17 February, 2020

Հայ-Քրդական Յարաբերութիւնները

Բէդէրխանի որդի Աբտիւլրահման-բէյի կոչը քրդերին, որ տպագրում ենք «Դրօշակ»ի ներկայ համարում, թելադրում է մեզ մի քանի խորհդածութիւններ հայ-քրդական յարաբերութիւնների մասին:

Քրիստափոր Միքայէլեան

Քիւրդ-հայկական համերաշխութեան հարցը նոր երևոյթ չէ մեր կեանքում: Ներսէս Վարժապետեանի, Մկրտիչ Խրիմեանի հայեացքները և նրանց որոշ գործնական քայլերը այդ սահմաններում յայտնի են շատերին: Րաֆֆիի մշտական քարոզները, Սրւանձտեանի կարծիքները և դրա հետ շատ ուրիշների երբեմն մոլեռանդ հաւատը, երբեմն բաւականաչափ հիմնաւորւած համոզումները՝ վաղուց են շրջում մեր հասարակութեան մէջ: Վերջապէս անցեալ տասնամեակում քրդերի հետ դաշնակցելու նպատակով հայ յեղափոխականների տեղ-տեղ արած փորձերը՝ նոյնպէս արդէն դուրս են գաղտնիքի շրջանից:

Մենք ոչ միայն տրամադիր չենք ժխտելու անցեալից արդէն մեզ ժառանգւած այդ ուղղութիւնը, այլև պատրաստ ենք այսօր ընդունելու–եթէ կամենում էք–այդ ուղղութեան յաղթանակի մի նոր արտայայտութիւն: Այն ինչ մինչև այժմ քրդերի հետ համերաշխութիւն հաստատելու միտքը յղացւել և հետաքրքրութեան առարկայ է եղել միայն հայերի մէջ, վերջին տարիներում տեղի ունեցած մի քանի փաստեր–օրինակ, 1898 թւի «Դրօշակ»ի թիւ 6-ում ու 1900 թ. 1-ում տպած յօդւածները, ինչպէս նաեւ Աբտիւլրահման-բէյի ներկայ կոչը–ցոյց են տալիս, որ նոյն միտքը հող է գտել և արդէն կեանքի վերածւելու ճիգեր է անում նաև քիւրդ ինտէլիգէնտների մէջ: Միևնոյն գաղափարի վրայ աշխատողներ ուրեմն երևան են գալիս երկու կողմից՝ փոխանակ մի կողմի, և ինքնըստինքեան հաւանական է դառնում այն ենթադրութիւնը, որ այսուհետև հայ քրդական համերաշխութեան խնդիրը կարող է զարգանալ համեմատաբար աւելի նպաստաւոր, աւելի յաջող պայմաններում:

Սակայն՝ չնայելով երևոյթի բոլոր ուրախալի բնաւորութեան, մենք չենք կարող ծածկել մեզանից, որ քրդա-հայկական դաշնակցութեան խնդիրը ամէն անգամ, երբ նա հրապարակ է գալիս, մեզ դնում է մի դրութեան մէջ, որ ֆրանսիական ժողովուրդը բնորոշումէ իր առածով, այն է՝ «parler de la corde dans la maison d’un pendu» (խօսել պարանի մասին մի կախւածի տան մէջ):

Եւ իսկապէս. եթէ հարցնելու լինենք մեզ՝ թէ ո՞ւմնից է հայ ժողովուրդը – գոնէ XIX դարի քսանական թւականներից–օրէցօր, ամսէ ամիս, տարէց տարի աւելի տուժել, այնչափ տուժել, որչափ նա չէ տուժել անմիջապէս ոչ մի ուրիշ ազգութիւնից, դժւար թէ գտնւի մէկը, որ չպատասխանէր՝ քրդից: Եւ ահա այդ մշտական մեր թշնամու, մշտական մեր աւերողի, մորթողի, անպատւողի, տանջողի, մեր հայրենիքից մեզ ցիրուցան անողի, մեր արիւնը ծծողի, մի խօսքով հայութիւնը կախ տւող այդ պարանի մասին է, որ մենք հայերս պէտք է խօսենք-լսենք: Դրութիւնը աւելի քան անողորմ է, և իհարկէ պահանջւում է ամենայն զգուշութիւն խնդիրը ըստ կարելւոյն սառնասրտութեամբ լուսաբանելու համար:

Միանգամայն անհրաժեշտ է պարզել, որո՞նք են այն պայմանները, այն պատճառները, որ հիմնաւորում են քիւրդ-հայկական հակառակութիւնները, և կարելի՞ է արդեօք դրանց առաջն առնել և ի՞նչ միջոցներով:

Ապրելով լեռներում և սարահարթերում, ուր երկրի բնական հարստութիւնները և կիսաթափառական-խաշնարած կենցաղին յատուկ սահմանափակ արդիւնաբերութիւնը չեն պայմանաւորում քրդերի համար ապահով կեանք, նրանք ներկայանում են գոյութեան կռւում իբրև թոյլ տարր: Կաթ, պանիր, միս, բուրդ, բրդի գործւածքներ և քիչ քանակութեամբ հաց, – ահա այն մթերքները, որ արդիւնաբերում են քրդերը: Արհեստի բազմազան արտադրութիւններ, բրինձ, աղ, շատ յաճախ հաց, մրգեր ևլն–այսինքն մի շարք առաջնակարգ կենսական պիտոյքներ – նրանք պէտք է ստանան դրսից, ուրիշ ժողովուրդներից, և դրա համար նրանք չունեն ուրիշ միջոց քան կողոպուտ և սպաննութիւններ, որոնք տարիների ընթացքում դարձել են «քրդական արդիւնաբերութեան» մաս: Իր զարգացման շաւղում քիւրդը հազիւ է բարձրացել մինչև նահապետական ցեղական սկզբունքը: Ցեղի շահը – ահա ինչն է ղեկավարում նրա կեանքը: Չկայ այդտեղ ազգային գաղափար, ժողովրդական մի ամբողջութեան հասկացողութիւն: Չկան այդտեղ վերացական ընդհանուր սկզբունքներ ո՛չ սպանութիւնների, ո՛չ յափշտակութիւնների մասին թէ հասարակական և թէ մասնաւո՛ր կեանքում, ճիշդ այնպէս, ինչպէս քաղաքակիրթ ազգերի մէջ պետական ինքնապաշտպանութեան տեսակէտից ընդունւում են պատերազմի սպանութիւններ, յափշտակութիւններ ևլն: Այն ամէնը, ինչ պահպանում է ցեղը, յաճախ նոյնիսկ անհատը – լաւ է, և ինչ կարող է վնասել նրանց՝ վատ «Ցեղակից» և «այլացեղ» համանիշ են «բարեկամ» և «թշնամի» խօսքերին, թէկուզ այլացեղը լինէր նոյն քրդական ազգութիւնից: Ու հասկանալի է, որ յանցանք չկայ, որ քիւրդը չարդարացնէր, եթէ դա կատարւում է այլացեղի վրայ: Այդ բաւական չէ: Կողոպուտ և սպանութիւնները, իբրև ցեղի և անհատի բարեկեցութեան նպաստաւոր միջոցներ, նոյնիսկ առաքինութիւն են համարւում և գովասանւում, փառաբանւում, երգւում են իբրև կտրիճի վայել յատկութիւններ:

«Ո՛չ բալուջները, ո՛չ բէդուինները, ոչ հապէշները և ո՛չ էլ պատագօնները չեն գերազանցում քիւրդ պատերազմասէր ցեղերին իրենց աւազակաբարոյութեամբ և այդ բնազդման բաւականութիւն տալու արւեստով», – ասում է էլիզէ Ռեկլիւն:

Այդպիսով քաղաքակրթութեան պատմութեան մէջ ինչ տեսակի բաժանումների էլ հետևելու լինենք–ընդունենք Տայլըրի, Մօրգանի թէ Լիպերտի սիստէմները՝ այդ միևնոյնն է – քրդերը, իբրև մեծ մասամբ դեռ թափառական-խաշնարած և ցեղական սկզբունքով ապրող ժողովուրդ, պէտք է դասաւորւեն մարդկային քաղաքակրթութեան յայտնի շրջաններից՝ բարբարոսական շրջանում: Բարբարոսական կենցաղի մի ժողովրդի հետ է ուրեմն, որ պէտք է ապրեն հայերը, նրանց անմիջական հարևանները, որոնք սակայն վաղուց են ոտ կոխել քաղաքակրթական կենցաղի շրջանը: Այս անբախտ զուգադիպութիւնը մի երկրում երկու տարբեր քաղաքակրթական կենցաղների – ահա մէկը այն հիմնական պատճառներից, որոնք պայմանաւորում են քրդական ու հայկական շահերի և տեսակէտների ահագին տարբերութիւնը:

Միւս նշանաւոր պայմանը, որի շնրհիւ անօրինակ կերպով սրւում են քիւրդ-հայկական յարաբերութիւնները և որի ահռելի ապացոյցը մենք տեսանք օրերում, – դա այն տաքտքն է, որին հետևում է թիւրք կառավարութիւնը հնուց իվեր:

«Որպէս զի քրդերը հեռու մնան անկախութեան ձգտումից, կառավարութիւնը աշխատում է նրանց զբաղեցնել ուրիշ խնդիրներով: Այդպէս, օրինակ, նա դրդում է քրդերին Քիւրդիստանում ապրող նեստօրականների դէմ, ինչպէս նաև մահմէդականներին զինում է քաղդէացիների դէմ, իսկ վերջիններիս՝ եզիդիների և քրդերի դէմ: Նա այդպիսով առաջ է բերում խռովութիւններ այն միակ նպատակով, որ իրեն պահի գերագոյն իշխանութիւնը... և հպատակ աղանդները չմիանան ընդհանուր թշնամու դէմ»:

Այս դիտողութիւնները մենք գտնում ենք գերմանացի Շվայգեր-Լէրխէնֆելդի մի աշխատութեան մէջ, որ հրատարակւած է 1875 թւին այն հետախուզութիւնների հիման վրայ, որ 1872-1873 թւականներին ինժեներ Չերնիկի ղեկավարութեամբ արւել են բուն Քիւրդիստանում (Հիւսիսային Միջագետք): Ում յայտնի են քրդերի ձեռքով կատարւած եզիդիների ջարդը 1830 թւին կամ 1846 և 1849 թւականներին Մուհամէդ-փաշայի (Կիրիտլի) դրդմամբ նեստօրականների կոտորածը, ինչպէս նաև 1860 թւին առհասարակ քրիստոնեաների ջարդը, երբ – ըստ միևնոյն հեղինակի – «թիւրքերը գործում էին դրուզների հետ միասին, գրգռելով նրանց ֆանատիկոսութիւնը և արտայայտելով վերին աստիճանի նենգամտութիւն ու կեղծաւորութիւն», – ում յայտնի են, ասում ենք, այս փաստերը, նրանց մէջ տարակոյս չէ կարող լինել ինժեներ Չերնիկի իրաւացի դիտողութիւնների մասին: Յատկապէս հայերիս վերաբերմամբ՝ տաճկական նոյն տաքտիքը, իհարկէ, արտայայտւեց աւելի սոսկալի չափերով: Բոլորիս յայտնի են այդ ներգործական խրախուսանքները քրդական բոլոր խժդժութիւններին, որոնք ուղղւած են եղել հայերի դէմ: Պատկերը լրացնելու համար միայն յիշատակենք 1829, 1855 և 1877 թւերի հայկական մեծ աւերումները քրդերի ձեռքով ևվերջապէս  «համիդէի» կազմակերպութիւնը, որի կոչումը այնքան աղետաբեր կերպով արտայայտւեց 1895 և 1896 թւերին:

Միևնոյն «վերին աստիճանի նենգամտութեան և կեղծիքի» սէստէմին են հետևում և պիտի հետևեն նաև ռուսները, լուսաբանելով հայկական շարժումը ճիշդ և ճիշդ թիւրքերի պէս, այսինքն իբրև մի ձգտում, որ նպատակ ունի եւրօպական պետութիւնների միջնորդութեամբ ստեղծել սեփական հայկական թագաւորութիւն և քրդերին ենթարկել ստրկական վիճակի: Այդպէս, օրինակ, ռուս սպակոյտի գնդապետ Կարցօվը, որի ատելութիւնը դէպի հայկական խնդիրը հասնում է կուրութեան նոյնիսկ ակներև փաստերի առաջ, Կովկասի կայսերական աշխարհագրական ընկերութեանը տւած իր զեկուցման մէջ ասում է.

«Օտար, մեծ մասամբ անգլիական դրդումների (?) ազդեցութեան տակ, վերջին տարիներում քաղաքների հայերի և հոգևորականութեան մէջ սկսւել է շարժում հայկական անկախութեան վերանորոգման և վաղուց չքացած Հայաստանի վերածնութեան համար... Հասկանալի է ատելութեան այն զգացմունքը, որ ծագեց քրդերի մէջ դէպի հայերը. այն միտքը, թէ նրանք, որ կազմում են երկրի (?) ազգբնակութեան մեծամասնութիւնը, կը լինեն ենթարկւած (?) խորապէս արհամարւող և ոչ-պատերազմասէր փքորամասնութեան (?), բոլորովին անտանելի է ամէն մի մահմէդականի, մանաւանդ քրդի համար»:

Բայց հայկական խնդիրը իր արմատում խեղդելու կողմնակից գնդապետը քրդասիրութիւնից չէ, որ խօսում է հայերի դէմ: Ահա բառ առ բառ նրա խօսքերը քրդերի մասին, որոնց վրայ նա նայում է լոկ միմիայն ռուսական տիրապետական դիտումների տեսակէտից, ինչպէս տաճիկները՝ տաճկական գերիշխանութեան տեսակէտից:

«Քիւրդերի պատմութեան տեսութիւնից կարելի է հանել մի եզրակացութիւն, որ շատ կարևոր է գնահատելու համար այս կամ այն կարելի գործողութիւնները Քիւրդիստանին մօտիկ երկիրներում ծագած քաղաքական բարդութիւնների ժամանակ: Քրդին շատ քիչ է ծանօթ հայրենասիրութեան զգացմունքը այն մտքով, ինչ մտքով, հասկանում ենք մենք. հաւատարմութիւն տաճիկ կառավարութեան ամենևին չունեն, բայց բաւական զօրեղ է զգացմունքը դէպի ցեղը և նրա գլխաւորը»:

Եւ էլի

«Քրդերը շուտափոյթ զէնքի դիմելով՝ նոյն արագութեամբ էլ սառչում ենք, հէնց որ դիմադրութեան են հանդիպում: Կողոպուտի հոգսը նրանց մէջ գերազանցում է նոյնիսկ հաւատարմութիւնից դէպի շէյխը ջալալի քրդերը հետևում են շիա Թէյմուր-աղային ընդդէմ իրենց ցեղակցի, որը բացի դրանից՝ շրջապատւած է կրօնական հմայքով: Մի խօսքով՝քրդերի բոլոր գործողութիւններոմ երևում է ոչ թէ դիմացկուն և համարձակ մի ժողովուրդ, այլ վայրենի կողոպտիչներ, որոնք անընդունակ են ոևէ երկարատև ջանքերի և պատրաստ են ամէն բան զոհել վայրկենական, գրօշակին շահին»:

Եւ իհարկէ այդ «վայրկենական, գրօշային շահին» բաւարարութիւն տալու համար էր որ 1829 թւին ռուս-տաճկական պատերազմի ժամանակ կոմս Պասկեվիչը, համարելով Քիւրդիստանի խաղաղութիւնը պատերազմի յաջողութեան գլխաւոր պայմաններից մէկը, թոյլտւութիւն ստացաւ 100 հազար ոսկի ծախսելու քրդերին ընծաներ բաժանելու նպատակով:

Վերջապէս չի կարելի անտես առնել մեզ հետաքրքրող հարցում նաև կրօնի նշանակութիւնը:

Շատերն են ժխտում կրօնի դերը քիւրդ-հայկական յարաբերութիւններում. բայց մեզ թւում է, որ մի կրօն, որի մէջ դարերի ընթացքում ամփոփւել է մահմէդական աշխարհի համարեա բոլոր մտաւոր-բարոյական կեանքը. մի կրօն, որը գերագոյն ղեկավար է հանդիսացել մահմէդական պետութիւնների ամբողջ քաղաքական կազմի մէջ... մի կրօն, որ «գեավուր» խօսքով այնքան խստօրէն բաժանում է ամբողջ երկրագնդի այլակրօն տարրերը «միւսիւլմաններից» մի կրօն, որ Մարգարէի անունով կոչում է իր հօտին–«պատերազմեցէ՛ք անհաւատների հետ մինչև կը վերանայ ամենայն մի դիմադրութիւն, մինչև Ալլահի հաւատը կը դառնայ միակ կրօն աշխարհիս վրայ». մի կրօն, որ «հալալ» է անում իր հետևողներին այլակրօնների արիւնը և աւար-կողոպուտը. մի կրօն, որի պատգամները այնքան համապատասխանում են մանաւանդ քրդերի բոլոր վայրենի բնազդներին,–մեզ թւում է, ասում ենք, որ այդպիսի մի կրօն չէ կարող չունենալ իր որոշ դերը քիւրդ-հայկական հակառակութիւնների խնդրում: Այդպէս են նայում հարցին նաև Տաճկաստանը ու իսլամը մօտից ուսումնասիրրած բոլոր հեղինակները, սկսած մեր անմահ Րաֆֆիից մինչև Էնգելհարդ (Տաճկաստան և Թանզիմաթ), Գրին (Հայկական Ճգժնաժամը) ու շատ ուրիշներ:

Ահա, մեր կարծիքով, այն գլխաւոր գործօնները – քրդերի բարբարոսական կենցաղը, տաճիկ ու ռուս կառավարութիւնների տաքտիքը և մահմէդական կրօնը – որոնք սաստկապէս դժւարացնում են և պիտի դեռ ևս դժւարացնեն քիւրդ-հայկական համերաշխութեան գործը:

Հետևեալ յօդւածում կը քննենք երկրորդ հետաքրքիր հարցը, որ մենք դրինք վերև:

Յունիս 1901 Թիւ 4 (115)

Այն նշանաւոր պայմանները, որ մենք արդէն մատնացոյց արինք իբր արգելքներ հայ-քրդական մերձեցման, հասկանլաի է, որ չեն կարող ներկայ օրերում առանձին հաւատ ներշնչել այդ երկու տարրերի մշտական, սիստէմատիք միացած գործակցութեան մասին: Բարեշրջել քիւրդերի բարբարոս կենցաղը, որ տարբեր է մերինից. շարունակ յաջող կերպով մրցել երկու կառավարութիւնների հետ, որոնք հաւասարապէս թշնամի են քիւրդ-հայկական համերաշխութեան. չէզօքացնել կրօնական ազդեցութիւնները, որոնք քրդերի մէջ համանիշ են ազգայնական հասկացողութեան,–դրանք այնպիսի խոշոր կուլտուրական խնդիրներ են, որոնք կարող են մշակւել անդադար գործող մուրճի տակ, երկար ժամանակի ընթացքում. մինչդեռ հայկական հարցի բնաւորութիւնը, մեր ժողովրդի արդի կացութիւնը, կռւի շրջանին յատուկ մեր լարւած տրամադրութիւնները, ընթացիկ կեանքի անյետաձգելի պահանջները՝ մեզ թոյլ չեն տալիս հեռաւոր ապագային վրայ հիմնել ժամանակակից մեր հոգսերը և գործնական ծրագիրները:

Ահա այդ տեսակէտից՝ քիւրդ-հայկական հակառակութիւնները պայմանաւորող գլխաւոր պատճառների առաջն առնելու հարցը, իբրև արմատական և միևնոյն ժամանակ շատ բարդ գործ, չէ կարող իր ամբողջ ծաւալով զբաղեցնել մեզ: Այժմէական կարևորութիւն ունեցող միայկ խնդիրը ուրեմն կը մնայ այն՝ թէ չէ՞ կարելի արդեօք, գոնէ յայտնի չափով, մեղմացնել այդ հիմնական արգելքների վնասաբեր բնաւորութիւնը, կամ ուրիշ խօսքերով՝ չէ՞ կարելի արդեօք նոյնիսկ այժմեան հանգամանքներում գտնել քրդական կեանքում ուրիշ այնպիսի գործօններ, որոնք կարող են, եթէ ոչ օրէցօր զարգացնել քիւրդ-հայկական համերաշխութիւնը ընդհանրապէս, գոնէ տալ մեզ ոևէ հող մասնակի, տեղական, երբեմն վաղանցիկ, երբեմն փոքրիշատէ տևողական, երբեմն աննշան, երբեմն լայն յարաբերութիւններ հաստատելու համար:

Սպէնսէրը իր «Քաղաքական հիմնարկութիւնների զարգացման» մէջ՝ խօսելով «պատերազմասէր հասարակութիւնների տեսակի» վրայ, ասում է, որ նրանց մէջ «շատ ուժեղ է հնազանդելու բնազդը» և ընդհակառակը՝ «անհատական նախաձեռնութիւնը կաշկանդւած է», որ այդպիսի հասարակութիւնների մէջ իշխում է «կրաւորական համաձայնութիւն և սպասողականութեան դրութիւն», որի շնորհիւ հասարկութեան պետը, առաջնորդը հանդիսանում է «գլխաւոր դերակատար կեանքում»: Վերածելով այսընդհանուր ճշամարտութիւնը քրդերին՝ պէտք է տեսնենք, որ նոյն ցեղական սկզբունքը, որ նրանց մէջ քաղաքկրթական այնքա՜ն յետամնաց դրութեան յատկանիշ է, ունի մեզ հետաքրքրող խնդրի տեսակէտից մի առաւելութիւն, որն արժանի է առանձին ուշադրութեան: Շնորհիւ այդ սկզբունքի՝ քրդերի մէջ համոզել, օրինակ, մի ցեղապետի (էլ-աղասի, միր) կամ մի կրօնապետի (շեյխ)–դա միևնոյն է՝ թէ համոզել նրա ամբողջ ցեղը, որն իր «կրաւորական համաձայնութեան» մէջ գիտէ միայն հնազանդւել իր իշխանաւորներին և կատարել նրանց կամքը: Քաղաքակրթական աւելի բարձր շրջաններում, իհարկէ, պետերի նշանակութիւնը կեանքում սահմանափակւում է, հետզհետէ դադարելով ամբողջ հասարակութիւնների պատմական կեանքը իրենց մէջ անդրադարձնելուց: Բայց այդպէս չէ ստորին զարգացման աստիճանների վրայ, ուր հասարակական յարաբերութիւնները չափազանց պարզ են, ուր չկան բազմաթիւ հիմնարկութիւններ, մարդկային գործունէութեան բազմազան ճիւղեր, գաղափարների անընդհատ մշակումն, կեանքի նորանոր հոսանքներ՝ իրենց մշտական փոխադարձ ազդեցութիւններով, ընդհարումներով ևլն: Երբ Րաֆֆին իր հերոսներից «Գուշակիղին» զետեղում է քրդերի մի նշանաւոր շէյխի մօտ, որը «մի օրւայ մէջ կարող է 10 կամ 30 հազար ձիաւոր դուրս բերել», կամ երբ՝ խօսելով հայերի մասին՝ նա, Ասլանի բերանով, ցաւ է յայտնում, որ հայերը ազնւականութիւն չունեն, թէև ինքը «չէ համակրում ազնւականութեան գաղափարին», – մեզ թւում է, որ նա ինկատի ունի հէնց այդ յետամնաց դրութեան մեր մատնացույց արած որոշ առաւելութիւնը. հայ ազնւականութիւնը, շնորհիւ իր դիրքի և հեղինակութեան ժողովրդի առաջ, գուցէ կարողանար կապել, համախմբել ու մղել նրան դէպի մեր ազգային ազատագրութեան գործը... մտածում է Րաֆֆին:

Ընդունելով ուրեմն, որ ցեղական սկզբունքը շատ նպաստաւոր պայման է ներկայացնում մեզ հետաքրքրող խնդրին, նայնեք այժմ, ո՞րքան հեշտ է կամ կարելի է դեռ անհատ-պետերի հետ համերաշխութիւն հաստատելու գործը:

«Քրդերը թշնամաբար են վերաբերում թիւրքերին: Ամէն բանից երևում է, որ նրանք, ինչպէս և թիւրքերին հպատակ ժողովուրդների մեծ մասը, ձգտում են անջատման և որ նրանք պատրաստ են առաջին յարմար դէպքում ապստամբւել՝ իրենց նախկին անկախութիւնը ձեռք բերելու համար», – ասում է Շվայգեր-Լերխէնֆելդը, որի մասին յիշեցինք անցեալ անգամ:

Նոյն երևոյթի մասին վկայում է նաև Րէկլիւն.

«Այս դարի կիսից սկսած՝ մասնաւորապէս ռուսաց վերջին արշաւանքից յետոյ տեղի ունեցած քրդական ապստամբութիւններից շատերը անշուշտ նպատակ ունէին ձեռք բերել քաղաքական անկախութիւն: Մինչև անգամ փորձեր եղան հիմնելու մի «Քրդական Դաշնակցութիւն»:

Եւ տեղի ունեցած փաստերը հաստատում են այս վկայութիւնները: Ռէվանդուզի փաշալիքը, Հէյքարի, Բախտանի, Բէղդինանի իշխանութիւնները ընկան ոչ առանց ընդդիմադրութեան տաճիկ կառավարութեան. Բէդէր-խանի ապստամբութիւնը (1846), Եզդանշիրի կռիւները (1854), մի քանի պետերի առաջարկները Նարինի ռուսաց հիւպատոսին՝ ընդդէմ տաճիկ կառավարութեան (1876), Շէյխ-Իբդուլլահի ծրագիրը միևնոյն մտքով (1880)–ահա մի քանիսը այդ փաստերից:

Միևնոյն տրամադրութիւնը պէտք է լինի քրդերի մէջ նաև դէպի ռուսները: Քիւրդ պետերից շատերն են հասկանում, որ ռուսաց տիրապետութիւնը կորստաբեր է իրենց նիստ ու կացի, իրենց արտօնութիւնների և ցեղական ամբողջ կազմի համար: Ռուս գնդապետ Կարցօվը, որի նկարագրի հետ մենք արդէն ծանօթ ենք, ուղղակի յայտարարում է.

.... «1827 թւին, երբ կոմս Պասկևիչը տիրեց Երևանեան խանութեանը, քրդերը հաւատարմութեամբ ծառայում էին Երևանեան սարդարներին և ամէն կերպ օգնում էին նրանց ռուսների դէմ: Բացի կրօնական պատճառներից՝ նրանց դրդում էր պատերազմել մեր դէմ այն միանգամայն հիմնաւոր համոզմունքը, որ երկրում ռուսների հաստատւելուց յետոյ՝ վերջ կը դնւի նրանց վայրենի ազատութեան, նրանց կամայականութեանը և աւարառութիւններին»:

Մենք ոչ մի կերպ չենք մոռանում իհարկէ, որ՝ չնայելով այս ատելութիւններին դէպի տաճիկ և ռուս կառավարութիւնները, շատ յաճախ քրդերը, շնորհիւ իրենց կեանքում տիրող պայմաններին, սոսկալի գործիք են դառնում իրենց թշնամիների ձեռքում՝ ի վնաս հարևան ժողովուրդների: Բայց քանի որ անհերքելի են այս տրամադրութիւնները, որոնք անշուշտ նոյնպէս ունին որոշ արմատներ քրդական կեանքում և որոնց արտայայտութիւնը եղաւ, իմիջի այլոց, «համիդիէին» շատ ցեղերի չմասնակցելը, ինչպէս նաև մինչև վերջին ժամանակներս տեղ-տեղ պահպանւող քրդերի կիսաանկախ դրութիւնը, – մենք կարծում ենք, որ կայ որոշ հող, որի վրայ կարող են մշակւել եթէ ոչ մշտական, գոնէ ժամանակաւոր, եթէ ոչ լայն ծաւալով, գոնէ մասնաւոր համաձայնութիւններ այս կամ այն քիւրդ պետերի հետ:

Եզդիների ժողովրդական մի երգ այս խօսքերն է պարունակում. «Բօրենին խնայում է կեանքը և միայն դիակներ է հանում գերեզմանից, իսկ փաշան երիտասարդների արիւնն է խմում.... Անիծւի հզօրը, որ գութ չունի»...

Ո՞վքեր են քրդերի համար այդ «գութ չունեցող հզօրները»–թիւրքերը, ռուսները թէ՞ հայերը... Անկարելի է, որ քրդերի մէջ չգտնւեն իրենց դրութիւնը բաւականաչափ գիտակցող պետեր, որոնք չկարողանան այս հարցին պատասխանել այն ձևով, որը համապատասխանում է իրենց և մեր փոխադարձ շահերին:

Բայց և մենք հայերս պէտք է ջանանք այդ գիտակցութիւնը նրանց ներշնչել: Միայն՝ դրա համար մենք չունենք ուրիշ միջոց, քան մեր սեփական ուժերը հարստացնելու և կենդանի օրինակներով ապացուցանելու, որ մենք ընդունակ ենք պաշտպանել մեր և շատ անգամ նաև մեր հարևանների շահերը: Կ'ունենանք այդ ուժը, կ'ունենանք և քիւրդ դաշնակիցներ: Հակառակ դէպքում հայերը աւելի ձեռնտու պիտի մնան քրդերի համար իբրև հարստահարութիւնների և թալանի առարկայ, քան իբրև զինակիցներ ընդհանուր թշնամիների դէմ:

Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Յուլիս 1901
Թիւ 5 (116)