Հ. Յ. Դաշնակցութեան երկու արշաւախմբերի գործունէութեան ասպարէզ որոշւած էր պատմական Բագրեւանդ գաւառը, որի սահմանների մէջ գտնւում են Հին Բայազիտը եւ Իւչքիլիսէի սուրբ Յովհաննու վանքը:
Այս անգամ կռիւը աւելի դժւարին էր եւ ծանր պարագաների մէջ դրւած:
Հայ Յեղափոխականը չէր կարող մոռանալ սուլթան Համիդի նենգաւոր քաղաքականութիւնը, Անդրանիկի հետ ունեցած բանակցութիւնների ժամանակ. Սասունի անպաշտպան գիւղերի կոտորածը, կանանց ու երեխաների սրի քաշելը: Նրա առաջ ձգւած էին Իւչքիլիսէի, Ղումլուպուջախ, Ղարաբազար, Սէյդօ եւ Ջուջան աւերւած հայկական այն դժբախտ գիւղերը, որոնք ապստամբական մի խմբի յայտնւելով՝ զոհ գնացին քրդական եւ տաճիկ զօրքերի բարբարոսութիւններին մի երկու օր առաջ: Հազարաւոր ձայներ «վրէժ» էին գոչում, եւ այս աղաղակները արձագանք է գտնում քաջ ֆէտայու սրտում: Տաճիկ կառավարութեան յայտարարւած էր կռիւ: Հայ յեղափոխականը, այս անգամ յարձակողական դիրք պիտի բռնէր: Բագեւանդ արշաւող խմբերն իրենց նպատակակէտ ընտրել էին տաճկաց զօրանոցները:
Նրանք առաջ անցան:
Յուլիս 11ին (հ.ին տ.ոմարով) լուսաբացին ալեւոր Մասիսի լանջերում հանգչող Չնգլներ բարձունքների, Ռէս-Գոմեր բլուրի վրայ ծածանւեցին երկու Դաշնակցական դրօշակներ: Այդ վերջին կայանն էր, ուր պէտք է տեղի ունենար զինւորական խորհուրդ, եւ որտեղից պիտի կատարւէր առաջին յարձակումը:
Այդ բլուրից դէպի արեւմուտք, մի սիրուն տափարակի վրայ երեւում էր Մօսունը, հայկական մի մեծ գիւղ, որի մի ծայրում, հեռադիտակի միջոցով նկատւում էր զօրանոցը: Դէպի հարաւ, բլրի ստորոտում, մի ձորակի մէջ ընկած էր Զօռի պահականոցը:
Ոչ արեգակի այրող ճառագայթները եւ ոչ էլ երկար ճանապարհի յոգնածութիւնը ու տանջող ծարաւը չէին թուլացնում հայ զինւորի ոգեւորութեան չափը: Նոյն բլրի լանջում, մի խոտաւէտ մարգագետնում, ձգւում էր փամփշտապատ տասնեակների շարքը մի դրօշակի տակ, իսկ մի փոքր հեռու՝ երկրորդ դրօշակի տակ կատարւում էր զինւորական խորհուրդ երկու խմբապետների, երեք օգնականների եւ բազմաթիւ տասնապետների մասնակցութեամբ: Դիտակները երբեմն դարձնում էին այս ու այն կողմ, չափում հեռաւորութիւններ ու յարմարաւոր դիրքերը եւ նորից խորհրդակցում մինչեւ որ կը պատէր մութը: Մի մրափ տիրեց փոթորկալից առաւօտ գուշակող այդ ժամին:
Գիշերւայ ժամը երկուքին ոտի կանգնեց խումբը, խմբապետը նշան տւեց եւ շղթան շարժւեց: Առաջից գնում էր ուղեցոյցը, պատկառանք ազդող դարաւոր կաղնին յիշեցնող «Խենթ»ը (Սամսոն Տէր Պօղոսեան):
Բլրի ստորոտում խումբը բաժանւեց երկուսի, մեծ խումբը բռնեց Մօսուն տանող ճանապարհը, իսկ փոքրը Զօռ:
Գիշերային լռութիւնը մի վարկեան աղմկւեց հրաժեշտի շշուկով. հեռաւորութեան մէջ փոքր առ փոքր անլսելի էին դառնում զէնքերի շփման խուլ շաչիւնը:
Մօսունի մի ծայրում, Քօրուն տանող ճանապարհի վրայ ընկած էր անշուք զօրանոցը իր ցածիկ պարսպապատ բակով, որտեղ բացօդեայ, Իւչքիլիսէի դէպքերի պատճառով աւելացրած զօրքերը, սենեակների փոքրութեան պատճառով գիշերում էին: -Այստղ եղող զօրքի թիւը ճիշդ հաշւով 160 էր, որոնցից 50 նորակոչներ: Զօրանոցից մի փոքր հեռու գիւղական ջրաղացի մօտ ցցւած էին երկու սպիտակ վրաններ սպաների համար:
Իսկ այդ կեդրօնից մի փոքր հեռու, պարիսպների վրայից տեղում էր գնդակների տարափը՝ աջ ու ձախ թշնամու դիակներ սփռելով: Զօրանոցի բակի մէջ իրարանցում էր տիրում. տղաները կորցրել էին իրենց գլուխը զօրքի շատութիւնից, երբ յանկարծ լսւեց խմբապետի ձայնը՝ «թշնամին տղաներ» եւ որը տեղացող գնդակների տակ մօտեցաւ հակառակ պարսպին: Վրաններից դուրս թռած 16 զինւորները, որոնք պարսպի յետեւից կրակ էին տեղում, րոպէապէս յետեւից պաշարւեցին եւ տեղն ու տեղը չարդ ու փշուր եղաւ. հէնց նոյն վայրկենին, մի փքոր հեռու, մթերանոցի մօտ, մի խումբ զինւորների մէջ պայթեց Համօյի ձգած ռումբը. նրանցից միայն մէկը մնաց կենդանի:
Երկու ժամ շարունակ տեղացող ռումբերու եւ մօսինի հրացաններից արձակած կրակից յետոյ տիրեց մի գերեզմանային լռութիւն, զօրանոցում այլ եւս կենդանի մարդ չէր մնացել, մի փոքր թիւ միայն յաջողեցրել էր զօրանոցի յետեւի մի փոքրիկ դռնակից դուրս թափւել եւ գիւղի մէջ պատսպարան գտնել: Այդ էլ իսկոյն յայտնի եղաւ, երբ հրացանների եւ ռումբերի ձայները լռելուց յետոյ՝ հազիւ սիրտ առած, գիւղի տներից սկսեցին տղամարդիկ դուրս գալ զինւելով իսկոյն ատրճանակներով: Նրանք յայտնեցին որ տների մէջ կան նաեւ գիշերող զինւորներ, որոնք ոչ մի յարգանք չեն տածում դէպի ընտանեկան սրբութիւնը: Այդ աւելի եւս կատաղեցրեց հայդուկին, սկսւեց գիւղի մէջ փողոցներում եւ տներում խուզարկութիւն, բաւականին զինւորներ հէնց այդ տեղ ընկան: Գիւղը միանգամայն մաքրւեց տաճիկ պիղծ զինւորներից:
Այդ կռւում՝ Մօսունի մէջ՝ հայ ֆէդայու գնդակներին զոհ գացին 120-130 տաճիկ զինւորներ, իսկ հայ զինւորներից ընկաւ մէկը եւ վիրաւորւեց երկուսը:
Ընդհանուր ոգեւորութեան հետ բացւեց ծանր դէպքերի առաւօտը: Հայ ժողովրդին պատկերացաւ տաճիկ զօրքերի եւ քրդերի բարբարոսութիւնների հեռնկարը. մի շաբաթ էր անցել հարեւան հինգ գիւղերը աւերմունքներից եւ կոտորածից, չւելուց զատ ուրիշ ելք չկար: Մի ժամում դատարկւեց գիւղը եւ 400ի չափ ամէն դասակարգի մարդ համբուրելով հայ զինւորի հրացանի փողը՝ բռնեցին Ռուսաստանի՝ այդ անհոգի քրիստոնեայ պետութեան ճամբան: Դրանց միացաւ նաեւ հարեւան Քորուն գիւղի հայ ժողովուրդը, որ լսելով Մօսունի կոտորածը՝ սարսափահար գլուխ էր փախցնում. մի երկու տասնեակներ շրջապատեցին գաղթողները եւ շարժւեցին դէպի դիրքերը: Իսկ միւս տասնեակները քաշւեցին գիւղի խաչքարերով հարուստ գերեզմանատունը. կանգնեցնելու զօրքերի եւ քրդերի յարձակումները, որոնք շրջականերից գիշերային կռւի ձայնից հաւարի գալով ուզում էին գաղթողներին ձեռք ձգել: ՔՐդերի խուժումը շարունակւում էր անընդհատ, երկու տասնեակներ հերթով դիրքեր գրաւելով թշնամու գնդակների տարափի տակ ժամանակ էին վաստակում գաղթող ժողովրդին լեռը հասցնելու: Այդ կռւի մէջ ընկաւ Արտուշը – համեստ, բայց յամառ հայ զիւնորը:
* * *
Չնգլներ կոչւող բարձունքների ստորոտում արեւելքից դէպի հիւսիս արեւմուտք ընկած է մի ձորակ, որ ձգւելով եւ սղմւելով գնում Ռէսի-գոմեր սարի բլուրի մօտ վերջանում է մի կիրճով, որի բաւականին նեղ անցքից դուրս գալով մի ճանապարհ տանում է ձեզ դէպի Մօսուն, ապա Բայազիտ:
Ահա այդ ձորակի մէջ ընկած է Զօռի պահականոցը, որտեղ լինում են 45-50ի չափ զինւորներ: Բացի այդ՝ ձորակի երեք ճիւղերի միացման արձակ տեղում փռւած է քրդական փոքրիկ աշիրէթի՝ Ջիլանցիների մի օրան, 60-ի չափ վրաններով: Այդ պահականոցը յանձնւած էր Մասիս արշաւախմբին: Խմբապետի ուշադրութիւնից չէր վրիպել կիրճի հսկողութեան կարեւորութիւնը, մանաւանդ այն դէպքում, երբ զօրքերին միանային նաեւ այդ վրանների մէջ ապրող քրդերը, որոնք կռւելու ընդունակ տղամարդկանց թիւը յամենայն դէպս 100ից պակաս չէր լինի:
Յուլիս 12/25ի դեռ եւս աղջամուղջին խմբի տասնեակները կարգով դիրքեր գրաւելով՝ կրիճի մուտքից սկսած մինչեւ վրանների թիկունքի ժիռուտները, սպասում էին խմբապետի նշանին, որ, իր հերթում, սպասում էր Մօսունի վրայ սպասւող յարձակման ընթացքին: Այդ խմբից մի տասնեակ հսկում էր բարձունքների վրայ թշնամուն թոյլ չտալու համար գրաւել այդ դիրքերը:
Մօսունի յարձակումը երկար սպասել չտւեց: Առաջին իսկ ռումբերը արձագանգ տւին շուրջը: Զօռի պահականոցի պահապանը սարսափեց այդ անսովոր պայթիւնի ձայնից եւ րոպէապէս հրացանը ոտի մէջ ուղղեց եւ արձակեց: Անգիտակցօրէն արձակեցին նոյնպէս տասնեակներից մի երկուսը, այդ ձայների վրայ զօրքերը դուրս թռան զէնքը ձեռքերնին, այդ տեղ վազեցին նոյնպէս քրդերը, որոնք միանալով զօրքերին, գրոհ տւեցին դէպի կիրճի մուտքը: Յարմար րոպէին պատրաստ էր՝ փողը նշան տւեց եւ միաժամանակ բոլոր կողմերից տեղաց գնդակների կարկուտը: Դիակները ճոճացին իրար վրայ, սարսափը տիրեց ձորակին, որի մէջ գլուխ կորցրած զօրքերը եւ քրդերը, այս եւ այն վարը, այս եւ այն թութը վազվզելով, գլորւում էին հարիւրաւոր գնդակների տարափից: Թափւող կրակը տեւեց մինչեւ առաւօտ, լոյսը բացւեց, յոխորտացող զօրքերի տեղ դիակներ էին փռւած այս եւ այն տեղ:
Այդ կոտորածից համարեա թէ ազատւողներ չեղան, բացի մի քանիսից, որոնք Ռէս-գօմեր սարի վրայ դիրք բռնած ընդհատ-ընդհատ պայթիւններով իրենց գոյութիւնն էին ցոյց տալիս: Այդ տեղ կային կանայք եւ երեխաներ, որոնք վրաներից դուրս գալով քաշւել էին հակառակ կողմի բլուրները. հրամայւած էր խնայել նրանց: Այս տեղ սպանւեց նաեւ իր քաջութեամբ անուն հանած Էլրաշին իր աղայի հետ միասին:
Երկու ժամ տեւող կռւից յետոյ – Ձորակը լռեց, եւ նրա մուտքն ու դիրքերը գրաւող տասնեակները քաշւեցան, որից յետոյ սկսւեց ծանր օրւայ յամառ կռիւը:
* * *
Առաւօտ էր արդէն, առաւօտ մեծ օրւայ մեծ կռւի:
Մօսունի փախստական ժողովուրդը առաջ առաջ բարձրանում էր դէպի Չնգլի դիրքերը՝ զբաղեցնելով մի երկու տասնեակ, որոնք թշնամու գնդակների տակ առաջ էին քշում 500ից աւելի կին ու երեխաներ:
Գիշերւայ յարձակումները եւ սոսկալի կոտորածը ոտի էր կանգնեցրել շրջակայ քրդական աշիրէթները եւ զօրքը: Ֆէդայիները շրջապատւեցին միաժամանակ մի քանի կողմերից: Արշաւեցին քրդական աշիրէթները, որը ձիով եւ որը ոտով, որը զէնքով եւ որը անզէն: Արշաւեց զօրքը հետեւակ եւ հեծեալ հարիւրեակներից կազմւած: Նորից երեւացին քրդեր եւ բաշի-բօզուկներ, դաշտի վրայ երեւաց երկու թնդանօթ, սակայն նրան մի որոշ տարածութիւնից առաջ շարժւել այլեւս չկարողացան: Ռմբակոծութիւնն աննպատակ էր:
Մօսունի առաջ տարածւող դաշտը ծածկւեց խուժանով:
Գաղթող ժողովրդին ուղեկցող մի երկու տասնեակ, ինչպէս եւ Զօռի վրայ յարձակւող տասնեակները սկսեցին բարձրանալ եւ փոքր առ փոքր դիրքեր գրաւել, միւս կողմից անընդհատ կրակ տեղալով թշնամու վրայ, ամէն անգամ թափթփելով նրանցից բազմաթիւ դիակներ:
Այդ օրւայ կռիւները նշանաւոր են թշնամու ունեցած զոհերի քանակութեամբ եւ մեր տւած մի երկու զոհերի անասելի քաջութեամբ եւ հերոսական մահւամբ:
Քրդական մի շէյխ, գլուխ անցած կատաղի ահագին մի խուժանի, փրփուրը բերանին, սալավաթ կանչելով եւ խրախուսանքներ կարդալով յարձակում էր Վահանի (Գայլ Վահան. Մինաս Տոլպաշեան), Բաբէկնի (Կապիտան Բաբկէն. Նիկողայոս Տէր Խաչատրեան) , Համօյի եւ Գարեգինի դիրքերի վրայ եւ նորից յետ մղւում կոտորածներ տալով: Վահանի եւ Բաբկէնի հարւածները աննպատակ չէին անցնում: Նրանց շատ գնդակներից թշնամու շարքերից գլորւում էին երկ-երկու դիակներ:
Բաբկէնի կռւելու, սառնասրտութեան, ճիշտ նպատակին արձակելու ընդունակութեան եւ մինչեւ վերջին շունչը յամառ կռւելու տոկունութեան որպէս ապացոյց՝ ականատեսը պատմում է հետեւեալը.
Բաբկէնի եղած դիրքի վրայ իշխելու համար 12 հեղեալ քրդեր փորձեցին մի պտոյտ գործել եւ գրաւել մի բարձր դիրք, բայց քաջ Բաբկէնը մէկիկ-մէկիկ, ինչպէս ասում են, ցած բերեց ձիերից, այդ գազան քրդերին, որոնցից ոչ մէկն էլ կենդանի չմնաց:
Թշնամու ուշադրութիւնը դարձաւ այդ կէտի վերայ: Դիրքի անյարմարութիւնը եւ պաշտպանողների փոքրաթիւ լինելը մի կողմից, կռւողների յոգնածութիւնը եւ անընդհատ ու լարւած ուշադրութեամբ կռւիլը միւս կողմից եւ թշնամու անվերջ խուժումը այդ դիրքի վրայ երրորդ կողմից – ստեղծեցին օրհասական դրութիւն. Բայց այդ տեղ էլ չորս կտրիճներ – Բաբկէն, Վահան, Համօ եւ Գարեգին կռւում էին անօրինակ քաջութեամբ. Գլորելով իրենց վրայ գրոհ տւող ահագին խուժանից բազմաթիւ դիակներ, մինչեւ որ իրենք եւս իրենց դիրքում ծանր կռւի մէջ ընկան հերոսական մահով: Չորս հերոսների նահատակման տեղում, շատերի ասելով, թշնամին թողեց աւելի քան հարիւր յիսուն դիակներ. այդ տեղ էր թափւում հայդուկային կրակը միաժամանակ մի քանի դիրքերից:
Մի ոչ պակաս յամառ կռիւ տեղի ունէր այդ րոպէին մի այլ դիրքում: Քրդերի մի բազմութիւն հիւսիսից եւ զօրքերի մի հարիւրեակ արեւմուտքից՝ յարձակւում եւ մեծ կորւոստներով յետ էին նահանջում այն դիրքից, որտեղից դիմադրում էին հինգ հայդուկներ Սուրէն (Զէյթունցի Սուրէն Մինասեան), Հաճին (Ալեխառն Հաճի. Կեսարացի Հաճի Սարգիս Պալեան), Սիմոն (Կիլիկեցի), Պետրոս եւ Մինաս: Կռիւը ծանր էր եւ անհաւասար: Դիրքի վրայ յարձակւում էին մի քանի ուղղութեամբ նոր կռւող ուժերով: Դիակները գլորւում էին անընդհատ. բայց յարձակումը չէր դադարում: Հինգ հոգու խումբը ստիպւած էր դիրքը թողնել, քաջ Սուրէնը եւ ալէխառն Հաճին առիւծի պէս դուրս թռան դիրքից կրակ տեղալով եւ ընկան տեղացող գնդակների տարափից. մի վայրեկան եւս եւ երեք կտրճիները կարողացան դիրքը պահել, թշնամու առաջին շարքից գլորելով մի քանիսը միանգամից: ԱՅդ օր թշնամու կորուստը 250ից անցեր էր:
Արեւը թեքւում էր, տղաները գրաւում էին աբրձր դիրքեր – թշնամին յետ էր նահանջում ամօթահար:
Հռչակաւոր Չնգլի բարձունքների վրայ շուտով նորից ծածանւեց Դաշնակցութեան յաղթական դրօշակը:
* * *
Յուլիսեան արեւը թեքւած դէպի հորիզոն իր բոլոր ջերմութեամբ դեռ եւս շարունակում էր այրել ջրից եւ բուսաբանութիւնից զուրկ Չնգլի ժեռուտ բարձունքները: Ամէն բան խաղաղ, օդի մէջ ոչ մի բան նկատելի չէր: Ահա այդ բարձունքների մի թեհ հարթութեան վրայ շունչ էր առնում ծծի երեխաներով. լացող մանուկներով ծանրաբեռնւած ու տուն ու տեղ ձգած Մօսունի եւ Քօրունի գաղթող ժողովուրդը: Դառը ճակատագրից հալածւած կենդանի էակների այդ տեսարանը աւելի քան յուզիչ էր:
Շուտով յայտնւեցին ապստամբները. մի օրւայ ծանր կռւից յետոյ յոգնած ու դադրած տասնեակները դանդաղ քաշւում էին դէպի վերջին դիրքերը:
Նրանց հոգսը գաղթող ժողովուրդն էր, տեղազուրկ, բայց երկնքին ապաւինած այդ թշւառ ժողովուրդը, որին ուժասպառ էր արել յոգնածութիւնը, քաղցն ու ծարաւը, քերծւած, արիւնլւայ եղած մանկական ոտերի կսկիծը աշխարհ էր լացնում:
Նրանք սահմանի միւս կողմում ունէին հարազատներ, որոնց մօտ կարելի էր պատսպարան գտնել: Ահա այդ ծանր խնդրի լուծմամբ զբաղւած էր ֆէտային, երբ յանկարծ տեղացող գնդակների տարափից մի քանիսը զարկւեցին:
«Տղա՛յք, սահմանից կը տեղան գնդակները, համբերեցէք»: Այս ձայնի վրայ հայեացքները այն կողմը դարձան: Յիրաւի ռուսաց սահմանի վրայ նախ կաննգած էր ռուսահպատակ քիւրտ Համիդ բէգը իր երկու հարիւրից աւելի հրացանաւորներով. իսկ նրանցից աւելի էլ բարձր դիրքեր բռնաղ երեք հարիւրից աւելի մագլցող կօզագներ եւ սահմանապահ զօրքեր կրակ էին տեղում:
Ճնշւածների համար արիւն թափող հայդուկի կրծքում զայրոյթը սոսկում առաջացրեց:
Այնտեղ՝ թիւրքիայում քրդի հետ միացած տաճիկ զօրքն էր հային կոտորում, իսկ այստեղ ռուսը:
Ռուսի ազատարար զէնքը պղծւած, կեղտոտւած էր. նա քրդի, տաճկի զէնքի անարգանքին հաւասարած կրակ էր թափում ճնշւած ժողովուրդը:
Այդ կրակի տակ էր նաեւ գաղթող ժողովուրդը: Կռւեկը անմտութիւն էր: Որոշւեց եւ բարձրացաւ խաղաղութեան դրօշը – միջազգային նշանը: Բայց իզո՜ւր: Քրդի հետ միասին նրա դաշնակից ռուս զինւորը արհամարհեց զէնքը վայր դնելու նշանը եւ շարունակեց կրակ տեղալ: Այն ժամանակ երբ ռուս կառավարութեան Պոլսի դեսպանը սուլթանին առաջադրում էր հայկական ռէֆօրմների ծրագիրը, հէնց այդ նոյն ժամին ռուս զինւորը քրդի հետ միացած կրակ էր տեղում նոյն հալածւած հայի վրայ: Ով զազրելի քաղաքական միմոսութիւն:
«Տղայք, զատւէք գաղթականներից եւ զէնքերդ ուղղէք միմիայն քրդին – մեր դարաւոր թշնամուն, իսկ ռուսին մի դիպէք, առայժմ մենք կը բաւականանանք Եւրօպայի առաջ դնելով նրա դաւաճանութեան, նենգաւոր քաղաքականութեան եւ մեր դէմ ուղղած դաւադիր զէնքի այս սոկալի, ամօթաբեր փաստը:
Այս խօսքի հետ խմբապետը առաջ անցաւ, նորից տեղաց հայդուկի կրակը, երկու կողմից ընկան դիակներ, մինչեւ մութը կոխեց սար ու ձոր:
Ռուս զինւորի վրայ կրակ չէր թափւում, թէեւ նա շարունակում էր Համիդ բէգի թիկունքը պահել: Տաճիկ զօրքերի եւ զօրանոցների վրայ կատարեալ յաղթութիւն տարած ֆէտայիները ռուսների կրակի տակ կորցրին 12 ընկերներ, նոյնչափ կորուստ ունեցաւ նաեւ Համիդ բէգը:
Հորիզոնի յետեւից մեղմիկ կերպով իր շրջանն սկսող արծաթափայլ լուսինը, Չնգլի բարձունքների եւ ձորակների մէջ երեւան հանեց շարժւող ստւերներ – դրանք ռուս կօզակներն էին, որոնք կողոպտում էին ինկած հայդուկների դիակները...
–
Գաղաթական ժողովուրդը վերադարձած է իր տեղերը:
Բայազէտի փաշան երաշխաւորել է, որ նոր յարձակումներ չպիտի տեղի ունենան:
Հ. Յ. Դաշնակ. Գ-րդ Կեդր. Կօմիտէ
«Դրօշակ» - Սեպտեմբեր 1904
Թիւ 9 (150)