06 September, 2019

Վնասակար Տարրեր

Ամեն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնազոհ, տոկուն եւ անվհատ գործունէութեան շնորհիւ յեղափոխական կազմակերպութիւնը ձեռք է բերում ոյժ եւ ազդեցութիւն, կեանքի մէջ ստեղծւում է հաւատ դէպի գործի յաջողութիւնը եւ հարթւում է որոշ աստիճանով յեղափոխական ուղին, ամեն անգամ էլ հասարակութեան տարբեր խաւերի մէջ իրարանցում է ընկնում: 

Բայց ընդհանրութեան յեղափոխական ոգու բարձրանալու հետ միատեղ, ամեն մի տեղից վերկացող բախտախնդիր, ամեն մի վաշխառու, կեղեքիչ, մինչեւ իսկ մատնիչներ, դաւաճաններ, մի խօսքով ամեն տեսակ սողուններ, որոնք գիտեն հիանալի կերպով յարմարւել հանգամանքներին եւ ամեն տեսակ ջրերում ձուկ որսալ, ասպարէզ են դուրս գալիս, իբրեւ «յեղափոխականներ» կամ յեղափոխութեան համակրող բարեկամներ: Վնասակար են այդ սողունները այդպիսի րոպէներում, երբ փքուն խօսքեր փչելով ու փարիսեցիական ձեւեր բանեցնելով, շահագործում են ամբոխի դիւրահաւատութիւնը ու տգիտութիւնը: Իսկ անտանելի են, ցաւ ու պատուհաս են դրանք յեղափոխական շարժման համար այն ժամանակ, երբ յեղափոխութիւնը կրում է ժամանակաւոր անաջողութիւն եւ սկսում են տիրել աւելի վատթար պայմաններ յեղափոխական գործիչների համար: Այդ ժամանակ այդ զազրալի արարածները սուս ու փուս քաշւում են իրենց բները, եւ արդէն «խոհեմութիւն», «հեռատեսութիւն», «ժողովրդասիրութիւն», «միութիւն» եւ այլ դիմակների տակ դարձեալ շարունակում են խաղալ ժողովրդի հետ, աշխատելով մի կերպ քողարկել իրենց իսկական գոյնը: Շարունակելով կրել «յեղափոխական», «ազգասէր» տիտղոսները, դրանք դառնում են իսկական յեղափոխական գործի ամենավնասակար խոչընդոտները:

Այդ արարածները աղբեր են, որոնք մեծ ու փոքր կոյտերով, տեսակ տեսակ բուրմունքներով եւ գոյներով թափւած յեղափոխական ճանապարհի վրայ, ապականում են յեղափոխական միջավայրը:

Ամեն մի յեղափոխական գործիչ ստիպւած է ժամանակ առ ժամանակ թողնել իր բուն գործը եւ զբաղւել այդ աղբերով, որոնք ընկնում են ոտքերի տակ եւ խանգարում իր կանոնաւոր ընթացքը: Ժամանակ առ ժամանակ, կամայ ակամայ նա իւր վրայ պէտք է առնի այդ զզւելի աշխատանքը, իմանալով հանդերձ, որ իւր ցախաւելի հենց առաջին հարւածից այդ կոյտերը միանգամից կը բացւեն եւ կը լցնեն օդը իրենց գարշահոտութիւններով: Արձակւած բամբասանքների, զրպարտութիւնների, ինտրիգաների  մթնոլորտի միջով պէտք է դիմի յեղափոխական իսկական գործիչը դէպի իւր բուն նպատակը:

Կեանքի մէջ տեսնում էինք կուսակցութիւնների միութիւն քարոզող ուտօպիստներ, այդ միութեան անունով նոր, իրենց անձնական կուսակցութիւններ կամզողներ եւ այս ձեւով բուն գործից խոյս տւող սնափառներ, անվերջ պատրաստութիւնների ձգտող եւ ոչ մի պատրաստութիւն չտեսնող խոհեմ յեղափոխականներ, զանազան տեսակ խաբեբաներ, շարլատաններ. այժմ էլ քիչ չէ բարեսրտութեան դիմակի տակ մտած բախտախնդիրների թիւը, որոնք իրենց ետեւից տանում են միամիտների մի բանակ: Դրանք սկսել են նոր ձեւի տակ մի նոր արշաւանք «Դաշնակցութեան» դէմ, որի առթիւ աւելորդ չենք համարում մի քանի խօսք ասել:

«Ժամանակ չէ այլեւս յեղափոխութեամբ պարապւել, այժմ հաց պէտք է տալ ժողովրդին եւ ոչ թէ զէնք», լսում ենք ամեն կողմից ժողովրդի դրութեան վրայ կոկորդիլոսեան աղի արցունք թափող փարիսեցիներից:

Իսկապէս, ահա ամենայարմար րոպէն երեւան գալու իբր վերին աստիճանի բարի, զգայուն, փափուկ սրտի տէր մարդ, իբր խոհեմ, ժամանակի պահանջներին յարմարւող, ժողովրդի ցաւերը ճանաչող գործիչ: Բացի այդ, բարեգործութեան դիմակի տակ կարելի է եւ վտանգի չենթարկել իւր անձը, որն այնքան թանկ է հայրենիքի համար. իբր արթուն հովիւ պէտք է հսկել իւր սիրեցեալ ժողովրդի վրայ, չլինի թէ նա մոլորւի եւ տարւի «ծայրայեղ» յեղափոխականների դէպի կորստեան անդունդը տանող գործունէութեամբ: Ահա ամենայարմար րոպէն ամենաարժան գնով ու ամենաանվտանգ ճանապարհով իսկական ազգասէրի մեծ հռչակ ձեռք բերելու:

«Ժողովրդին հաց պէտք է տալ», ասում են մեր ժողովրդի «իսկական բարեկամները»: Ո՞վ է հակառակը պնդում. ո՞վ է ասում, թէ հարկաւոր չէ հաց տալ: Բայց դուք ինքներդ ինչո՞ւ գոնէ այդ չէք անում, ինչո՞ւ այդ պարտքն էլ ծանրաբեռնում էք յեղափոխական կազմակերպութիւնների վրայ: Ո՞ւր էիք դուք, երբ Սասունի կոտորածից յետոյ «Դաշնակցութիւնը» ստիպւած եղաւ մասամբ շեղւել իւր բուն գործունէութիւնից եւ բարեգործութեամբ զբաղւել՝ իւր սեփական միջոցներից դրամական նպաստներ բաժանելով բոլորովին անօգնական մնացած երկրին: Ո՞ւր էիք դուք վերջին կոտորածներից յետոյ, երբ դարձեալ «Դաշնակցութիւնն» առաջինն եղաւ թշւառ, թալանւած, արիւնաքամ ժողովրդին անմիջական դրամական օգնութիւն հասցնողը:

Այժմ էլ, երբ դուք զբաղւած էք միայն հայրենասիրական քարոզներ արտասանելով եւ չնչին կոպէկներ էք միայն հանում ձեր հաստափոր բարեկամների գրապններից, դարձեալ ամերիկացի, անգլիացի, մինչեւ իսկ գերամանացի եւ շվէցարացի պաստօրներն են մեր ժողովուրդին օգնութիւն հասցնողը:

Ամօ՛թ ձեզ...

«Ժողովրդին այլեւս զէնք չպէտք է տալ»: Այս խօսքերն արտասանւում են այն ժամանակ, եր փաստերը պարզ ցոյց են տւել, որ կոտորւել, թալանւել, աւերւել են այն գիւղերը, ուր ինքնապաշտպանութեան համար զէնքի հարկւոր քանակութիւնը չկար, երբ արդէն ձեռքի տակ ունինք փայլուն ապացոյցներ, որ այն տեղերը, որտեղ մենք ունեցել ենք զէնք կամ զինւած հայդուկներ, կռւել, պաշտպանել են իրենց կայքը, գոյքը կամ թէ բոլորվին ազատ են մնացել յարձակումներից: Այս խօսքերն արտասանւում են այն ժամանակ, երբ Տաճկահայաստանի ամեն կողմերում, մանաւանդ ազատ մնացած վայրերում, օրէ օր սպասւում են նորանոր ընդհարումներ, երբ կառավարութիւնը պատրաստ իւր տրամադրութեան տակ է պահում իրեն ծառայութիւններ մատուցած համիդիական գնդերին եւ միւս կիսավայրենի կեռնականներին. Երբ միւս կողմից զէնքի նշանակութիւնը հասկացած հայ ժողովուրդը յուսահատական աղաղակներ է հանում եւ ձեռքերը պարզած զէնք է հայցում. Երբ թալանւած գիւղերն իրենք իրենց մէջ հանգանակութիւն են բաց անում իրենց վերջին կոչէկները դուրս են հանում զէնք ձեռք բերելու համար

Ժողովուրդը զէնք է պահանջում, իսկ մեր խոհեմ գործիչներն աշխատում են հաւատացնել ժողովրդին, որ նա սխալւում է, նրան ոչ թէ զէնք է հարկաւոր, այլ հաց...

Հաւատա՞նք այդ խոհեմների անկեղծութեան:

«Հարկաւոր է դադարեցնել յեղափոխական շարժումը», պահանջում են նրանք: Այս կէտում դրանց հետ միանում են եւ նրանք, որոնք վերջին կոտորածների տպաւորութիւնից դեռ չեն ազատւել եւ խօսում են աւելի զգացմունքով, քան թէ խելքով:

Մենք արդէն քանիցս անգամ առիթ ենք ունեցել ցոյց տալ, որ յեղափոխական շարժումն անհնարին է կանգնեցնել, քանի որ նա հետեւանք է Տաճկահայաստանում տիորղ անտանելի ոայմանների, եւ քանի վատթարանան այդ պայմանները, այնքան աւելի սաստիկ պէտք կը զգացւի ուժեղ յեղափոխկաան շարժման: Միմիայն իրերի անկարգ դրութեան բարեփոխումը կարող է վերջ տալ յեղափոխական շարժման:

Պահանջելով դադարեցնել յեղափոխական շարժումը, դրանք կողմնակի կերպով մեղադրում են յեղափոխականներին, համարելով նրանց այդ բոլոր աղէտների պատճառը: Կոտորածների պատասխանատւութիւնը յեղափոխականների վրայ բարդելով եւ յուսահատութեան մէջ ընկնելով, այդ կարճամիտները մոռանում են մարդկային պատմութիւնը. մոռանում են, որ ուրիշ ազգեր աւելի սոսկալի արհաւիրքների միջից են անցել եւ իրենց ազատութեանը հասել. մոռանում են եւ հայոց պատմութիւնը, դարերի ընթացում հայերի կրած դժոխային տանջանքները:

Դառնալով վերջին կոտորածներին, հարցնում ենք, չե՞նք չափազանցում արդեօք դրանց բացասական նշանակութիւնը:

Վերջին դէպքերը մեծ հարւած էին հայ ժողովրդի համար, այդ անհերքելի է. ամենքն այդ զգացին եւ սոսկացին՝ թէ մենք թէ ուրիշները. զգացինք, որովհետեւ մեր թշնամիները գործում էին սրերով, հրացաններով, որովհետեւ ամենքի աչքի առաջ արիւն էր հոսում եւ այդ բոլորը կատարւում էր ազատ համարձակ:

Սակայն մենք մինչեւ այժմ էլ նոյնպէս զոհեր էինք տալիս, հայ ժողովուրդն արիւնաքամ էր լինում, հայաբնակ գաւառներն ամայանում էին կամ բռնւում քրդերով, չէրքեզներով եւ այլ լեռնականներով, բայց ոչ ոքի վրայ այս հանգամանքը հարկաոր ազդեցութիւնը չէր թողնում, ոչ ոք չէր սոսկում, չէր կատաղում, ոչ ոք չէր մտածում հարկաւոր չափով ժողովրդի այս անտանելի պայմանների մասին: Այստեղ սուրը հազիւ էր խաղում, արիւնը հազիւ էր հոսում, բայց եւ այնպէս ժողովուրդը, ուժասպառ էր լինում եւ լուռ ու մունջ կոտորւում երկրի ընդհանուր պայմանների ճնշման տակ: Ո՞ւր են մեր բազմամարդ հայաբնակ գաւառները, ո՞ւր են նրանց չարքաշ բնակիչները: Թողնենք հեռու անցեալը: Մեր աչքի առաջ դատարկւում են զգալի կերպով Մշոյ դաշտը, Վասպուրականը, Կարնոյ եւ Բաբերդի շրջակայքը, Խնուսը, Բասենը... Մեր աչքի առաջ Ալաշկերտը Բայազէտի հետ միասին կորցրին իրենց բնակիչների 9/10 մասը. զուտ հայաբնակ Խիզանում մնացելէ հազիւ մի երկու գիւղ: Մինչդեռ ոչ ոք չի լսել, որ այդ կէտերում կոտորած եղած լինի:

Չէ՛, հայ ժողովուրդը անկարող է ապրել Տաճկահայաստանում տիրող կարգերում. նա ուժասպառ է լինում, նա մեռնում է, նա չէ կարող չբողոքել, ոտի չկանգնել եւ չդիմել յեղափոխութեան, իբրեւ իւր միակ փրկարարին:

Մեր «խոհեմ ազգասէրների» բոլոր քարոզները շատ-շատ կունենան բացասական նշանակութիւն, կը դանդաղեցնեն յեղափոխական ընթացքը: Կարո՞ղ էք արմատախիլ անել հայ ժողովրդի արեան մէջ մտած կեանքի նորանոր պահանջները, կարո՞ղ էք փոխել նրա ուղեղը եւ նեարդները, յոյս ունէ՞ք նրան դնել ստրկական, անասնական դրութեան մէջ, – եթէ այո՛, փորձեցէ՛ք, եւ այն ժամանակ միայն դուք կարող էք յոյս ունենալ յեղափոխութեան վերջ տալու:

Ժողովուրդը սկսել է յեղափոխութիւնը եւ նա կը տանի մինչեւ վերջը, իսկ առայժմ նրան մնում է լաւ ճանաչել յեղափոխական ճանապարհի վրայ ընկած զանազան տեսակ աղբերի իսկական նշանակութիւնը եւ մի կողմը շպրտելով դրանց, անարգել կերպով շարունակել իւր փրկարար կռիւը:

Ստեփան Զօրեան
«Դրօշակ» - 1 Մայիս 1896
Թիւ 12