Մէկը վերջին Մոհիկաններից հին սերնդի:
Ծնւել է 1879 թւի Մարտ 13ին* Զաքաթալայում (Ադրբէյջան, Նուխիի մօտ) բարեկեցիկ ընտանիքում:
Մանկութեան շրջանում յաճախում է տեղի ծխական դպրոցը եւ ապա ռուսական քաղաքային դպրոցը:
1891 թւին ընտանիքով փոխադրւում են Բաքու, ուր իր հօր որոշումով սկսում է յաճախել Բագւի «Մարդասիրական Ընկերութեան Մեսրոպեան դպրոց»ը, որն օժտւած էր կարող ուսուցչական խմբով՝ Ստեփան Տէր Մկրտչեան (Քրիստափորի քրոջ որդին), Գաբրիէլ Պապիկեան, Սահակ Մատինեան եւ Գարեգին Խաչակնեան: Ուսուցչական կազմի անդամ էին նաեւ երկու հնչակեաններ՝ Արսէն Բալայեան եւ Սիմոն Հովիւեան:
Գաղափարական մտայնութեամբ յագեցած այդ մթնոլորտում աշակերտութիւնը յարում էր կամ դաշնակցական եւ կամ հնչակեան ուսուցիչների նախաձեռնութեամբ կազմւած աշակերտական խմբերին: Չնայած յատկապէս հնչակեան Արսէն Բալայեանի ճիգերին, Լ. Քալանթարեանը եւ իր մեծ քրոջ որդին՝ Սերգօ Միրզայեանը յարում են Հ. Յ. Դաշնակցութեան, ակտիւ եւ գործօն անդամները դառնալով դաշնակցական Ստեփան Տէր Մկրտչեանի ղեկավարած խմբի, այդ տարիքում կատարելով մի շարք յանձնարարութիւններ եւ թրծւելով յեղափոխական գաղտնապահութեան եւ աշխատանքի մէջ:
1895ին փակւում են Հայոց ազգային դպրոցները եւ պատանի Լեւոնը հազիւ 15-16 տարեկան եւ նոր վերջացրած 5րդ դասարանի իր կրթութիւնը նետւում է կեանքի ասպարէզ:
Օգտւելով այն հանգամանքից, որ հայրն ու մեծ եղբայրները առեւտրական ապրանքների փոխադրական գործ ունէին եւ սերտ շփում Աղստաֆա, Ալէքսանդրապոլ, Ղարս եւ Երեւան գծերի վրայ, յանձնարարւում է իրեն մեկնել Աղստաֆա օժանդակելու համար այդ գործի վարիչ Սմբատ Վաշեանին եւ Արամ Առաքելեանին (երկուսն էլ դաշնակցական), որոնք վարիչների անւան տակ, վարում էին նաեւ զէնքի փոխադրութեան գործը, Սեւ Քարեցի Սաքոյի հսկողութեամբ:
Որպէս քարիւղի փոխադրութեան պատասխանատու, Լ. Քալանթարեանը մեծ ընդունակութիւն եւ պաղարիւնութիւն է ցուցաբերում զէնքի փոխադրութեան խնդրում, անվտանգ դուրս գալով նաեւ ժանդարմների խուզարկութիւններից եւ մի քանի պատահարներից:
1898ին բաւական փորձառութիւն ձեռք բերած, վերադառնում է Բագու եւ Բիբի Էյբաթ թաղամասում լծւում բանւորական շրջանի կազմակերպական աշխատանքներին, ինչպէս նաեւ ռումբերի ու ձեռնառումբերի պատրաստութեան աշխատանքներին, որոնք ձուլւում էին Ջիւանշիրեան եղբայրների ձուլարանում, իրեն աջակից ունենալով Աղաջանեան Համբարձումին (Բղլու-Կարօ), որը ռումբի մասնագէտ էր:
1903ին առաջին անգամ Թումանի խումբը երկիր անցնելուց Սերգօն՝ Լ. Քալանթարեանի քրոջ որդին, միանում է խմբին եւ անվտանգ վերադառնում է Բագու եւ դրդում ու քաջալերում է Քալանթարեանին նոյնն անել:
Բաւական փորձառութիւն ձեռք բերած եւ մարզւած արդէն գաղտնի աշխատանքների մէջ, հակառակ իր անմիջական շրջապատի տրամադրութեան, 1904ին, միայն մօր գիտութեամբ, Քալանթարեանը մեկնում է Ղարս, իր հետ ունենալով անզուգական Դումանի յանձնարարականը:
Ղարսում միանում է արդէն իսկ այնտեղ հաստատւած եւ ամբողջ շրջանի յեղափոխական աշխատանքների ղեկավարութիւնը ստանձնած եօթ հոգիանոց կազմին, որին անդամակցում էին՝ Աշոտ Հայկունի, Յակոբ Չիլինգարեան, Գէորգ Յովակիմեան (Ռուս Գէորգ), Զաքար Եղեան, Արամ (փաշա), Մեսրոպ Պահլաւունի եւ Ռուբէն Տէր Մինասեան:
Յեղափոխականի իր քննութիւնը Ղարսում եւս լաւապէս տալուց յետոյ, 1904 թւիի, Յուլիս 4ին միանում է Թումանի 64 հոգուց բաղկացած խմբին, որը Թամրուդ գիւղի վրայով ճանապարհւում է Երկիր: Ծանօթ է արդէն այն ծանր ու դաժան ճակատագիրը, որին ենթարկւում են այդ սքանչելի անձնուրացները:
«Որսկան» խումբէն մաս մը. (Աղբիւր՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամ) Վերի շարք, ձախէն աջ՝ Անուշաւան Դելանեան, Նարիմանցի Նիկողայոս, Նարիմանցի Պետրոս, Նարիմանցի Կիպրիանոս, Լեւոն Քալանթարեան, Էրզրումցի Եղիշէ, Ղազախեցի Յովհաննէս Մէջտեղի շարք, ձախէն աջ՝ Նարիմանցի ..., ..., խմբապետ Թորգոմ, Կարնեցի Գարեգին, Նարիմանցի Կարօ, Առաքել Վարի շարք, ձախէն աջ՝ Էրզրումցի Միքայէլ (Քէօսա), ..., Էրզրումցի ..., Էրզրումցի ... |
Ցարական ոճրագործ Բըկովի (սահմանապահ ժանդարմերիայի պետը) եւ թուրք հրոսակների միացեալ եւ բարեկամական ճիգերով, ամբողջ խումբը պաշարւում է եւ մեծ մասը կոտորւում: Յատկանշական է այն՝ որ թէ Թումանը, որը ստանձնել էր 1ին եւ 2րդ տասնեակի ղեկավարութիւնը եւ թէ Որսորդ Գէորգը, որը 3րդ եւ 4րդ տասնեակների պատասխանատուն էր, հրահանգել էին իրենց մարտիկներին, ռուս զինւորների վրայ գնդակ չարձակել, սակայն հէնց այդ երեւոյթը պատճառ է դառնում, որ ժանդարմներն աւելի համարձակութիւն ձեռք բերած յառաջանալով անխնայ գնդակահարեն նոյնիսկ դէպի իրենց գնացող սպիտակ դրօշակով մի քանի պատգամատարների, իսկ թուրք ասկեարները գործադրում են իրենց սովորական վայրագութիւնները:
Հրաշքով կենդնաի մնացածներից է Լ. Քալանթարեանը, որ ձերբակալւելով իր զինակից ընկերների հետ, խիստ հսկողութեան ներքոյ տարւում է Օլթիի բանտը, ապա Արդահան եւ Ղարս, կրելով բանտային բոլոր զրկանքներն ու տառապանքները, ուր սակայն ազատւում է Ղարսի Հ. Յ. Դաշնակցութեան Կենտրոնական Կոմիտէի ջանքերով:
Դեռեւս իր եւ իր զինակից ընկերների բանտում եղած միջոցին դահիճ Բըկովը Հ. Յ. Դաշնակցութեան որոշմամբ, ահաբեկւում է Օլթիում, Հմայեակ Ջանբոլադեանի ձեռքով:
Բանտից ազատւելուց յետոյ, վերադառնում է Բագու, ուր 1905ի դէպքերից յետոյ զինադադարի շրջան էր եւ նւիրւում է կուսակցական աշխատանքների:
1906ին իր ծննդավայր Զաքաթալայի կազմակերպչական գործը յանձնւում է իրեն, որը յաջող կերպով տանելուց յետոյ, գործուղւում է նախ Բագու, ապա Թիֆլիս՝ զէնքերի փոխադրութեան խնդրով:
Ռոստոմի կարգադրութեամբ Յակոբ Չիլինգարեանի հետ 1907ին մեկնում է Ղարս յատուկ առաքելութեամբ որ և յաջողութեամբ աւարտելով, վերադառնում է Թիֆլիս: Դարձեալ Ռոստոմի հրահանգով եւ Գալուստ Ալոյեանի ցուցմունքներով լծւում է զէնքերի գնամ եւ փոխադրութեան գործին, յատկապէս Հիւսիսային Կովկասում:
Իր նախաձեռնութեամբ եւ կազմակերպութեամբ հսկայական մի ցանց է ստեղծւում Պիատիգորսկ, Լուգանսկ, Խարկով, Վորոնէժ, Կիեւ, Օդեսսա քաղաքների միջեւ եւ գնւած ու հաւաքւած ռազմամթերքը Վայէննօ-Գրուզինսկի ճամբով (Ռազմավիրական ճանապարհ) ապրանքատար յատուկ ֆուրգոնների քարաւանով, որ կոչւում էր «Շաքարեան ընտանիք» եւ մալականների կերպարանքով, որպէս կառապան ծպտւած դաշնակցական շարքայինների միջոցով, հասցնում Թիֆլիս, որտեղից ուղարկւում էր դարձեալ նման կազմակերպութիւնների միջոցով դէպի թրքական սահման:
Այս աշխատանքը Լեւոն Քալանթարեանը շարունակում է մինչեւ 1908 թիւը, որից յետոյ անցնում է Բագու եւ Ա. Գիւլխանդանեանի կարգադրութեամբ նշանակւում Բիբի Յէբաթ թաղամասի շրջանապետ, կազմակերպչկանա լայն աշխատանք տանելով այդ ընդարձակ շրջանի բանւորական շարքերում: Այդ աշխատանքը շարունակւում է մինչեւ 1918 թիւ, Մարտեան դէպքերը, երբ նշանակւելով Լեւոն Թադէոսեանի՝ Պապաշայի գործակից՝ աշխատում է շտաբում:
Դէպքերը յաջորդում են մէկը միւսին. Բագուն ընկնում է եւ հետագային Քալանթարեանը Հայաստանի Հանրապետութեան շրջանին նշանակւում է Պահեստի Միլիցիայի պետ, իրեն օգնական ունենալով խմբապետ Մարտիրոսին (Աբրահամեան): Այս աշխատանքը եւս վարում է աչալրջութեամբ եւ անաչառութեամբ:
1920 թւի Դեկտեմբ. 1-ի գիշերը, երբ հետեւեալ օրը իշխանութիւնը պիտի յանձնւէր համայնավարներին, տասնեւհինգ ձիաւորներով դուրս են գալիս Երեւանից եւ Բոյուք Վէդիի վրայով անցնում Զանգեզուր, որտեղից երկու ընկերներով, Ռուբէնի յատուկ յանձնարարականով եւ պատգամով ուղղւած Ատրպատականի ժամանակի երջանկայիշատակ առաջնորդ Սրբազան Մելիք-Թանգեանին, անցնում է սահմանը եւ հաստատւում Իրանում, նախ Թաւրիզ, յետոյ Թեհրան, ուր դարձեալ իր գործօն մասնակցութիւնն է բերում կուսակցական աշխատանքներին, միեւնոյն ժամանակ իր նախաձեռնութեամբ ստեղծելով իր ընտանիքի համար տանելի պայմաններ:
Մեծ երախտիք ունի յատկապէս «Ալիք» օրաթերթի հրատարակչական գործի ձևակերպման և կազմակերպման մարզում: Ստանձնել է նաեւ պատասխանատու հանգամանքներ: Իր մահը տեղի ունեցաւ 1964 թ. Հոկտ. 26ին:
Այսպիսով մէկն էլ փակեց իր աչքերը հիւրընկալ Իրանի հողում, սակայն հեռու հայրենի հորիզոններից եւ կիզիչ կարօտը սրտում: Այրող մի կարօտ, որ բոյն է դրած իւրաքանչիւր անհատի կրծքի տակ, այն փառահեղ սերնդի, որ դիւցազնօրէն կերտեց հայոց պատմութեան վերջին եօթանասուն հինգ տարիները անկրկնելի դրւագները եւ սակայն որի կեանքը եղաւ մի իրական ոդիսական, տարագրի դառն ու դաժան պայմանների տակ եւ իրենց առաւելագոյն «երջանկութիւնն» այն եղաւ որ գերեզման իջնելուց իրենց հետ կրծքի վրայ գրկած ունենան մի բուռ հայրենի հող եւ ուրիշ ոչինչ, հասկանալի՞ է, թէ՞ ոչ այս երեւոյթը, ներկայ պայմաններում խնդիր չէ, փաստը մնում է փաստ, որ անցնող հին սերունդը անկրկնելի է այլեւս իր մտայնութեամբ, իր ըմբռնումներով եւ իր զոհաբերութեամբ:
*Բոլոր մանրամասնութիւնները տրւած են մէկ առիթով իրեն հետ ունեցածս հանդիպման ընթացքին, իր կողմից: