22 August, 2019

Ամբոխային Տրամաբանութիւն


Քրիստափոր Միքայէլեան

I

 «Եթէ կարելի լինէր ենթադրել, որ տաճական
վարչութիւնը այսպիսի ճգնաժամում (1876, սեպտեմբեր)
կարող է Եւրպայի համաձայնութեամբ կամ
նրա վաւերացմամբ շարունակել իր օրինական գոյութիւնը
Բօլղարիայում՝ այն ժամանակ պէտք է յանցանք
համարել մարդկային արադրութեան ամեն մի բողոք
իշխանութիւնը ո չարը գործ դնելու դէմ, ամեն մի
դիմադրութիւն ամենազազրելի բռնապետութեան դէմ:
Բայց մենք դեռ չենքհասել այդպիսի ծայրայեղ ստորացման»...
Վ. ԳԼԱՍԴՏՕՆ

Ամբոխը, կազմւած լինի նա «կրթւած» թէ անկիրթ մարդկանցից, միշտ տրամադիր է կարծելու, թէ ամեն մի երեւոյթ, որին հետեւում է մի ուրիշը՝ անմիջական պատճառ է այդ յետագայ երեւոյթի:

Այդ է ամբոխի տրամաբանութիւնը եւ միայն այդ տրամաբանութեամբ կարելի է բացատրել հայոց հասարակութեան որոշ շրջաններում տարածւած այն անհեթեթ կարծիքը, թէ հայ յեղափոխականներն են հայկական սոսկալի կոտորածների իսկական պատճառը: «Post hoc, ergo propter hoc – «Այս դէպքից յետոյ, ուրեմն այս դէպքի պատճառով» – տրամաբանեց chapeau կրող ամբոխը եւ հալած իւղի պէս ընդունեց թուրք Հերովդէսի պալատից դուրս եկած եզուիտական մեղադրանքը: Չէ՞ որ հայկական կոտորածներից առաջ ո՛չ մի նորանշան բան տեղի չէր ունեցել – ոչ արեւի խաւարում, ոչ գիսաւոր աստղի ծագում – ոչի՛նչ՝ բացի յեղափոխական ցոյցերից: Ի՞նչ կասկած, ուրեմն, որ ա՛յդ ցոյցերը եղան մեր կորուստների պատճառը. թող անիծեալ լինեն այդ ցոյցերը, թող կորչեն յեղափոխականները .– խօսում է մարդկային յիմարութիւնը կամ անսրտութիւնը,– եւ ահա ձեր առաջ ներկայանում է մի երեւոյթ, որ նոյնքան գարշելի է, որքան եւ վնասակար:

Այն ժամանակ, երբ դուք՝ այնպիսի մի չարագործութեան դիմաց, ինչպիսին են հայկական կոտորածները, բռնկւած էք անսահման ցասումի սուրբ զգացմունքով միայն, այն ժամանակ, երբ հայութիւնը ջնջելու բացարձակ քաղաքականութեան դիմաց, դուք կարող էք ունենալ մի անընկճելի ձգտում միայն – ազատւել վերջապէս այսքան չարիքների միակ պատճառից – ահա այդ ժամանակ, ասում ենք, ձեր շուրջը, այս ու այնտեղ, դուք տեսնում էք հայ մարդիկ, որոնք ոտնակոխ անելով բացարձակ ճշմարտութիւնը, պատրաստ են բարին չար անւանել ու չարը՝ բարի. պատրաստ են համարեա թէ արդարացնել մարդկային պատմութեան մէջ չտեսնւած մի բարբարոսութիւն, պատրաստ են անօրինակ բռնութեան հեղինակի մեղքը փաթաթել այդ բռնութեան դէմ կռւող բանակի վզին...

«Կորած ենք հայերս», կ'ասէինք մենք համարձակ, եթէ ականատես չլինէինք սակայն, թէ ինչպէս մի կողմից տանջւած ժողովուրդը իր մաքուր բնազդով եւ միւս կողմից արեւելեան հարցին ծանօթ մարդիկ միանգամայն պարզ են համարում վերջին սարսափների պատճառները, եւ չեն ձայնակցում հայկական դպիրների ու փարիսեցիների համերգին: Դժբախտաբար կան միամիտ մարդիկ, որոնք զուրկ են այդ բնազդից ու այդ ծանօթութիւնից, եւ նրանց վրայ մասամբ ազդում է այդ հակայեղափոխական երկդիմի քարոզը: Վերջապէս հէնց այդպիսի մի քարոզի գոյութիւնը ինքնըստինքեան – հէնց այն փաստը, որ Աբդիւլ համիդի անթիւ զոհերի անարժան եղբայրները, մոռացած սուրբ վրէժը, կրկնում են այդ գահակալ դահիճի եւ նրա արբանեակների զրպարտութիւնը – այնպիսի ամօթալի երեւոյթ է մեզ համար, որ մենք ստիպուած ենք երկարօրէն ծանրանալ այդ անհեթեթ մեղադրանքների վրայ:

Բայց թող նախ եւ առաջ եւրոպացի հեղինակները խօսեն:

«Սուլթանը եւ պետութիւնները» վերնագրով իր յայտնի գրւածքի մէջ Մակ-Կօլ գրում է:

«Կոտորածները սուլթանների աւանդական քաղաքականութիւնն են կազմում եւ վերջին վաթսուն տարիների ընթացքում կրկնւել են միջին թւով ամեն 10 տարին մի անգամ... բնութեան օրէնքի կանոնաւորութեամբ...

...Ամեն անգամ, երբ քրիստոնեաները՝ չնայած իրենց անօգնութեան, սկսում էին գերազանցել միւսիւլմաններից քանակութեան, կրթութեան եւ բարեկեցութեան տեսակէտով, մահմէդական իշխանները, հետեւելով փարաւոնի քաղաքականութեան դէպի ստրուկ իսրայէլացիները, նւազեցնում էին ազգբնակութիւնը Բօլգարիայի եւ Սասունի Սիստէմով...

... Տաճիկ ցեղը, ինչպէս ճիշտ նկատում է Նասսաու Սէնեօր, արագ կերպով ջնջւում է. տաճիկ կինը շատ հազիւ դէպքում է ունենում աւելի քան երկու երեխայ... Տաճիկները գիտակցում են, որ իրենք ջնջւում են եւ չեն կարող մրցել քրիստոնեաների հետ հաւասար պայմաններում – դրանով են բացատրւում քրիստոնեաների դէմ գործ դրւած աընդհատ ճնշումներն ու պարբերական կոտորածները, որոնք միակ միջոցն են յետաձգելու տաճիկների տիրապետութեան վախճանը:

...Սուլթանը, գրում է նոյն հեղինակը մի ուրիշ տեղ, սկսել է իր սխրագործութիւնները Սասունից, եւ եթէ րէֆօրմների ծրագիրը չլինէր, գուցէ այդ կոտորածը առ ժամանակ յագեցնէր նրա արիւնռուշտ սիրտը. բայց րէֆօրմների հիմքում գրւած է հայերի եւ միւսիւլմանների թւի յարաբերութիւնը, ուստի նա վճռեց խանգարել այդ ծրագիր իրագործումը, հակառակ կողմը փոխելով այդ յարաբերութիւնը (այսինքն նւազեցնելով հայերի թիւը): Այս հանգամանքը պիտի նախատեսնէին րէֆօրմների ծրագիր կազմողները եւ ամենից առաջ նրանք պիտի հոգային – իմանալով ում հետ գործ ունին – միջոցներ ձեռք առնելու այդպիսի պատեհութեան դէմ... Բայց պետութիւնները ոչինչ չարին մարդասպանի ձեռքը բռնելու համար եւ հայերի կոտորելու հրամանը տրւեց Եըլդըզ-քեօշկից»:

Իրլանդացի Էմիլ Դիլօն, նախկին պրօֆէսօր, որ 1895 թւի սկզբում Տաճկաստան մտաւ եւ Contemporary Review ամսագրի միջոցով առաջին ճշգրիտ տեղեկութիւնները հաղորդեց Եւրոպային Սասունի կոտորածերի մասին, ասում է:

«1891 թւին՝ Բարձրագոյն Դուռը, վախնալով թէ լուրջ դժուարութիւններ կը ծագեն իր համար՝ Հայաստանում խոստացւած րէֆօրմները մտցնելուց եւ թէ Ռուսիայի սահմանակից նահանգներում բնակող քրիստոնեաները կարող են օգնել Ռուսիային պատերազմի դէպքում, վճռեց մի անգամից երկու նապաստակ սպաննել եւ կազմակերպեց բացառապէս քիւրդերից «համիդիէ» կոչուող հեծելազօրքը: Կառավարութեան մի քանի բարձր պաշտօնեաների առաջարկած ծրագիրն էր՝ ազատել սահմանակից նահանգները, օրինակ՝ Ալաշկերտը հայերից եւ փոխարինել նրանց մահմէդականներով, որպէսզի բոլոր հինգ նահանգներում հայերի թիւը այն աստիճանի կրճատւի, որ կարեւորութիւն չմնայ առանձին հայկական րէֆօրմների եւ որ պատերազմի դէպքում քուրդերը գործեն իբրեւ հակակշիռ կօզակների: Ջնջման այդ բացարձակ քաղաքականութիւնը ընդարձակւում, եւ եթէ դրան վախճան չդրւի, անկասկած, այդպիսով վերջապէս կը լուծւի հայկական հարցը...

Նշանաւոր անգլիացի Ջէյմս Բրայս գրում է.

«1878ի անցքերը մեծ ազդեցութիւն ունեցան թէ սուլթանի եւ թէ նրա քրիստոնեայ հպատակների վրայ: Բօլղարիայի ազատագրութիւնը յոյս ներշնչեց կրթւած հայերի մէջ, որ Եւրոպան իրենց համար եւս կ'անէ նոյնը, ինչ որ արաւ բօլղարների համար: Այն միտքը՝ որ հայերը Անգլիայի հովանաւորութեամբ պիտի ձգտէին մի ինքնավար Հայաստան ստեղծելու, նման Բօլղարիային, եւ որ հայերին արւած այս կամ այն զիջումները կարող էին սկիզբ լինել մի այդպիսի ինքավարութեան – այդ միտքը ամենագլխաւոր պատճառն էր, որ մղեց սուլթանին բօլղարական սարսափները աւելի մեծ չափերով կրկնելու Հայաստանում»:

Նոյն միտքն է յայտնում եւ ամերիկացի միսիօնար Գրին, որը, ինչպէս եւ Բրայս, չհամակրելով հանդերձ արտասահմանեան հայ յեղափոխական կազմակերպութիւններին, պնդում է սակայն, որ տաճիկները բաւական ճարպիկ կերպով աշխատում են դարձնել հասարակութեան ուշադրութիւնը յեղափոխականների վրայ, որպէսզի կարողանան ծածկել իրենց սեփական գործողութիւնները: Իսկ եթէ հարցնէք՝ թէ որո՞նք են այդ սեփական գործողութիւնները», Գրին մատնացոյց է անում The Independent ամերիկեան լրագիրը, ուր ասւած է.

«Այսպիսով Նէջիբ փաշան 1840 թւին (Սիւրիայի քրիստոնեաների ջարդը), Բէդէր խանը 1850 թւին (նեստորականների եւ հայերի կոտորածները Քիւրդիստանում), Խուրշիդ փաշան 1860 թւին (մարօնիտների սիւրիացոց կոտորածները Լիբանանում եւ Դամասկոսում), Շէֆկէտ փաշան 1876 թւին (բօլղարների կոտորածը) եւ Զէքի փաշան 1894 թ. (Սասունի ջարդը) – մէկը միւսի ետեւից ջանք են թափել մի ազնիւ եւ մարդասիրական գաղափարի վրայ – ազատել տաճկական կայսրութիւնը քրիստոնեայ ազգաբնակչութիւնից»:

Դառնալով հայերին՝ Գրինը՝ մի կողմից հետեւելով Բրայսին եւ միւս կողմից (ինչպէս ինքն էլ խոստովանում է) մանաւանդ Րօլլէն Ժակմէնին՝ - գրում է:

«Ասում են, որ հայերը իրենք իրենց դժբախտութիւնների պատճառ եղան, գրգռելով թուրքերին: Բայց ո՞վ գրգռեց հայերին... Նրանք տեսան, որ Բօլղարիան ազատւեց արիւնից եւ նախատական վիճակից ու ոտ դրեց ինքնաճանաչութեան եւ բարութեան ճանապարհի վրայ՝ եւրոպական պետութիւնների պաշտպանութեան ներքոյ: Միթէ կարելի՞ է զարմանալ, որ հայ ժողովրդի սրտում եւս բարձրացած յոյսեր եւ սպասելիքներ – մի այնպիսի ժողովրդի, որ բնաւ ստոր չէ բօլղարներից եւ շատ դէպքերում աւելի տաղանդաւոր... Հայ յեղափոխական գաղափարը ներկայանում է իբրեւ մի նոր  երեւոյթ այս խաղաղ եւ դարերի ընթացքում հնազանդութեամբ տաճկական լուծը կրող ժողովրդի կեանքում: Բայց դա բնական հետեւանք է այն սարսափելի կացութեան, որ նկատւում է Բերլինի դաշնագրից յետոյ, եւ այս ախտը կը դառնայ օրէցօր աւելի թունաւոր, աւելի եւ աւելի վարակիչ, մինչեւ եւրոպական բժիշկները չդիմեն խիստ ու արմատական միջոցների՝ «հիւանդ մարդու» վերաբերմամբ»:

Մօսկվայի համալսարանի պրօֆէսօր, կոմս Լ. Կամասովսկի, յենւելով արեւելեան գործերին քաջ ծանօթ յայտնի դիւանագէտ կոմս Բէնէդէտտէի կարծքի վրայ ասում է:

«Տաճիկները՝ համոզւելով, որ իրենց տիրապետութեանը ամեն կողմից վտանգ է սպառնում՝ այժմ դէպի քրիստոնեաները բացի արհամարհանքից, նաեւ կատաղի, անողորմ ատելութիւն են տածում: Իրենց կոյր զայրագնութեան մէջ, որ – աւելացնենք – միմիայն սաստկանում է Եւրոպայի անկարող եւ անվճռական միջամտութեամբ, նրանք չեն տեսնում ուրիշ ոչ մի միջոց իրենց զօրութիւնը պահպանելու եւ սպառնացող վտանգների առաջն առնելու, բայց թէ կոտորածների միջոցով քրիստոնեաներին ջնջելը: Այստեղից առաջ են գալիս քրիստոնեաների կոտորածները ամեն տեղ, ուր վերջիններս փորձում են դիմադրել տաճիկներին - Բօլղարիայում, Բօսնեայում, Հայաստանում, Կրէտէում եւայլն: Այդ սիստէմը անւանւում է «խաղաղացում» եւ մեծահոգի փատիշահի հայրական կառավարութեան վերահաստատում: Այդպիսի մի կառավարութեան դիմաց մի՞թէ կարող է խօսք լինել «օրինականութեան» մասին եւ ի՞նչ տեսակ «խաղաղասիրութեամբ» կարելի է արդարացնել նրան պահպանելու ցանկութիւնը»:

Ֆրանսական յայտնի գործիչ եւ գրող Ժան Ժօրէս հայկական հարցի մասին պարլամէնտում արտասանած իր գեղեցիկ ճառի մէջ, դիմելով արտաքին գործերու նախարար Հանօտօյի, 1897 թւի հոկտեմբեր 3-ին ասաց.

«Դուք մոռացաք աւելացնել... որ հայ յեղափոխականների վրայ ինչ դատաստան էր որ կտրենք – ապահովապէս նրանք գրգռիչներ (Provocateur) չեղան: Դուք մոռացաք յիշեցնել, որ նրանց պատասխանատւութիւնից առաջ, եթէ միայն նրանք ունէին այդպիսին – եւ ի՞նչ կարող է լինել մի քանի մարդկանց կամ մի քանի կօմիտէներու պատասխանատւութիւնը մի ամբողջ ժողովրդի նահատակութեան ու կոտորածի դիմաց – կրկնում եմ, դուք մոռացաք յիշեցնել, որ այդ մարդկանց պատասխանատւութիւնից շատ առաջ եւ նրանցից էլ վեր՝ կար սուլթանի եւ Եւրոպայի պատասխանատւութիւնը»:

Գերմանացի հայասէր Լէպցիուս, որ «Հայաստան եւ Եւրոպա» իր գրքի վերնագրի տակ գրել է՝ «Մի ամբաստանագիր մեծ պետութիւնների դէմ», մանրամասնօրէն կոտորածների խնդիրը քննելուց յետոյ, ասում է.

«Կրկնում ենք մեր հարցը – ի՞նչ բան են Հայաստանի ջարդերը, պատասխանում ենք. դա Բարձր Դրան ձեռք առած վարչական մի միջոց է, որը ուրիշ շարժառիթ եւ նպատակ չունի, բայց եթէ հայ ազգի ջնջումովը անիրագործելի դարձնել մեծ պետութիւնների պահանջած րէֆօրմները... բայց հասկանանք իրար. ինչ որ արժանի է պատսաւանքի – դա ոչ թէ այն է, որ Եւրոպայի դիւանագէտները ուզեցին իրենց ձեռքն առնել մի խեղճ ու ջարդւած ժողովրդի դատ, այլ այն՝ որ նրանք այդ արին այնպիսի մի ձեւով, որ հայերը ստիպեցին իրենց արիւնով վճարել նրանց քաղաքականութեան գինը»...

Միջազգային իրաւունքի հեղինակաւոր պրօֆէսօր բէլգիացի Րօլէն-Ժակմէն իր մէկ աշխատութեան մէջ («Հայաստան, հայեր եւ դաշնակիգիրներ») դեռ 1887 թւին, բեր ոչ մի յեղափոխական շարժման մասին խօսք չկար Եւրոպայում, գրում էր.

...«Հայկական հարցը, շնորհիւ Բերլինի դաշնագրի 61.րդ յօդւածի՝ մտաւ միջազգային դրական իրաւունքի շրջանը եւ մտաւ ոչ թէ դիւանագիտութեան քմահաճոյքով, այլ իբրեւ նախընթաց փաստերի եւ դաշինքների տրամաբանական հետեւանք: Նոյն այդ տրամաբանութիւնը պահանջում է այժմ, որ 61.րդ յօդւածը գործադրւի: Եթէ այս պահանջը չիրագործւի, եթէ այս շատ ընդունակ ժողովուրդը, որ ազգային գիտակցութիւն ունի եւ որի իրաւունքները հանդիսաւոր կերպով արդէն ընդունւած են, առաջւայ պէս անպատիժ հարստահարւի. եթէ տաճիկ կառավարութիւնը չկամենայ կամ չկարողանայ կատարել իր խոստումները, իսկ Եւրոպան մոռանայ յիշեցնել նրա այդ մասին – այն ժամանակ հայկական հարցի հետ՝ առաջին յարմար առիթով կը պատահի նոյնը, ինչ որ պատահեց րումանական, սերբիական, բօլղարական, րումէլական հարցերի հետ: Դա կը լինի մէկը այն անակնկալներից, որոնք սովորաբար առաջ են գալիս անհեռատեսութեան շնորհիւ ինչպէս դիւանագիտութեան, այնպէս էլ բժշկականութեան մէջ: Նրանք նման են այն վառ ու փոթորկալի տենդերին, որոնք – շնորհիւ այն բանի, որ սկզբում անխնամ են վերաբերւում – յանկարծ բռնկում են լափող եւ մահաբեր արագութեամբ:

-

Դիմենք այժմ եզրակացութիւններին: Ամփոփելով այդ կարծիքները, մենք տեսնում ենք, որ Մակ-Կօլ, Բրայս եւ Դիլօն Անգլիաոյմւ, Գրին Ամերիկայում, Կամարօվսկի Ռուսաստանում, Ժօրէս Ֆրանսայում, Լէպցիուս Գերմանիայում, Րօլլէն-Ժակմէն Բէլկիայում – միաձայն պնդում են, որ հայկական կոտորածների բուն պատճառներն են մի կողմից՝ տաճիկ կառավարութեան գիտակցօրէն ընդունած վճիռը՝ նւազեցնել հայերի թիւը Հայաստանում (միանգամայն անկախ յեղափոխական շարժումներից) եւ միւս կողմից՝ Եւրոպայի քաղաքականութիւնը հայերի վերաբերմամբ:

Այո՛. այդ բոլոր հեղինակաւորները ո՛չ մի տարակուսանք չեն թողում, որ սուլթանական կառավարութիւնը հայերի ջնջման ձգտլու համար ունէր աւելի խորին շարժառիթներ, քան յեղափոխական ձեռնարկներն են, ինչպէս ենթադրում է ամբոխային տրամաբանութիւնը:

Ահա այդ շարժառիթները:

Առաջին – Հաւասար եւ ազատ պայմաններում տաճիկները անկարող են մրցել հայերի հետ, որոնք գերազանցում են նրանցից կուլտուրայով, իրենց աճելութեան ուժով եւ տնտեսական յառաջադիմութեամբ:

Երկրորդ – Հայերի մտաւոր-բարոյական վերածնութիւնը մի կողմից եւ տաճկական զարհուրելի րէժիմը միւս կողմից՝ անհրաժեշտօրէն ստեղծեցին հայկական շարժումը, որի հետեւանքը եղաւ հայկական հարցը, իբրեւ Հայաստանի ինքավարութեան ծրագիր կամ առնւազն – պահանջ՝ րէֆօրմներ մտցնելու հայկական նահանգներում, որ ուրիշ ոչ մի կերպ չեն հասկանում տաճիկները, բայց եթէ Թիւրքիայի ջլատում:

Երրորդ – Հայկական նահանգները սահմանակից են Ռուսաստանին – տաճիկների համար այդ ամենավտանգաւոր թշնամուն. խոստացւած րէֆօրմները կարող են առիթ տալ ռուսների միջամտութեան, որ հաւասար կը լինի հայկական նահանգների գրաւման, մանաւանդ որ պատերազմի ժամանակ հայերը կարող են մեծ ծառայութիւններ մատուցանել ռուս զօրքերին:

Այդ մէկ: Իսկ ինչ վերաբերում է միւս հիմնական պատճառին – այն է՝ Եւրոպայի քաղաքականութեան, նոյն հեղինակները միեւնոյն ներդաշնակութեամբ պնդում են, որ Եւրոպան իր վրայ վերցնելով հայերի վիճակը բարւոքելու պարտականութիւնը, դրանով Թուրքիայի ամբողջութեան կամ գերիշխանութեան առաջ բացեց երկուղի մի մեծ դուռ, բայց միաժամանակ ոչ միայն ոեւէ ազդու քայլ չարաւ յօգուտ հայերի, այլ շնորհիւ իր եսամոլ, նախանձոտ ու ոճրագործ ընթացքին, միանգամայն ապահովեց Մեծ Մարդասպանին՝ իրագործելու հայկական կոտորածների դժոխային ծրագիրը...

Եթէ մենք ճիշտ ամփոփեցինք օտար հեղինակների մատնացոյց արած պատճառները, ապա հարցնում ենք – ի՞նչ մաս ունեն այդ պատճառների մէջ հայ յեղափոխականները, որոնց մեղադրում է այսօր ամբոխային տրամաբանութիւնը:

Միթէ՞ նրանց քարոզների շնորհիւ էր, որ հայ ժողովուրդը սկսեց գերազանցել տաճիկներից իր աճելութեան ուժով, տնտեսական յառաջդիմութեամբ, կուլտուրայով...

Միթէ՞ նրանք ստեղծեցին հայերի մէջ մտաւոր շարժում, առաջ բերին ազգային ինքնաճանաչութիւն, ազատեցին Բօլղարիան եւ հիմք դրեցին «հայկական հարցին»...

Միթէ՞ նրանք թշնամացրին Ռուսաստանը Թիւրքիայի հետ կամ մօտեցրին դրանց սահմանները, կպցնելով Փոքր Ասիան Կովկասին...

Միթէ՞ նրանք խրախուսեցին Եւրոպայի անտարբերութիւնը, շահասիրութիւնը, մարդակերութիւնը...

Կարծում ենք թոյլ կը տրուի մեզ պատասխանել՝ ո՛չ:

Բայց այդ բաւական չէ: Հայ յեղափոխականները ոչ միայն մաս չունին կոտորածների այդ իսկական պատճառներում, այլեւ – խորին համոզմունքով պնդում ենք – նրանք իրենք, ամբողջ հայ յեղափոխական շարժումը ոչ այլ ինչ է, եթէ ոչ նոյնպէս մի անհրաժեշտ բնական հետեւանք միեւնոյն տնտեսական ու պատմական-քաղաքական պատճառների:

Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Ապրիլ 1900
Թիւ 3 (104)

II

Բայց եթէ յեղափոխական շարժումը չի կարող պատճառ համարւել հայկական կոտորածների, նա գուցէ այս կամ այն դէպքում ծառայել է իբրեւ առիթ, իբրեւ պատրւակ այդ կոտորածները սկսելուն, ինչո՞ւ ուրեմն տալ առիթ կամ պատրւակ, կարող է ասել ընթերցողը, ինչպէս ասում են շատերը եւ դրանց թւում – թէեւ երբեմն շատ ծուռ ու մուռ ձեւերով – նոյնիսկ մի քանի հայասէր եւրոպացիներ: Քննենք հարցը եւ այս տեսակէտից:

 

Ով սովոր է հասարակական երեւոյթները քիչ-շատ կանոնաւոր կերպով ընդհանրացնելու, ի հարկէ, գիտէ, թէ որքան ուժեղ է իրերի ընդհանուր հոսանքը պատմական առանձին դէպքերի, առանձին անցքերի դէմ. նա գիտէ, որ տարիներն ու տասնեակ տարիները, որոնք կարող են նշանակութիւն ունենալ անհատի կեանքում, պատմութեան մէջ մի մի վայրկեաններ են լոկ, որոնց հիման վրայ դժւար է ոեւէ գուշակութիւն անել. նա գիտէ, թէ ո՛րքան անիմաստ է ամբոխային տրամաբանութեան սովորական ընթացքը – ամեն երեւոյթ դատել այն անմիջական տպաւորութիւնների համեմատ, որ ստանում է անհատը կեանքի այս կամ այն հարւածներից. նա գիտէ,  ի՛նչ է նշանակում խօսել «առիթի» կամ «պատրւակի» մասին այնտեղ, ուր կան ներքին, հիմնական պատճառներ:

Ահա այդպէս վերաբերւելով կեանքի պատմական ելեւէջներին, մենք մեզ համար միանգամայն պարզ ենք համարում հետեւեալ չորս դրութիւնները:

  1. Երբ կան հիմնական պատճառներ ո՛եւէ երեւոյթի առաջ գալու համար – առանց ակներեւ «առիթի» էլ երեւոյթը զարգանում է:
  2. Երբ չկան հիմնական պատճառներ – նոյնիսկ խոշոր դէպքերն էլ «առիթի» նշանակութիւն չեն ստանում:
  3. Երբ կան հիմնական պատճառներ – հարկաւոր դէպքում «առիթ» կամ «պատրւակ» երբեք չի պակասիլ:
  4. Երբ կան հիմնական պատճառներ – դրանց դէմ կռւող բոլոր միջոցները ոչ միայն վնասակար չեն կարող լինել, այլեւ միանգամայն անհրաժեշտ հակակշիռ պիտի համարւեն:

Այս կէտերի համաձայն էլ մենք կը դասաւորենք մեր ասելիքը:

 

Բոլորիս յայտնի են այն կատաղի հալածանքները, որ վերջին տարիներին ռուս կառավարութիւնը յարուցել է հայերի դէմ: Մեզ համար այդ ամենը շատ հասկանալի է այն տեսակէտից, որ հայ տարրը վերջին ժամանակներս տնտեսապէս եւ մտաւորապէս ուժեղանում էր Կովկասում, իսկ ռուսական անընդունակ բիւրօկրատիան եթէ շատ բան էլ չի հասկանում, քոնէ այդքան հասկանում, որ իր սեփական ուժը պահպանելու հիմնաքարը – հպատակների թուլութիւնն է: Նոյն տեսակէտից մեզ համար միանգամայն պարզ են նաեւ հրէաների պարբերական ջարդերը հարաւային Ռուսաստանում եւ մի շարք ուրիշ երեւոյթներ: Բայց հարցնում ենք. ի՞նչը «առիթ» տւեց այդ բոլորին: Որ հրէաները իբրեւ մի ամբողջութիւն, ամեն բանով հետաքրքրւում են, բացի քաղաքական հարցերից – այդ յայտնի է ամբողջ աշխարհին: Որ հայերը ռուսաստանում ամենախոնարհ կերպով համակերպում են կառավարութեան բոլոր հարւածներին – այդ եւս ստոյգ է. ռուսաց կառավարութեան բոլոր խուզարկութիւններն ու ձերբակալումները, գաղտնի հսկողութիւններն ու բազմաթիւ քննութիւնները երբէք չկարողացան այդ կառավարութեան դէմ ո՛եւէ ագիդացիայի, ո՛եւէ գաղտնի գործունէութեան հետքեր գտնել: Կարո՞ղ է միթէ խօսք լինել սրանից էլ աւելի «խոհեմութեան», «զգուշութեան», «շրջահայացութեան» մասին: Եւ սակայն հայերին Կովկասում հալածում են, հալածում են անվերջ, ամենաանսիրտ, ամենատխմար կերպով: Բայց երեւակայեցէ՛ք, ընթերցող, ի՛նչ կը լինէր, եթէ մէկը ձեզնից կովկասեան հայ դպրոցների առաջին փակման միջոցին, այսինքն 1885-ին, չտանելով կառավարութեան բարբարոս կարգադրութիւնը՝ վճռէր ռուսահայերի մէջ այդ առթիւ առաջացած ընդհանուր զայրոյթի արտայայտութիւնը լինել եւ հայոց դպրոցներից մէկի կամ միւսի շէմքում տեղնուտեղը փռէր ռուս պաշտօնեաներից ոեւէ Կիրիլլօվի կամ Պետրօվի դիակը... կարո՞ղ էք մի վայրկեան անգամ տարակուսել, որ այդ դէպքում յետագայ բոլոր հալածանքների «պատճառ», «առիթ», «պատրւակ» – ինչ կամենում էք – պիտի համարւէր այդ դիմադրութեան դէպքը: Եւ ո՞վ գիտէ, կը բաւականանա՞ր արդեօք ամբոխային տրամաբանութիւնը միմիայն Ռուսաստանով, թէ Լօբանովների քաղաքականութեան (հայոց հարցը վերաբերմամբ) սկզբնապատճառն էլ նոյն այդ «սոսկալի» դէպքը պիտի համարէր... նոյնը ի հարկէ, կը լինէր հրէաների մէջ, եթէ այնտեղ էլ ոեւէ հակակառավարչական գոյն ունեցող իրողութիւններ տեղի ունենային: Ահա ուրեմն հալածանքների եւ ջարդերի կենդանի օրինակներ, որոնց համար ի զուր կը լինէր ոեւէ ակներեւ «առիթ» փնտռելը:

  Բայց անցնենք Թուրքիային:

1880 թւի սեպտեմբեր 11-ին Բ. Դրանը ներկայացրած ընդհանուր մի ծանուցագրի մէջ վեց պետութիւնները, ի միջի այլոց պնդում են.

«Հէնց այն դարձւածները, որոնցմով Բ. Դուռը իրեն իրաւունք է համարում խօսել հայբնակ նահանգներում կատարուած յանցանքների մասին, ապացուցանում են, որ Դուռը չի ընդունում այն անիշխանութիւնը, որ տիրում է այդ նահանգներում, ոչ էլ իրերի դրութեան լրջութիւնը, որը եթէ շարունակուի, հաւանօրէն պիտի առաջացնէ քրիստոնեաների ջնջումը այդ լայնատարած նահանգներում»:

Ռուս սպայակոյտի գնդապետ Կարցով՝ Ռուսաց աշխարհագրական ընկերութեան յիշատակարաններում «Քրդեր» վերնագրով իր մի յօդւածի մէջ բերում է հետեւեալ փաստը:

  «1880 թւին Վանում տեղի ունեցաւ քիւրտ ցեղապետների մի համագումար (գլխաւոր խորհուրդը իսկապէս կայանում է Շամդինանում): Ասում են, որ տաճիկները գաղտնի առաջարկեցին նրանց՝ վերջնականապէս ոչնչացնել Քիւրդիստանում դեռ եւս մանցած հայերին: Ոչ մի անկարելի բան չկայ այսպիսի մի առաջարկութեան մէջ, եթէ ի նկատի ունենք, որ այն ժամանակ նոր էր հրատարակւած հայերին ինքնավարութիւն խոստացող 61.րդ յօդուածը: Չնայելով իրենց ատելութեան եւ արհամարհանքին դէպի հայերը, քիւրդերը սակայն չընդունեցին այդ առաջարկը, ինչպէս պատմում են, այն պատճառով, որ պետերից մէկը նկատեց «Երբ մենք կը ջնջենք հայերին՝ տաճիկները մեզ վրայ կը յարձակւեն»:

Փաստը միանգամայն ճիշդ է, եւ իր ժամանակին 900 հայեր Վանում ընդհանուր ստորագրութեամբ բողոքեցին կառավարութեան այդ ծրագրի դէմ: Բայց, ինչպէս տեսնում է ընթերցողը՝ թէ վեց պետութիւնների հաւաքական ծանուցագիրը, որը նախատեսում էր հայերի ջնջումը առանց սակայն կանգ առնելու համար հարկաւոր ոեւէ «առիթի» վրայ եւ թէ հայերին ջնջելու ծրագիրը ու դրա իրագործման համարձակ փորձերը տեղի են ունեցել մի այնպիսի ժամանակ, երբ որքան մեզ յայտնի է, հրապարակի վրայ գոյութիւն չունէր ո՛չ մի հայկական յեղափոխական կազմակերպութիւն:

Ո՞ւր մնացին ուրեմն յանցապարտ «առիթները»...

 

Անցնեք մեր վերը բերած չորս գրութիւններից երկրորդին:

Գաղտնիք չէ, որ թիւրք ազգաբնակութիւնը Կովկասում մի օրրան է ամենասոսկալի աւազակութիւնների, որ թիւրք աւազակների անթիւ խմբերը Կովկասի մէջ կազմում են երկրորդ կառավարութիւն, որ նրանք երբեք չեն խնայում ռուս ոստիկանութեան ներկայացուցիչներին՝ աջ ու ձախ գնդակահարելով նրանց, եւ մինչեւ իսկ փորձեր են արել գերի վերցնելու գաւառապետներ եւ նոյնիսկ նահանգապետ: Յայտնի է նոյնպէս, որ նոյն ռուս կառավարութիւնը կովկասեան ազգերից թիւրքերին սիրում է բոլորից աւելի: Զարմանլի չէ՞: Թիւրքերը երկիրը անիշխանութեան են մատնում, կոտորում են իրենց ետեւեից գնացոծ մանր ու խոշոր պաշտօնեաներին, ամեն տեղ իրենց հայրենակիցների մօտ գտնում են ապաստան եւ պաշտպանութիւն, սպառնում են մի գեղեցիկ օր երկիրը թողնել առանց կառավարիչների, բայց եւ այնպէս ռուսները այսօր հոգեզմայլ քնքշութիւն են տածում դէպի թիւրքերը, փոխանակ... փոխանակ նրանց ջարդելու, ինչպէս պիտի հետեւէր ամբոխային սովորական աշխարհահայեացքից: Նոյն երեւոյթը տեղի ունի Տաճկաստանում քրդերի վերաբերմամբ: Շատ տեղ եւ շատ վաղուց քիւրդ աշիրէթները թշնամական, անկախ դիրք են բռնել տաճիկ կառավարութեան դէմ. բայց այն օրից, երբ վերջինս համոզւեց որ քրդական ցեղերը իրենց ներկայ վիճակում եւ սեփական ուժերով միայն՝ անկարող են «Քիւրդիստան»ը վերականգնել, նա ո՛չ միայն այլեւս չի հալածում քրդերին, այլ, ինչպէս գիտենք, նրանց վրայ է հիմնում հարկաւոր դէպքերում իր ուժը: Ի՞նչ եզրակացութիւն կարող ենք հանել այս երեւոյթներից.– այն, որ քանի դեռ թիւրքերն ու քիւրդերը Կովկասում եւ Տաճկաստանում գտնւում են իրենց այժմեան տնտեսական դրութեան եւ կատարեալ տգիտութեան մէջ, նրանց ներւում են եւ դեռ շատ երկար ժամանակ պիտի ներւին հազար ու մի տեսակ «առիթներ»...

 

Լօրդ Ստրատֆօրդ դէ Րէդկլիֆ, որ համարւում է Տաճկաստանի ալւ բարեակմներից մէկը, իր «Արեւելեան խնդիրը» վերնագրով աշխատութեան մէջ ասում է.

  «Տաճկաստանը թոյլ է, մոլեռանդ եւ վատ է կառավարւում... Արեւելեան հարցը մի փաստ է, մի իրականութիւն, որ ձգձգւում է անվերջ... Դա մի հրաբուխ է.... որի ժայթքումները կրկնւում են յաճախ, բայց այդ ժայթքումների առիթները անորոշ են եւ ազդեցութիւնը աւերիչ... Միթէ 1860 թւին Սիւրիայում տեղի ունեցած կոտորածը մեզ համար անսպասելի չէ՞ր... Ունե՞նք արդեօք ոեւէ լուրջ հաւաստիք, որ չեն կրկնւելու միեւնոյն սարսափները, միեւնոյն անխուսափելիութիւնը եւ նոյնանման դէպքերը... Տաճկական կայսրութեան արդի դրութիւնը որոշւում է նրա դէպի կատարեալ անզօրութիւն տանող բնական ընթացքով.... Մենք չգիտենք, արդեօ՞ք շուտով եւ որտե՞ղ կրկին կը ժողվեն անգղներին նոր կոտորածները կամ խռովութիւնները»:

«Ժայթքումները կրկնում են յաճախ», «առիթները անորոշ են», «դէպքերը անսպասելի» – ասում է Ստրատֆօրդ ու անցնում, որովհետեւ այդ ամենը բղխում  Տաճկաստանի դրութեան «բնական ընթացքից» որովհետեւ երբ մի պետութեան կեանքում գոյութիւն ունեն որոշ հիմնական պայմաններ, նրանք անդառնալի կերպով այսօր թէ վաղը պիտի առաջացնեն նաեւ իրենց ճակատագրական հետեւանքները բոլոր հարկաւոր ու ոչ հարկաւոր՝ բոլոր որոշ ու անորոշ «առիթ-պատրւակներով» հանդերձ:

Եւ իրա՛ւ: Մենք արդէն տեսանք, որ սուլթան Ապդիւլ համիդ իր հայաջինջ ծրագիրը գործադրելու համար ջանքեր էր անում դեռ 1880 թւին, երբ ըստ երեւոյթին հայերի կողմից «առիթներ» չէր տրւած: Բայց մի՞թէ, եթէ այդ էլ չգիտնայինք, երբեւիցէ տաճիկ կառավարութեան համար պիտի պակսէին «առիթ-պատրւակները»:

1880 թւի մայիսին հիւպատոս Էվէրստ հեռագրում էր անգլիական կառավարութեան.

  «Եթէ մի տարի առաջ (1879) չկար ոչ կեանքի, ոչ գոյքի ապահովութիւն, այժմ այդպիսի ապահովութիւն աւելի քիչ կայ: Եթէ առաջները աղքատութիւն կար, այժմ, աւելի է, արդարադատութեան նշոյլ անգամ չկայ, իսկ յանցանքները, կաշառակերութիւնը եւ բռնութիւնները աւելցած են... Ամբողջ ազգաբնակչութիւնը կատարեալ յուսահատութեան մէջ է եւ այժմ աւելի յաճախ, քան առաջ, վրդովիչ փաստերը առաջ են բերում անկարգութիւններ եւ տեղական խռովութիւններ, մինչեւ անգամ առանց մասնաւոր փոխադարձ համաձայնութեան եւ նախամտածութեան խեղճ ռայաների կողմից, որոնք համբերութեամբ տանում էին բազմադարեան բռնութեան ճնշումը»:

Ընթերցողին խնդրում ենք ուշադրութիւն դարձնել այս «առանց փոխադարձ համաձայնութեան եւ նախամտածութեան» դեռ 1880ին առաջացող «տեղական անկարգութիւնների եւ խռովութիւնների» վրայ. հրաւիրում ենք նրան ծանօթանալ հիւպատոս Կլէյտօնի մի հեռագրի հետ, ուր նա նկարագրում է մի ինչ որ բինբաշու հարստահարութիւնների պատճառով ծագած այդ տեսակ խռովութիւններից մէկը (Կապոյտ գիրք, 1881), յիշեցնում ենք նրան, որ Տաճկաստանում լապտերներով չպէտք է փնտռել «վրդովիչ փաստեր», առաջարկում ենք մտաբերել 1880ի Վանի բողոքագիրը. խնդրում ենք ի նկատի առնել, որ հայ ժողովուրդը այնքան ստորնացած չէր, որ միշտ լռութեամբ տանէր իր դժոխային դրութեան ամբողջ ծանրութիւնը – եւ այս բոլորից յետոյ կրկնում ենք մեր հարցը. մի՞թէ իրաւ որ հայկական հալածանքների համար «առիթներ» պիտի պակսէին Հայաստանում, եթէ յեղափոխական կազմակերպութիւնների գործունէութիւնը չլինէր:

Վերջապէս հայկական անօրինակ աղէտների համար անպատճառ «առիթներ» որոնողներին կ'առաջարկէինք փոքր ինչ կանգ առնել նաեւ ուրիշ կարգի մի շարք երեւոյթների վրայ, որոնք հայ ժողովրդի թոյլ ցնցումների դիմաց գուցէ, աւելի մեծ, աւելի նշանաւոր «առիթներ» համարւեն:

Այդպէս՝ հայկական հարցով հետաքրքրւող բոլոր հեղինակները պնդում են, թէ տաճիկ կառավարութիւնը շատ լաւ գիտէր, որ հայ ժողովուրդը ապստամբութեան համար չունի «ոչ փող, ոչ զէնք», եւ այդ պատճառով հայերի յեղափոխական ձգտումներից նա երբէք երկիւղ չունէր: Հայկական հարցը վտանգաւոր էր Տաճկաստանի համար – ասում են միեւնոյն հեղինակները – այն տեսակէտից, որ խնդրի հետ կապւած էր եւրոպական միջամտութիւն – մի հանգամանք, որ միշտ սոսկում է ազդել թիւրքերի վրայ: Եթէ մի րոպէ ընդունենք այդ տեսակէտը, այն ժամանակ պէտք է ընդունենք նաեւ, հայ յեղափոխական ձեռնարկների հետ չեն կարող համեմատւել իրենց աւելի գրգռիչ ազդեցութեամբ ոչ 1879 թւին Անգլիայում ծագած ծովային ցոյց անելու միտքը, ոչ մեծ պետութիւնների բազմաթիւ անգամ կրկնած պահանջները, որ Սասունի քննիչ յանձնաժողովը, ոչ բարենորոգումների ծրագիրը եւ ոչ էլ նոյնիսկ Մեծ Ծերունու շանթող լեզուն, որի ուժը սուլթան Համիդ զգացել էր դեռ 1876 թւին:

Ահա թէ ինչ են ասում այդ կարգի երեւոյթների մասին մի քանի հեղինակներ: Դօկտօր Լէպցիւսի գրքում կարդում ենք.

  «Հայ ազգաբնակութեան ջնջման այդ ծրագիրը արդէն տարիներից ի վեր պատրաստւած էր: Եւ այդ ջնջման գործը կատարելու համար նշանակւած գործիքները խորին լռութեան մէջ աշխատում էին, երբ Դուռը հարկադրւեց՝ Հայաստանի մէջ ռէֆօրմներ մտցնելու ստիպողական պահանջի պատճառաւ՝ արագացնել այդ շարժումը: Այն ժամանակ նա որոշեց, ամբողջ Եւրոպոան իր դէմ ոտքի հանելու վտանգին տակ՝ մէկ հարւածով բնաջինջ անել հայ ազգը եւ վերջ դնել այդ ատելի քրիստոնէութեան, որ անդադար Եւրոպայի համակրութիւններն էր գրգռում: Ջարդերը կատարուեցին մի յայտագրի համաձայն, որի մէջ տեղերը, վայրկեանը, զոհերի ազգութիւնը եւ մինչեւ անգամ սպանութիւնների ու թալանի եղանակը նախատեսնւած էին»:

Նոյն հեղինակը մի ուրիղ տեղ.

  «Մի բարձր թիւրք պաշտօնեայ՝ խօսելով հայկական հարցի մասին՝ հետեւեալ կարծիքն է յայտնել. մի խաբւիք կառավարութեան այն անմիտ տեղեկագիրներով, որոնք ճիգ են թափում՝ կոտորածների մեղքը հայերի վրայ ձգելու: Կառավարութիւնը հայերին պատժելու համար մի նախագծած ծրագիր ունէր. սուլթանը զայրացած էր, որ իրեն ստիպում էին ռէֆօրմներ տալու եւ դրա համար ռէֆօրմների ծրագիրը ստորագրուելուց յետոյ նա հրաման տւեց ջարդել հայերին՝ իր զօրութիւնը ցոյց տալու համար»:

Ականջ դնենք եւ Դիլօնին.

  «Անկողմնակալ դիտողը, որ ծանօթ է Տաճկաստանի եւ նրա բնակիչների սոսկալի դրութեանը... համարձակ պիտի պնդէր, որ հրապարակային ժողովների մէջ համակրութեան արտայայտութիւնները, որոնց հետեւում է կատարեալ անգործութիւն, ոչ միայն աւելի վատ են, քան իրական օգնութիւնը, այլ դրականապէս վնասակար են... Աւելի լաւ չէ՞ր՝ լռէինք բոլորովին Սասունի կոտորածների առթիւ եւ աչքներս փակէինք մահու սարսափների առաջ, քան կատաղութեան չափ գրգռէինք տաճիկին (քննիչ մասնաժողով ուղարկելով) եւ ապա թողնէինք նրան կատարելապէս ազատ՝ իր չարութիւնը քրիստոնեաների գլխին թափելու»...

Ահա թէ ինչ է ասում եւ Լաուէր՝ ամերիկացի միսիօնէր Գրինի գրքի առաջաբանում:

  «Իմ համոզմունքն է, որ այդպիսի փոփոխութիւններ (բարեփոխում Տաճկաստանի) ներկայումս կարող են ձեռք բերւել, եթէ քաղաքակիրթ աշխարհում արդէն առաջ եկած հետաքրքրութիւնը արտայայտւի խելացի եւ վճռական գործողութեամբ: Յոյսս դրած այդպիսի գործողութեան վրայ, ես հրատարակում եմ այս փոքրիկ դիրքը: Եթէ իմ յոյսը չարդարանայ, ապա այս գիրքը, – ինչպէս եւ տաճկական տիրապետութեան զոհերի օգտին տեղի ունեցող ամբողջ ագիտացիան – միայն աւելի կը սաստակցնի ճնշումը»:

Տեղի չէ, ի հարկէ, այստեղ ասելու, թէ որքան իրաւացի է՝ Գրինի գրքի հրատարակութիւնը «խելացի եւ վճռական գործողութեան» համար աւելի նպաստաւոր հանգամանք նկատել, քան հայ յեղափոխականը կարող էր համարել իր ռումբը, որով նա որոտում էր Թուրքիոյ սրտում. փաստերը արդէն կատարւել են. գիրքը հրատարակւել է, ռումբն էլ պայթել – երկուսն էլ «յոյսերը դրած քաղաքակիրթ աշխարհի խելացի եւ վճռական գործողութեան վրայ»... Տեղը չէ նաեւ քննել, թէ ո՞ր չափով արդար է Դիլլօնը, «վնասակար գտնելով Անգլիայի միջամտութեան փորձերը: Մեզ համար հետաքրքիրը այն է, որ հետեւելով այդ հեղինակներին, մենք պիտի համարենք սուլթանին գրգռելու մի խոշոր «առիթներ» նաեւ ռէֆօրմների ծրագիրը, դեսպանների դիմումները, պարլամէնտական հարցապնդումները, Սասունի քննիչ մասնաժողովը, հայոց դատին նւիրւած բոլոր համակրական միտինգները, հրատարակութիւնները եւայլն, եւայլն: Գուցէ այդ այդպէս էլ է – մենք չգիտենք, բայց և ա յնպէս փաստն այն է, որ մենք դեռ չենք պատահել մի հայի, որը չուզենար հայկական հարցը միշտ յուզւած տեսնել Եւրօպայի մէջ. մենք դեռ չենք լսել եւ ոչ մի ձայն, որը ուղղուած լինէր մեր անբախտ ժողովրդի վիճակին արձագանք տւող ոեւէ քայլի դէմ, որ անշահախնդրաբար արել են օտարները: Եւ ո՞ւմ բերանը կը բացուէր այդպիսի մի դատապարտութեան համար: Սակայն տեսնում է՞ք, որ շատ յարգելի անձնաւորութիւնների կարծիքով, այդ բոլորը նոյնպէս կարող էր «առիթ» ծառայել.... Այո՛, ընթերցող, երբ կան հիմնական պատճառներ, խնդրի հետ կապուած ամեն մի երեւոյթ ինքնըստինքեան «առիթ» կամ «պատրւակ» կարող է համարւել, եւ դրանով չէ, որ չափւում է երեւոյթի նշանակութիւնը:

Դա լոկ մեր տեսակէտը չէ, այլ պատմական մի ճշմարտութիւն:

Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Ապրիլ 1900
Թիւ 3 (104)

III 

Մենք արդէն ցոյց առինք հայկական աղէտների հիմնական պատճառները եւ այսպէս կոչւած առիթ կամ ապատրւակների դերը այդաղէտների մէջ: Ժխտելով միանգամայն, թէ հայ յեղափոխական շարժումը մեր անհամար կորուստների հիմնական պատճառների շարքում ոեւէ տեղ է բռնում, մենք ցոյց տւինք նաեւ, որ այդ շարժումը նոյնիսկ առիթ կամ պատրւած համարւել կարող է միմիայն սահմանափակ, պայմանական մտքով – նոյնչափ, որչափ առհասարակ հայ ժողովրդի ազատության խնրի հետ կապ ունեցող ամեն մի, թէկուզ, շատ ցանկալի, թէկուզ բոլորից ջատագովւող երեւոյթ:

Այդպիսով պարզւում է մեզ համար, որ այն բոլոր գանգատները, որոնք այսօր ծանրանում են յեղափոխական շարժման կամ ձեռնարկների վրայ, իբրեւ կոտորածների պատճառ կամ առիթ – իսկապէս ոչ այլ ինչ են, եթէ ոչ ամբոխային տրամաբանութեանը յատուկ խառնիճաղանճ ճիչեր, որոնք անխուսափելի են դառնում, երբ մարդիկ կամ անընդունակ են ըմբռնելու այդ շարժման ամբողջ նպատակայարմարութիւնը եւ կամ գաղափար չունեն նրա զարգացման համար անհրաժեշտ պայմանների մասին: Հազար ու մի տեսակ ձեռնպահութիւններ, պայմանական համաձայնութիւններ, «թէեւ» ու «բայց»երի հետ համեմաւած համակրութիւններ կամ հակակրութիւններ – դրանք բոլորը խղճուկ մտքի արտայայտութիւններ են, որոնց տակ թագնւում է կամ փափուկ կեանքի սիրահար հակայեղափոխականի դժգոյն ու անտարբեր դէմքը կամ թէ եսամոլ իմաստակի աղքատիկ հոգին: Հարցերը ուրեմն այդպէս էլ դնենք – այսինքն տեսնեն:

  1.     Որքա՞ն անխուսափելի, որքան բնական եւ միաժամանակ որքան ցանկալի էր հայ յեղափոխական շարժումը, եւ
  2.     Որքա՞ն նպատակայարմար էր նրա գործնական ընթացքը կամ ուրիշ խօսքով՝ նրա ընդունած տակտիկան անմիջական կռւում:
Սկսենք առաջին կէտից:
Տաճկական կեանքի իսպառ անբարոյականացած, անսահման տգէտ ու մոլեռանդ մթնոլորտե կապուած այն ընդհանուր ատելութեան եւ մշտական վտանգի զգացումների հետ, որոնք միշտ դեր են խաղացել տիրող տաճիկների եւ քրիստոնեաների յարաբերութիւններում, վաղուց դրել էր Թիւրքիայի ժողովուրդներին այնպիսի հակակուլտուրական պայմանների մէջ, ուր ամենավայրերնի հալածանքներ, անօրինակ հարստահարութիւններ, ստրկական իրաւազրկութիւն, կատարեալ անապահովութիւն, աղքատութիւն պանդխտութիւն եւայլն դարձել էին մշտնջենական երեւոյթներ նրանց կեանքում: Եւրօպական պետութիւններ աչքածակութիւնը դէպի քայքայւող Թիւրքիան լրացնում էր երկրի խառն, անապահով, տագնապալից ներքին կեանքը – եւ ահա տաճկահպատակ քրիստոնեաների համար ստեղծւել էր իրերի մի դրութիւն, որի ճնշման տակ նրանք օրէցօր, ժամէ-ժամ բարոյապէս աւելի եւ աւելի պիտի ընկնէին, տնտեսապէս թշւառութեան հասնէին, մտաւորապէս յետադիմէին, քաղաքականապէս ջնջման սիստէմի մշտական առարկայ լինէին:

Այդ էր պատճառը, որ տաճկական բռնութեան տակ հեծող Յունաստանը յուզւում էր դեռ 18-րդ դարիցսկսած. այդ էր պատճառը, որ Կրէտէ, Լիբանան, Սերբիա, Չերնօգօրիա, Ռումանիա, Բօսնիա, Հերցեգօվինա, Բօլղարիա կռուելով, ոմանք հարիւր տարուց աւելի, ոմանք պակաս, իրենց մեծաքանակ զոհերի գնով միանգամայն ապացուցեցին, թէ որքան անտանելի էր տաճկական լուծը «խաղաղ» կեանքով ապրելու համար: Նոյն պատճառն էր, որ դեռ 1774 թւին, ռուսաց կայսրուհի Եկատերինա Բ.ի օրով՝ Քիւչիւք-Քայնարջիի դաշնագիրը դրեց տաճկահպատակ սլաւօններին ռուսաց կառավարութեան պաշտպանութեան տակ: Նոյն այդ պատճառովն էր, որ դեռ 1815 թւին ռուս կառավարութեան մի ծանուցագիր եւրոպական պետութիւններին առաջարկում էր Եւրօպայի ընդհանուր հովանաւորութեան տակ դնել տաճկահպատակ քրիստոնեաներին: Նոյն այդ պատճառովն էր, որ Անգլիա, Ֆրանսա, Աւստրիա եւ Պրուսիա 1854 ապրիլ 9-21ին հաւաքական արձանագրութեամբ պահանջում էին «տաճկահպատակ քրիստոնեաների քաղաքական եւ կրօնական իրաւունքների ապահովում» – մի պահանջ, որ քիչ յետոյ, 1856 թւի մարտ 30-ին, Պարիզի դաշնագրում 9-րդ յօդւածը դարձաւ, իսկ 1860 թւի »գոստոսի 3-ին իրաւունք տւեց Աւստրիային, Պրուսիային եւ Ռուսաստանին՝ կրկին առանձին արձանագրութեամբ, պարտաւորել Տաճկաստանին՝ «ընդունելու լուրջ վարչական միջոցներ՝ օսմանեան կայսրութեան ամեն դաւանութեան քրիստոնեաների կացութւնը բարելաւելու համար»: Եւ այդպէս շարունակ՝ մինչեւ աւստրիական մինիստր կոմս Բէյստի առաջարկութիւնը 1867 թւին – բոլոր տաճկահպատակ քրիստոնեաներին տալ սահմանադրութիւն – եւ վերջապէս մինչեւ Բերլինի դաշնագիրը:

Նիւթի հանրածանօթ լինելը ստիպում է մեզ չծանրանալ յատկապէս հայ ժողովրդի նախայեղափոխական «երջանիկ» դրութեան նկարագրութեան վրայ:

Հարիւր հազարաւոր գաղթումներ սկսած 18րդ դարից, բռնի գաղթականութիւն ռուսաց սահմանակից նահանգներից դէպի Տաճկաստանի խորքերը (Սերգէյ Գլինկա – «Հայերի գաղթականութիւնները») հարիւրաւոր գիւղերի ու վանքերի հողերի յափշտակում (1872 եւ 1876 թւի պատրիարքական տեղեկագիրներ). հարիւրաւոր ուրիշ գիւղերի կատարեալ աւերում (Կապոյտ գիրք 1880 թ.) մասնակի կոտորածներ եւ հայերի ջնջման բացաայտ ծրագիր (Բայազէդ 1877 թ., Զէյթուն ու Քեամիլ փաշա 1879 թ. եւայլն), բազմաթիւ գաւառների բռնի իսլամացում (մանաւանդ Կարինի եւ Տրապիզոնի նահանգներում). կամաւոր կրօնափոխութիւն դէպի կաթօլիկութիւն ու բողոքականութիւն՝ նիւթական նպաստներ կամ օտար պետութիւնների հովանաւորութիւն ձեռք բերելու ակնկալութեամբ (ամբողջ թիւրքաց Հայաստանը). պարբերական սով տասնեակ հազարաւոր զոհերով (1880 թ.) հարիւր հազարաւոր չէրքէզների, տաճիկների, լազերի, քրդերի եւ թարաքամանների Հայաստանի եւ Փոքր Ասիա տեղափոխելը – ահա նախայեղափոխական «երջանիկ» դրութեան մեծաքանակ «բարիքները» ահա այդ դժոխային դրութեան սոսկալի արտայայտութիւնները: Եւ այս բոլորի հետ ընթանում էր հայ ժողովրդի առօրեայ կեանքը – մշտական երկուղի, անպատւութեան ու անվերջ զրկանքների այդ դժբախտ առարկան:

Բայց տեղ տանք օտար հեղինակների մի քանի ընդհանուր դիտողութիւններին եւս:
  «Դեռ 1885 թւին, ասում է Բրայս, գէնէրալ Սըր Ֆ. Վիլհէլմ գրում էր, որ հայկական նահանգները ըստ ամենայնի տառապում են սիստէմական անարգ հարստահարութիւնների տակ, եւ բնորոշում էր թիւրք կառավարութիւնը իբրեւ բռնակալութեան մի այնպիսի մեքենայ, որ իր նմանը չունի ամբողջ աշխարհում»:

Իրլանդացի դօկտօր Ռայա, Սիւրիայում երիցական առաքելութեան մեծաւորը, 1877 թւին իր հրատարակած մի գրքում ի միջի այլոց ասում է.
  «Տաճիկները աւերմունք են գործում ոչ միայն վայրագ կատաղութեամբ, այլ եւ կատարեալ սառնասրտութեամբ եւ միանգամայն համաձայն իրենց իրաւագիտութեան, օրէնսգիտութեան ու հաւատին... թիւրք կայսրութեան մէջ հազիւ թէ գտնուի մի գիւղ, որ չունենայ իր զարհուրելի յիշողութիւնները – այնքան զարհուրելի, որ անկարելի է մտածել կամ խօսիլ նրանց մասին...

Կոտորածները գրում է Դիլօն, «երկնքի ողորմութիւն են», համեմատած հայերի «ամենօրեայ» դժոխային դրութեան հետ»:

  «Երդմամբ հաւատացնում ենք ձեզ – գրում են խնուսցի հայերի 36 ներկայացուցիչները անգլիական ազգին ուղղած խնդրագրում – որ Սասունի մէջ տեղի ունեցած կոտորածը միմիայն մի կաթիլ է հայկական արեան ովկիանոսում, որ հետզհետէ եւ լռելեայն թափում է ամբողջ օսմանեան կայսրութեան մէջ...»

Կրկին յիշեցնելով, որ Րօլէն Ժամկէ հրատարակել է իր գիրքը Հայաստանի աղէտներից շատ առաջ, բերում ենք նրանց հետեւեալ տողերը.

  «Չի կարելի երեւակայել աւելի սարսափելի դրութիւն, քան թշւառ ստրկացած, անպատւած եւ կեղեքւած հայ ժողովրդի դրութիւնը... Ամեն տեղ, ամեն քայլափոխում աւերման ու բռնակալութեան ոգին արտայայտում է հազարաւոր ձեւերով եւ եթէ մեր արեւմտեան նոյնիսկ ամենահամբերատար ժողովուրդներից մէկին վիճակւէր ենթարկւել այդ աղէտներին, թէկուզ միայն մի օրւայ ընթացքում, իսկոյն դուրս կը թռչէր նրա կրծքից զայրոյթի աղաղակ... Եւայլն, եւայլն:

Այսպէս են խօսում նախայեղափոխական «երջանիկ» շրջանի մասին փաստերը, այսպէս է խօսում կեանքը, այսպէս են վկայում թիւրքաց Հայաստանի կեանքին ծանօթ մարդկանց հարիւրից իննսուն ինը:

Բայց ի՞նչ է ասում մեզ այս բոլորը: Միակ եզրակացութիւնը, որ մենք կարող ենք անել – այդ այն է, որ հայկական կեանքը վաղուց եկել, կանգ էր առել մի խոշոր դիլէմայի առաջ – կամ անպայման բնաջնջում իբրեւ մի ամբողջութիւն, իբրեւ մի ազգութիւն, իբրեւ մի հայրենիքի տէր ժողովուրդ, կամ թէ դիմադրութիւն՝ կեանք, պատիւ, ստացւածք, տուն, հայրենիք, ամեն ինչ բռնաբարող ուժի դէմ: Միջին ուղիների սիրահարները, ինչպէս վայել է իրենց, ի հարկէ, այստեղ էլ գտնում էին մի երրորդ ելք, կարծելով, թէ հայ ժողովուրդը իր կուլտուրական հակումների շնորհիւ յաղթող պիտի հանդիսանայ իրեն շրջապատող տխուր մթնոլորտում, առանց զէնքի դիմելու եւ դրանով պիտի աւետէ արար-աշխարհին մի նոր սկզբունք, որ մարդկային պատմութիւնը իր ամբողջ տարածութեան վրայ միշտ անտես է արել – այն է, որ կարելի է ազատութիւն ձեռք բերել լոկ «քաղաքակրթական խաղաղ պատերազմով»:

Սակայն օրէցօր աւելի եւ աւելի ծանրացող դառն իրականութիւնը մի կողմից՝ եւ միւս կոծմից այդ սոսկալի դրութեան գիտակցութիւնը հայ հասարակութեան այն մասերում, որոնց սթափեցրել էր մեր մտաւոր շարժումը, հետզհետէ գալիս էին համոզելու հայերին, որ նրանք լաւ կ'անեն, եթէ առայժմ հրաժարւեն այդպիսի մի մեծ ծառայութիւնից յօգուտ ընդհանուր մարդկութեան, եւ որ ընդհանրութեան մեծ ծառայութիւններ մատուցանելու համար հարկաւոր է նախ պաշտպանել եւ ապահովել սեփական գոյութիւնը: Եւ երբ դրութիւնը ստանում է այդպիսի սուր կերպարանք, երբ պարզւում է, որ իրերի ընթացքը ինքնստինքեան դէպի կորուստ է տանում, բնական չէ՞ արդեօք, որ մի ժողովուրդ այդպիսի հանգամանքներում ընտրի այն, թէեւ վտանգաւոր, բայց եւ յուսատու ուղին, որ զոհերի հետ միասին խոստանում է նաեւ ոեւէ ապագայ: Առաջին դէպքում անխուսափելի է անպատիւ տմարդի ժողովրդի անհուն ստորութիւնը ապացուցանող անպայման կորուստ, երկրորդը միայն մի վեհ, մի փայլուն, մի սրբազան ռիսկ է պայմանական յաողութեամբ: Ապահով եւ պատւաւոր կեանքի հզօր բնազդը – այն յաւիտենական, հրաշագործ բազդը, որով ապրում ու գործում են ժողովուրդները, թէեւ շատ թուլացած, բայց բարեբախտաբար դեռ իսպառ չէր բթացած հայ ժողովրդի որոշ տարրերի շէջ եւ միմիայն այդ բնազդը բաւական էր արդէն բահաբեր դիլէմայի դիմաց՝ ինքնապաշտպանութեան բոլոր զգացմունքները նրանց մէջ լարելու համար: Բայց մենք ունեցանք եւ մի ուրիշ զօրեղ նպաստաւոր հանգամանք, որը վերջապէս պիտի որոշէր, արագացնէր հայութեան ելքը այդ տատանման շրջանից: Այդպիսի մի հանգամանք եղաւ Բերլինի դաշնագիրը իր 61-րդ յօդւածով: Եթէ մինչեւ այդ յօդուածը՝ ջնջման հեռանկարից խուսափել ուզենալով, ջլատւած, տկարացած, եւ իր տխուր անցեալի բազմաթիւ բացասական հետքերը կրող հայը կարող էր նաեւ վախնալ ռիսկի վտանգից – այդ յօդւածով հայութիւնը իրեն արդէն դաշնակից է տեսնու եւրօպական ամբողջ վեց պետութիւններ, եւ յաջողութեան պայմանական յոյսերը ուղղակի հաւատի պիտի փոխարկւէին: «Je m’insurge, donc je suis» - գոռում էր Եւրօպան եւ հայերին թիկունք կանգնում: Տատանումը այլեւս անկարելի էր – եւ ահա ժողովրդի ստեից պայթում է յեղափոխական շարժումը, իր հոսանքի մէջ ընդգրկելով ժողովրդական հերոսների եւ գրական գործիչների մի ամբողջ շղթայ Մայր Երկրում եւ Եւրօպայում:

Հարցնում ենք ուրեմն, բնակա՞ն էր, ցանկալի՞ էր վերջապէս հայկական յեղափոխական շարժումը, թէ ոչ: Արդեօք յեղափոխական հոսանքը ինքը հարազատ եւ միակ յուսատու զաւա՞կն էր իրական կեանքի, թէ նրա վրայ արւած արհեստական մի պատւաստ:

Եւ ընդհակառակը՝ եթէ կայ մի բան, որի մասին կարելի է ափսոսալ – արդեօք այն չէ՞, որ շատ ուշ ստեղծւեց այդ շարժումը մեր մէջ եւ որ դեժ մինչ օրս էլ մենք շատ թոյլ ենք այդ միակ յուսատու ճանապարհի վրայ: Գոնէ օտարները եւ նոյնիսկ տաճիկ կառավարութիւնը շատ բնորոշ ենք խօսում այդ մասին:

Մենք արդէն վերը ցոյց տւինք, որ օտար հեղինակներից ոմանք «հայ յեղափոխական գաղափարը» ուղղակի անւանում են «սարսափելի կացութեան հետեւանք»:

Բայց լսենք էլի մի քանիսներին եւ ամենից առաջ հեղինակաւոր թիւրք կառավարութեան:
1839 թւին սուլթան Աբդիւլ Մէջիդի ստորագութեամբ հրատարակւած «թանզիմաթը» հռչակում էր
«Ոչ ոք, որքան որ իբնէ խաղաղսէր լինի, չի կարող չդիմել բռնի միջոցների, երբ վտանգում են նրա կեանքն ու պատիւը»:

Հռչակաւոր կանօնիկոս Մակ-Կօլ:

  «Ես իսկոյն կը նկարագրեմ հայերի ջնջման այդ դիւային ծրագրի զարգացումը: Իսկ այժմ թոյլ կը տամ ինձ անկեղծօրէն ասել, որ հայերը եթէ ոեւէ չնչին յոյս ունէին յաջողութեան վրայ, ոչ միայն իրաւունք պիտի ունենային, այլ եւ իրենց սրբազան պարտականութիւնը պիտի համարէին ապստամբել եւ տապալել այն դժոխային կառավարութիւնը, որը դատապարտում է նրանց՝ մարդկային տարագրութիւնների մէջ՝ երբեւիցէ պատաճած ամենաստորացուցիչ, ամենադաժան եւ յուսազուրկ ստրկութեան... Բարձր Դրան նման աւազակային կառավարութեան զոհերը պարտաւոր չեն ամենեւին հաւատարիմ լինել նրան եւ իրաւունք ունեն խորտակել այդ կառավարութիւնը առաջաին յարմար դէպքում... Ազգերի ամենամեծ շահը խաղաղութիւնը չէ, որովհետեւ կարելի է խաղաղութիւն վայելել եւ անարգ վատութեան մէջ, ուրանալով ամեն որբութիւն«...

1880 թւի սեպտեմբեր 23-ին բրիտանական իւպատոս Էվէրստ գրում էր Կարինից կոմս Գրանվիլին:

  «Միմիայն ժողովրդի համբերութեամբ, երկոչոտութեամբ եւ նրա զանազան խաւերի մէջ եղած կապերի թուլութեամբ կարելի է բացատրել այն հանգամանքը՝ արեւելեան սանջակները անցեալ տարի (1879) հարկերը բաժանելու միջոցին չապստամբեցին կառավարութան դէմ, ոտքի կանգնելով իբրեւ մէկ մարդ»:

Տաս տարի այս խօսքերից յետոյ, այսինքն 1890 թւին՝ նոյն տեղից գնդապետ Չարմսայտ արդէն հաղորդում է:
  «Վերջին տարիներս Կարինի եւ ուրիշ գաւառներում կազմակերպւող գաղտնի ընկերութիւններն ու կօմիտէները, զէնք ձեռք բերելու դիտաւորութիւններն ու փորձերը, վերջին ժամանակներս Վանում եւ շրջակայքում տեղի ունեցած դէպքերը – այդ ամենը ցոյց են տալիս, որ իսկապէս գոյութիւն ունի խորին դժգոհութիւն: Եւ իրաւ տարօրինակ կը լինէր սպասել ուրիշ բան, քան դժգոհութիւն»:

Լսեն հեղինակաւոր Րօլէն Ժակմէնի կարծիքը այդ մասին:

  «Բօսնիան, Հերցեգօվինան, Բօլգարիան 1856 թւի դաշնագրում արտօնեալ տեղ չէին բռնում: Այնտեղ նրանք մինչեւ անգամ չեն էլ յիշատակւած, ինչպէս չեն յիշատակւած Կրէտէն եւ Լիբանանը: Ինչո՞ւ ուրեմն Եւրոպան եռանդուն կերպով շահագրռւեց այդ երկիրների քրիստօնեայ ազգաբնակութիւններով դեռ 1878 թւից շատ առաջ եւ ոչ մի պահանջ չներկայացրեց Հայաստանի քրիստոնեաների վերաբերմամբ: Դժբախտաբար, ես ոչ մի բացատրութիւն չեմ գտնում այս տարբեր վերաբերումների համար դէպի զանազան ազգերը, բացի այն, որ հայերը փոխանակ ապստամբելու բաւականացան միայն գանգատներով... Եթէ տաճկական հալածանքները ճնշւած հայերի մէջ խոր տենչանք են զարթեցնում՝ ստանալ ոչ միայն անձնական ապահովութիւն, այլ եւ ընդհանուր ինքնավարութիւն այն հողի վրայ, ուր իշխել են նրանց նախնիքները, եւ դաշանգիրների գծած սահմաններում – դա ամենեւին արդիւնք չէ սովորական ինտրիգի, այլ մի պատւաբեր երեւոյթ մարդկային բնաւորութեան համար, որը արիանում է աղէտների մէջ եւ չի բաւականանում գոյութեան լոկ նիւթական գոհացումով»...

Վերջապէս 1894 թւի փետրւար 20-ին ֆրանսիական դեսպան Կամբօն իր կառավարութեանը տւած մի զեկուցման մէջ՝ ի միջի այլոց ասում է.

  «Իմ անցեալ տարւայ զեկուցումները ծանօլացրին Կեսարիայում, Մարզւանում, Անգօրայում տեղի ունեցած դէպքերի հետ... Իր անգթութեամբ Բարձր Դուրը որ սրբագործեց հայկական շարժումը, որը այժմ արդէն ունի իր նահատակները»...

Այդպէս ուրեմն – եթէ ձեւակերպենք նոյնիսկ վերը յիշա մարդկանց բառերով – տիրող հանգամանքներում հայկական շարժումը ոչ միայն անխուսափելի էր, որովհետեւ այդ էր պահանջում «իրերի կացութիւնը». ոչ միայն իրաւացի էր, որովհետեւ ոեւէ ազգ պարտաւոր չէ անպատճառ հաշտւել «ամենադաժան ստրկութեան» հետ կամ մնալ «անարգ վատութեան» մէջ. ոչ միայն շատ հասկանալի էր, որովհետեւ «տարօրինակ» կը լինէր դրա փոխարէն տեսնել ուրիշ երեւոյթ. ոչ միայն նպատակայարմար էր, որովհետեւ հայը «առանց ապստամբելու» չէր կարող իր դրութիւնը ուրիշ կերպ բարւոքել – այլ եւ դեռ վաղուց սպասելի էր, որովհետեւ միմիայն «հարկերի բաժանումը բաւական էր հայերին ապստամբեցնելու համար», այլեւս միանգամայն պատաւբեր երեւոյթ էր, որովհետեւ նա ապացուցում է, թէ հայերի մէջ դեռ չեն մարել «մարդավայել բնաւորութեան» բնազդները, վերջապէս այսօր նա սրբագրոծւած մի դատ է, որովհետեւ ունի իր բազմաթիւ «նահատակները» – դժբախտ ժողովրդի բարօրութեան գաղափարի համար զոհւած նահատակներ...

Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Ապրիլ 1900
Թիւ 3 (104)

IV

Դիմենք այժմ գործնական ընթացքին, որ արտայայտւել է հայ յեղափոխական շարժման մէջ:

Կանգ առնելով ամենախոշոր գծերի վրայ, մենք պիտի յիշենք այստեղ Պօլսում կատարւած ցոցերը, Սասունի, Վանի եւ Զէյթունի շարժումները, ռուս եւ պարսկական սահմաններից արւած արշաւանքները (Կուկունեան եւ Խանասօր), ապա մի ահագին շարք համարեա ամեն տարի կրկնւող կռիւների, որոնք կապւած են եղել զէնքի փոխադրութեան, հրոսակային խմբերի գործունէութեան կամ կազմակերպչական այլ եւ այլ գործերի հետ եւ վերջապէս բազմաթիւ տէռօրական գործողութիւններ, ուղղւած պաշտօնական անձերի եւ մանաւանդ հայ լրտեսների ու դաւաճանների դէմ: Ընդհանրացնելով այս յեղափոխական երեւոյթները, մենք կը տեսնենք, որ հայ յեղափոխական կուսակցութիւնները ցոյցեր եւ արշաւանքներ են արել, ժողովրդական շարժումներ են առաջ բերել, զէնքի փոխադրութեամբ են զբաղւել, աշխատել են կազմակերպել ժողովուրդը կռւի համար, տէռօր են կատարել:

Ո՞րն է սրանից աւելորդը, վնասակարը, կորստաբերը:

Վերը, բազմաթիւ օտար հեղինակների հետ միասին մենք տեսանք որ հայկական շարժումը մի բնական, մի շատ հասկնալի եւ միաժամանակ միանգամայն նպատակայարմար երեւոյթ է մեր կեանքում: Եթէ մենք չենք սխալւել այդ եզրակացութեան մէջ, ուրեմն, որոշելով հայկական շարժման էութիւնը եւ նպատակը, մենք կ'ունենանք պատրաստ կրէտերում՝ դրած հարցումին պատասխանելու համար. անմիտ, պարսաւելի, անպայման բացասական պիտի համարւեն այն ձեռնարկները, որոնք չեն համապատասխանում այդ որոշումից բղխող պահանջներին, եւ ընդհակառակը՝ օգտակար, ցանկալի, դրական՝ նրանք որոնք համապատասխանում են այդ պահանջներին:

Ի՞նչ էր ուրեմն մեր շարժման նպատակը: – Ուրիշ ոչինչ, եթէ ոչ կազմակերպուած, բռնի ուժով կռւել, բողոքել Տաճկաստանում տիրող սպանիչ կարգերի դէմ մինչ վեց պետութիւնների երաշխաւորած միջամտութեամբ կը փոխւեն այդ կարգերը դէպի լաւը:

Ինչպէս տեսնում է ընթերցողը, կազմակերպութիւն, բռնի ուժ, բողոք եւ վերջապէս եւրօպան միջամտութեան հասնելու հաշիւները – այս որոշման անհրաժեշտ տարրերն են կազմում: Կանգ առնելով այս տեսակէտի վրայ մենք կարող ենք վերը դրած հարցը՝ թէ «ո՞րն է յեղափոխական անցեալում տեղի ունեցած ձեռնարկներից աւելորդը, վնասակարը, կորստաբերը» – վերածել այս ձեւի. ո՞րն է դրանից զուրկ այս տարրերից, ո՞րն է դուրս մնում իբր չափս ընդունած մեր որոշումից:

Բաւական է մի ամէնաթեթեւ հայեացք ձգել յիշեալ գործառնութիւնների վրայ, որպէսզի տեսնենք, որ նրանցից իւրաքանչիւրը ունի մեր որոշման բոլոր տարրերը:

Ցոյցեր, արշաւանքներ եւ հրոսակային խմբերը կազմակերպում են կռւող ուժերը, ժողովրդականացնում են բողոքի ճանապարհը, կրթում են ժամանակակից սերունդը, վառ են պահում ժողովրդի դիմադրական տրամադրութիւնը, հարւածում են թշնամու հեղինակութեանը թէ ներսը՝ սեփական հպատակների աչքում, եւ թէ դուրսը՝ օտարների առաջ, վնասում են կառավարչական շահերին, զբաղեցնում են եւրօպական հասարակական կարծիքը եւ կաբինէտները, այսինքն առաջ են մղում միջամտութեան գործը, առնւազն թոյլ չեն տալիս հարցը մոռացութեան մատնւի թէ իբր միջազգային քաղաքական խնդիր եւ թէ իբր աշխարհից բոլոր ծայրերում ցրւած հայերիս համար ընդհանուր ազգային դատ:

Ժողովրդական շարժումները, իբր յեղափոխական ամէնալայն ձեռնարկներ, իրենց ազդեցութեամբ, իհարկէ, աւելի նշանաւոր են: Ամէն տեղ եւ ամէն ժամանակ, ապստամբութեան գաղափարը կապւած է եղել այդ տեսակ շարժումների հետ եւ այնքան վճռական դեր են ունեցել դրանց ժողովուրդների պատմական կեանքում, որ ազատութեան անունով սկսւած կռիւների գործնական նպատակն են կազմել միշտ: Պարզ է ուրեմն, որ հայկական շարժումը եւս չէր կարող խուսափել կռւի այդ ամէնաէական տարրից:

Զէնքերի փոխադրութեան, կազմակերպական հազար ու մի հոգսերի եւ կատարւած տեռօրների մասին խօսելն արդէն աւելորդ է, որովհետեւ դրանք անհրաժեշտ միջոցներ են վերոյիշեալ գործառնութիւնների համար եւ յեղափոխական ամէն մի ծրագրում անշուշտ տեղ պէտք է բռնեն:

Ահա՝ մի քանի խօսքով՝ մեր քննադատութեան ենթակայ ձեռնարկների դրական կողմերը: Ընթերցողին ենք թողնում՝ լրացնել այդ ընդհանուր գծերը կենդանի օրինակներով, որոնք կը պարզեն նրա առաջ, թէ որքան յեղափոխական յայտնի ձեռնարկները իր ժամանակին մեծ ազդեցութիւն են ունեցել, մի կողմից՝ հայ հասարակութեան, հայ ժողովրդի տրամադրութեան վրայ ներշնչելով նրան ոգեւորութիւն եւ հետաքրքրութիւն դէպի մեր դատը, կռիւը, յեղափոխական կուսակցութիւնները եւայլն, ու միւս կողմից՝ եւրօպական դիւանագիտութեան վրայ, ստիպելով նրան որոշ դէպքերում՝ սեղանի վրայ դնել մոռացութեան մատնւած հայկական խնդիրը եւ միւս դէպքերում՝ յատուկ կօնֆերանսներ կազմել հայկական հարցով զբաղւելու համար:

Բայց գուցէ կան յեղափոխական կռւի ուրիշ միջոցներ, որոնք աւելի արդիւնաւէտ կարող էին լինել, քան յիշեալները: Թող ցոյց տան, ովքեր գիտեն այդպիսիք: Իսկ մենք կարծում ենք, որ մեր յեղափոխական շարժումը, իմիջի այլոց, հէնց նրանով էլ արտայայտեց իր կենսունակութիւնը, իր ճկունութիւնը եւ ամէնախիստ պայմաններին յարմարւելու իր ընդունակութիւնները, որ նա կարճ ժամանակամիջոցում ըմբռնեց կռւի ամէնաբազմազան միջոցները՝ սկսած համեմատաբար խաղաղ բնաւորութիւն ունեցող բողոքներից մինչեւ ուժանակի գործածութիւնը, սկսած անհատական տեռօրներից մինչեւ ժողովրդական շարժումները:

Գուցէ, վերջապէս, այս բոլոր միջոցներին դիմելու կարիք չկա՞ր. գուցէ, պէտք էր հետեւել ոեւէ աւելի սահմանափակ ուղղութեան, որպէսզի, չցրւելով յեղափոխական ուժեր եւ միջոցները շատ տեսակ գործերի վրայ, մենք կետնրօնացնէինք մեր ուժերը որոշ խնդիրների շրջանում: Տեսնենք:

Համաձայն այն նպատակին, որ մենք յատկացրինք հայկական շարժման, յեղափոխական գործունէութեան եղանակը ինկատի պէտք է ունենար, ի միջի այլոց, եւրօպական միջամտութիւն առաջ բերելու բոլոր հնարաւորութիւնները: Ահա այն պայմանները, որոնք անհրաժեշտ էին դրա համար: Հարկաւոր էր, որ մեր բողոքները տեղի ունենային մեծ պետութիւնների աչքի առաջ. որ այդ բողոքները իրենց խիստ բնաւորութեամբ, ընդունակ լինէին արտայայտելու կացութեան ամբողջ ծանրութիւնը. որ դրանք կրէին սիստէմատիք եւ ոչ թէ պատահական երեւոյթների բնաւորութիւն. որ հայութիւնը երեւար իբր մի ուժ, որին արհամարհել չէ կարելի, որի գոյութիւնը կարող է նպաստաւոր լինել եթէ ոչ մարդկային քաղաքակրթութեան, գոնէ այս կամ այն պետութեան համար եւ որի անխաղաղ, յեղափոխական ոգով բորբոքւած տրամադրութիւնը ընդհակառակը՝ միանգամայն վնասակար է իրենց շահերին: Աւելացրէք այս բոլորին եւ այն պահանջները, որոնց պէտք է բաւարարութիւն տայ ամէն մի կազմակերպութիւն, որ ձգտում է որոշ դեր կատարել ընթացիկ կեանքում – այն է՝ մսխել իր ուժերը եւ միջոցները ամէնատնտես կերպով, գրաւել բոլոր նպաստաւոր տարրեր եւ հոսանքները ու կանոնաւորել նրանց ընթացքը, – եւ դուք կը հասկնաք, որ մեր յեղափոխական անցեալում գործադրւած կռւի միջոցների ոչ մի մասը ոչ պէտք էր եւ ոչ էլ կարելի էր զոhել յօգուտ միւսների:

Ցոյցեր եւ արշաւանքներ անելով, յեղափոխականները գործում էին Պօլսում եւ Տաճկաստանի սահմանների վրայ: Պօլսի նշանակութիւնը կռւի գործում յայտնի է, եւ մենք չենք երկարիլ այստեղ այդ մասին. Պօլսում յեղափոխականները ոչ միայն Տաճկաստանի սրտումն էին, այլեւ համաշխարհային նշանակութիւն ունեցող մի կէտում, ամբողջ Եւրօպայի աչքի առաջ, նրա շահերի անմիջական թատերաբերմում. մի ատրճանակի պայթում այնտեղ աւելի է լսելի աշխարհին, քան տասնեակ հրացանների որոտումը երկրի խորքերում: Սահմաններում գործելով, մենք նոյնպէս անլուր անկիւններում չէինք, այլ այնպիսի վայրերում, ուր բնականաբար պէտք է շահագրգռէինք առնւազը երկու պետութիւն: Ցուցական այդ երկու տեսակի ձեռնարկները բաւարարութիւն են տալիս նաեւ տնտեսաբար ու սիստէմատիք, տեւողական կերպով, կռիւը տանելու պայմաններին, որովհետեւ դրանք պահանջում են համեմատաբար աւելի քիչ ուժ եւ միջոցներ, իսկ նախապատրաստութեան համար աւելի քիչ ժամանակ – մի հանգամանք, որ ոչ միայն կարեւոր է առհասարակ գաղտնի ձեռնարկների յաջող իրագործման համար, այլեւ էական նշանակութիւն ունէր այնպիսի օրերում, երբ հաւատացած Եւրօպայի օգնութեան, յեղափոխական կուսակցութիւնները պարտաւոր էին ձգտել ըստ կարելւոյն շուտ բարեփոխել տալու ժողովրդի ծանր դրութիւնը: Հասկանալի է նաեւ, որ այդ ձեռնարկները չէին հակասում երկրի գործունէութեան պահանջին, ընդհակառակը՝ նպատակ ունենալով թեթեւացնել երկրում տիրող ծանր պայմանները, դրանով միայն պէտք է դիւրացնէին եւ բնականաբար առանձին զարկ տային երկրի գործունէութեանը:

Կան սակայն ամրդիկ, որոնք ընդունելով ցուցական գործունէութեան կարեւորութիւնը մեր շարժման սկզբնական շրջաններում, հերքում են յետագայ ցոյցերի նշանակութիւնը: «Քանի որ մեր հարցը հերթական էր, հարկաւոր չէր այս կամ այն ինչ ժամանակ նորից գրգռել թշնամուն» – ասում են դրանք համոզւած շեշտով, կարծես թէ երբ մի հարց հերթական է, այդ արդէն նշանակում է, որ այդպէս էլ կը մնայ նա կամ անպատճառ յաջող լուծում կը ստանայ: Հարցրե՞լ են արդեօք երբեւիցէ իրենք իրենց այդ մարդիկ, թէ ժամանակի ընթացքում, շնորհիւ քաղաքական ուժերի եւ շահերի այս կամ այն դասաւորման, քանի-քանի հերթական հարցեր հեշտութեամբ ծալւել մի կողմն են դրւել կամ նոյնիսկ հանգչել են յաւիտեան: Իսկ վերջին 20 տարւայ աննշան ժամանակամիջոցում միթէ՞ քիչ առիթներ ունեցանք մեր սեփական աչքերով տեսնելու, թէ որպիսի անգութ խաղերի մատնւեց մեր դատը: Տեղին է յիշատակել այստեղ հետեւեալ բնորոշ փաստը: Տաճիկ կառավարութեան երեք պատւիրակները մէկը միւսի յետեւից Ժընէվ եկան հենց այդ «աւելորդ», «անմիտ» ձռնարկներից յետոյ՝ 96, 97 թւականներին եւ որ գլխաւորն է՝ իրենց առաջարկութիւններում նրանք միակ պահանջ էին դնում դադարեցնել յեղափոխական գործունէութիւնը Պօլսում, իսկ բուն երկրի մասին՝ ոչ մի պայման, ոչ մի խօսք: Եւ յետոյ: Կան րոպէներ ժողովուրդների կեանքում, երբ կարելի է հաշտւել ամէն բանի հետ, բայց ոչ լռութեան: Կան րոպէներ, երբ լռութիւնը բարոյապէս բնորոշում է մի ամբողջ շարժում, մի ամբողջ ժողովուրդ, եւ այդպիսի րոպէներիցն էին այն ժամանակները, որոնց հետ կապւած են այսօր դատափետւող ցոյցերը: Երբ 95 եւ 96 թւականներին արեան մի ամբողջ ծով էր պատել Հայաստանին եւ երբ հայութիւնը, եթէ նա ստրկածին արարածների մի զանգւած չէր, պիտի անշուշտ բռնկւած լինէր վրէժի միակ հասկանլի զգացմունքով, պիտի դառնար վրէժի մի անվերջ աղաղակ, – այդպիսի րոպէում, ասում ենք, լռութիւնը պէտք է նշանակէր միմիայն եւ միմիայն ամբողջ ազգի կատարեալ բարոյական անկումը եւ յեղափոխական գաղափարի, յեղափոխական շարժման կատարեալ սնանկութիւնը: Փառք ուրեմն այն հերոսներին, որոնք ոչ միայն այդ գարշելի լռութիւնը խանգարեցին ու հայ ժողովրդի ամէնաարդար, ամէնաէական զգացմունքների արտայայտիչը եղան, այլեւ միանգամայն ապացուցեցին, որ նոյնիսկ ծանր օրերում նրանք ընդունակ են հաշւել իրենց քայլերը եւ թշնամուն հարւածելու համար այնպիսի ձեռնարկներ ծրագրել եւ իրագործել, որոնք օտար լրագրերում տեղ-տեղ նոյնիսկ «հանճարեղ» անւան արժանացան:

Սակայն բաւականանալ միայն ցուցական ձեռնարկներով, այսինքն միայն երկրից դուրս կատարւող արշաւանքներով եւ ցոյցերով – նախ՝ անկարելի էր:

Իրերի դրութիւնը ծանր էր հէնց երկրում, ճնշում, հալածանքները զգալի էին հենց այնտեղ, ուր ապրում է ժողովուրդը: Եւ բնականաբար երկրում արդէն դիտւում էին յեղափոխական հոսանքներ, արդէն հանդէս էին եկել հոգւով բարձր եւ ազատութեան կրակով բռնկւած ուժեր, որոնք պէտք է անէին եւ անում էին իրենց գործը – ձգտում էին կազմակերպւել եւ կռւել (Յունօներ, Չաթօ-Շէրօներ, Արաբօներ): Յեղափոխականների կապը դրանց հետ հետեւաբար նոր երեւոյթներ չէր ստեղծում, այլ նպատակ ունէր միայն ամբողջացնել ցրւած ուժերը, կանոնաւորել նրանց ընթացքը եւ այս կամ այն ձեւի իր օգնութեամբ դիւրացնել նրանց գործը – մի դեր, որ յեղափոխականների անհրաժեշտ պարտաւորութիւնների մէջ էր մտնում:

Այդ բաւական չէ: Ցուցական գործունէութեամբ ոչ միայն չէր կարելի բաւականանալ, այլեւս պէտք էլ չէր: Ոչ մի հասարակական շարժում չէ կարող յարատեւել եւ մանաւանդ յաղթական վախճան ունենալ, եթէ նա ժողովրդականացած չէ ազգի մէջ, նրա զանազան մասերում, նրա մասսայում: Այնպիսի մի մեծ խնդիր, ինչպէս է մի հալածւող ժողովրդի ազատութիւնը ուժեղ բռնակալի ճիրաններից, չէ կարող յաջողութեամբ պսակւել, եթէ նա սահամանափակւի ժողովրդից կտրւած ոեւէ հասարակական դասակարգով: Այդ մէկ: Երկրորդ՝ ոչ մի ազատութիւն գին չէ կարող ունենալ ժողովրդի համար եւ հետեւաբար պահպանւել, եթէ ինքը ժողովուրդը չէ գիտակցում ազատութեան պահանջը եւ չէ մասնակցում յանուն ազատութեան յայտարարւած կռւին. օդից ընկած ազատութիւնից՝ անգիտակից ժողովուրդը չի օգտւում եւ հեշտութեամբ կորցնում է նրան առաջին պատահական դէպքում: Երրորդ՝ ոչ մի ժողովուրդ չէ կարող իր անվերջ հեծեծանքներով իրական օգնութիւն սպասել արտաքին աշխարհից. քաջարի կռւի որոտալից ձայները, նւիրական գաղափարով սրբագործւած ռազմի աղաղակներն են, որ արտայայտում են նրա կենսունակութիւնը, նրա հոգեկան արժանիքները. դրանք են, որ ներշնչում են յարգանք դէպի մի ազգ եւ երաշխաւորում նրա համար թէ համակրութիւն եւ թէ ինքնուրոյն ապրելու բարոյական իրաւունք: Չորրորդ՝ լոկ ցուցական գործունէութիւնը կարող էր ընդունւիլ արտաքին աշխարհի կողմից իբր միայն մի խմբի, երիտասարդութեան մի որոշ մասի գործ, որ կապ չունէր ժողովրդի հետ, եւ այդպիսով չքացնել հայկական բողոքի ամբողջ նշանակութիւնը: Թիւրք կառավարութեան կամ եւրօպական շահերին վնասելը միտք է ստանում այն ժամանակ միայն, երբ նայում են յեղափոխականների վրայ իբր ժողովրդի տրամադրութեան արտայայտիչների վրայ. հակառակ դէպքում՝ վնասւողները, «հայկական հարց» կոչւած բանը մի կողմ թողնելով, կարող են իրենց համար նպատակ դնել համերաշխ, միացած ուժերով վերջ դնել իրենց, հանգստութիւնը եւ շահերը ձեռնահարող մի «վնասակար տարրի»: Այն ինչ՝ երբ Պօլսում գործող յեղափոխականի հետ երկրում նկատւում է եւ ժողովրդի յուզւած տրամադրութիւնը, այն ժամանակ՝ առաջին երեւոյթը ընդունւում է միմիայն իբր երկրորդի արձագանք, եւ բնականաբար «վնասակար տարրի» գաղափարը տեղ է տալիս «հայկական դատի» խնդրին – մի հանգամանք, ուր արդէն սուլթանը եւ Եւրօպան, յայտնի պատճառներով, չէին կարող համերաշխ լինել, չէին կարող միանալ:

Բայց զգում ենք, որ այս հողի վրայ կանգնելով, մենք բաւականութիւն չենք կարող տալ մեր հակառակորդներին: Զգում ենք, որ այս բոլորի դէմ նրանք կարող են ասել «Մենք սկզբունքով հակառակ չենք այդ բոլորին: Ընդհանուր առմամբ, դոքա անհրաժեշտ են, անխուսափելի են, գուցէ նոյնիսկ նպատակայարմար են, բայց... բայց ամէն բան իր տեղն ունի, ամէն բան էլ իր չափսն պէտք է ունենայ: Չպէտք է մոռանալ, որ այսօր, փոխանակ առաջ գնալու, մեր յետեւից մենք տեսնում ենք հարիւր հազար զոհեր եւ ընդհանուր յուսահատութիւն... Ահա ինչու մենք կարծում ենք, որ հայ յեղափոխական անցեալում շատ բան չէր համապատասխանում ժամանակի քաղաքական հանգմանքներին, որ յեղափոխական կուսակցութիւնները յանպատրաստից հանդէս եկան, որ նախ քան գործնական քայլերի դիմելը, հարկաւոր էր ժողովուրդը կազմակերպել եւ ընդհանրապէս երիտասարդական յախուռն զգացմունքների փոխարէն գործի մէջ պէտք էր ղեկավարւել սառն դատողութեամբ»:

Ամէնադառն կսկիծով եւ վրէժխնդրութեան կրքով լցւած՝ մենք խոնարհւում ենք այն անհամար կորուստների առաջ, որոնց ենթարկւեց մեր տարաբախտ հայրենիքը եւ որոնք այս առարկութիւնների ծուծն են կազմում: Սակայն թոյլ կտանք մեզ նկատելու, որ մեր դժգոյն հակայեղափոխականները կամ եսամոլ իմաստակները չեն, որ պէտք է այսօր ժողովրդասիրութեան եւ հայրենասիրութեան դասեր կարդան յեղափոխականներին – հայութեան այն ամէնազգայուն տարրին, որ իր անձը դրեց նրա դատի յաջողութեան համար: Հակառակորդների այս «խրատները» յիշեցնում են մեզ Շէքսպիրի այն հեգնութիւնը, որ արտասանում է հմայիչ Համլէթը իր անհաւատարիմ մօր հասցէին.

Պէտք է նոյն ինքը առաքինութիւնը
Ներողութիւն խնդրէ մոլութիւնից,
Այո, եւ խոնարհւի, պաղատանք անէ
Եւ հրաման աղերսէ բարիք գործելու...

Հեշտ է, շատ հեշտ է, այո, պատմական բարդ, պատասխանատու, յաճախ աննախատեսնելի դէպքերը տեղի ունենալուց յետոյ, «քննադատի» դերի մէջ մտնել եւ սրտացաւի ծիրանի հագած՝ անվերջ կրկնել՝ թէ «այս այսպէս չպիտի լինէր» կամ «այն ասպէս»: Ամէնասահմանափակ մարդը անգամ այդ դէպքում կարող է այնքան երեւակայութիւն ունենալ, որ կատարւած իրողութիւնը զարդարի ոեւէ փոփոխութիւնով կամ մի նոր գծով, եւ զինւած այդ տեսակէտով, դառնայ դատափետէ եղածը: Հազարաւոր մարդիկ, որոնք մասնակցել են ֆրանսիական յեղափոխութեան կամ գրել են նրա մասին, ժամանակին պնդում էին, որ եթէ այս կամ այն բանը այնպէս չլինէր, ինչպէս եղաւ, աւելի լաւ կը լինէր, յեղափոխութիւնը աւելի խաղաղ ելք կը ստանար, եւայլն, եւայլն: Եւ եթէ մարդիկ զերծ չեն մնացել այդ տեսակ տարտամ խորհրդածութիւններից մի այնպիսի յեղափոխութեան վերաբերմամբ, որի ծառայութիւնը տարածւեց ամբողջ աշխարհի վրայ – զարմանալու ոչինչ չկայ, իհարկէ, որ հայկական արիւնալից շարժման մասին խօսողները, այն էլ հայ խօսողները, աւելի լայն ասպարէզ կարող են ունենալ պատմական հազարաւոր կարկատաններ առաջարկելու համար...

Սակայն մեր հակառակորդների ձեռքից այդ վերջին զէնքն էլ խլելու յոյսով, մենք կանգ կ'առնենք բերած առարկութիւնների վրայ եւս, չնայելով դոցա անսահման անորոշութեանը:

Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Ապրիլ 1900
Թիւ 3 (104)

Նախորդ յօդուածների շարքում մենք բաւական խօսել ենք կոտորածների պատճառ ու առիթների մասին: Աւելացնենք մեր ասածների վրայ եւ այն, որ եթէ հայերին կոտորելու համար սուլթանը միակ արգելք տեսնէր առիթների պակասութեան մէջ, նա ինքը շատ հեշտութեամբ կարող էր ստեղծել այդպիսիք՝ իր իմացած ձեւով եւ կատարելապէս համաձայն տեղին ու հանգամանքներին... Այս բոլորից հետեւում է ուրեմն, որ յեղափոխական գործնական ընթացքը քննադատելիս պէտք է իսկապէս յեղափոխական ճանաչւած ձեռնարկութիւնները գնահատւեն կոտորածներից դուրս, այսինքն այն եղանակով, ինչ եղանակով մենք քննեցինք այդ ընթացքը նախորդ յօդւածում: Ուրիշ տեսակ վարւել՝ կը նշանակէր պարզապէս հերքել շատ ակներեւ ճշմարտութիւնները եւ իվերջոյ նոյնիսկ մեր շարժման իրաւունքը: Սակայն այդպէս չէ նայում իրերին ամբոխային տրամաբանութիւնը. նա կարելի է համարում իր ասպետների բերանում այնպիսի խօսքեր դնել, ինչպիսիք մենք բերինք անցեալ անգամ, այն է՝ «յեղափոխական անցեալում շատ բան չէր համապատասխանում ժամանակի քաղաքական հանգամանքներին, չկար անհրաժեշտ նախապատրաստութիւն եւ ժողովրդի կազմակերպութիւն, չկար գործի մէջ սառն դատողութիւն»:

Ի՞նչ է նշանակում՝ «շատ բան չէր համապատասխանում՝ ժամանակի քաղաքական հանգամանքներին»:

Երբ 1878 թւին Խրիմեան արքեպիսկ. վերադարձաւ Բերլինի Վեհաժողովից՝ նա ասում էր իրեն դիմողներին մօտաւորապէս հետեւեալը.

«Հայերս ոչինչ չստացանք: Այնտեղ ապուրը ուտում էին երկաթեայ գդալներով, իսկ մենք ունէինք միայն թղթէ գդալ»:

Այսպէս էր խօսում՝ Խրիմեանի բերանով Բերլին գնացած պատգամաւորութիւնը. այդ խօսքերում էին ամփոփւում այն տպաւորութիւնները, որ ստացել էր հայ պատգամաւորութիւնը Բերլինում եւ Եւրօպայի առաջնակարգ քաղաքագէտների հետ շփւելուց յետոյ Պէտք է կռւել – ահա այդ խօսքերի իմաստը:

Այնուհետեւ 1879 թւի յունիսի 12-ին Պօլսի անգլիական դեսպան Լէյարդը հեռագրում էր նախարար Սօլսբիւրիին.

«Եթէ Բարձր Դուռը չզգուշանայ, եթէ նա չգործէ հեռատեսութեամբ եւ խելքով, Ասիայում մի գեղեցիկ օր կը ծագի հայկական հարց, ինչպէս Եւրօպայում ծագեց բուլղարական հարցը, որ պատճառ եղաւ վերջին պատերազմին»...

Եւ դէնը՝ այդ երկար հեռագրի բովանդակութիւնից երեւում է, որ յիշեալ «գեղեցիկ օրը» կը լինի այն ժամը, երբ կ'արտայայտուի երկրում հայկական դատի առթիւ ոեւէ շարժում:

1880 թւի յունիսի 11-ին վեց մեծ պետութիւնների մի համանման նօտան արտաքին գործերի նախարար Աբեդին-փաշային՝ վերջանում էր այս խօսքերով.

«Պարտք ենք համարում ձեր ուշադրութիւնը հրաւիրել դէպի այն լուրջ պատասխանատւութիւնը, որ իր վրայ է վերցնում Բարձրագոյն Դուռը, ուշացնելով այն միջոցների իրագործումը (61-րդ յօդւածի պահանջները), որ պետութիւնները անհրաժեշտ են համարում ինչպէս տաճկական կայսրութեան, նոյնպէս եւ ամբողջ Եւրօպայի շահերի համար»:

Չենք երկարացնում: «Կապոյտ գրքերից» պատահական կերպով վերցրած այս կտորները ցոյց են տալիս, որ պետութիւնները բացարձակապէս աշխատում էին հայկական ոեւէ շարժման տեղի չտալ, գտնելով, որ դա սպառնում է բուլղարական հարց դառնալ եւ առաջ բերել այնպիսի միջամտութիւններ յօգուտ հայերի, որոնք նոյնիսկ կարող էին պատերազմի տեղի տալ: Եւ երեւի այդպիսի վտանգներից խուսափելով էր, որ այնուհետեւ համարեա ամբողջ 80-ական թւականների ընթացքում եւրօպական պետութիւնները նպաստեցին Թիւրքիային՝ հայկական հարցը մոռացութեան մատնելու համար:

Հարցնում ենք ուրեմն, յեղափոխականների ընթացքը համապատասխանո՞ւմ էր «քաղաքական հանգամանքներին», թէ՞ ոչ: Ի՞նչ կարող էր մեզ համար աւելի ձեռնտու լինել քան մեր հարցի բուլղարական հարց դառնալը եւլն: Եւ բերած վկայութիւնները արդեօք չե՞ն ապացուցանում, որ միայն յեղափոխական շարժման հարւածները պէտք է ստիպէին հերթական խնդիր դարձնել մեր բազմաչարչար դատը: Եւ որպէսզի ոեւէ սխալանքի մէջ չ'ընկնենք, թողնենք այս հարցերին պատասխանի «ժամանակի» յայտնի քաղաքագէտներից մէկը: 1890 թւին, այսինքն հայկական հարցի համարեա 10-ամեայ մոռացութիւնից յետոյ՝ աւստրիական մինիստր Կալնօկին, խօսելով հայերի պահանջների մասին, բացարձակապէս յայտարարեց.

«Եւրօպա չկայ, եւ մինչեւ որ հայկական հողը չշաղախւի արիւնով, թող գիտենան հայերը, որ ոչինչ չեն ստանայ»:

Ի՞նչ էին նշանակում այս խօսքերը, եթէ ոչ՝ Եւրօպա չկայ, բայց նա կը լինի, երբ հայերը բացարձակ կռւի ճանապարհը կընտրեն իրենց պահանջների համար:

Եթէ յիշում է ընթերցողը, Րօլլէին-Ժակմէնը եւս, 1889 թւին՝ վերլուծելով եւրօպական դիւանագիտութեան ընթացքը հայկական հարցում, գալիս է այն եզրակացութեան, որ Եւրօպան անտարբեր գտնւեց դէպի հայերը որովհետեւ հայերը չէին ապստամբւել:

Կրկնում ենք ուրեմն. համապատասխանո՞ւմ էր յեղափոխականների բռնած դիրքը «ժամանակի քաղաքական պահանջներին» թէ՞ ոչ: Խնդիրը այդպիսով՝ քաղաքական պայմանները արհամարելու մէջ չէր – սովորական մեղադրանք յեղափոխականների հասցէին,– այլ այդ քաղաքականութեան վրայ ազդելու միջոցներին վրայ:

Թող չ'ասեն մեզ թէ այն, ինչ նպատակայարմար էր, օրինակ, այս ինչ թւականին, կարող էր վնասակար լինել յետագայ թւականներին եւլն: Հասարակական մի հոսանք, որ հող ունի կեանքում, չէ կարող առաջ չգալ, իսկ առաջ գալով՝ չէ կարող չզարգանալ եւ կամ շեղւել իր ընթացքից, ինչպէս ջուրը նօրմալ պայմաններում չէ կարող չհոսալ, երբ նրա առաջ բացւում է ճանապարհ: Գործածելով հռչակաւոր Լասսալի խօսքերը, դա «երկաթեայ անհրաժեշտութիւն» է, որ պայմանաւորւում է որոշ  հասարակական ուժերի փոխադարձ յարաբերութիւններով: Երկուսից մէկը ուրեմն, կամ յեղափոխական շարժումը համապատասխանում էր ժամանակի «քաղաքական պահանջներին» կամ ոչ: Եւ եթէ համապատասխանոէմ էր, ուրեմն՝ յեղափոխական ձեռնարկները սիստէմատիկաբար պէտք է շարունակւէին, քանի չէր ապահովւած Եւրօպայի իրական միջամտութիւնը: Այո՛, այդ էր պահանջում ժողովրդի դրութիւնը, այդ էին մեզ թելադրում եւ ուրիշ ազգերի օրինակները: Եւ երբ մեզ ասում են, որ յեղափոխական ձեռնարկները եղան կոտորածների առիթ կամ պատճառ, մենք չենք հաւատում դրան, այլ՝ արեւելեան հարցին ծանօթ հեղինակներից շատերի հետ միասին՝ մնում ենք այն համոզման, որ դա հետեւանք էր որքան զարհուրելի, նոյնքան եւ անմիտ, որքան դժբախտ, նոյնքան եւ անճոռնի, անօրմալ քաղաքական խաղերի – խաղերի, որոնց բացառիկ այլանդակութիւնը հասկանալու համար՝ պէտք է ինկատի ունենալ այն սոսկալի, այն հրէշաւոր անհեթեթութիւնները, որոնք ուղեկցում են երեւոյթը:

Մի կողմ թողնելով հեռաւոր անցեալը, յիշենք, որ ռուս-տաճկական պատերազմից յետոյ Ռուսաստանը, այս կամ այն դիտումներով, միշտ պաշտպանում էր հայոց հարցը. նոյն կառավարութիւնը 94 թւի Սասունի մասնաժողովում ունէր իր ներկայացուցիչը. դրանից յետոյ նա մասնակցում էր բարենորոգումների ծրագրի մշակման: Աւելի բնական ոչինչ չէր կարելի երեւակայել, քան՝ որ նոյն կառավարութիւնը, թէկուզ միայն իրեն յարգելով, անէր այնուհետ եւ հետեւեալ քայլը – պահանջէր ռէֆօրմների գործադրութիւնը: Այսպէս էր նայում փաստին ամբողջ աշխարհը. այդպէս վերաբերւեց մայիսեան ծրագրին եւ ամբողջ հայութիւնը: Բայց ահա այլանդակութիւնը: Այս բոլորի հետ միաժամանակ Լօբանօվի «ռուս» երեւակայութեան մէջ օրէօր աւելի եւ աւելի զօրեղ նւաճումներ է սկսում անել այնպիսի մի անհեթեթութիւն, թէ հայկական բարենորոգումների խնդիրը «կարող է ստեղծել սահմանակից մի նոր Բուլղարիա Ռուսաստանի համար»: Ինչո՞ւ. – Որովհետեւ հայերի դրութիւնը մի փոքր պէտք է բարեփոխւի, այսինքն՝ նրանք պէտք է այնպիսի պայմաններում դրւեն, որ աւելի պակաս անպատւեն, թալանւեն եւ կոտորւեն, կարծես՝ ռուսական բոլոր սահմաններում տաճկահայերից լաւ ապրող եւ քիւրդերից ու թիւրքերից չմորթւող, չթալանւող փոքրիկ ազգութիւնները մի-մի Բուլղարիաներ են Ռուսաստանի համար, կամ կարծես սուլթան Համիդի ստորագրած բարեփոխումները աւելի լայն էին քան սուլթան Մէջիդի Խատտի-Հիւմայունում խոստացած կարգերը, որոնց գործադրութիւնը ոչ մի կառավարութիւն երբեք այնպիսի խստութեամբ չէր պահանջում Թիւրքիայից, ինչպէս 1856 թւականից սկսած այդ անում էր Ռուսաստանը:

Նայենք եւ Ալբիօնին: Այն Սօլիսբիւրին, որ 1879 թւին – տեսնելով, որ Բերլինի դաշնագրի միւս կէտերը մեծ մասամբ իրագործւած են բացի Անգլիայի «առանձին երաշխաւորութեան» տակ վերցրած Փոքր-Ասիայի վերաբերեալ յօդւածը – հարկաւոր համարեց Զմիւռնիայի ծոցում մինչեւիսկ ծովային ցոյց անելու Թիւրքիայի դէմ – այդ նոյն Սօլսբիւրին 96 թւին իր կառավարութեան բացարձակ դաւաճանութիւնը արդարացնելու համար ապացուցանում էր թէ «Տաւրոս լեռները անմատչելի են» անգլիական նաւատորմի համար: Ո՞վ, քան լօրդ Սօլսբիւրին, աւելի լաւ գիտէ, որ աշխարհիս երեսին չկայ ոչ մի ուրիշ պետութիւն, որի ծովային սահմանները պաշարել կամ գրաւելը, մի խօսքով որին վնասելը այնքան դիւրին լինէր, ինչպէս Թիւրքիային, որ ոչ մի նաւատորմ չ'ունի: Թող չ'ասեն մեզ, որ Ռուսաստանի ընդդիմադրութիւնը պատերազմի վտանգ էր առաջ բերում Անգլիայի համար. 1895 թւի օգոստոսի 28-ին Պետերբուրգի անգլիական դեսպանից եւ նոյն օգոստոսի 29-ին Պօլսի դեսպանից ստացւած հեռագիրները հաղորդում էին անգլիական կառավարութեան, որ Լօբանօվը իր կողմից կարելի զիջումների շարքն է դասում նաեւ «համաձայնութիւն՝ թողնել Անգլիային եւ Տաճկաստանին դէմ առ դէմ»: Այս չտեսնւած անհեթեթութիւնների տիպարը սակայն ներկայացնում է լօրդ Ռօզբերի: Այդ թեթեւամիտ, բայց ջղային եսամոլութեամբ բռնւած լօրդը Գլադստօնի Լիվրպօլում յօգուտ հայերի արտասանած ճառից յետոյ դուրս է գալիս նոյեմբեր ամսին Էդինբուրգում խօսելու եւ բացարձակ դաւաճանութեան այնպիսի մի քայլ է անում, որ անսպասելի էր ոչ միայն կողմնակի դիտողների համար, այլեւ նոյնիսկ իր ամէնամօտիկ եւ ամէնաթափանցող քաղաքագէտ-բարեկամների համար. նա հրաժարւում է անգլիական ազատամիկ կուսակցութեան ղեկավարի դերից, ասելով, որ ՝ Գլադստօնը եւ ազատամիտ կուսակցութիւնը պահանջելով պահպանողական կառավարութիւնից ոեւէ վճռական քայլ անել յօգուտ հայերի, իբր թէ սխալ ընթացք են բռնում: Բայց լօրդի դաւաճանութիւնը չէ վերջանում Գլադստօնով, իր բոլոր կուսակիցներով եւ հայերով: Լօրդը միեւնոյն ճառում դաւաճանում է եւ ինքն իրեն: Այդ ճառից ընդամենը 8 ամիս առաջ, այն է 1896 մարտի 3-ին, իր արտասանած մի ուրիշ ճառի մէջ նա պահանջում էր անգլիական կառավարութիւնից շատ անգամ աւելին՝ քան այդ արեց Գլադստօնը իր վերջին աստիճանի զգոյշ ճառի մէջ: Նա պահանջում էր անգլիական կառավարութիւնից, թէկուզ առանց միւս պետութիւնների համաձայնութեան, մենակ գործի դիմել յօգուտ հայերի եւ նոյնիսկ պարզ ակնարկում էր, որ այդ առանձին գործողութիւնը կարող է արտայայտւել ոեւէ տաճկական նաւահանգստի պաշարումով:

Անգլօ-ռուսական հակամարտութիւն՝ թունաւորւած հրէշաւոր կասկածների ուրւականներով – ահա այն սոսկալի հողը, ուր մեր բախտը որոշելու հրաւիրւած «քաղաքագէտները» կորցրին ոչ միայն իրենց խիղճ եւ ամօթը, որ չեն էլ ուզում ունենալ, այլեւ իրենց խելք ու դատելու ընդունակութիւնները: Նայէք, ինչ էր գրում Պօլսի անգլիական դեսպանը իր կառավարութեան 1879 թւին:

«Բուլղարական միեւնոյն ինտրիգները այժմ կատարւում են Փոքր-Ասիայում՝ թէ այն նպատակով, որ վերականգնեն հայկական ազգութիւնը եւ թէ նրա համար, որ ստեղծեն իրերի այնպիսի մի դրութիւն, որ սարսափի մի աղաղակ ծնէր ամբողջ քրիստոնեայ ազգաբնակութեան մէջ եւ եւրօպական միջամտութիւն առաջ բերէր: Ես մի քանի անգամ նախազգուշացրել եմ տաճիկ մինիստրներին, որ եթէ նրանք չշտապեն իկատար ածել Բերլինի դաշնագրի որոշումը հայերի մասին... այն ժամանակ նրանք կը նկատեն, բայց արդէն շատ ուշ, որ սուլթանը կը զրկւի մի քանի գաւառներից»:

Ո՞վ է «բուլղարական ինտրիգներ» սարքողը – ռուսը. ո՞վ է ուզում «եւրօպական միջամտութիւն առաջ բերել« – ռուսը. ո՞վ պէտք է «մի քանի գաւառներից զրկի սուլթանին» – ռուսը: Այդպէս է մտածում անգլիացին, այդէս է հասկանում իրականութիւնը անգլիական «փորձւած» դիպլօմատը: Միեւնոյն ժամանակ հարցրէք ռուսին. ո՞վ է Տաճկաստանում շարունակ «ինտրիգներ լարում» Ռուսաստանի դէմ – Անգլիան. ո՞վ է անդադար «պետութիւներին հրաւիրում միջամտել» հայկական հարցին – Անգլիան, որ ուզում է Ռուսաստանի դէմ պատնէշ կազմել Փոքր-Ասիայում. ո՞վ է խրախուսում հայ յեղափոխական շարժումը – Անգլիան, որ նպատակ ունի դրանով Տաճկաստանում իր կորցրած ազդեցութիւնը ձեռք բերել – այդպէս կը պատասխանի ձեզ ռուսը, այդ կ'ասէ ձեր «հեռատես» ռուս դիպլօմատը:

Եկէ՛ք եւ նախատեսէ՛ք: Եկէ՛ք եւ գործունէութեան ծրագիր մշակեցէք ոչ թէ մարդկային ամբողջ պատմութեան մէջ ուսումնասիրւած սկզբունքները ինկատի առնելով, այլ այն այլանդակ, անօրմալ, ոչ մի հետեւողականութեան չենկարւող քաղաքական կասկածների ցատկոտումները, որոնք ամէն րոպէ կարող են տեղի ունենալ մի ամենալիրբ պօլիտիկանի գլխում, մի քաղաքական զէվզէկի երեւակայութեան մէջ կամ մի տխմար «չինօվնիկի» հաշիւներում – մի «չինօվնիկի», որ նոր պաշտօնի անցած՝ բռնւած է նոր բան հնարելու տենչով եւ անպատճառ իր նախորդներից չնախատեսնւած վտանգներ է ուզում հնարել պետութեան համար... Եկէք եւ յարմարւեցէք քաղաքական «րոպէների» պահանջներին: Եւ երբ ու որի՞ն յարմարւէին յեղափոխականները – ռուսին թէ անգլիացուն, ա՛յն Սօլսբիւրիին, որ խօսում էր Տաւրոսի անմատչելիութեան մասին, թէ՞ այն Սօլսբիւրիին, որ 96 թւի սեպտեմբերին սպառնում էր սուլթանին թէ՝ «եթէ իր կայսրութեան վատ վարչութիւնը շարունակւի, նա կը զրկւի իր գահից». այն Լօբանօվին յարմարւէին, որ գոյութիւն ունէր 1895 թւի առաջին կիսում, թէ՞ այն Լօբանօվին, որ պատկերացաւ մեր առաջ միեւնոյն թւի երկրորդ կիսում. այն Ռօզբերիին յարմարւէին, որ մարտ ամսին էր խօսում, թէ այն Ռօզբէրիին, որ զառանցում էր նոյն տարւայ նոյեմբերին: Կա՞ր նոյնիսկ յարմարւելու կարելիութւն կամ գոնէ կարելիութեան ստւեր անգամ:

Եւ թող ոչ ոք չկարծէ, թէ յեղափոխական մեր ֆանատիկութիւնն է, որ ստիպում է մեզ Եւրօպայի պատասխանատւութեանը թողնել հայկական կոտորածները: Հազարաւոր հրատարակութիւններում, հազարաւոր ամբիոններից, երկրագնդի հազարաւոր անկիւններում ամբողջ մարդկութեան մտածող եւ զգացող մասը եւս ուրիշ կերպ գնահատեց այն զարհուրելի հովանաւորութիւնը, որ 61-րդ յօդւածով տւին հայերիս եւրօպական պետութիւնները իրենց այլասեռւած եւ նախատեսնելու ընդունակութիւններից զուրկ դիպլօմատներով:

Թող դրօշմէ ուրեմն պատմութիւնը ժամանակակից Եւրօպայի ճակատին հրէշաւոր դաւաճանութեան յաւիտենական արատը, որից սակայն միշտ ազատ կը մնայ հայ երիտասարդութեան այն փոքրամասնութիւնը, որ ընտրեց կռւի փշոտ դաշտը՝ տոգորւած իր ծնող ժողովրդի բարեկեցութեան գաղափարով, պատրաստ միշտ զոհւելու սուրբ հայրենիքին..

Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Ապրիլ 1900
Թիւ 3 (104)

V (Վերջ)

Սակայն – ասում են ամբոխային տրամաբանութեան ամէն կարգի ներկայացուցիչները – բոլոր քաղաքական խաղերի եւ անյաջողութիւնների առաջը կարելի էր առնել, եթէ յեղափոխական կազմակերպութիւնները՝ փոքր «խլրտումների» փոխարէն՝ հոգային նախօրէն լաւ պատրաստել, լաւ կազմակերպել ժողովուրդը:

Կարիք չկայ իհարկէ այստեղ կանգ առնելու այն խնդրի վրայ, որ «նախապատրաստութեան» եւ ըստ կարելւոյն լայն ծաւալով «կազմակերպւելու» պահանջը – պարզապէս բոլոր գործող յեղափոխականների իդէալն է եղել եւ կը լինի միշտ: Կռւի դաշտը նետւելիս՝ ջանալ ըստ կարելւոյն մեծ ուժ համախմբւած ունենալ – դա այնքան բնական, այնքան տարրական, նոյնիսկ այնքան banal պահանջ է, որ միայն կրէտինները կարող են տարակուսել, թէ յեղափոխականները կարող էին արհամարհել այդ պահանջը: Բայց եթէ այդպիսի կրէտիններ կան մեր մէջ, թող դրանք ստուգեն մեր կարծիքը մեղադրւող յեղափոխականների ծրագրում, թերթերում, պաշտօնական մարմինների կամ անհատ գործիչների կեանքում եւլն: Եւ եթէ դրանից յետոյ էլ ապացոյցները դեռ եւս պակասեն, թող դիմել վերջապէս հայութեան այն մեծագոյն մասին, որը մի տեղ միանգամայն անտարբեր գտնւեց դէպի ընդհանուր ազգային խնդիրները, միւս տեղ քաղաքացիական համարձակութիւն չ'ունեցաւ նպաստել մեր շարժման, երրորդ տեղ հակայեղափոխական յայտնւեց, չորորդում հարկաւոր գտաւ նոյնիսկ իր յատուկ սօֆտաները կտուրներ բարձրացնել՝ գործի կողմնակից յեղափոխականների դէմ սալավաթ կանչելու համար: Հայութեան այդ մեծագոյն մասը անշուշտ կը հաստատէ թէ՝ իրաւ որ, եթէ գործի-յեղափոխականները «քչով» հանդէս եկան, դա, յամենայն դէպս, չէ կարող բացատրւել նրանով, որ այդ յեղափոխականները «շատը» չէին ուզում կամ «շատը» ունենալու համար ոեւէ ջանքեր էին խնայում: Այդ հեղինակաւոր ցուցմունքով էլ հարցը ինքնստինքեան կը փակւի՝ միանգամից ընդմիշտ պարզելով, որ այն, ինչ բացարձակ տեսակէտից մեզ թւում է քիչ, համեմատական տեսակէտից՝ եղել է ուժերի այն maximum-ը (ամէնաշատը), որ՝ որոշ ժամանակում եւ որոշ տեղի հանգամանքներում՝ կարելի էր համախմբել յեղափոխական գործի շուրջը:

Մենք երկար կանգ չենք առնի նաեւ ապացուցնելու, որ յեղափոխական ձեռնարկները ոչ միայն չէին հակասում նախապատրաստութեան պահանջին, այլեւս անխուսափելի միջոցներ էին այդ պահանջին բաւարարութիւն տալու համար: Մենք միայն կ'ամփոփենք այստեղ զանազան առիթներով այդ մասին «Դրօշակում» յայտնած մեր կարծիքը:

«Եթէ մարդկային անցեալի նախակարապետները իրենց գաղափարները առաջ քշելու համար սպասէին, որ նախօրէն ամէն ոք իրենց հետ համաձայնի, մեր քաղաքակրթութիւնը դեռ քարի դարումը կը լինէր», ասել է մի հրապարակախօս՝ մեզ թողնելով մտաբերել այն բոլոր խաչերը, խարոյկները, կախաղանները, գիլեօտինները, բանտերը – մի խօսքով՝ արեան եւ անհամար տանջանքների այն հսկայական հնոցները, որոնց միջով անցել են յեղափոխիչ գաղափարները: Ինչպէս երեխային՝ սիրող մայր, այնպէս էլ յեղափոխող գաղափարի աճման համար միշտ անհրաժեշտ են եղել մութ բանտերի խոնաւ օրորոցները, երկաթեայ շղթաների բազմալեզու նանիները եւ կարմիր դահիճների մահաբեր գուրգուրանքները: Ուրիշ ելք չկայ նոր գաղափարների յաղթանակի համար, այլ խօսքով՝ ուրիշ միջոց չկայ յեղափոխական գործը նախապատրաստելու համար: Այո՛, չկայ աշխարհումս ոչ մի աւելի կրթիչ օրինակ, քան գործերի կենդանի օրինակն է. չկայ աշխարհումս ոչ մի լսարան, ուր կարելի լինէր հաւաքել այնքան լսողներ, որքան ունենում է գործի ասպարէզը նետւած յեղափոխական քարոզիչը. չկայ ոչ մի ձայն աշխարհումս աւելի հեռու, աւելի լայն տարածութեան վրայ լսւող, քան գործերի գոռում-գոչիւնն է.  չկայ ոչ մի լեզու, որով կարելի լինէր խօսել ամբողջ մարդկութեան առաջ հասկանալի խօսքերով, բացի գործերի լեզւից:

Եւ իրաւ: Ո՞վ աւելի մեծ համարձակութիւն, աւելի մեծ բարոյական իրաւունք կ'ունենար անձնւիրութեան հրաւիրել ժողովրդի բոլոր կենսունակ տարրերին, քան ինքը՝ առաջինը արեան դաշտը նետւող յեղափոխականը: Ո՞վ, ի՞նչ մարդ, ի՞նչ քարոզիչ կամ քարոզներ կարղ էին Պօլսից մինչեւ Վան, Ռուսաստանից մինչեւ Ամերիկա ցնցել հայութիւնը՝ բոլորի սրտերին միեւնոյն զարկը հաղորդելով, բոլորի առաջ պարզ ամփոփելով մեր ընդհանուր ազգային իղձերը, քան այդ անում էին յեղափոխական ձեռնարկները: Ո՞ր գրողը, ո՞ր լեզւագէտը, ո՞ր հարուստը, ո՞ր հռետօրը կարող էր հայկական պահանջների մասին այնքան հրատարակութիւնների մէջ, այնքան լեզուներով, այնքան գրել, այնքան տպագրել, այնքան սրտեր եւ մտքեր շարժել, որքան գրել, հեռագրել, տպագրել, զգացւել, մտածել էր տալիս հայ ժողովրդի ծանր, անօրմալ, դժոխային կացութեան արտայայտութիւնը – յեղափոխական բողոքը: Ո՞ւր են վերջապէս – հրոսակային կամ տէռօրիստական, զինատար կամ պարտիզանական խմբերի կռիւներից դուրս – այն դահլիճները, այն զօրանոցները, ուր հայը պէտք է վարժւէր արեան գործի մէջ եւ յեղափոխական բանակներ «պատրաստէր» կամ «կազմակերպէր»:

Դժւար չէ, իհարկէ, գերադրական ածականների մի ամբողջ բեռը շալակած, նկարագրել միամիտների առաջ «լուռ ու մունջ նախապատրաստութիւնների» ֆանտաստիքական հեռանկարը՝ անպայման յաղթանակով պսակւած, եւ յետոյ զէնք դարձնել այդ զառանցանքները նոյն նախապատրաստութեան գործին ամբողջ հոգւով նւիրւածների դէմ: Բայց le superlative est le cachet des sots (գերադրական ձեւը յիմարների կնիքն է) – վաղուց ասել է Մետերնիխը, եւ մեզ իհարկէ թոյլ կը տրւի, եթէ Մետերնիխից աւելի հեռու չգնալ, առնւազը գոնէ համաձայնւել Մետերնիխի հետ: Հասկանանք վերջապէս, որ անմտութիւն է մարդկանցից պահանջել մի բան, որ նաեւ անկարելի է իրագործել: Ի՞նչպէս պատրաստւել «տարիների ընաթցքում՝ լռութեան մէջ»: Պէ՞տք է երկիր մտնեն մարդիկ. պէ՞տք է դրանք տեսնւեն, խօսեն, համոզեն, բանակցեն կարեւոր անձանց եւ տեղերի հետ. պէ՞տք է գրագրութիւն ունենան. պէ՞տք է զէնք տարածեն, ստանան, գնեն, պահպանեն, տեղափոխեն. պէ՞տք է զէնքի եւ նրա գործածութիւնը ծանօթացնեն մարդկանց թէ՞ ոչ: Փորձեցէք միայն փուչ խօսքերից կենդանարար գործի անցնել. փորձեցէք միայն շատ կարճ ժամանակ – այո, թէկուզ ամէնակարճ ժամանակ – «նախապատրաստութեամբ» զբաղւել, եւ դուք կը տեսնէք, որ լռութիւնը ձեր գործում շուտով կը խանգարւի: Թշնամին ոչ ձեզնից թոյլ է, ոչ էլ աւելի վատ կազմակերպւած: Ուր որ գնաք, նրա ցանցերը, նրա սահմանափակումները, նրա պաշտօնական եւ ոչ-պաշտօնական գործակալները կանգնելու են ձեր առաջ դէմ առ դէմ, եւ այսօր չէ էգուց՝ դուք կը բռնւէք գործի վրայ: Ահա ինչու «լռութիւն» քարոզողները նրանք են մեծ մասամբ, որոնք ոչ մի առնչութիւն չունեն գործնական յեղափոխութեան հետ: Ահա ինչու հսկայական «նախապատրաստութեան» քարոզների հետ նրանք մատնւած են «քաղաքակրթական» զարգացման մաշւած երգերը կրկնելու, տեղը եկած ժամանակ առաջ տանելու նաեւ «համբերութեան», «հաւատարմութեան» կամ «տեսական յեղափոխականութեան» քարոզները: Մի թշնամի, որ ունի դարեւոր կազմակերպութիւն, որը իր ամբողջ քայքայման հետ դեռ ընդունակ է կանոնաւոր պատերազմներ մղել եւ երբեմն յաղթել իր հակառակորդներին, հեշտ գործ չէ այնքան երկար ժամանակ խաբւած պահել, որչափ կը պահանջւի նրա ուժը հակակշռող ուժ երկրում կազմակերպելու համար: Այդ ձգտումներում դուք յաջողութիւն չէք կարող ունենալ եւ հետեւաբար՝ թշնամուն սիստէմատիքաբար խաբել ձգտելով՝ դուք սիստէմատիքաբար խաբած կը լինէիք միայն ձեր բարեկամներին, ձեր ընկերներին, որոնք միամտաբար հաւատալով ձեզ՝ թէ դուք կարող էք եւ պէտք է խաբէք թշնամուն, մի գեղեցիկ օր կը տեսնեն, որ միայն իրենք են ձեզնով խաբւել – աւել ոչինչ:

Այդպիսի փոխադարձ յարաբերութիւններ «սալավաթ» պոռող սօֆտաների եւ իրենց բարեկամների մէջ՝ ի հարկէ իրար միանգամայն վայել յարաբերութիւններ են, եւ մենք դրա դէմ ոչինչ չունենք ասելու. բայց այդ «սալավաթների» իսկական արժէքը վերջապէս հասկանալու համար, մենք մի րոպէ մի կողմ կը թողնենք մեր հայեացքները գործի վրայ եւ կանգ կառնենք մեր «քննադատների» տեսակէտի վրայ: Հակառակ տրամաբանական եւ սօցիօլօգիական բոլոր օրէնքների, համաձայնւենք մի րոպէ, որ կարելի էր լռութեան մէջ պատրաստւել եւ այնպէս հրապարակ դուրս գալ: Ենթադրենք, որ – թէկուզ դիւթական գաւազանի մի հարւածով – յեղափոխականները գործի դիմէին՝ բաւական լայն չափերով կազմակերպւած ժողովրդի հետ: Միթէ՞ մենք կարող կը լիէնինք հաստատապէս ասել, որ այդ դէպքում մենք արդէն ապահովւած կը լինէինք մեր ազատութեան գործը: Ո՞ւր է ուժերի այն minimum-ը (ամէնաքիչ չափը), որ պահանջւում է գործ սկսելու համար: Վերջին յոյն-տաճկական պատերազմի ժամանակ Յունաստանը, իբր անկախ երկիր, իր մինիստրներով, մեծ պետութիւնների հետ յարաբերութիւն ունեցող իր բոլոր դիպլօմատներով, իր զինւորական խորհուրդներով, սեփական հողի վրայ, իր ազատ զօրանոցներում ժողոված, կրթած եւ կազմակերպած 60-70 հազար զօրք դուրս բերեց Տաճկաստանի դէմ եւ կրկին յաղթւեց: Չէ՞ր կարող մի այդպիսի դժբախտութիւն մեզ հետ էլ պատահել՝ թէկուզ կռւի դաշտ դուրս եկած լինէինք «մեծ պատրաստութիւններով»: Մեզ կարող են իրաւամբ նկատել, իհարկէ, որ գաղափարով ոգեւորւած մի յեղափոխականը արժէ ամէնապակասը՝ տասը այնպիսի պաշտօնական կռւողների, ինչպիսին է զինւորը, այն էլ յունական զինւորը, եւ ուրեմն օրինակը համոզեցուցիչ չէ: Դիմենք ուրիշ օրինակների: Բուլղարները ապստամբւել են 1828, 1837, 1841, 1862, 1867, 1868, 1872 եւ 1876 թւին. ազատւել են 1878-ին. ուրեմն շարժումը տեւել է 50 տարի, ունենալով ամէնաքիչը 44 տարւայ ընթացքում անընդհատ անյաջողութիւն: Յոյները ապստամբւել են 1770, 1798-1801, 1812, 1820-1829 թւերին. ազատութիւն գտան 1829-1830 թւին, այսինքն 60 տարուց յետոյ, շատ անգամ տեղիք տալով զարհուրելի կոտորածների եւ ամբողջ Պելօպօնէսի ու Մօրէայի կատարեալ աւերման: Միթէ՞ բուլղարները եւ մանաւանդ յոյները միշտ «անպատրաստ» են կռւի դուրս եկել, որ տասնեակ տարիների ընթացքում միմիայն սոսկալի անյաջողութիւններ են ունեցել: Այսօր ազատ Կրէտէն, որ իր կռիւը սկսեց դեռ Յունաստանի հետ միասին, ապստամբւել է տասը անգամից աւել, պաշտպանելով իր դատը ամբողջ 128 տարի: Սերբերը կռւել են 40 տարու չափ եւ նախ քան ազատւելը՝ պարտութիւններ են կրել շատ անգամ. Ռումանական շարժումը, նոյնպէս արիւնով ներկւած, տեւել է ոչ պակաս 100 տարուց: Բօսնիա եւ Հերցոգովինա կռւել են 1830 թւից մինչեւ 1870 թիւը: Իրլանդիան 600 տարի է չէ ընկճւում իր ազատութեան տենչանքներում՝ չնայած իր միլիօնաւոր զոհերին: Դեռ երէկ կռւող հերոսական Կուբան միայն մեր դարում երեք խոշոր ապստամբութւններ է ունեցել՝ վերջին ապստամբութեան ժամանակ միայն 200,000 զոհ տալով. իտալական յեղափոխութիւնը 60 տարի պահանջեց յաղթանակը տանելու համար: Հարցնում ենք. միթէ՞ սրանք բոլորն էլ ամէն անգամ «անպատրաստ« են պատմական բէմ դուրս եկել, որ չեն կարողացել մի անգամից իրենց ազատութիւնը ապահովել...

Ընթերցողը տեսնում է ուրեմն, որ «լուրջ» նախապատրաստութեան պահանջները – որքան էլ շեշտակի ձեւերով կրկնեն հայ դպրիներ եւ դպրիկները – իսկապէս զուրկ են լրջութեան ոեւէ յատկութիւններից եւ ուրիշ կերպ չէ կարելի հասկանալ այդ պահանջները, բայց եթէ այն մտքով միայն, որ յեղափոխական կռիւը այնպէս պէտք է տանւէր, որ արդէն անպայման յաղթանակ բերած լինէր: Բայց եթէ պատմական երեւոյթները պէտք է դատւեն ոչ թէ իրենց ժամանակի եւ տեղի հետ սերտ կապւած պայմաններում, այլ ցանկութիւնների տեսակէտից, ո՞րտեղ կարող են վերջանալ այս տեսակ գանգատների սահմանները: Երեւակայեցէք մի րոպէ, որ մենք այնքան բախտաւոր լինէինք, որ մինչ այժմ միմիայն յեղափոխական շարքերից լինէինք զոհ տւած, բայց եւ այնպէս՝ տակաւին դեռ եւս «ապարդիւն»: Չէ՞ր կարելի այդ դէպքումն էլ ցանկութիւնների հարուստ աշխարհից պոկել բաղձանքների մի նոր փունջ եւ կրկին դատափետել յեղափոխականներին, որ դրանք – շնորհիւ իրենց «անպատրաստութեան», «սառն դատողութեան» բացակայութեան, «քաղաքական անհմտութեան» եւս – միայն ծծում են սերնդի ամէնալաւ ուժերը ու վատնում ահագին միջոցներ առանց ոեւէ «արդիւնքի»: Ենթադրեն այնուհետ, որ յեղափոխականներին յաջողած լինէր այսօր որոշ զոհերով այս կամ այն բարեփոխումները ձեռք բերել Հայաստանում: Միթէ՞ դժւար կը լինէր այստեղ էլ մեղադրել նրանց, որ – շնորհիւ իրենց «անպատրաստութեան» եւայլն – չկարողացան գործը այնպէս տանել, որ զոհեր քիչ լինէին տւած կամ միեւնոյն զոհերով աւելի մեծ փոփոխութիւններ լինէին ձեռք բերած: Չէ՞ր կարելի միթէ մի փոքր էլ դէնը գնալ եւ – յանուն նոյն «անպատրաստութեան», «սառն դատողութեան» բացակայութեան, «քաղաքական անհմտութեան» եւս, – պահանջել, նոյնիսկ, որ ամենեւին զոհ չլինէին տւած, այլ այնպէս՝ միմիայն քաղաքական յաջող խաղերի եւ մեծամեծ կապեր միջոցով՝ ուղղակի առաջ քշէին եւրօպական միջամտութեան գործը եւ ապահովէին հայկական հարցի յաջող լուծումը: Եւ այդպէս շարունակելով՝ չէ՞ր արելի միթէ հասնել վերջապէս Գամառ-Քաթիպայի «Հայի բաղձանքին».-

«Ա՜խ ինչպէ՜ս կուզեմ տեսնել մեր հային
Ազատ, ապահով, կրթեալ, ինքնագոհ,
Ամէն հայի տուն – դրախտ երկնային...
Լոկ այդ բանն ինձնից չուզենար մէկ  զոհ...

Ա՜խ, ինչպէ՜ս կուզեմ տեսնել Հայաստան
Մի օր ազատւած թշնամու ձեռքէն
Հայի երկիրը – հայի սեփական...
Լոկ այդ պի բաժնէր ինձ իմ կոպէկէն...»

Բայց – բարեբախտաբար թէ դժբախտաբար, չգիտենք – բաղձանքները չեն, որ ընթացք են տալիս կեանքին: Ռուսերէն մի առած ասում է, որ «դժոխքի ճանապարհն էլ բարի ցանկութիւններով է սփռւած», բայց եւ անյպէս մենք գիտենք, որ այդ ճանապարհը առհասարակ հրապուրիչ չէ մարդկանց համար: Սակայն, ընթերցող, ոչ զարմանանք եւ ոչ էլ զայրանանք: Ամբոխային տրամաբանութեան մատնւած բոլոր գլուխների ընդհանուր ճակատագիրն է այդ – մի ճակատագիր, որ միշտ իր անգթութեան գագաթնակէտին է հասնում մանաւանդ մեծ ձախորդութիւնների դէպքում: Դա մարդկային ամբողջ պատմութեան մէջ դիտւած մի ընդհանուր երեւոյթ է, որ շտշում են բոլոր ուղղութիւնների սօցիօլօգները:

«Ամէնազարգացած հասարակութիւնների մէջ – ասում է օրինակ Վօրմսը իր Օrganisme et Societe աշխատասիրութեան մէջ – հասարակական դժբախտութիւնների ժամանակ, մինչեւ անգամ միմիայն երեւակայական դժբախտութիւններից ծնւած երկուղի ազդեցութեան տակ, երբեմն վերածնւում են հին ժամանակների ամենասարսափելի, յաճախ ամենաբարբարոս սովորութիւնները»:

Ուրիշ խօսքերով եւ մեր նիւթին յարմարեցնելով՝ դա նշանակում է, որ ընդհանուր ազգային դժբախտութեան ժամանակ՝ մարդկային կորուստների, մարդկային կոտորածների հետ անմիջապէս կապւում են նաեւ մտքերի անխնայ կոտորածներ: Ահա ինչու հասկանալի է, որ յաջողութեան օրերում դժգոհ «խոհեմների» թիւը ոչ այնքան մեծ կը լինէր եւ ոչ էլ այդ «խելօքները» կարող կը լինէին այնքան ունկնդիրներ գտնել, որքան այժմ: Յաջողութեան օրերում ընդհանուր յոյսերի պայծառ ալիքները իրենց բուռն հոսանքի մէջ կ'առնէին այսօրւայ նոյնիսկ հոգեպէս սնանկ դժգոհներին, եւ դրանք այն ժամանակ ոչ մի առիթ չէին բաց թողնի՝ նոյն կտուրների վրայից, որտեղից այսօր արշաւանքներ են քարոզում գործի-յեղափոխականների դէմ, պոռալ արար-աշխարհին, որ նրանք միշտ էլ հաւանել եւ օգնել են ամէն կարգի յեղափոխական ձեռնարկներին, որ միշտ էլ համոզւած յեղափոխականների շարքումն են եղել, որ նոյնիսկ առանց իրենց մասնակցութեան ոչ մի յաջողութիւն ձեռք բերւած չէր լինի եւլն եւլն: Բայց ներկայ սեւ օրերւում դրանք – «խելօքներին» յատուկ տրամաբանութեամբ, նաեւ «հոտառութեամբ» – յարմարւում են միջավայրին եւ ստւարացնում «քննադատների» շարքերը՝ մինչեւ էգուց-միւս օր, երբ պատմական անիւը ոեւէ ձեւով կը թեքւի յօգուտ հայութեան, կրկին յախուռն հոսանքով կը շտապեն ամենակատաղի յեղափոխականների աթոռները գրաւելու, մոռանալով, նոյնիսկ հերքելով, որ հէնց այն րոպէին՝ երբ պատմական անիւը թեքւում էր, նրանք դեռ եւս քրտինք էին թափում ամբոխի առաջ իրենց «քննադատութիւններին» աւելի համոզիչ ձեւ տալու համար...

Ամփոփենք մեր կարծիքները:

Ասել՝ թէ յեղափոխականները նախ քան գործնական քայլերի դիմելը պէտք է նախօրէն լաւ «կազմակերպւէին» եւլն – դա միեւնոյն է թէ ասել, որ գործը պէտք է լաւ տանւէր: Պարզ է, որ այդպիսի «խորհուրդներ» ոչ ոքի համար ոչ մի նշանակութիւն չեն կարող ունենալ: Գործը, յեղափոխական գործը, լաւ տանելը – մեր իդէալն է արդէն. բայց ի՞նչպէս այդ գործը պէտք է տանւէր կամ տանւի, որ լաւ լինի, որ լաւ կազմակերպւենք եւլն – ահա ամբողջ հարցը, որի դիմաց իրար խառնւում, իրար հակասում, իրար ոչնչացնում են մեր «խոհեմների» խորհուրդները, մեր «սօֆտա-դպրիների» սալավաթները, մեր «քննադատող» դատարկ կարասների՝ ներդաշնակցութիւնից զուրկ անմիտ եւ միապաղաղ ձայները:

«Պատրաստութեան» կամ «վաղաժամութեան» անմիտ ողբերի մէջ չէ կայանում մեր շարժման յաջողութիւնը (որովհետեւ իսկապէս երբ յեղափոխական նախաձեռնութեան մէջ մի բան կատարւում է կամ կարելի է կատարել դա ինքնըստինեան արդէն նշանակում է, որ «ժամը» հասել է, այլ կռւի յարատեւութեան մէջ: Մեր դատը վաղուց է հայերիս համար սոսկալի մի վէրքի նշանակութիւն ստացել: Շնորհիւ տաճիկ կառավարութեան կատարեալ կուրութեան՝ նոյն վէրքի նշանակութիւնն է ստացել նա Թիւրքիայի համար եւս: Թէ մենք եւ թէ Թիւրքիան ընտրել ենք այդ վէրքի դէմ վիրաբուժական միջոց. մենք դիմել ենք յեղափոխութեան, Թիւրքիան՝ մեզ կոտորելու միջոցին: Մեզ մնում է ուրեմն երկուսից մէկը – կամ սեփական ձեռքերով թաղել մեր դատը, կամ շարունակել մեր կռիւը այնքան, որ դա՝ թիւրքերի դէմ մինչ այժմ ուղղւած դժգոհութիւնների, պաշտօնական բողոքների եւ թղթէ սպառնալիքների շրջանը անցնելով, վերջապէս մի վէրք դառնայ նաեւ այն ազգութիւնների ու պետութիւնների համար, որոնք կապ ունեն Թիւրքիայի եւ մեր հարցի հետ: Այն օրը, երբ դրանք եւս համոզւեցին, որ այդ վէրքի դէմ պէտք է դիմել վիրաբուժութեան, մեր դատը ապահովւած կը լինի. այդ օրը կը լինի եւ մեր յաջողութեան օրը:

Չմոռանանք, որ մեր մօտիկ անցեալը – որքան եւ ծանր լինէր դա մեզ՝ ժամանակակիցներիս համար – պատմութեան մէջ շատ աննշան շրջան պէտք է համարւի, որպէսզի կարելի լինէր նրանցից ոեւէ համարձակ եզրակացութիւնների յանգել: Մի թոյլ, անզէն, ցիրուցան, բաւականաչափ անհատական եւ ռազմական բնազդներով աղքատ ժողովրդի ազատագրական շարժումը այնպիսի մի հասարակական երեւոյթ չէ, որ իր առաջին բողբոջները ձգելուն պէս՝ հասունութեան հասնէր: Այդպիսի յաջողութիւն, ինչպէս տեսանք վերը, չեն ունեցել նոյնիսկ մեզնից աւելի լաւ պայմաններում գտնւող ազգերը – ո՞ւր մնաց նոյնը պահանջել ոեւէ տասը տարւայ հասակը ունեցող մանուկ հայ յեղափոխութիւնից:

Այո՛, անցեալի կորուստները ճնշում, ճմլում են մեր սրտերն ու մտքերը, բայց չնմանւենք Թուկիդիտէսի այն հերոսին, որ կռւի միջոցին փոխանակ իր հակառակորդի հարւածներին դիմադրելու եւ աշխատելու նրա մարմնի ամէնազգայուն տեղերին հարւածներ հասցնելու, ձեռքերը սեղմում էր մարմնի այն տեղերին, ուր ընկնում էին հակառակորդի հարւածները: Կասկած չկայ, որ այդպիսի մի ընթացք մեզ կը տանէր միմիայն դէպի անպայման կորուստ, այն ինչ յարատեւ կռիւը դեռ շատ բան կարող է խոստանալ մեզ: Եւ ո՞վ գիտէ՝ թէ ինչ գոյնով պիտի լուսաբանւեն այսօրւայ մեր կորուստները 50-100 տարուց յետոյ, երբ դրանք կապւած կը լինեն հետեւողականութեամբ՝ յետագայ գալիք երեւոյթների հետ մեր կեանքում: Ո՞վ գիտէ, գուցէ ապագան՝ այսօր ողբաացւող դէպքերը արձանագրէ եւ տօնէ իբր մեր ազատագրութեան տարեշրջաններ: Ո՞ր մի ժամանակ ստրուկ եւ այսօր ազատ ազգը չէ մոռացել իր կրած զարհուրելի կորուստները: Ո՞րը դրանցից այսօր կը փոխէր իր ազատութիւնը նախկին վիճակին եւ անցեալ կեանքի այնպիսի մի ընթացքի հետ, ուր ոչ մի տեսակի զոհ եւ աւերումներ տեղի չլինէին ունեցած: «Չկայ մարդկութեան համար աւելի գեղեցիկ յոյս, քան մի ճնշւած ազգի յարութիւն առնելը», ստիպւած է եղել խոստովանել նոյնիսկ այնպիսի մի հրէշ, ինչպիսին էր Դիզրայէլին:

Յարատեւ կռիւ, յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող՝ չնայելով երբեմն նոյնիսկ իր լայն ծաւալին,– ահա ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանե՛նք, շարունակենք կռիւը, որպէսզի նա լայնանայ, ընդարձակւի եւ ընդարձակւելով՝ յարատեւի – ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը: Չշեղւե՛նք այդ ճանապարհից, որ պատճառների եւ հետեւանքների կապով պատմութեան մէջ հաստատւած օրէնքի ուժ ունի. չշեղւե՛նք այդ միակ ճանապարհից, որ սփռւած է յուսատու ապագային գրաւիչ ծաղիկներով...


Քրիստափոր Միքայէլեան
«Դրօշակ» - Ապրիլ 1900
Թիւ 3 (104)