09 November, 2024

ՀՅԴ Անզուգական Ռազմիկը՝ Մարտիրոս Աբրահամեան

(Բաշգեառնեցի Խմբապետ Մարտիրոս Աբրահամեանի Մահւան Քառասնօրեակի Առթիւ)

Քառասուն օր է անցել անզուգական Մարտիրոսի մահից, նրա նւիրական հողաթմբի վրայ արդէն թողնել են յարգանքի ու սիրոյ ծաղկեպսակները, սակայն հոգևին չեմ կարողանում հաշտւել այն մտքի հետ, թէ նա՝ Դաշնակցութեան այդ անվեհեր մարտիկը ոչ ևս է: Չեմ հաւատում Մարտիրոսների մահւան, որովհետև նրանց վսեմ գործը, աննախընթաց նւիրումը, մահն արհամարհելու խիզախութիւնը, ինչպէս նաև սքանչելի հերոսութիւնը մեռնել, մոռացութեան տրւել չեն կարող:

Միթէ՞ մոռացութեան տալ կարողացաւ անողոք ժամանակը մեր հերոսական պատմութեան «իմացեալ մահւան» անմահ նահատակները: Մեր պատմութեան ողջ սրբութիւնները շալակած այդ նահատակ սերունդների սրբազան աւանդներն ապրում են նաև այսօր՝ թէ այնտեղ՝ ահաւոր բռնակալութեան ճիրաններում տառապող հայութեան՝ երկրի հայութեան սրտում, թէ գաղթաշխարհի ցիրուցան հայ հատւածների կարօտակէզ հոգում: Մարտիրոսը, մեր օրերի լաւագոյն հերոսներից մէկը, նա պաշտողն ու շարունակողն եղաւ վերոյիշեալ նահատակների սրբութեանց, գաղափարների ու գործի:

Իր գիտակցական կեանքի առաջին իսկ օրերից՝ հազիւ 16-17 տարեկան, անվարան մտաւ իր պաշտելի կուսակցութեան՝ Հ. Յ. Դաշնակցութեան վեհաշուք յարկի տակ և կէս դարից աւելի արտակարգ նւիրումով, աչքառու խիզախութեամբ, հերոսական խոյանքներով մնաց հաւատարիմ այդ սրբազան յարկի պատգամներին:

Դարձաւ նաև պաշտպանն ու գործադրողը նոյն պատկառազդու յարկի վերասլաց խորհուրդներին ու ցնցող յառաջադրութեանց:

Հայ պատմաբանը, անշուշտ, մի օր խորը հիացումով, արտակարգ հպարտութեամբ ու խանդաղատանքով ծունկի պիտի գայ մեր յեղափոխութեան բիւրաբիւր նահատակների ու հերոսների անվեհեր, հերոսական երկունքների ու արտակարգ նւիրումի առջև ու պիտի փորձի կշռել ու չափել հայ հոգու, հայ մտքի ստեղծագործական հնադարանները, որոնք կեանք են տալիս այս անմահ երկունքներին, այս յեղափոխական աննահանջ գաղափարաբանութեանը: Այո՛, հայ յեղափոխութեան դիացանքսի սրբացած պատմութիւնը՝ իր բազմադրւագ, շքեղօրէն գեղեցիկ էջերով, որ պիտի ապշահար թողնի մեր բոլոր թշնամիներին և որ պիտ լցնի նաև այս օրերի հայ դատարկ հոգիները, որոնք թինկ տւած օտար ուժերի միջնաբերդին՝ ոտի տակ են տալիս մեր ժողովրդի նւիրական աւանդները:

Դժբախտաբար Մարտիրոսի հարուստ ու խիզախ կեանքի բազմադրւագ յուշերն չամբողջացան ու իր իսկ հերոսի ցանկութեան համապատասխան ձևով հասարակութեան սեպհականութիւն չդարձան, սակայն այն ինչ որ հասաւ մեր հասարակութեան ձեռքը, այն ինչ որ հրատարակւեց, բաւարար, խորապէս բաւարար հիմեր են մեր աննման Մարտիրոսի ճակտին յեղափոխական մարտիկի, անվեհեր պայքարողի դափնիներ դնելու և նրա նւիրումով ու խիզախութեամբ լեցուն կեանքն արժէքաւորելու:

Ահա ձեզ 1904 թւի Մօսունի արշաւանքը – երկու հայդուկային խմբեր «Արտաւազդ»ը Բաբերդցի Միհրանի հրամանատարութեամբ, և «Մասիս»ը՝ Գայլ Վահանի հրամանատարութեամբ: Առաջին խմբի մէջ է մեր աննման Մարտիրոսը՝ հազիւ 16-17 տարեկան: Երկու հայդուկային խմբերից «Մասիս»ը պիտի յարձակւէր Մօսունի տաճիկ սահմանապահ զօրամասի վրայ՝ նրան բնաջնջելու, իսկ «Արտաւազդ»ը պիտի յարձակւէր Մօսուն գիւղի մօտ քրդական 60ի չափ վրանների վրայ, որոնք պատկանում էին քիւրդ ցեղապետ Ուսուպ բէկին: Յարձակումներն սկսւում են երկու ուղղութեամբ էլ. քրդերն ու տաճկական բանակը դիրքեր են բռնում բլուրների ժայռոտ, քարքարոտ բարձունքներում և յամառօրէն դիմադրում հայդուկային երկու խմբերին: Յարձակումները դառնում են երկարատև, թշնամուն օգնութեան են հասնում նոր զինւորական ուժեր և քրդական աշիրէթներ: Կէսօրուայ մօտերը յանկարծ լսւում է քիւրդ ցեղապետ Ուսուպ բէկի բարձրագոչ առաջարկը: «Դուք հայդուկներդ – ասում է բէկը – գիտեմ քաջ էք ու մահն արհամարհող, առաջարկում եմ, որ ընդհարումները դադարեցնէք և ձեր խմբապետին պարտադրէք ինձ հետ մենամարտելու»: Հայդուկային երկու խմբերի միջև սկսում են տարաձայնութիւններ, շատերն են ցանկութիւն յայտնու մենամարտի դուրս գալ Ուսուպ բէկի հետ, դրանց մէջ է նաև մեր նորընծայ հայդուկը, արի Մարտիրոսը, սակայն այդ բախտը խմբերի որոշումով վիճակւում է կիլիկեցի տասնապետ Սուրէնին, որը մեծահոգութեամբ, Սասունցի Դաւթի նման առաջին զարկի իրաւունքը տալիս է Ուսուպ բէկին. վերջինս կրակում է, գնդակը կպչում է Սուրէնի ճիշտ ոտքերի տակ, առանց նրան վնասելու: Հերթը Սուրէնինն է, նա առաջին իսկ գնդակով գետին է գլորում Ուսուպ բէկին: Մօսունի արշաւանքից յետոյ Մարտիրոսը դառնում է Դաշնակցութեան աչքառու մարտիկներից: 1905-6 թւերի հայ-թաթարական ընդհարումների ժամանակ նախ Կոտայքում է՝ իր պաշտելի հրամանատարի՝ Դրոյի հրամանի տակ, ապա անցնում է Պարսկաստան և Ռոստոմի ղեկավարութեամբ եռանդուն մասնակցութիւն է ունենում պարսկական յեղափոխութեան (1908-9 թ.): Պարսկաստանից վերադարձին Նախիջևանում բանտարկւում է իր ընկերների հետ: Այդտեղ, բանտում՝ ծանօթանում է ու մտերմանում ուսանող Գարեգինի, ապագայ հերոս Նժդեհի հետ, որի հետ միասին փոխադրւում է Ռոստովի բանտը, ուր մնում է մինչև համաշխարհային պատերազմը, որը սկսւելուց քիչ առաջ արձակւում է բանտից: Կամաւորական խմբերի կազմութեան ժամանակ մտնում է Դրոյի հրամանատարութեան ենթակայ կամաւորական Բ. գումարտակի մէջ, իբրև երրորդ վաշտի պետ:

Կամաւորական Բ. գունդի վաշտապետներ.
Կանգնած ձախէն՝ Յովհաննէս Քուրանեան, Զեմլեակ, Դալի Ղազար (Միքայէլ Պատալքէխեան), Ռիժա Տիգրան. 
Նստած ձախէն՝ Օնէ (Յովհաննէս Մելքոնեան), Եապոն (Յակոբ Պարոնեան), Մարտիրոս Աբրահամեան
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Համաշխարհային առաջին պատերազմը վերջացաւ ռուսական կայսրութեան տապալումով ու պարտութեամբ և օսմանեան զօրքի ջախջախումով: Հայ ժողովրդի համար ստեղծւեց կենաց ու մահւան մի ահաւոր շրջան: Թէև մեր հերոս ժողովրդի ահաւոր երկունքներով իրականութիւն դարձաւ մեր դարաւոր երազը, Հայաստանն անկախացաւ (1918 թ. Մայիս 28), սակայն ռուսական բռնակալութիւնը, համայնավարութիւնը սրբազան դաշն կռեց ջախջախւած օսմանեան պետութեան հետ, զինեց, հագցրեց ու կերակրեց օսմանեան լքւած, ջարդւած զօրքը և հրամայեց շարժւել Հայաստանի վրայ. և հարաւից տաճկական բանակը, հիւսիսից ռուսական կարմիր զօրամասերը միաժամանակ յարձակման անցան տապալելու Հայաստանի անկախութիւնը:

Տաճկահայաստանի հինգ վիլայէթները (90 հաար քառակուսի կիլոմետր), Կարսը, Օլթին, Կաղզւանն ու Սուրմալուն (41 հազար քառակուսի կիլոմետր) Բրեստ-Լիտովսկի դաշնագրով յանձնեցին տաճիկներին՝ իրենց վերապահելով միայն այսօրւայ փոքրիկ Հայաստանը: Այս գարշելի դաւադրութեամբ համայնավար ղեկավարները հայութեան համար ստեղծել էր չտեսնւած ծանր դրութիւն և հայութիւնը պատիւ իրեն, ահաւոր զոհերի գնով պայքարում էր դաշնակցած թշնամի երկու ուժերի դէմ:

Մարտիրոսը, Դաշնակցութեան այս արի մարտիկը, հայութեան այս օրահասական պայքարին լծւած էր իր հոգու, մտքի ամբողջ թափով: Նա պատրաստակամ իր զօրամասերով մեկնում էր այնտեղ, ուր Հայաստանի կառավարութիւնն ու իր պաշտելի կուսակցութիւնն էին մատնանշում: Նա մի օր իր զօրամասով Ղարաքիլիսայի ճակատում էր՝ համայնավարների դէմ պայքարելիս, մի ուրիշ օր Մարգարայի կամուրջի շրջանում տաճիկ կանոնաւոր բանակի ու քիւրդ աշիրէթների յարձակումները կասեցնում ու գլխիկոր յետ շպրտում թշնամուն: Մի օր Արագածի բարձունքներին տաճկական լրբացած զօրամասերն էր ջարդում ու անառիկ բարձունքները գրաւելով թշնամուն շպրտում ցած:

Մարտիրոսն արտակարգ յուզումով էր յիշում մանաւանդ Սարդարապատի հերոսամարտի մի դրւագը: «Տաճիկները հասել էին – պատմում էր Մարտիրոսը – Արագածի ամենաբարձր, անառիկ բարձունքներին, մի գրոհ և նորա պիտի իջնէին Արարատեան դաշտի սիրտը՝ Էջմիածին ու Երևան: Պաշտելի Դրօն կարգադրեց Զեմլեակին, Դաշնակցութեան այդ անզուգական ասպետին ու ինձ՝ մեր երկուհարիւրական ձիաւոր զօրամասերով մօտենալ տաճկական դիրքերին և երբ մեր հետևակ զօրքի անակնկալ յարձակումը սկսւի, կայծակնային ու չընդհատւող գրոհով յարձակւել ու գրաւել տաճկական բարձրադիր դիրքերը՝ կանգ չառնելով գերագոյն զոհողութեան առջև: Մեր հետևակի արի խոյանքները թշնամու դէմ սկսւեցին, թշնամու գնդակների կարկուտի տակ նոսրանում էին մեր հերոս զինւորների շարքերը: Դրօն՝ յաղթանակը շահելու և մեր հետևակին կորստից փրկելու համար կրկին հրահանգեց Զեմլեակին և ինձ անմիջապէս յարձակման անցնել: Իմ անուշ աղբէրս՝ Զեմլեակը իր զօրամասով անցաւ անմիջական յարձակման, ես հետևեցի նրան. տաճիկ բանակը Կարսից մինչև Արագած այդպիսի առնական, արի դիմադրութիւն չէր տեսել: Նրա մի մասը սկսեց լքել դիրքերը, այդ վայրկեանին Զեմլեակը, որ սուրը հանած կոչ էր անում իր հերոս զօրախմբին յառա՛ջ, միշտ յառաջ, խփւեց թշնամու գնդակով: Դրօն լուրն առնելուն պէս հեռախօսեց ինձ ու ասաց: –Մարտիրոս ջան, Զեմլեակի, քո և մեր պաշտելի ընկերոջ վրէժը դու պիտի լուծես, քեզ եմ ենթարկում նաև Զեմլեակի զօրամսը – ես – պատմում էր արտակարգ յուզումով Մարտիրոսը – երդւեցի Դրոյի առաջ, որ կեանքիս գնով կը գրաւեմ տաճկական դիրքերը և ընկերոջս վրժէը կը լուծեմ. ու այնուհետև խելագար, կատաղի յարձակումով ջարդեցինք տաճիկ բանակը և Արագածի բարձունքներից մղոններով քշեցինք ցած: Երբ յաղթութեան լուրը հաղորդեցի Դրոյին, նա կարճ պատասխանեց.- ես կասկած չունէի, որ այդպէս էլ պիտի լինէր»:

Խորհրդային իշխանութեան ահաւոր դաւադրութեամբ երբ Հայաստանը խորհրդայնացաւ, մեր անզուգական Մարտիրոսը իր զօրամասով գտնւում էր Մարգարա կամուրջի շրջանում: Զինւորական նախարար Ռուբէն Տէր Մինասեանը նրան հրահանգում է անմիջապէս զօրամասն յանձնել օգնականին և մեկնել Երևան. Մարտիրոսը կատարում է նախարարի հրամանը և մեկնում Երևան, միւս օրն առաւօտեան ներկայանում է զինւորական նախարարութեան շէնքը՝ ճշտելու իր ապագայ անելիքները. նախարարական աթոռի վրայ Ռուբէնի փոխարէն նստած է տեսնում իր պաշտելի Դրոյին:

Վերջինս նրան պարզում է, որ Հայաստանը խորհրդայնացել է, որ նա Ռուբէնի և ընկ. Լ. Քալանթարեանի հետ կառավարութեան և Բիւրոյի որոշումով պիտի անցնի Զանգեզուր: Մարտիրոսը բաւական յամառում է և չի ուզում Դրոյից բաժանւել, նրան մենակ թողնել. սակայն Դրոյի կտրուկ հրահանգով հարկադրւած՝ վերոյիշեալ երկու ընկերների հետ մեկնում է Զանգեզուր: Զանգեզուր հասնելուց մի քանի շաբաթ յետոյ՝ երկրից ծանր լուրեր են հասնում, խորհրդային իշխանութիւնը հակառակ իր գրաւոր յանձնառութիւնների բանտերն է լցնւոմ պետական, կուսակցական ղեկավար տարրերին. Ռուբէնն ու Նժդեհը լրջօրէն խորհրդակցելուց յետոյ որոշում են Մարտիրոսին յետ ուղարկել Բաշգեառնի և կազմակերպել բանտարկւած ընկերների փախուստը դէպի Զանգեզուր:

Մարտիրոսն առանց վայրկեան իսկ կորցնելու մեկնում է դէպի իր հայրենի գիւղը՝ Բաշգեառնի, երբ տեղ է հասնում, ժողովրդին գտնում է անասելիօրէն լքւած ու յուսահատւած վիճակում: Իր Զանգեզուր գնալն ու վերադառնալը տևել էր մօտաւորապէս երկու ամիս. այդ կարճ ժամանակում խորհրդային բռնակալութեան վարած դաժան, անմարդկային հալածանքներն ու բռնագրաւումներն ընդունել էին այնպիսի ձեւ, որ ժողովուրդը հարիւր տոկոսով ատամներ էր կրճտացնում և ելքեր փնտռում այդ անասելի տանջանքներից ու բռնութիւններից ազատագրւելու: Մեր աննման Մարտիրոսն իր հայրենի գիւղը ահսնելուն պէս՝ երբ գիւղի ծերերին ու ղեկավար տարրերին խորհրդակցութեան է հրաւիրում, ամենքը միաբերան փրկութեան ճամբան համարում են ապստամբութիւնը խորհրդային իշխանութեան դէմ: Մարտիրոսը յարաբերութեան մէջ է մտնում նաև Բաշգեառնիի, Ղամարլուի և Կոտայքի կուսակցական ընկերների հետ, ամեն տեղից նոյն պատասխանն են տալիս, ինչ որ Բաշգեառնին: Երբ Մարտիրոսը, Փետրւարեան ապստամբութեան անզուգական հերոսը, վերջանականօրէն համոզւում է, որ ժողովրդի համբերութիւնը հատել է և ապստամբութեան հողը պատրաստ է՝ անցնում է մեղւաջան աշխատանքի զօր ու գիշեր. յարաբերութիւն է ստեղծում նաև ընկեր Վրացեանի ու Դրոյի և Արագածի ուժերի հետ, որոնք հրահանգում են առանց իրենց գիտութեան և համաձայնութեան չձեռնարկել ոչինչ: Երբ սակայն խորհրդային իշխանութեան հրահանգով հայ սպայութիւնը դաւադրաբար հաւաքւում և Ռուսաստան է քշւում, Դրօն նոյնպէս աքսորւում է Մոսկւա, բանտերը լցնում են նոր ու նոր անհամար բանտարկեալներով ու բանտային կացնահարութիւնների դաժան լուրերը դառնում են իրականութիւն:

Մարտորիսը անդադար իր հետ կապ պահող շրջաններում զինւորական միաւորներ է ստեղծում, զէնք ու փամփուշտ է հաւաքում և զինում իր կամաւոր ապստամբներին, հրամանատարական կազմն է հաստատում և իւրաքանչիւրի պարտականութիւնները սահմանում, մանաւանդ երբ լսում է ընկ. Վրացեանի կրկնւող ահազանգերը՝ թէ խորհրդային իշխանութիւնը կոտորել է սկսել մեր պետական-յեղափոխական աչքառու գործիչներին, Մարտիրոսը այլեւս քուն ու հանգիստ չունի: Մանաւանդ երբ մի բարեպատեհ հանգամանքով խորհրդային զօրամասերից անջատւում և Մարտիրոսին են միանում Փետրւարեան ապստամբութեան սպարապետ գնդապետ Կուռօն, սպայ Գարեգին Սարգիսբէգեանը, Մուկուչ Նաւասարդեանը, որոնք բոլորն էլ դառնում են Փետրւարեան սպտամբութեան խոշոր յենարաններ, Մարտիրոսը աւելի և աւելի է գօտեպնդւում և «Հայրենիքի փրկութեան կօմիտէ» կազմելով հերոս գնդապետ Կուռօյի եւ միւս հայ հերոս սպաների անմիջական մասնակցութեամբ անցնում է յարձակման եւ իրար յետեւից գրաւելով Քանաքեռն ու Երեւանը՝ գրոհում է բանտի վրայ եւ կացնահարումից ազատում մեր յեղափոխական ու պետական ընտրանին:

Մեր անզուգական հերոսի մեծագոյն փառքը Փետրւարեան ապստամբութիւնն է, որ նրան հայոց պատմութեան մէջ անմահացրել է:

Մեծամասնական խոշոր բանակների գրոհների տակ Փետրւարեան ապստամբութեան ղեկավար բոլոր տարրերը նահանջելով անցան հիւրընկալ Պարսկաստան, նրանց մէջն էր նաեւ մեր պաշտելի Մարտիրոսը:

Նրա թաղումը կատարւեց խորը յուզումով, յարգանքով ու անչափելի տխրութեամբ. նրա տառապած հողեղէնը փոխադրւեց «Ալիք»ի տունը, ուր աւագ ու կրտսեր ընկերները, ինչպէս նաև նրան խորապէս սիրող ու յարգող մարտիկները, հերթականօրէն պատւոյ պահակ դարձան մինչև լոյս:

Հողը թող թեթև լինի վրադ, սիրելի, անզուգական Մարտիրոս:

Եր. Հայրապետեան
«Ալիք», Թեհրան
Թիւ 281 (5922), 282 (5923)