27 October, 2021

Մանկութեան Յիշողութիւններէն*. Սիմոն Զաւարեան

*Այս յիշողութիւնները Ս.  Զաւարեանը գրի էր առել Պոլսում, «Ազդակ» շաբաթաթերթի համար, բայց ժամանակին չէր հրատարկւել: Մի հրաշքով չի կորել և փրկւել է «Ազդակ»-ի թղթերի մի մասի հետ:

Անգին բեկոր է այս, որ Սիմոնի յուշերի մի ուրիշ կտորի հետ՝ տպւած «Հայրենիք»-ի 2րդ բացառիկ թւում անփոխարինելի նիւթ է կազմում Դաշնակցութեան անզուգական երրորդութեան անդամներից մէկի կենսագրութեան համար: Գրւածքը հրատարակում ենք առանց որևէ փոփոխութեան:

Լուսանկարը՝ Զաւարեան ծնողների հետ
ըստ՝ Վ. Զաւարեան, Սիմոն Զավարեան, Եր. 2000, էջ 7
Չեմ յիշեր ճիշտ, բայց կարծեմ 1875/6-ի ձմռան մէջ էր, երբ առաջի անգամ ես լսեցի Րաֆֆիի և Արծրունիի անունները:

Իմ ազգական Բ. Շահվէրտեանը – որի մօտ ես կապրէի ու կը կրթւէի – լինել Ներսիսեան դպրոցի ուսուցիչ, երեկոները կնոջ հետ միասին կը վարէր ռուսաց մի թերթի («Տիֆլիսկի Վեստնիկ») սրբագրիչի պաշտօն: Եւ որովհետև Շահվէրտեանի կինը՝ Մ. Ա. Նադեժդինան ռուս էր – ինձ շրջապատող մթնոլորտը կը ներկայացնէր միջազգային մի պատկեր, այն ժամանակւայ գրական-քաղաքական գաղափարական դէմքերէ:

Շահվէրտեանը, իր հետ քաղաքական ամուսնութեամբ կապւած Նադեժդինան շատ ուրիշների հետ միասին հեռացւած էին Պետերբուրգի համալսարանէն, իբրև համակիրներ Պիսարևի, Չերնիշեւսկու և այլ ռուս արմատականների: Ուրիշներ նոր էին վերադարձած Ցիւրիխէն, Զւիցարիայէն, Փարիզէն իրենց հետ բերելով Լասսալի, Մարքսի, Բակունինի հովերը:

«Ինտերնասիոնալի», «նիլհիզմի» – անհատի, ազգերի, Մարդկութեան ազատագրութեան հովերն էին, որ կը փչէին շրջապատողներիս վրա՝ տղամարդ թէ աղջիկ՝ ռուս, հայ, վրացի, թուրք, նոյնիսկ չերքեզ, լեհ...

«Ազգութեան» խնդիրը չը կար մէջտեղ: Բոլորին էլ կը կապէր ռուսաց լեզուն: Այսուհանդերձ տեղական լեզուները խորշւած չէին:

Վրաց «Մորրիս Արագւին» նոյնչափ ոգևորութեամբ կ'երգւէր միջազգային այդ հաւաքոյթների մէջ, որչափ և հայ «Ծիծեռնակը», ռուս խմբերգին կը յաջորդէր Մարսելիէզը, լեհ ապստամբների «ըզ դիմոմ պոժարա»...

Ոմանք այդ շրջանի անձերից կորան անյայտութեան մէջ, բայց շատերը թողեցին անջնջելի հետքեր Ռուսներից Իվանօվները հիմնեցին Թիֆլիսի մէջ առաջին հասարակական գրադարանը, Սիմօնօվիչները կը պահէին նոր Ֆրէբէլեան սիստեմով բացւած մանկական պարտէզ: Վրացիներից Գօգոբաշվիլին – ռուս մանկավարժ Ուշինսկու հետևողութեամբ կազմեց վրացերէն Մայրենի Լեզուն», վրացերէնի թարգմանեց «Ծիծեռնակը»: Նիկոլաձէն դարձաւ յայտնի հրապարակախօս: Հայերից – Շահվէրտեանը, Յարոն, Արծրունու հետ միասին հիմնած էին ազատական «Մշակ»-ը և կը պայքարէին պահպանողական «Մեղու Հայաստանի»ի դէմ: Դրանց մէջ էր և Իզմայլօվը, որ տարիներ յետոյ դառնալով Թիֆլիսի քաղաքագլուխ երկար և յախուռն պայքարից յետոյ քաղաքի վարժարանները յաջողեցրեց բաժնել ազգայնական սկզբունքի համեմատ՝ ռուսական, հայկական, վրացական, թուրքական: Սիրւած էին այդ շրջանի մէջ մանաւանդ ամուսին Չմշկեանները և մանաւանդ թիւրքահայ Ամերիկեանը, որ հիմք էին դրած հայկակն թատրոնին: Ամերիկեանի կազմած երգիծաբանական կուպլէտները, մանաւանդ, մեծ ընդունելութիւն էին գտած այդ միջազգային շրջանի մէջ: Կը յիշեմ շատ լաւ կերպով, որ ընկերական հաւաքոյթներից շատերը կը վերջանային Ամերիկեանի

«Էսէնց է, մօտա է,
Մօտա է, մօտա է»...

Զւարթ, բայց կծու շեշտով, որուն կը ձայնակցէինք մեծերու հետ միասին նաև մենք, մանուկներս:

Ես դեռ շատ փոքր էի (7-9 տարեկան), որպէս զի հասկանայի այդ շարժման բնոյթն ու կարևորութիւնը... Յամենայն դէպս այդ օրւանէն երևի զգացի ազգային շօվինիզմի և ատելութեան անհեթեթութիւնը, սորւեցի հասկնալ որ բոլոր ազգերի մէջ էլ կան լաւ մարդիկ, բոլոր լեզուներն էլ ունեն իրենց գեղեցիկ արտայայտութիւնները...

Կեանքը առաջ էր բերած, սակայն, հարցեր ու խնդիրներ, որոնց հանդէպ երիտասարդ շրջանը շուտով բաժնւեց տարբեր հոսանքների: Տասնեակ տարիներ յետոյ միայն իմացայ, որ Շահվէրտեանը, Յարօն (և կարծեմ Իզմայլօվը) չէին համաձայնած Արծրունիի «բուրժուական» և «նեղ ազգայնական» ուղղութեան հետ և բաժնւած էին «Մշակ»-էն: Ես անտեղեակ էի այս պաղութենէն, ոչ էլ կը կարդայի «Մշակ»-ը, սակայն չգիտեմ ինչու, ինձ վրա ազդած էր «Մշակ» խօսքը: Կարծեմ կը զարմանայի որ «ամենացած» եւ արհամարհւած մարդոց անունով կնքած էին թերթի անունը: Գուցէ առաջի անգամ տպաւորութիւն էր գործած խօսքի կարճութիւնը (բաղդատմամբ երկար «Մեղու Հայաստան»-ի հետ): Եւ որովհետև մանկութենէ ես մի փոքրիկ հակում ունէի դէպի նկարները, մանաւանդ որոշ ձևերը, մի օր պարապութեանս ատեն «Մշակ» գլխագրէն արտանկարել և կտրել էի այդ չորս տառերը (իրենց իսկական ձևով ու մեծութեամբ) կապոյտ մի թերթի վրայ, ծածկել էի կտրւած տեղը թափանցիկ դեղին թղթով և փակցուցել այդ անպաճոյճ զարդը սեղանիս դէմ եղող լուսամուտին:

Չեմ մոռանար այն հեգնական ծիծաղն ու բացականչութիւնները որ լսուեցին քանի օր յետոյ աթոռիս ետևէն.

–Տես, տես – կը կանչէր ազգականս Յարօին և կնոջը – Արծրունին երևի շատ կուրախանայ որ մեր Սիմօնը գնահատել է իր թերթը...

Դաստիարակիս հեգնական շեշտը ազդեց երևի որ ես առանձին ուշադրութիւն դարձրի «Արծրունի» անւան վրա: Եւ երբ մի քանի շաբթից թէ ամսից յետոյ մի ինչ որ տոմսակով ինձ ուղարկեցին Արծրունու մօտ, ես առանձին հետաքրքրութեամբ դիտեցի վերջինիս դռան վրա փակցուցած այցեկարտը և տպաւորւեցի «տոկտոր փիլիսոփայութեան» մակագրութեամբ: «Փիլիսոփայութիւնը» մի քիչ վախեցրեց ինձ: Եւ երբ մի րոպէից յետոյ լսեցի տոմսակի բովանդակութեան առթիւ Արծրունու տւած չոր բացասական պատասխանը – ես երկար ժամանակ կը մտածէի արդեօ՞ք բոլոր «փիլիսոփաները» այդպիսի անճոռնի մէջք, այդպիսի խոժոռ դէմք և չար արտայայտութիւն ունեն:

Ակամայից յիշեցի համակրելի Չշկեաներին, Գոգեբաշվիլուն և մանաւանդ Ամերիկեանին և իր ուրախ զւարթ

Էսէնց է, մօտա է,
Մօտա է, մօտա է - ն:

Անցան մի քանի տարիներ. Ներսիսեան դպրոցէն ես փոխադրւած էի պետական րէալական գիմնազիօնը, աւելի ռուսական մթնոլորտ, բայց կը շարունակէի ապրել ազգականիս շրջանին մէջ...

Պայթեց ռուս-թուրքական պատերազմը:

Մուխտար փաշայի, Տէր Ղուկասօվի, Լօրիս Մելիքօվի անունները կ'արտասանւէին ամեն կողմ, կ'երգւէին փողոցային երգերի, թռուցիկները, թերթերի մէջ, տանը խօսակցութեան ժամանակ, թերթի սրբագրութիւները կատարելիս:

Մի մի անգամ սրբագրութիւննրի ատեն ես կ'օգնէի դաստիարակիս, հետևելով տպագրած նիւթերին, որոնցից արտատպութիւններ կը կատարւէին: Կը ջոկէի Ֆրանսական «Temps»-ը անգլիական «Times»-էն, գիտէի որ «Գօլօս», «Daily News», – ազատական թերթեր են, իսկ «Նօվոիէ Վրեմիան» և «Times), – «Figaro», – պահպանողական:

Պատերազմի ատեն վերաւորների և գաղթականների օգտին կազմակերպւած հանդէսների մէջ պատկերներ կը ցուցադրւէին «հայրենասիրական» զգացումները բարձրացնելու համար: Ինձ վերայ մասնաւորապէս ազդեց Ալաշկերտի գաղթականների փախուստը ներկայացնող մի պատկեր, որ կը հալածւէր բաշի բօզուկների կողմէ... Երևի այդ ծանր տպաւորութեան տակ էր որ միւս թէ երրորդ օրը փողոցի մէջ թուրք գերիներ պատահածս ատեն սկսեցի նախատել, հայհոյել անոնց: Խեղճերը ոչինչ չը պատասխանեցին և միայն տխուր հայեացքով կը դիտէին փոքրիկ «գեավուրին», գուցէ մի քիչ էլ ակնածելով իմ փայլուն համազգեստից...

Պատերազմի ժամանակ և յետոյ ազգականս շրջապատող միջազգային մթնոլորտը կստանար աւելի ազգայնական գոյն: Գուցէ պատճառը նա էր որ ազգականիս կինը, որ թէ մօր թէ դասիարակչուհու դերին մէջ էր իմ նկատմամբ, ամբաստանւելով իբրև յեղափոխական – բանտարկւած և փոխադրւած էր Պետերբուրգ, իբրև մէկը այն 193-ից, որոնց դատը այնպիսի մեծ աղմուկ հանեց Ռուսաստանի պատմութեան մէջ:

Աւելորդ է ըսել թէ ինչ ծանր տպաւորութիւն պիտի թողնէր այդ բանտարկութիւնը իմ մանկական զգացմունքերի վրա: Բարեբախտաբար, Մարիա Ալեքսանդրովնան (այդպէս կը կոչէին վարժուհուս) – իբրև սոսկ քարոզիչ ընկերվարական սկզբունքների ազատւեց և մէկ տարուց վերադարձաւ Թիֆլիս:

Պետերբուրգի մէջ նա առիթ էր ունեցած ծանօթանալու և մօտ շփւելու Խորէն Նարբէյի հետ: Իբրև լաւ ֆրանսագէտ ան կը գնահատէր մանաւանդ Խորէն Նարբէյի ֆրանսերէնը, բայց հետաքրքրւած էր նաև հայկական հարցով: Վերջինիս մասին ես բնականաբար չ'ունէի ոչ մի գաղափար, ռուսաց գիմնազիօնի մէջ սկսած էի նոյն իսկ մոռնալ հայերէնը, կը կարդայի միայն ռուսերէն մանկական գրքեր...

Իմ ռուսացման այդ շրջանի մէջ էր, երբ ազգականիս շրջանի մէջ երևաց մի նոր անձնաւորութիւն: Դա մի շատ կարճահասակ, բայց կրթւած, զւարճախօս թիւրքիացի հայ էր, որ եկած էր ինչպէս կըսէին Եգիպտոսէն: Վարժուհուս, ռուսների հետ ան կը խօսէր ֆրանսերէն, հայերի – թրքահայ բառբառով և շատ արագ կերպով որ անվերջ սրախօսութիւնների տեղիք կ'ուտար: «Քէշկէքը» – այդպէս կ'անւանէին բոլորը, Փարիզ սորւած և Եգիպտոսէն եկած հայուն – մտերմացաւ նաև ինձ հետ: Իր զւարճալի պատմութիւններէն զատ ես կը հետաքրքրւէի իր բարձր ծալւող գլխարկով ամեն անգամ ծալելով տափակցնելով զայն և նորէն բանալով... Քէշկէքի «շապօ կլակը»...

Մի անգամ մտնելով տուն Քէշկէքը գտաւ ինձ մենակ, հետաքրքրւեցաւ իմ դասերով, ընթերացնութեանս գրքերով և... ուրախ տօնը յանկարծ փոխեց լուրջի, նախատականի:

–«Ծօ, դու հայ գիրք չես կարդար, ծո, դու հայ չես» ազդեցին վրաս, և ոչ այնքան իրենց բովանդակութեամբ, որչափ այն զգացւած տօնով, շեշտով որ կար հայրենասէր հայու մէջ:

Միւս օրը «Քէշկէքը» բերեց ինձ Ռօբինզօնի հայերէն թարգմանութիւնը որ կարծեմ նոր էր դուրս եկած...

Քիչ յետոյ ուշադրութիւնս գրաւեց «Մշակ»-ը... Բոլորովին պատահմամբ աչքս ընկաւ «Ջալալէդդին» վերնագրի վրա, որ և սկսեցի կարդալ: Անկից յետոյ «Մշակ»-ին, Ջալալէդդինին և Րաֆֆիի ստորագրութեանը կսպասէիէ անհամբերութեամբ...

Չեմ մոռցած որ յափշտակւած հայ հարսերի կրակի շուրջ կազմակերպուած պարը թողեց վրաս ցնցող տպաւորութիւն: Առջի անգամ էր, կարծեմ, երբ իմ փոքրիկ մանկական սիրտը կսկծաց հայրենասիրական ու վրէժխնդրութեան զգացմունքներով...

Այդ ամառ, մեր բնակած տան բագի մէկ անկիւնը ես յատկացրած էի փոքրիկ, շատ փոքրիկ բանջարանոցի... Ցանած էի վարունգ, եգիպտացորէն, պատատէս, ֆասօլիա: Պարտէզի ամբողջ հոգսը՝ փորփրելը, ջրելը ինձ վրա էր, որ կը կատարէի մեծ գոհունակութեամբ, իբրև ամենամեծ զւարճութիւն:

Չը գիտեմ ինչպէս եղաւ, բայց ցանածս բոլոր բոյսերէն պտուղ տւեց միայն ֆասօլիան: Երբ մի օր տանեցիք որոշեցին իմ բուսցրած ֆասօլիայով կերակուր պատրաստել և մի քանի հիւրեր հրաւիրել – վերջիններիս մէջ էր (կարծեմ իմ ցուցմունքով) նաև Քէշկէքը:

Քիչ յետոյ մեր տան մէջ գումարւող համախմբումները շատցան. այս անգամ գումարւողները մեծ մասամբ հայեր էին, խօսակցութիւնները տեղի կունենային հայերէն: «Բերլին», «ժողով» խօսքերը կը լսւէին շատ անգամներ, ինչ որ «յօդւածներ» է որ շտապ կերպով կը սրբագրւէին ու կ'ուղարկւէին տպարան:

Այդ երեկոներից մէկի մէջ էր, կը յիշեմ – երբ փոքրիկ սենեակիս մէջ դասերը պատրաստելս ընդհատեց դաստիարակս և կանչեց ինձ ուրախ ձայնով: Ներս մտնելուս պէս նկատեցի որ բոլորը զւարթ էին, բարձր կը խօսէին և կը ծիծաղէին: Բարևները չէի վերջացրած դեռ, երբ յանկարծակիի եկայ իմ փափլիկ թշերին իջած ապտակի երեք հարւածներէ...

Ես ապուշ էի կտրած...

Սակայն դաստիարակս գրկելով և համբուրելով մօտեցրեց սեղանին և ճրագի լոյսին տակ կարդաց.

Յօդւած 61.

«Թուրքիա կը պարտաւորւի
« . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
« . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
« . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
« . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .

«Հասկցա՞ր, հասկցա՞ր» – պոռացին չորս կողմէս – ուրեմն չը մոռնաս»...

«Եթէ յօդւածը մոռնայ ալ, ապտակը չի մոռնար» – աւելցուց Քէշկեքը...

Ողջ 35 տարի է անցած այդ օրէն. ներկաների մեծ մասը չը կան այլևս:

Բայց և այնպէս Հայաստանի բարեկագրութիւնը կսպասէ իր հերթին, Րաֆֆին և Արծրունին կը մնան կենդանի քարոզիչները այդ հրատապ հարցի լուծման համար:

Արդեօք դաստիարակիս խօստացած «աւետիսը» մենք ևս փոխանցելո՞ւ ենք մեր որդիներին...

Ս. Զ.
«Դրօշակ» - Հոկտեմբեր 1927
Թիւ 10 (269)