետոյ սկսում են գիւղի կոտորածը եւ թալանը. սպանում են 6 մարդ:

Ե. գիւղը հերոսական կռիւ է մղում:

Քրդերը հարեւան գիւղը աւերելուց յետոյ մօտենում են այդ գիւղին: Այդ տեղ է լինում Դ-ն հայդուկային խմբի մի մասը: Կռիւը սկսւում է լուսաբացին: Քրդերը 2000-ից աւելի, յարձակւում են ամեն կողմից միաժամանակ, բայց զարմանքով ամեն կողմից էլ հանդիպում են գիւղացիների եւ խմբի արձակած գնտակներին: քրդերը նամուսի են գալիս որ մի հայ գիւղ յանդգնում է դիմադրել իրենց բազմութեան, կրկնում են յարձակումը, դարձեալ ապարդիւն: Ճարահատ քրդերն այն աստիճան նեղ տեղն են ընկնում, որ օգնութեան են հրաւիրում իրենց թշնամի ցեղերը, առաջարկելով նրանց միացեալ ուժերով այդ գիւղը քանդել եւ ապա դարձեալ շարունակել թշնամութիւնը: Գիւղացիք նկատելով այդ եւ լաւ հասկանալով, որ որքան շատ մնան պաշարւած դրութեան մէջ, այնքան վատ կը լինի իրենց դրութիւնը, վճռում են իրենք յարձակողական դիրք բռնել: Մի քանի կտրիչներ դուրս են գալիս գիւղից եւ քրդերի գնդակների տակ յաջողութեամբ հասնում են ջրաղացին, այն տեղ ամուր դիրք են բռնում եւ սկսում հրացանաձգութիւնը: Հենց առաջին անգամից 3 քիւրդ են գլորւում: Այս անակնկալ դէպքից շփոթւած՝ քրդերը թողնում են եւ փախչում:

Ի միջի այլոց քրդերը պատրաստւելով մի բլրի գլխին տեղ բռնել, նախօրէն ցանկանում են իմանալ հայերի հրացանների ոյժը եւ հրացանաձիգների ընդունակութիւնը: Այդ նպատակաւ բլրի գլուխը մի էշ են բարձրացնում, որն իսկոյն գլորւում է հայդուկների մէկի գնդակից: Ապշտած քրդերը չեն համարձակւում գլուխ հանել բլրի ետեւից:

Զ. գիւղը, 30 տնից բաղկացած, առաջին օրը շատ լաւ էին պաշտպանւում. Բայց յետոյ անկարող լինելով երկար դիմադրել թշնամուն, որը պէտք էր վերադառնար աւելի մեծ ուժով, անձնատուր է լինում մի քիւրդ ցեղապետի, որը խոստանում է նորան պաշտպանել միւս քրդերի յարձակումից:

Է. գիւղը: Երբ քրդերը յարձակւում են այդ գիւղի վրայ, այն ժամանակ այնտեղ լինում է մեր հայդուկային խումբերից մէկը, 15 հոգուց բաղկացած, Ս-ի առաջնորդութեամբ: Քրդերի երեւալուն պէս տղերքը դուրս են գալիս եւ պաշարում դիմադրութիւն չսպասող քրդերին, ստիպում են նրանց անձնատուր լինել, խլում են նրանց հրացանները եւ ճանապարհ գցում:

Ահա փաստեր, որ հաստատում են, թէ հայ ժողովուրդը զոհ է գնացել, որովհետեւ զուրկ է եղել ինքնապաշտպանութեան միջոցներից. ահա փաստեր որ հաստատում են, եթէ մեր ժողովուրդը իր ժամանակին զինւած լինէր, եթէ յեղափոխականները իրենց տրամադրութեան տակ ունենային պահանջի համեմատ միջոց, այդ սարսափները հաւանականաբար կամ տեղի չէին ունենալ կամ չնչին կը լինէր:

Արդեօ՜ք օգտւելու ենք այս դառն դասից: Կռիւը չէ վերջացած եւ չի էլ կարող վերաջանալ. մենք միշտ սպասելու ենք նոր նոր սարսափների եւ որպէսզի ժողովուրդը դարձեալ զոհ չգնայ, որպէսզի նա կարողանայ իրեն պաշտպանել, եւ, վերջապէս, կռւել վրէժխնդիր լինելու, կռւել ազատութիւն ձեռք բերելու համար, անհրաժեշտ է շուտափոյթ օգնութեան գալ. րոպէն ծանր է ու վտանգաւոր, պաշտպանւենք կռւելով:

«Դրօշակ» - 20 Փետրւար 1896
Թիւ 6