23 August, 2021

Պատմական Չարիք

Քրիստափոր Միքայէլեան

I

Մենք թոյլ էինք անցեալ յեղափոխական կռւի ընթացքում, մենք զօրեղ չենք եւ այժմ: Զանազան կարգի, զանազան բնազդների հայեր, ընդունելով միեւնոյն երեւոյթը իբր փաստ, տարբեր բացատրութիւններ են տալիս դրան:

«Ամբոխային տրամաբանութիւն» վերնագիրը կրող յօդւածների մէջ մենք արդէն խօսել ենք այդ բացատրութիւններից մի քանիսի մասին: Նոյն յօդւածներում, ցոյց ենք տւել նաեւ երկու տեսակի պատճառներ, որոնք կարող են որոշ չափով լուսաբանել մեր ներկայ թուլութիւնը:

Բայց այս երկու պայմաններից դուրս՝ կան եւ ուրիշ պատճառներ, որոնք նոյնպէս ինկատի պէտք է առնւեն ներկայ հարցը աւելի լաւ լուսաբանելու համար.

Դրանցից մէկը, որի վրայ այժմ մանաւանդ մենք մտադիր ենք կանգ առնել,– դա միջավայրի անհրաժեշտ խնդիրն է, որի շնորհիւ ամէն-մի հոսանք միշտ իր արտայայտութիւններում այլափոխւում, այս կամ այն ուժը, այս կամ այն գոյնն է ստանում: Համամարդկային ընդհանուր օրէնքները անկարող են դեռ բացատրել բոլոր այն երեւոյթները, որոնք տեղի ունեցան կամ դժբախտաբար տեղի չունեցան մեր շարժման մէջ: Այդ նպատակին հասնելու համար մենք պէտք է վերցնենք նաեւ հայկական այն ուրոյն մթնոլորտը, զուտ ազգային մեր այն նկարագիրը, որի պայմաններում պէտք է զարգանար մեր շարժումը:

Չկայ մարդկային պատմութեան մէջ շրջան, որ նախապատրաստւած չլինէր նախորդ շրջանում կամ շրջաններում: Լաւը կամ վատը յայտնի ժամանակում, մանաւանդ երբ դրանք արտայայտւում են աչքի ընկնող, խոշոր ծաւալներով, անշուշոտ ունեն նախորդ անցեալում իրենց որոշ արմատները, եւ որքան լաւը, դրականը պէտք է նկատւի անհրաժեշտ արդիւնք-վարձատրութիւն արժանաւոր անցեալի, նոյնքան էլ վատը, բացասականը պէտքէ համարւի բնական արդիւնք-պատիժ յանցաւոր անցեալի: Այդպէս, օրինակ, միապետական ռէժիմի սահմանափակում կամ կատարեալ կորածնում, ստրուկների ազատութիւն, ընտրողական սկզբունք, ընդհանուր ժողովրդական ձայնատւուոթիւն, գիտութիւնների ծաղկում եւ այլ բարեբեր քաղաքակրթական երեւոյթները պատրաստւել են երկար ժամանակների ընթացքում: Նոյնպէս եւ բացասականները. Հռոմէիական կայսրութիւնը վերջացաւ 475 թւին, բայց ամէնքին յայտնի է, որ նրա անկումը արդէն փաստ էր Թէօդօրօսի օրերից, իսկ այդ օրերը իրենց ծնունդ առին դեռ քրիստոնէուեան առաջին տարիներում՝ Կալիգուլաների եւ Ներօնների հետ: Բիւզանդիօնը ընկաւ 1453 թւին, Կօստանդին Պալէօլօդի օրով, բայց ով չգիտէ, որ այդ կայսրութիւնը արդէն իր կեանքի կէսից թեքւում էր շարունակ դէպի անկում: Ֆրանսիական միապետութիւնը խորտակւեց Լիւդօվիկօս XVI-ի օրով, բայց մենք գիտենք, որ Լիւդօվիկօսը անձամբ ոչ մի մեղք չունէր նախկին ռէժիմի վատութեան մէջ եւ նոյնիսկ, իբր անձնաւորութիւն, ինչպէս եւ Կօստանդին Պալէօլօգը, վատ մարդ չէր:

Չունե՞նք եւ մենք մեր անցեալում այնպիսի գործօններ, որոնք կարող էին մեծ նշանակութիւն ունենալ այսօրւայ մեր թուլութեան, այսօրւայ մեր դռբախտութեան փաստում:

  «Հայ հեղինակի պարտականութիւնն է – ասում էր Ստեփաննոս Նազարեանցը 1860 թւին – այսօր ցուցանել անաչառաչէս, թէ հայոց ներկայ, աժմեան դրութիւնը չէ մի պատահական բան, մի անիրաւ ընթացք բաղդի կողմից դէպի Հայկի որդիքը, այլ մի հարկաւոր հետեւանք նոցա թոյլ եւ աննշան պատմական կեանքի, նոցա անքաղաքագէտ կառավարութեան.., նոցա կործանիչ անմիաբանութեան.., անմիտ, մասնաւոր անձնասիրութեան այնպիսի միջոցներում, երբ հայրենիքը պահպանելու համար պիտոյ է լռէին եւ պապանձէին առանձնական ախտերը, եւ հայրենիքի պահպանութիւնը պիտոյ է լինէր միակ օրէնստու առաջնորդը եւ միակ նպատակը իւրաքանչիւր մասնաւորի առանձնապէս եւ ամէնեցուն ընդհանրապէս: Ուր հարկաւոր է եղել միաբանութեամբ գործ դնելու թշնամու դէմ քաղաքական առաքինութիւններ, հայերը՝ անձնական շահը վերադասելով ընդհանուրից, կործանւել են ինքեանք իւրեանց մէջ... Եթէ կան ազգի հոգու մէջ միքանի կայծեր կենդանութեան, թող ազգի բարեմիտքը, ձեռք ու սիրտ տւած միմեանց, զարթեցնեն ու բորբոքեն դրանց (կայծերը). ապա թէ ոչ, անտարակույս է, որ շատակեր Կռնոսը կուտէ եւ կը մաշէ մեզ իբրեւ անպիտանացած որդիգ ժամանակի»:

Եւ սկսեցին «ազգի բարեմիտքը զարթեցնել եւ բորբոքել ազգի հոգու մէջ եղած կենդանութեան կայծերը»: Այդ «բարեմիտներն» էին՝ ինքը Նազարեանց, Միքայէլ Նալբանդեանց, Գամառ-Քաթիպա, Րաֆֆի, Արծրունի – մեր վերջին երկու սերունդի ամենախոշոր աստերը: Սակայն: ինչպէս հրեղէն խօսքերի այդ տիտանները իրենց գործունէութեան շրջանում երբէք չմոռացան այն միջավայրը, որի հետ գործ ունէին, նոյնպէս եւ նրանց հարազատ յաջորդ՝ հրեղէն գործերի հեղինակ յեղափոխական երիտասարդութիւնը՝ չպէտք է անտես առնէ այն որոշ պակասութիւնները, որոնց կնիքը կրում է մեր տխուր անցեալը:

1862 թւին՝ նոյն Նազարեանցը գրում էր.

  «Մեր հայերը ասիական բռնակալութեան տակ – ինչպէս նոյն պայմանների մէջ սովոր է պատահել նոյն բանը ամենայն ազգերի – ուսել են միմիայն խորամանկութիւն եւ խարդախութիւն... երբէք մտաբերել չեն դոքա թէ միաբանութեամբ կարողացած կը լինէին իւրեանց հասարակաց թշւառութիւնը թեթեւացնել: Այսպէս յառաջացել է մեր մէջ այն առանձնութեան հոգին, այն անտէր բարքը, այն կոպիտ անձնապաշտութիւնը, որ չէ թողում հայերի մէջ գոյանալու մի ընկերական բան, մի հասարակօգուտ ձեռնարկութիւն»:

«Լեւօնի Վշտի» հեղինակ Սմբատ Շահազիզեանը՝ բերելով Նազարեանցի այս խօսքերը իր «Հրապարակախօս Ձայնի» մէջ (երես 218), աւելացնում է՝ իր կողմից.

  «Եթէ մինին զարկում են, միւսը փոխանակ օգնական լինելու իւր ընկերին, փախչում է»... Երեւի, մեր ազգը, երկար տարուրերւելով ասիական լծի տակ, կորցրել է եւ իր գեղեցիկ յատկութիւններից շատերը. հայոց ազգի որդիքը, սկզբում հանդիսացած հերոսական քաջութեամբ եւ հայրենասիրական օրինակներով, այնքան նեղութիւն են քաշել օտարից, որ այժմ այլեւս չեն կարող արծարծել իրենց սրտում առաջի աշխոյժը ու արիականութիւնը: Այդ անբնական դրութիւնը, որի մէջ գտնւում է հայը, յառաջ է բերել նրա համար եւ շատ չարայաջող հանգամանքներ, որպիսի են, մտերմաբար ծառայել օտարին, օտարի առաջ երկչոտ նապաստակ դառնալ, իսկ իւր խեղճ եղբօր համար հայակերպ գազան. օտարինը պաշտպանել եւ իւրը կործանել: Եթէ այդ տեսակ դատողութիւնը միայն իմ գրչի պտուշը լինէր, ես վերջիվերջոյ կը փոշմանէի եւ կը ճղէի գրած տողերս. Բայց տարաբախտաբար բոլոր ազգագէտ հեղինակները նոյն բանն են վկայում եւ սարսափելի ֆակտերով իրենց առածը հասատտում»:

Րաֆֆին – իհարկէ անկախ Նազարեանցի շեշտած «կայծերից» – նոյնիսկ «Կայծեր» էլ անւանեց իր հռչակաւր գրւածքներից մէկը, բայց ահա ինչ ենք կարդում այդ վէպը 323-325 երեսներում.

  «Տխուր է մեր անցեալը, եւ մեր ներկայ կեանքը անցեալի շարունակութիւնն է: Ես շատ տեղեր եմ ման եկել, շատ երկիրներ եմ տեսել, բայց ոչ մի ազգ չեմ տեսել, որ հայի նման լինէր.... Որտեղ երկու տուն հայեր կան, նրանց մէջ չորս կուսակցութիւնը կայ: Անմիաբանութիւնը վաղեմի ժամանակներից մեր ազգի կեանքի մէջ այն ուտող, մաշող ցեցն է եղել, որ ժառանգաբար անցել է մեզ, եւ որ սպառել է ազգային մարմինը: Մեր պատմութեան մէջ կարող էք տեսնել հազարաւոր օրինակներ, մանաւանդ այն դարերում, երբ պարսիկները, յոյները, արաբացիները, սելջուկները եւ մօնգլական զանազան ցեղեր կրակով եւ արիւնով ոչնչացնում էին Հայաստանը... Թուրքերի մէջ արդէն առած է դարձել ասել՝ «գեավուրների գլուխները չեն միանայ», որ կը նշանակէ, թէ հայերի մեջ միաբանութիւն չէ կարող կազմւել: Ցաւալի է մի այսպիսի կարծիքը, եւ աւելի ցաւալի է, որ նա ուղիղ է... Հայը ոխերիմ է, մատնիչ է, վրէժխնդիր է այն անարգանքի դէմ, որ նա կրում է մի այլ հայից: Բայց եթէ նոյն անարգանքը նա ստանում է տաճիկից, քուրդից, մի խօսքով՝ օտարից, նա ամենայն խոնարհութեամբ համբերում է»:

Գամառ-Քաթիպայի – այդ հայկական Ադամանտո Կորաիսի – խոշոր ամբաստանութիւնները հայերի հասարակական ախտերի մասին ոչ միայն ծանօթ են բոլորին, այլեւ յաճախ մեր «ազգասիրութեան» րոպէներին երգւում են առանց խղճահարութեան:

Գրիգոր Արծրունու հայեացքները հայի ցեղական յատկութիւնների վրայ նոյնպէս յայտնի են ամէնքին: Մենք բերենք այդ հայեացքների մի ամենամեղմ նմուշը, որ կարդում ենք նրա «Տաճկահայերի տնտեսական դրութիւնը» գրքոյկի մէջ:

  «Հայը ունի եւ խոշոր պակասութիւններ իր մեծ արժանաւորութիւնների հետ միասին – անմիաբանութիւն, անհաշտ ոգի, ոխ, նախանձ. բայց դրանք բոլորն էլ դարեւոր ստրկութեան հետեւանք են մահմետական տիրապետութեան տակ: Ազատութիւնը չէ կարելի սովորել ստրկութեան մէջ. միայն ազատութիւն է վարժեցնում ազատութեան»:

«Հայերի առաքինութիւնները խաղաղ ժամանակի առաքինութիւններ են, իսկ ախտերը հետեւանք՝ այն ճնշման, որին նրանք ենթակայ են», – ասել է Բայրօնը, կարծես ուզենալով շեշտել, որ հայերը զուրկ են անխաղաղ օրերում պահանջւող առաքինութիւններից:

Այս վերջին միտքը աւելի որոշ կերպով արտայայտւած ենք գտնում երկու գրքույկներում, որոնք պատկանում են մէկը՝ հրէատեաց եւ իսլամատեաց մի ֆրանսիացու, Կիմօն անունով, իսկ միւսը ֆրանսիական մի սպայի՝ կոմս Շօլէ անունով:

Կիմօնը իր La pathologie de l’Islam գրքի 205 երեսում ասում է.

   «Այսօր երկար շրջանի այն ճշնումներից յետոյ, որոնց ենթակայ են եղել հայերը, այն ծանր ստրկական տանջանքներից յետոյ, որոնց նրանք բռնադատւած են եղել,– հայեր հին յատկութիւններից միքանիսը կոչրել, ոչնչացել, անհետացել են: Օրինակ, նրանց համար օտար են՝ ռազմական զգացում, պատերազմական հակումներ, մարտական ոգի, զինավարժութեան սովորութիւն, յարձակման բնազդ, յաղթութեան բերկրանք: Նրանք կորցրել են – ինչ որ շատ վտանգաւոր է – նոյնիսկ ինքնապաշտպանութեան զգացմունքը»:

Շօթէն Armenie. Kurdistan et Mesopotamie իր ճանապարհորդական նկատոշութիւններում յաճախ վիրաւորիչ լեզւով է խօսում հայերի մասին, եւ մենք կը բաւականանաք մի քաղւածքով միայն (եր. 86):

Յիշելով, որ նեստօրականները, սիւրիացիք եւ Լիբանանի մարօնիտները՝ աւելի սակաւաթիւ լինելով, կէս-անկախութիւն են ձեռք բերել, Շօլէն շարունակում է .

  «Հայերը աւելի բազմաթիւ են, աւելի հարուստ, աւելի նեցուկներ ունին, բայց չեն հասել... ոչ մի բանի: Նրանց պակասում է պատերազմական ոգին, ապստամբական զգացմունքը, որ կարող էին պահպանել նրանց»:

Հայ յեղափոխական շարժումը իր գիտակցական զոհերով, իր հերոսական կռիւներով, իր նահատակներով – իհարկէ մաքրեց հայի ճակատից մի խոշոր մասը այն սարսափելի անարգանքի, որ դրօշմել էր նրա վրայ բարոյապէս մաշող, քայքայող, անողորմ պատմական անցեալը: Այդ ճիշտ է, եւ դրա մասին այլեւս խօսք չէ կարող լինել: Բայց արդարադատ լինելու համար չմոռանանք նաեւ, որ վերոյիշեալ հեղինակները, շեշտելով հայի ցեղական կորստաբեր պակասութիւնները – նրա կուլտուրական հատկումները, նրա մտաւոր ընդունակութիւնները եւ տոկունութիւնը, որոնց շնորհիւ՝ դարերի ընթացքում մի բռնակալից միւսի ճանկը ընկնելով, տանելով իր վրայ յոյների եւ պարսիկների փոխաարձ կռիւների ամբողջ ծանրութիւնը, յօշոտւելով հռոմայեցիներից, արաբներից, թաթարներից եւ տաճիկներից,– հայ ժողովուրդը այնուամենայնիւ կարողացել է պահպանել իր ազգային ինքնուրոյնութիւնը: Ինչ վերաբերում է յատկապէս հայ հեղինակներին՝ չէ՞ որ թէկուզ միայն հէնց իրենց՝ այդ հեղինակների՝ գոյութիւնը, նրանց մաքուր գործունէութիւնը, նրանց բարոյական բարձր գիտակցութիւնը, նրանց հրաբխային հոգիները – արդէն մի-մի խոշոր ապացոյցներ էին, որ հայութիւնը դեռ եւս բոլորովին ընկած չէ: Չէ՞ որ եթէ նրանք արժանի չհամարէին հայ ժողովուրդը մի աւելի լաւ դրութեան, եթէ չպաշտէին այդ ազգը իրենց սրտի խորհում եւ, որ գլխաւորն է, չհաւատային հայութեան լաւագոյն ապագային, նրանք չէին էլ այրւի-տանջւի նրա ցաւերով, չէին էլ տալ իրենց ամբողջ հոգին այդ ժողովրդի վերածնման գործին, չէին էլ ամենայն ժամ հրաւիրի՝ «թող այսօր – ինչպէս ասում էր Նազարեանցը – մեր ազնիւ եղբայրքը, իւրեանց անձնական ախտերը վեհանձնութեամբ զոհ բերելով հայրենիքի սուրբ սեղանի վրայ, դառնին մի կամք, մի հոգի, մի սիրտ հայկական աւերակ տունը շինելու համար»:

Նոյն գրութեան մէջ պէտք է զգան իրենց ներկայումս եւ հայ յեղափոխականները, որոնց գործը այսօր դժւարացնում է սաստակապէս ոչ միայն ահարկու թշնամին, որի օրերը սակայն հաշւած են, ոչ նոյնիսկ քաղաքական դաւաճան հանգամանքները, որոնք տեւական չեն կարող լինել,– այլ պակասութիւնը, թուլութիւնը այն ազգային ճիգերի, որոնք հարկաւոր են «հայկական աւերակ տունը շինելու համար»: Չմոռանանք, որ այն օրից, երբ «Հիւսիսափայլը» հնչեցնում էր հայերի ականջին միութեան իր կոչը, շատ ժամանակ անցաւ եւ թէեւ հայութեան հաւաքական գիտակցութիւնը առաջադիմեց ու ծաւալւեց, բայց դրա համեմատ՝ անողոք պայմանների շնորհիւ՝ շատացան, խստացան նաեւ մեր օրերի պահանջները....

Եւ երբ սառնարիւնութեամբ դիտում էք դուք՝ թէ ինչ է ներկայացնում ընդհանուր առմամբ հայկական կեանքը մի այնպիսի կրիտակական րոպէում, ուր մեզ կոտորում են չտեսնւած ու չլսւած չափերով. երբ տեսնում էք, քանի-քանի՜ գործեր – նոյնիսկ անպայման ապահով իրենց անմիջական արդիւնքների տեսակէտից – չեն ձեռնարկւել եւ չեն ձեռնարկւում այսպիսի մի ճգնաժամում միմիայն միջոցների կամ մարդկանց պակասութեան պատճառով. երբ միաժամանակ նկատում էք, թէ որքան վնասակար, այլանդակ, քայքայիչ երեույթներ են տեղի ունեցել եւ ունենում են շուրջներդ. երբ վերջապէս պատկերացնում էք ձեր աչքի առաջ այն պարզ ճանապարհները, որոնց վրայ մի քանի իրար յարակից բուռն ջանքեր գուցէ բաւական լինէին մեր ապագան յաւիտեան ապահովելու համար,– այն ժամանակ կամայ-ակամայ անդրադառնում էք անիծեալ մեր անցեալին, որի պատւաստած սեւ արիւնը անկասկած դեռ ամբողջովին չէ կորցրել իր աւերիչ ուժը մեր երակներում...

«Դրօշակ» - Օգոստոս 1900
Թիւ 6 (107)

II

Առաջ բերելով հայկական միջավայրի, ազգային մեր առանցնայատկութիւնների խնդիրը, մենք չենք դնում մի մետաֆիզիքական հարց: Եթէ հիմնովին մերժենք անգամ ցեղական ուրոյն, հիմնական տարբերութիւնների մասին գոյութիւն ունեցող յայտնի թէօրիաները (Մօնտեսկիօ, Գիզօ, Տէն, Ռէնան եւլն.), յամենայն դէպս պէտք է ընդունել առնւազը, որ կայ առանձնայատկութիւնների մի որոշ զանգւած, որ այս կամ այն ազգութիւնը ստանում է երկար ժամանակ միեւնոյն պայմանների ազդեցութեան ենթարկւելով եւ այդ առանձնայատկութիւնները – ժառանգական օրէնքի համեմատ – սերունդից սերունդ փոխադրելով: Երկրի աշխարհագրութիւն, կլիմա, միջազգային դրութիւն, կառավարութեան ձեւ, օրէնքներ, պատմական անցեալ իր դժբախտութիւններով, յիշողութիւններով եւ փորձերով, գրականութիւն, լեզու, կրօն եւլն,– ահա այն պայմանները, որ կարող են կրթել մի ժողովրդի մէջ այս կամ այն հակումները, որոնք իրենց տեսակով կամ չափով չեն կրկնւում ուրիշ ժողովուրդների մէջ:

Ահա ինչպէս է «յառաջացել մեր մէջ այն առանձութեան հոգին, այն անսէր բարքը, այն կոպիտ անձնապաշտութիւնը, որ չէ թողնում հայերի մէջ գոյանալու մի ընկերական գործ, մի հասարակօգուտ հիմնարկութիւն»: Ահա ինչպէս են զարգացել մեր մէջ այն բնազդները, որոնց համեմատ՝ «ուր հարկաւոր է եղել միաբանութեամբ գործ դնելու թշնամու դէմ քաղաքական առաքինութիւններ, հայերը՝ անձնական շահը գերադասելով ընդհանուրից, կործանւել են իրենք իրենց մէջ»:

Թողնենք մօտիկ անցեալը: Թողնենք այն զարմանալի տեսարանները, երբ Բերլինի դաշնագրից յետոյ՝ հայ ինտէլիգէնցիան, ընդհանրապէս վերցրած, առանց տեղիցը շարժեւլու, առանց մատը մատին խփելու՝ Եւրօպայից բացարձակապէս պահանջում էր «հայկական անկախութիւն» (տես 1878-79 թւերի պարբերական հրատարակութիւնները) – ոչ աւել, ոչ պակաս, իսկ հայ բուրժուազիան, հաւատարիմ իր մշտական սկզբունքներին, մօդայի հարցի չափ անգամ կարեւորութիւն չէր տալիս այնպիսի մի հսկայական խնդրի ինչպէս էր հայկական դատը: Դիմենք վերջին տասնամեակին միայն երբ հայ-թրքական յարաբերութիւնները արդէն ստացան ամենասուր կերպարանք, կեանքի եւ մահու խնդիր ստեղծեցին մեզ համար եւ առաջ բերին մի տագնապալից, մի բացաժիկ, մի անօրինակ ծանրագույն վիճակ: Ի՞նչ կարող է աւելի պարզ լինել քան այն, որ բացառիկ դրութիւնը պահանջում էր նաեւ բացառիկ եռանդ, բացառիկ գործունէութիւն բացառիկ ճիգեր: Բայց ո՞վ հետեւեց այդ պահանջին՝ բացի ինտէլիգէնտ կամ զուտ ժողովրդական երիտասարդութեան համեմատաբար մի աննշան փոքրամասնութիւնից:

Ահա մի քանի գծեր:

Հազարաւոր անհատներ կարելի է գտնել հայերիս մէջ, որոնցից իւրաքանչիւրը կարող էր ամբողջ նահանգներ զինել Տաճկահայաստանի մէջ: Դուրս եկա՞ւ գոնէ մէկը: 1895 թւին, պատմում է Մակկօլը «(Սուլթան եւ Պետութիւններ») հայկական կոտորածների տպաւորութեան տակ:

  «Մի անգլիացի, իր քաղաքական համոզմունքներով պահպանողական, յայտարարեց, որ եթէ մեծ պետութիւնները, իրենց մեծազօր սկզբունքներով, արիութիւն չունեն սուլթանի ոճրագործ կատաղութիւնը սանձահարելու, ուրեմն Հայաստանում դիւանագիտութիւնը առնւազը կարող է փոխարինւել ինքնայօժար ջանքերով, ինչպէս այդ եղաւ յունական անկախութեան կռւի ժամանակ, եւ իր կողմից նա առաջարկեց 5000 ֆ.տ. (25,000 ֆրանկ), որ զէնք գնւի անօգնական քրիստոնեաներին բաժանելու համար Տաճկաստանի այն տեղերում, որոնք մտաչելի են ծովի կողմից»:

Իսկ մե՞նք, հայե՞րս... Բաւական է յիշել, որ ամենախոշոր գումարը, որ ամբողջ հայութեան մէջ մի հատիկ մարդ նւիրել է զէնքի գործին, այդ եղել է ընդամէնը 25,000 ֆրանկի չափ մի ծախս... Բայց միաժամանակ քանի-քանի՜ գաւառներ կորան, հլւեցին միմիայն եւ միմիայն տարիների ընթացքում եւ ամենաբարեյաջող հանգամանքներում զէ՜նք, զէ՜նք ու զէ՜նք սպասելու եւ վերջիվերջոյ չստանալու պատճաժով...

Հազարաւոր նիւթաչէս ապահով հայեր Հնդկաստան, Անգլիա, Ամերիկայ, Աֆրիկայ, ջահանամ են գնում՝ ով գիտէ ին դժոխային միջոցներով՝ իրենց ունեցածը աւելացնելու համար, բայց եւ ոչ մէկը չգտնւեց, որ այսպիսի մի անսովոր պատմական դժբախտութեան օրերում տեղիցը շարժւէր հասարակօգուտ ոեւէ ձեռնարկի համար: Եւ այս ոչ միայն հին սերունդի ներկայացուցիչների մէջ, այլեւ երիտասարդ դրամատէրերի շրջանում, որոնք ունեն եւ ուսում, եւ զարգացում ու երբ սկսում են խօսել հասարակական գործունէութեան եւ ժողովրդի շահերին ծառայելու անհրաժեշտութեան վրայ, Գլադստօններ ու Լասսալներ պէտք է գերեզմաններից կանչւեն նրանց հետ մրցելու համար...

Քաղաքակիրթ աշխարհում էլ ժողովուրդ չմնաց, որ այս կամ այն չափով արձագանք չտար հայկական թշւառ վիճակին: 1894 թւականից սկսած՝ անգլիացիք, ֆրանսիացիք, հօլանդացիք, ամերիկացիք, զւիցերիացիք, նոյնիսկ գերմանացիք հայերին օգնութեան ձեռք մեկնեցին – երկրին մէջ հայ ժողովրդին դրամ, հաց եւ երկրագործական անասուններ բաժանելու կամ որբացած մանուկներին խնամելու եւ կրթուիւն տալու համար: Իսկ ի՞նչ արին իրենք հայերը: Մենք ունենք հազարաւոր հայեր, որոնցից իւրաքանչիւրը կարող էր նոյնքան մարդ կերակրել, նոյնքան որբանոցներ հիմնել, որքան այդ՝ արւեց մի քանի ազգերից ժողովւած դրամներով. բայց դո՞ւրս եկաւ այդպիսի մէկը: Յայտնի է, որ միակ մի Ջանշեան, ծագումով միայն հայ, իսկ կրթութեամբ կէս վրացի, կէս ռուս, իր անձնական աշխատանքով աւելին արեց հայ մանուկների համար, քան մեր «ազգասէր» հարուստները:

Ո՞վ չէ յիշում 1890-91 թւականների աղմուկը հայ ինտէլիգէնցիայի մէջ՝ Տաճկաստանում թէ Տաճկաստանից դւորս, կանանց թէ տղամարդկանց, երիտասարդների թէ հասակաւորների մէջ: Իսկ ո՞ւր են դրանք 1891-92-ից սկսած: Արժան գնով ազատութիւն ձեռք բերելու յօյսերով հարբած՝ դրանց մօտեցան յեղափոխական գործին, կարծես վախենալով, որ էգուց-միւս օրը յանկարծ առանց իրենց անմեղ աղմուկին էլ Հայաստանը անկախ երկիր կը հռչակւի եւ յետոյ այդ հանդիսաւոր օրը իրենք կը մնան առանց դափնիների: Բայց հէնց որ իրականութիւնը պարզեց, որ գործը անորոշ ժամանակով՝ բացի զոհողութիւններից, ոչ մի տեսակ դափնիներ չէ կարող խոստանալ ոչ ոքի, դրանք չքացան, ինչպէս քամու մի շնչով ստեղծւած ալիք: Դիցուք թէ հասարակ կամ ինտէլիգէնտ ամբոխի մէջ դա ընդհանրապէս հասկանալի մի երեույթ է: Բայց ո՞ւր մնացին նաեւ երբեմն յեղափոխական կետրօններում բազմելու համար գլուխ պատառող մեր պարոնները. ո՞ւր են երբեմն գլխաւոր վարիչ անդամների մեծագոյն մասը. ո՞ւր են գիշեր-ցերեկ դրանց շուրջը պտտող «համոզւած» յեղափոխականները. ո՞ւր են յեղափոխական ամբողջ շարժման տօն տալու հաւականութիւնը տածող կամ իրենցից հարիւր անգամ աւելի զոհողութեան ընդունակ տարրերի գլխին «անձնանւիրութեան» եւ «նոր արշալոյսների» մասին ճառող կարմիր դրօշակակիրները: Հաւատարիմ իրենց «խելօք» հայրերին, նրանք իրենց համար այժմ նոյնպէս աւելի ձեռնտու պայմանների եւ հասարակական դիրքի են ձգտում, ինչպէս ձեռնտու կերպով այն ժամանակ կարող էին յեղափոխութիւնով զբաղւել...

Նոյն 1890-91 թւականներին էր, որ ռուսահայ եւ տաճկահայ ինտէլիգէնցիան իրար հետ մրցում էին հայ ժողովրդի ազատագրութեանը նւիրւելու փառաւոր խոստումներում: Իսկ յե՞տոյ... Յետոյ տաճկահայ ինտէլիգէնտի իդէալը դառաւ ամբողջ երկրագունդը՝ մինչեւ դօլլարների հայրենիք Ամերիկան, իսկ ռուսահայինը – Բագու, ուր մարդիկ երբէք դէպի վերը, դէպի բարձրը, դէպի իրենցից հեռուն չեն նայում, այլ միշտ դէպի ներքեւ, դէպի երկրի տակը, դէպի դժոխային այն խաւարը, ուր 150-200 սաժէնի խորութեան անդունդներում թագնւում է թաւթաջրի կախարդիչ փայլը... Ընդհանուր դրութիւնը ծանր է Տաճկաստանում կոտորում են, Ռուսաստանում հալածում,– եւ ահա հայ ինտէլիգէնտը, հաւատարիմ իր մօտ կաթի հետ ծծած ստրկական բնազդներին, զգում է իրեն ինչպէս մի ժանտախտի օրերում. «ազատւիր, ով կարող է». «փախիր՝ ով ոտքեր ունի», – եւ փախչում են՝ ոտի տակ տալով բոլոր այն տարրական պարտաւորութիւնները, որ ծանրանում են նրանց վրայ այսպիսի մի դժւար պատմական րոպէում:

Ամբողջ իննսնական թւականներում հայ ուսանողների թիւը, մանաւանդ Եւրօպայում, աճում է: Նահատակւած յեղափոխականների ընկերները անգամ՝ դարնց անունով վրէժ չեն կոչում, այլ այդ նահատակների հետ իրենց ունեցած մօտիկութիւները պատւանդան են շինում նրանց յիշատակը յարգողների առաջ, որպէսզի իրենց համար թօշակ գտնեն եւ Եւրօպա գան՝ այստեղ «գեղեցիկ եւ բարւոյ» իրենց ճաշակները նրբացնելու համար.... Ուսման դէմ իհարկէ մենք ոչինչ չունենք: Բայց երբ մենք յիշում ենք, որ գիտութեան եւ արւեստին, որ հասարակական բարոյականութեան եւ գրականութեան ոչ մի ազգ այնքան հանճարներ չէ տւել, որքան հրէական ազգը, որը սակայն՝ ամէնքից արհամարւած՝ այսօր ծեծւում է արտաքսւում է աշխարհից բոլոր անկիւններում. երբ ինկատի ենք առնում, թէ ինչ սիրով են մեր վաշխառու հայերը, որոնք երէկ իրենց որդոց բազազխանա էին ուղարկում, այսօր ամէն զոհողութիւններով ուսման տալիս դրանց. երբ մի փոքր էլ մօտիկից նայելով այդ ուսանողներին՝ տեսնում ենք, թէ որքան մեծ տոկոսը դրանցից զանազան կարգի բճիճներից, թթւատներից եւլն միայն դիպլօմների զրահներ են որսում իրենցից աւելի փափուկ ապրողների հետ յաջող մրցելու համար,– այն ժամանակ ակամայ սկսում ենք կասկածել՝ թէ արդեօք ներկայ ճգնաժամում այդ ամէնը համապատասխանում է մեր ժողովրդական պահանջներին...

Եւրօպայում այնպիսի յայտնի անձնաւորութիւններ, ինչպէս Ռիչիօտտի Գարիբալդի, Ամիլկար, Չիպրիանի, Ֆրանսիս Դը Պրէսանսէ, Ժերօ-Ռիշար, Ժօրժ Ֆավօն եւ Ուրբէն Գօյիէ, ինչպէս յայտնի է ընթերցողներին, «Դրօշակի» խմբագրութեան դիմումներին պատասխանեցին հրապարակաւ, հէնց «Դրօշակի» մէջ, արտայայտելով իրենց բոլոր համակրութիւնը դէպի մեր կռիւը եւ տալով իրենց անունները մեր ձեռքը նրանց համար անյայտ անձնաւորութիւնների ձեռքը,– իսկ հարիւրաւոր հայ պատանիներ, որոնց բերանին դեռ չէ ցամաքել մօր կաթը, այնքան խելօք, այնքան շրջահայեաց, այնքան բարձր են այդ բոլոր անձնաւորութիւններից, որ իրենց համար, նոյնիսկ նեղ շրջաններում, անպատւաբեր են համարում յեղափոխութեան կամ ոեւէ յեղափոխական կազմակերպութեան համակիր անւանել եւ անել այն բոլորը, ինչ կարող են:

Իսկ ժողովո՞ւրդը: Կոմս Շօլլէն անունով ֆրանսիացի զինւորական Հայաստանում գործած իր մի ճանապարհորդութիւնից յետոյ՝ 1892 թ. Գրում էր.

  «... Եւ երբոր հայկական գիւղերում, ուր թագաւորում էր ամենասեւ թշւառութիւն, մենք հարցնում էինք հայերին՝ թէ ինչ են նրանք մտածում անել, նրանք՝ փոխանակ մռնչալով իրենց զէնքերի վրայ ցոյց տալու, փոխանակ մտածելու, որ կարելի է նրանք կարող կը լինէին մի օր բոլորը միասին ոտքի կանգնել քրդերի դէմ, որոնք նրանց տանջում են, եւ ձեռք բերել, թէ հարկաւոր լինի՝ իրենց արեան գնով, իրենց ցաւերին մի հանգստութիւն, ինչպէս նաեւ մի որոշ ազատութիւն,– նրանք պատասխանում էին սարսափած եւ անհամարձակ, որ Աստւած իրենց թողել է, որ այլեւս ոեւէ յոյս չունեն, որ սակայն եթէ շարունակեն իրենց հետ այսպէս վարւել, իրենք մի օր կը գաղթեն Ռուսաստան՝ այնտեղ աւելի լաւ կեանք եւ ոեւէ հանգստութիւն գտնելու համար:

1897 թւին մի ուրիշ ֆրանսիացի, պ. Կիմօն, գրում էր.

  «Դիտւած է, իզարմանս ամբողջ աշխարհը, որ վերջին կոտորածների ժամանակ՝ Պօլսում եւ Հայաստանում ոեւէ բանի անպէտք ջահիլ թիւրքերը յարձակւում էին յաղթանդամ հայերի վրայ, որոնք՝ եթէ  ըդնունակ լինէին իրենց ձեռքերը գործածելու, բռունցքի մի հարւածով կարող էին լուերի նման ջախջախել իրենց վրայ եկող թշւառականներին: Այդ հայերը տեսնելով քիւրդերին, նրանց ոտքի տակն էին ընկնում, ձեռերով ծածկում էին երեսները եւ թոյլ էին տալիս գլուխները կտրել կամ պատռեն իրենց գանգերը»:

Իսկ Ուրբէն Գօյիէն՝ նորերս «Դրօշակի» մէջ գրած իր յօդւածում ասում է.

  «Հայերը իրենցից 300 հազար հոգի կորցրին՝ պարանոցները դանակի տակ դնելով: Եւրօպան դղրդեցնող ի՜նչ ահաւոր պատերազմներ կարող էին մղել՝ հրացանները ձեռքերնին, տասնապատիկ աւելի աժան գնով»...

Ահա ուրեմն, իմիջի այլ պայմանների, որպիսի ներքին, վերին աստիճանի աննպաստ հանգամանքներում պիտի զարգանար հայկական խնդիրը եւ նրա արտայայտութիւն՝ հայ յեղափոխական շարժումը:

Մենք իհարկէ կարող ենք, ինչքան թելադրում է մեզ մեր անձնապաշտ արիւնը, մեղադրել յեղափոխականներին, որ նրանք 10 տարւայ ընթացքում, չկարողացան հիմնայատակ անել տաճկական պետութիւնը եւ նրա աւերակների վրայ պարզել հայկական ազատութեան դրօշակը: Մենք կարող ենք, իհարկէ, նոյն մեր անձնապաշտ արեանը հետեւելով, անիծել երկրագնդիս բոլոր քաղաքակիրթ ազգերին էլ, որ այն ժամանակ, երբ մենք անասնական թէ սրիկայական, վաշխառուական թէ ստրկական ժպիտներով վերաբերւեցինք դէպի օրաւուր մեր առաջը գնւող խնդիրները, նրանք,– այդ ժողովուրդները – գլխապատառ ոտի տակ չտւին իրենց բոլոր շահերը եւ հայկական կռւի դաշտը չգրաւեցին... Այո, կարող ենք այդ էլ անել, ուրիշ շատ բաներ էլ անել, բայց... բայց ե՞րբ պիտի քաղաքացիական համարձակութիւն ունենանք մի փոքր էլ մեզ վրայ անդրադառնալու եւ մեր բարոյական պակասութիւններին, մեր վատառողջ բնազդներին, մեր ազգային ախտերին՝ «պատմական այդ չարիքին» եւս՝ որոշ տեղ տալու մերկ րած տառապանքներում ու մեր ներկայ ծանր կացութեան մէջ...

«Դրօշակ» - Նոյեմբեր 1900
Թիւ 9 (110) 

III 

Ազգային մեր առանձնայատկութիւնների պայմանը, բացի իր տեսական նշանակութիւնից, որով, իմիջի այլ պատճառների, լուսաբանւում է հայ յեղափոխական շարժման ներկայ դրութիւնը,– կարեւորութիւն է ստանում եւ որոշ գործնական տեսակէտերից:

Այդ խնդիրը պէտք է պարզեն իրենց համար բոլոր մեր ընկերները, որպէսզի ամենօրեայ այն բազմաթիւ խոչընդոտները, որ նրանք պատահում են իրենց գործունէութեան ընթացքում, չնսեմացնեն նրանց աչքում յեղափոխական՝ գաղափարի կամ յեղափոխական տաքտիկի նպատակայարմարութիւնը եւ այդպիսով չթուլացնեն նրանց հաւատն ու եռանդը:

Դա պէտք է պարզեն իրենց համար մեր բոլոր գածափարակիցները, որովհետեւ ներկայ ծանրագոյն պատմական շրջանը ունի հայութեան բարոյական ու ռազմական բնազդներին աւելի եւս վնասելու բոլոր թունաւոր յատկութիւնները:

Դա պէտք է իմանան յեղափոխական կռւի բոլոր համակիր տարրերը, որովհետեւ չկայ լաւագոյն աւազան մեր պատմական կեղտերից մաքրւելու համար՝ քան զոհի եւ անձնւիրութեան այն ուղին, որի վրայ կանգնած են իրենք, ինչպէս եւ չկայ աւելի դրական միջոց չարիքը իր արմատում խեղդելու համար՝ քան կարող են լինել ազատ կեանքի նոր, փրկարար պայմանները, այսինքն յեղափոխական կռւի նահատակը:

Պարզենք մի քանի խօսքերով այս կէտերը:

 

Ահա հայ յեղափոխականի դէմ առ դէմ կանգնած է մի ուրիշ հայ, որն անտարբեր է դէպի առաջինին այրող հոգսերը: Ահա միւսը, որ չէ աջակցում նրան, պատճառաբանելով, որ ծանօթ չէ նրա կազմակերպութեան ընթացքին: Ահա մի երրորդը, որ իր բռնած դիրքը բացատրում է յեղափոխական հայեացքների տարբերութեամբ: Ահա մի չորրորդը, որ հակառակ է նրան իր «հիմնական համոզմունքներով»...

Շատ բարեմիտ պէտք է լինէին, ընդունելով, որ այդ բոլոր դէպքերը ունեն իրենց աւելի կամ պակաս չափով բանաւոր պատճառները:

Եւ իրաւ: Եթէ մարդիկ իրենց անտարբերութիւնը արդարացնելու համար բերաններն են առնում՝ «ի՞նչ կարող եմ անել» այն ժամանակ, երբ բնաւ փորձ չեն արել իմանալու՝ թէ ի՞նչ կարելի է առհասարակ անել կամ երբէք նոյնիսկ ամենատարրական պարտականութիւնները յիշեցնող խորհուրդների չեն հետեւել. եթէ մարդիկ իրենց բռնած դիրքը բացատրում են նրանով, որ «ձեր գործերի հետ ծանօթ չեն» այն ժամանակ, երբ ոչ մի քայլ չեն արել եւ չեն էլ ուզում անել այդ գործերի հետ ծանօթանալու համար. եթէ մարդիկ հառակում են ձեզ՝ պդնելով որ «ձեր ընթացքը նրանք նպատակայարմար չեն համարում» այն ժամանակ, երբ գաղափար չունեն կռւի ձեր եղանակի վրայ եւ յաճախ չեն էլ կարող ունենալ, որովհետեւ նախ՝ ժամանակի ընթացքում փոխւում է կռւի ձեր տաքտիկը եւ երկրորդ՝ միշտ նա մնում է ներքին գաղտնիք. եթէ մարդիկ ուզում են ձեզ հաւատացնել՝ թէ իրենք «ուրիշ համոզմունքներ են դաւանում» այն ժամանակ, երբ կամ ոչինչ չեն անում ոչ մի տեսակ համոզմունքների համաձայն կամ յատնուն «գերագոյն շահերի» միայն թունաւորում են հասարակական կարծիքը եւ կամ օրուգիշեր օդը թնդացնում են յանուն բանւորական «յաւելեալ աշխատանքի», բայց մնում են ստօիկեան սառնասիրտներ մի ամբողջ ժողովրդի «յաւելեալ արեան» դիմաց. եթէ մարդիկ խելագարների յատուկ ապշութեամբ շարունակ հերքում են ուրիշների բացայայտ արժանաւորութիւններն այն ժամանակ, երբ դրանք ամենայանդուգն լրբութեամբ անպայման յարգանք են պահանջում դէպի իրենց ակներեւ ախտերը, շառլատանութիւնները եւ ամբարտաւան, տգեղ մտքի եսամոլ ցատկոտումներն անգամ,– մենք, թո՛ղ ներւի այդ մեզ, չենք կարող այս դէպքերից եւ ոչ մէկում զգալ մեզ ուշադրութեան արժանի հակառակորդների դիմաց: Այն ընդհանուր, համամարդկային բնաւորութիւն կրող պատճառներից դուրս, որոնք առհասարակ ազգերի կեանքում պայմանաւորում են որոշ չափի անտարբերութիւն եւ ձեռնպահութիւն դէպի հասարակական գործերը կամ բացատրում են իրար հակասող, իրար հետ մրցող հասարակական հոսանքները,– այստեղ, մեր կեանքում, եւ մանաւանդ ներկայ ճգնաժամի օրերում, կենդանի զգացմունքներով աղքատ, բայց կենտրօնախոյս, ինքնապաշտ բնազդներով հարուստ հայի հոգեկան կազմն է, որ յաճախ հանդէս է գալիս իր վատ կողմերով: Եւ հասկանալի է, եթէ մեր պատմութիւնը զգալի չափերով զուրկ է եղել բարոյական առողջ բնազդներ կրթելու, անձնական դիտումների աօաջ կանգ չառնելու, միաբանութեամբ ընդհանուր պէտքերին հետեւելու, կռւից չվախենալու, զէնքը գնահատելու վարժութիւններից, շատ բնական է, որ յեղափոխական շարժումը չէր կարող ոչ ըստ քանակի եւ ո՛չ էլ ըստ որակի այնպիսի հող գտնել մեր մէջ, որպիսին կարող էր լինել մի ուրիշ ժողովրդի մէջ, որի պատմութիւնը,– միւս հաւասար պայմաններում – այդպիսի վարժութիւնների համար նրան ասպարէզ է տւել: Ահա ինչու յիշեալ դէպքերի ամենամեծ մասում կարելի է տեսնել ինչ ուզում էք, բայց ոչ ոեւէ ապացոյց յեղափոխական գաղափարի կամ յեղափոխական միջոցների աննպատակայարմարութեան:

Ի՞նչպէս վարւել այդ կարգի բազմազան հակառակորդների հետ – դա անհատական խնդիր է իհարկէ: Մէկը կարո՞ղ է արտայայտել արդար վրդովմունք, երբ տեսնում է, որ մարդիկ – ըստ Վօլտէրի – «օգտւում են մտքից միայն նրա համար, որ արդարացնեն իրենց անարդարութիւնները, եւ գործ են ածում խօսքեր միմիայն նրա համար, որ ծածկեն իրենց մտքերը». միւսը կարող է բաւականանալ սոսկ արհամարհանքով, որովհետեւ կան դէպքեր, երբ անարժան հակառակորդների հետ լուրջ խօսելը միայն անպատւութիւն է բերում ձեր դաւանած գաղափարին. երրորդը կարող է նոյնիսկ ներողամիտ լինել՝ ինկատի ունենալով, որ մարդիկ շատ յաճախ կարող են իրենք էլ չիմանալ՝ թէ իրենց եւ ձեր մէջ նկատւող զանազանութիւնները բղխում են ոչ թէ պարզ գիտակցութիւնից կամ բարեխիղճ վերաբերմունքից դէպի ձեզ, այլ այն կոյր բնազդներից, որոնց արմատները շատ հեռու են թաղւած, որպէսզի նրանց անգիտակից զոհերը կարողանան հասկանալ իրենց թշւառութիւնը: Բայց մի բան, որ պէտք է անկասկած արտայայտւի բոլոր դէպքերում եւ բոլոր ընկերների մէջ, դա վերջիվերջոյ այն արիութիւնն է, որով նրանք երբէք չպէտք է ազդւեն այդպիսի երեւոյթներից, որովհետեւ դրանց մէջ չկայ ոչ մի բանաւոր հիմք մեզ ոգեւորող դւանանքի դէմ: Մենք մնում ենք փոքրամասնութիւն, բայց այդ փոքրամասնութիւնը չէ, որ պիտի ենթարկւո անտարբերների, ձեռնպահների եւ ամէն կարգի ճիզւիթների, իմաստակմերի կամ շառլատանների բազմութեանը: «Այս կամ այն ընթացքը, որին հետեւում են (որոշ հասարակական պայմաններում իհարկէ – աւելացնենք մեր կողմից) մի քանի, բայց միշտ աւելի եռանդուն մարդիկ, դառնում է ընդհանուր կարգ, ընդհանուր սովորութիւն՝ շնորհիւ այն հանգամանքի, որ ուրիշներն էլ ընտելանում են նոյն ընթացքին: Առաջընթաց մարդկանց օրինակին հետեւելով՝ կազմւում է վերջապէս ընդհանուր համոզմունք, որ բոլորեքեան էլ անհրաժեշտաբար պէտք է ընթանան այնպէս եւ ոչ ուրիշ կեր»,– ասում է յայտնի պրօֆէսօր Սերգէեվիչ իր դասախօսութիւններում ռուսաց իրաւունքի մասին: Մեզ, վարանումներ չեն հարկաւոր, այլ հաւատ, մեզ խօսքեր չեն հարկաւոր, այլ գործեր, մեզ թերահաւտութիւն չէ հարկաւոր, այլ եռանդ, մեզ տատանումներ չեն հարկաւոր, այլ վճռողականութիւն եւ յանդգնութիւն: Կրկնենք անմահ Դանտօնի խօսքերը.

  Il nous faut de l’audace, et encores de l’audace, et toujours de l’audace!” (մեզ հարկաւոր է յանդգնութիւն, կրկին յանդգնութիւն եւ միշտ յանդգնութիւն):

Բաւական է, որ հայ ժողովրդի ազատութեան գաղափարը նւիրական է ամբողջ ազգի եւ համայն մարդկութեան ամենահամակրելի տարրերի առաջ. բաւական է, որ յեղափխոական կռիւը թելադրւում, բղխում է ինքնըստինքեան այն սոսկալի իրականութիւնից, որի հրէշաւոր ծանրութիւնը այս կամ այն չափով զգացել եւ զգում է ամեն մի հայ մարդ: Հետեւողներ եւ զինակիցներ, համամիտներ եւ գաղափարակիցներ, համակիրներ եւ ամէն կարգի ընկերներ անշուշտ կունենանք, անշուշտ կը գտնենք:

 

Այո՛, թողնենք մեռելներին թաղեն իրենց մեռելները եւ ամենայն արթնութեամբ առաջ տանենք մեր արդար կռիւը: Չը մոռանանք երբէք, որ եթէ հայը իր տխուր անցեալում ժառանգել է շատ բացասական յատկութիւններ, ապա այսօր նա արդէն այն բացառիկ դրութիւններից մէկումն է, երբ չարիքը կարող է զարգանալ չտեսնւած չափերով եւ վերջապէս հարւածել մեր ազգային ամբողջ մարմինը, եթէ թուլանա մեր դատի համար բողոքող ձայնը: Երկրում, ուր այսօր յարաբերութիւնները այնքան սրւել են թշնամու հետ, որ հայը ապահով չէ կեանքի ամենատարրական պահանջներում եւ իւրաքանչիւր րոպէ կարող է անպատւուել, թալանւել, մորթւել կամ սովամահ լինել, կռւից հռու մնացող ժողովրդի մասը ստիպւած է իր գոյութիւնը պահպանելու համար դիմել ամենասպանիչ միջցների – գաղթականութեան կամ դժոխային հանգամանքներին յարմարւելու ամենաստորացուցիչ ձեւերի: Ընկնելով օտար երկիրներ, առանց տեղական պայմաններին ծանօթ լինելու, առանց տեղական լեզուները իմանալու, զուրկ ոեւէ նպաստաւոր միջավայրից, հայ գաղթականը հարկադրւում է ամբողջ խելքը լարել դժււար պայմաններում իր ապրուստը ապահովելու համար: Եւ այդտեղ ամէն միջոց սրբագործւում է նպատակի առաջ, որովհետեւ սկզբունքները կարող են վիճելի լինել եւ յամենայն դէպս առանց դրանց կարելի է ապրել, իսկ առանց հացի՝ ոչ: Երեւակայեցէք ուրեմն խղճի այն ճկունութիւնը, սրտի եւ հոգու այն այլանդակութիւնները, որ այդպիսի պայմաններում օրէցօր պիտի զարգանան գաղթական հայ տարրերի մէջ: Իսկ երկրում մնացողներ՞րը: Հայը պիտի ապրի այնտեղ, ուր ամէն ինչ կազմակերպւած է միայն նրան հարստահարելու, ուտելու, մորթելու, ջնջելու համար: Անկարող, այս կամ այն պատճառներով, ուժին հաւասար կամ գերակշռող ուժով դիմադրել, նրա ձեռքի տակ մնում են միայն ինքնապաշտպանութեան ամենակրաւորական ձեւերը, եւ իհարկէ արագօրէն նա սայթաքում է «պատմական չարիքի» թեք մակերեւոյթով: Կրօնափոխութիւն, որ Տաճկաստանում համանիշ է ազգուրացութեան, ամէն սրբութիւնների ոտնակոխումն, խարդախութիւն, կեղծիք, անվերջ ստորութիւններ – բնականաբար հաւատոյ հանգանք են դառնում երկրում եւ ապականում ժողովրդի ոգին, բթացնում նրա մէջ անձնական արժանապատւութեան, ազնւութեան, վեհանձնութեան, արդար զայրոյթի եւ համարձակ վրէժխնդրութեան ամէն-մի կենդանի զգացմունք: Բացարձակ եւ անդարձ այլասեռումն, գարշելի հակումների մի հրէական խառնւածք, մի այլանդակ, մի հրէշաւոր տիպ, որի առաջ միայն զզւանք պիտի զգայ ամէն-մի օրինաւոր արարած,– ահա այն սոսկալի հեռանկարը, որ այսօր սպառնում է մեր ազգութեան գուցէ աւելի՝ քան երբեւիցէ: Եւ մենք, որ այնքան խորապէս զգում ենք պատմութիւնից ժառանգած մեր ազգային թերութիւնները, մենք, որ այսօր բողոքում ենք դրանց դէմ բարձրաձայն,– մենք չենք իհարկէ, որ պիտի անտարբեր լինենք դէպի մեր ազգային բարոյական նակրագրին աւելի եւս սպառնացող ժամանակակից մեծ վտանգը:

 

Սակայն ի՞նչ միջոց կարող է ներկայ պայմաններում լինել աւելի նպատակայրմար այդ բարոյական այլասեռման դէմ կռւելու համար, քան յեղափոխական ուղին, որ մի կողմից պահանջում ու վառ է պահում սերնդի մէջ անձնականը հասարակականին ենթարկելու ամենամեծ առաքինութիւնը եւ միւս կողմից՝ ձգտում է մի ապագայի, ուր կարիք չպիտի լինի այն պակասութիւնների, որոնք անհրաժեշտ են դառնում այժմ՝ իբրեւ գոյութեան համար նպաստաւոր առաւելութիւններ: Այո՛, յեղափոխական դժւար կռիւն է, որի ընթացքում թշնամու դէմ կուրծքը կրծքին դիմագրաւող, իր կեանքը հայրենիքի սեղանին զոհող հայը անձնւիրութեան սուրբ կրակով տաքացնում է ժամանակակից աճող սերնդի սիրտը եւ ժողովրդի ամենաթանկագին այդ մասի մէջ կենդանի պահում ազգային ոգու պայծառ հակումները: Դա, այդ կռիւն է անեւ, որ նպատակ ունենալով տապալել Տաճկահայսատանում տիրող կործանիչ կարգերը, պիտի բերէ մարդավայել կեանքի համար պահանջւող այն մաքուր մթնոլորտը, որի մէջ միայն կարող են ճոխ կերպով ծաղկել ժողովրդի դրական հակումները: Բարոյախօսական քարոզները չեն, որ կարող են բարձրացնել մի ժողովուրդ: «Սոված մարդը ականջ չունի», ասում է առածը: Հայը Տաճկաստանում այսօր աւելի է դժբախտ՝ քան մի սովեալ, եւ եթէ նա կարող է փրկւել – դա կը լինի միմիայն այդ անսահման դժբախտի աղաղակներին արձագանք տւող կենդանի օրինակների կախարդիչ ուժով եւ որ գլխաւորն է՝ շնորհիւ այն նոր կարգերի, որոնք կը տան նրան ե՛ւ հաց, ե՛ւ ականջ, ե՛ւ ուրիշ շատ բաներ էլ, որոնցում նրա պահանջները այսօր այնքան օրհասական են:

«Սպէնսէրը – ասում է ամերիկացի սօցիօլօգ Ուօրտը – որոնելով այն պատճառները, որոնք պայմանաւորում են ցեղերի համեմատական ճշմարտասիրութիւնը, գալիս է այնեզրակացութեան, որ «բռնակալ կառավարութեան գոյութիւնը կամ բացակայութիւնը առաջացնում է կեղծիքի կամ ճշմարտասիրութեան գերակշռութիւն», եայնուհետեւ բաւական համոզիչ կերպով բացատրում է, որ խաբեբայութիւնը բնական հետեւանք է երկուղի եւ հարստահարութիւնների .... ոչ մի կասկած չկայ, որ ազատութիւնը ներշնչում է անկեղծութիւն, ինչպէս եւ ուրիշ առնական յատկութիւններ, իսկ ստրկութիւնը եւ բռնակալութիւնը սովորաբար անբարոյականացնում են... Խաբեբայութեան բոլոր տեսակներին մարդիկ դիմում են իբրեւ վտանգից պաշտպանւելու մի գործիքի»...

Եւ մենք կը գտնենք մեր բարոյական հակումների մէջ, կը խեղդենք իր արմատում մեզ վրայ այնչափ թանկ նստած եւ այսօր ահաւոր չափերով մեզ սպառնացող բարոյական ապականութեան մեծ չարիքը, երբ կարիք չենք ունենալ անվերջ «վտանգներից պաշտպանւելու գործիքին», երբ յախուռն եւ անդարձ վճռողականութեամբ օր առաջ կը հասնենք մեր շարժման նպատակին:

«Դրօշակ» - Մայիս 1901
Թիւ 3 (114)