19 January, 2023

ՌՈՍՏՈՄ. Ստեփան Զօրեան

Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Տարբեր կարգի անհատականութիւն էր Ռոստոմը: Ոչ Քրիստափորի մտքի անմիջական ոյժն ու հմայքը ունէր նա, ոչ էլ Զաւարեանի բուռն խառնուածքը: Արտաքինով հակապատկերն էր երկսի: Միջահասակ, ամուր կազմուածքով, առողջ, ուժեղ: Լայն ուսերի վրայ՝ սոկրատեան գլուխ: Իմացական լայն ճակատ՝ վշտի կամ զայրոյթի պահերին ծածկուած խորունկ կնճիռներով: Սեւ մօրուքն ու գլխի գանգուր մազերը՝ ցրիւ ու խառնափնթոր: Թաւ յօնքերի տակ՝ խոհուն ու խօսուն աչքեր, յաճախ, զուարթ ու հեգնական: Ժպիտը՝ անմոռանալի: Անմոռանալի՝ եւ ցասումը: Հագուստը՝ պարզ ու համեստ: Պարզ ու համեստ՝ եւ իր շարժուձեւը, վերաբերումը դէպի մարդիկ:

Առաջին տպաւորութիւնը Ռոստոմից – սովորակա՛ն մարդ: Երեւոյթը՝ սովորական: Խօսքը՝ անպաճոյճ եւ հասարակ: Հետաքրքրութեան նիւթը՝ առօրեայ, գործնական հարցեր: Ճառախօս չէր. աւելի ձեռքերն էին խօսում, քանլ լեզուն: Որեւէ տեղ երբեք ռաաջին շարքերում կարելի չէր տեսնել նրան. ուրիշներին էր առաջ քշում, ինքը մնում էր ստուերի մէջ, շատերի հետ: Անձնական հետաքրքրութիւն չունէր, ինչպէս չունեցաւ եւ անձնական կեանք: Միշտ գործի վրայ էր, եւ Ռոստոմի համար կարեւոր ու անկարեւոր գործեր չկային. գործեր միայն կային, որոնց վրայ անխնայ թափում էր իր ոյժն ու եռանդը: Միշտ շարժման մէջ էր. Ռուսաստան, Թուրքիա, Պարսկաստան, Եւրոպայի զանազան երկրներ, Հայաստանի քաղաք ու գիւղ – Ռոստոմը ամէն տեղ էր, ուր կուսակցութիւնը անհրաժեշտ էր գտնում իր ներկայութիւնը: Եւ միշտ կեանքով լի, լաւատես ու գործունեայ: «Յեղափոխութիւնը, ասում էր Ռոստոմը, նախ գործ է, յետոյ՝ գաղափար – ա՛յս է ճշմարտութիւնը: Աւելի ճիշդ՝ յեղափոխութիւնը գործ է գաղափարի համար»: Եւ մինչեւ մահ հաւատարիմ մնաց այս սկզբունքին:


...Անհունօրէն նուիրուած էր հայ ժողովրդի դատին: Մարդկային էր եւ յաշխարհէ: Քրիստափորից եւ Զաւարեանից երկար ապրեց, աւելի գործեց եւ իր մտքի ու գործի դրոշմը աւելի տեսանելի է Հ. Յ. Դաշնակցութեան վրայ: Եթէ Քրիստափորը եղաւ Հ. Յ. Դաշնակցութեան միտքն ու կամքը, եւ Զաւարեանը՝ նրա սիրտն ու խիղճը, Ռոստոմը ե՛ւ միտքն էր, ե՛ւ կամք եւ խիղճ՝ Դաշնակցութիւնը ինքը իր բովանդակ էութեամբ:
Ռոստոմ եւս գողթնեցի էր՝ Քրիստափորի հայրենակից: Ծնուած էր Ցղնա գիւղում, 1867 թ. Յունուար 18-ին, բուն անունով՝ Ստեփան Զօրեան: Ուրեմն, Քրիստափորից 8 տարիով փոքր էր եւ գրեթէ հասակակից Զաւարեանին: Նահապետական ունեւոր ընտանիքի զաւակ էր եւ մանկութիւնը անցկացրեց գիւղում, գեղեցիկ բնութեան ծոցում, զուտ հայկական միջավայրում: Գիւղի ծխական դպրոցում, փոքր հասակից երեւան բերեց առանձին սէր դէպի հայերէն լեզուն ու պատմութթիւնը, ինչպէս նաեւ եկեղեցական երգեցողութիւնը: Սիրում էր, լաւ տրամադրութեան մէջ, գրաբար կտորներ արտասանել եւ շարականներ երգել: Հակառակ որ երաժշտական կրթութիւն չունէր, ոչ էլ երգելու ընդունակութիւն, ուր որ լինէր՝ փորձում էր երգեցիկ խմբեր կազմել եւ ազգային ու ժողովրդական կամ յեղափոխական երգեր սովորեցնել:

Գիւղական դպրոցը չաւարտած՝ ծնողները տանում են պատանի Ստեփանին Թիֆլիս, ուր նա, Բէգլարեան մասնաւոր դպրոցում նախապատրաստուելուց յետոյ, 1882-ին, մտնում է պետական ռէալական դպրոցը, որ աւարտում է 1886-ին: Ռէալական դպրոցի ընդունակ աշակերտներից է լինում եւ առանձնապէս աչքի է ընկնում բնագիտական եւ մատեմատիկական առարկանեիր մէջ: Եւ արդէն դպրոցական նստարանի վրայ՝ սկսում է հետաքրքրուել հասարակական խնդիրներով եւ գործօն մասնակցութիւն է ունենում աշակերտական ինքնազարգացման խմբակների մէջ: ... Ընկերները նրա անունը դրել էին Քոթոթ՝ քոթոթի նմանուող կազմուածքի պատճառով. այդ անունը մնաց վրան մինչեւ վերջ: Քրիստափորի եւ Զաւարեանի պէս նա եւս գրաւուեց ռուս յեղափոխական ու մտաւոր շարժումներով, բայց հայկականութիւնը իր մէջ աւելի զօրաւոր էր:

Ռէալական դպրոցը աւարտելուց յետոյ, նա, նոյն տարին իսկ, մտաւ Նովօ-Ալեքսանդրեան Գիւղատնտեսական Ճեմարանը, Վարշաւայի մօտ, ուր, սակայն, երկար չմնաց. ուսանողական խռովութեան մասնակցելու պատճառով ձերբակալուեց եւ ոստիկանի հսկողութեան տակ աքսորուեց ծննդավայրը՝ Ցղնա՝ զրկւելով ուրիշ դպրոց մտնելու իրաւունքից:Ցղնայում ՌՈստոմը ճարեց Աբրահամեան անունով մի անցագիր, մեկնեց Թիֆլիս եւ մտաւ յեղափոխական խմբակների մէջ: Քրիստափորի յուշերից տեսնում ենք, որ 1887-ին, նա փորձում է գաղտնի տպարան պահել Թիֆլիսում, Քրիստափորի հետ, սակայն, նիւթական միջոցների բացակայութեան պատճառով, չի յաջողւում:

Թիֆլիսից Ռոսոտմը անցնում է Բագու, ուր Աբրահամեան անունով քննութիւն է տալիս ռէալական դպրոցում եւ 1889-ին մտնում է Մոսկուայի Պետրովսկայա Գիւղատնտեսական Ճեմարանը, ուր ուսանում էին Ս. Զաւարեանը, Աւ. Սահակեանը եւ ուրիշներ, որոնք յետոյ Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիր կամ ղեկավար ուժերը դարձան: Ռոստոմը մեծ եռանդով մասնակցում է հայ եւ ռուս ուսանողական շարժումներին: Եւ 1890-ին, ուսանողական ցոյցի ժամանակ, ձերբակալւում եւ նորից աքսորւում է ծննդավայր: Աքսորի ժամանակը զուգադիպում է Հ. Յ. Դաշնակցութեան հիմնադիր ժողովներին, որով Ռոստոմը անմիջական բաժին չի ունենում Դաշնակցութեան կազմակերպութեան գործում:

Երբ Ռոստոմը Թիֆլիս հասաւ, Հ. Յ. Դաշնակցութիւնը արդէն կազմակերպուած էր: Նա ամբողջ էութեամբ նետւում է գործի մէջ եւ դառնում է Կեդրոնական Վարչութեան աջ բազուկը, իբրեւ մտերիմ գործակից Քրիստափորի եւ Զաւարեանի:

Հիմնադիր ժողովից անմիջապէս վերջը, տեղի ունեցաւ գործօն ուժերի բաժանում շրջանների վրայ. Զաւարեանը, Արղութեանը եւ Յ. Իւսուֆեանը նշանակուեցին Տրապիզոն, Արամ Արամեանն ու Տ. Օքոնեանը՝ Կարին, Պետօն՝ Վան, Յովնան Դաւթեանը մի խումբեր ընկերներով՝ Թաւրիզ: Ռոստոմն եւս մեկնում է Թաւրիզ, ուսուցչական պաշտօնով, ուր մնում է մէկ տարի՝ զբաղուելով գլխաւորապէս Դաշնակցութեան գործերով:

Վերադառնալով Թիֆլիս՝ նա մասնակցում է Հ. Յ. Դ. Առաջին Ընդհ. Ժողովին, 1892-ին, ուր հաստատւում է Դաշնակցութեան ծրագիրը: Ռոստոմը, Քրիստափորի եւ Զաւարեանի հետ, Ժողովի մղիչ ոգին է հանդիսանում եւ ծրագրի հեղինակներից մէկը. նրա գրչին է պատկանում ծրագրի ներածական մասը, որ աւելացուեց ծրագրին Ընդհ. Ժողովից յետոյ՝ վաւերացուելով յաջորդ՝ Երկրոդ Ընդհ. Ժողովում:

1893-ի սկզիբը, Բիւրոյի որոշումով, Ռոստոմը անցնում է Ռումանիա կազմակերպելու համար «Դրօշակ»ի հրատարակութիւնը, սակայն, քաղաքական պայմանները թոյլ չէին տալիս Ռումանիայում հրատարակել «Դրօշակ»ը: Նա Քրիստափորի թողած տառերը փոխադրում է Ժընեւ, ուր եւ հաստատւում է «Դրօշակ»ի խմբագրութիւնը՝ Ռոստոմի ղեկավարութեան տակ: Նա ե՛ւ խմբագիր է, ե՛ւ գրաշար եւ ամէն ինչ, եւ միաժամանակ վարում է կուսակցական թղթակցութիւնը: Խմբագրատունն ու գրաշարանոցը նրա ուսանողական համեստ սենեակն էր: Միեւնոյն ժամանակ դասախօսութիւններ էր լսում համալսարանում՝ բնագիտութիւնից եւ ընկերային գիտութիւններից:..

Ժընեւ, սակայն, բաւարարութիւն չէր տալիս Ռոստոմի եռուն եւ յառաշարժ բնաւորութեան: Նա երկար մէկ տեղ նստող եւ խաղաղ աշխատանքին նուիրուող մարդ չէր: Նրա հոգին ձգտում էր կենդանի գործի ասպարէզ, երկիր, ժողովրդի մէջ, ուստի բազմաթիւ անգամներ խնդրում է Բիւրոյի ընկերներից ազատել իրեն «Դրօշակ»ի խմբագրութիւնից: ... 1895-ին, պարսկական անցագրով, իբրեւ «սամովարի վաճառական», Տրապիզոնի վրայով, մեկնեց Կարին: Ճանապարհին, Պոլսի նաւահանգստում, նաւի վրայ տեսնուեց Յ. Իւսուֆեանի հետ, որ Բիւրոյի ներկայացուցիչն էր Պոլսում: Տրապիզոնում մի օր մնաց ընկերների հետ՝ յանձնելով նրանց հետը բերած ատրճանակները: Կարինում հրաւիրուեց ուսուցիչ ազգային վարժարանի եւ նուիրուեց կուսակցական աշխատնքների տեղական ընկերների եւ Ղարա-Մելիքի հետ, որ այդ օրերին Կարնում էր:

...Շուտով սակայն ձերբակալուեց եւ, իբրեւ պարսկահպատակ, Ղարա Մելիքի հետ միասին աքսորւեց Պարսկաստան: Թէ՛ Կարնից եւ թէ՛ թուրք-պարսկական սահմանագլխից Ռոստոմը հետաքրքրական թղթակցութիւններ ուղարկեց «Դրօշակ»ին:

Պարսկաստանից Ռոստոմը անցաւ Թիֆլիս, ուր մի առ ժամանակ զբաղուեց Կովկասեան կուսակցական գործերով: 1898-ին մասնակցեց Հ. Յ. Դ. Երկրորդ Ընդհ. Ժողովին, ուր, ի միջի այլոց, որոշուեց «կապեր հաստատել մակեդոնացիներու, յոյներու եւ ուրիշներու հետ»՝ թրքական բռնակալութեան դէմ ընդհանուր ճակատ ստեղծելու նպատակով: Ռոստոմը առանձնապէս հետաքրքրուած էր գործակցութեան գաղափարով մակեդոնացիների հետ եւ ոգեւորութեամբ փարեց այդ գործին: Յաջորդ տարիները նա անցկացրեց Բալկաններում՝ հետապնդելով հայ-մակեդոնական գործակցութեան ծրագիրը: Կովկասում ամուսնացել էր Օր. Լիզա Մելիք-Շահնազարեանի հետ. կնոջ հետ միասին նա Ֆիլիպպէում մասնաւոր դպրոց հաստատեց, որպէսզի հնարաւորութիւն ունենար ապրելու Բուլգարիայում: Այդ դպրոցը դարձաւ մի տեսակ հնոց նոր սերունդը Դաշնակցական գաղափարներով թրծելու:

1902-ին Ռոստոմը վերադարձաւ Կովկաս եւ երբ 1903-ին, ցարական կառավարութիւնը ձերռգ դրեց հայ ազգային-եկեղեցական կալուածնեիր վրայ, եւ Հ. Յ. Դաշնակցութիւնը ոտքի հանեց հայութիւնը ի պաշտպանութիւնը ազգային իրաւունքների, Ռոստոմը դարձաւ այդ շարժման ոգին: Յանուն Հ. Յ. Դաշնակցութեան նա այցելեց Կաթողիկոս Խրիմեան Հայրիկին, Էջմիածնում՝ յայտնելով նրան կուսակցութեան կամքը, որ մերժէ գործադրել ցարի հրահանգը: Խրիմեան Հայրիկի համար, անշուշտ, մեծ նշանակութիւն ունեցաւ Դաշնակցութեան աջակցութիւնը ազգային իրաւունքների պաշտպանութեան գործում: ...

1904-ին Ռոստոմը մասնակցեց Հ. Յ. Դ. Երրորդ Ընդհ. Ժողովին, Սոֆիայում, որտեղ գլխաւոր հարցերն էին Թրքահայաստանի յեղափոխական ձեռնարկները, Կովկասի ինքնապաշտպանութիւնը եւ Սուլթանի մահափորձը: Ռոստոմը համաձայն չէր Սուլթանի մահափորձի ձեռնարկին. մանաւանդ, հակառակ էր, որ Քրիստափորը զբաղուի այդ գործով: Քրիստափորի մահից յետոյ, երբ արդէն սկսուած էին հայ-թաթարական ընդհարումները, նա վերադարձաւ Կովկաս եւ անցաւ ինքնապաշտպանութեան գործի գլուխը: Կռիւների ամբողջ տեւողութեան ընթացքին նա շրջպում էր վտանգուած վայրերը եւ Վարդանի, Նիկոլ Դումանի, Արմէն Գարոյի, Ա. Գիւլխանդանեանի եւ ուրիշ ղեկավար դէմքերի հետ վարում դիմադրութիւնը մահմետական հորդաների եւ կառավարական շահատակութիւնների դէմ: Հ. Յ. Դաշնակցութեան շնորհիւ հայ ժողովուրդը այս պայքարից էլ դուրս եկաւ յաղթանակով: Ռոստոմը այդ պայքարի ոգին ու մղիչ ոյժն էր՝ ըստ սովորութեան միշտ եւ ամէն տեղ մնալով ստուերի մէջ:

Ռուսաստանի 1905 թ. յեղափոխութեան եւ Կովկասեան ինքնապշտպանութեան հետեւանքով առաջ եկած «երիտասարդ դաշնակցականների» եւ «միհրանական» շարժումները, այլեւ թրքահայ-ռուսահայ դատերի եւ ընկերվարական-հակաընկերվարական հարցերը մի պահ վրդովեցին Հ. Յ. Դաշնակցութեան ներքին անդորրութիւնը՝ սպառնալով նրա միասնականութեան: Հ. Յ. Դ. Չորրորդ Ընդհ. Ժողովը, Վիէննայում, 1907 թ. գարնանը, կոչուած էր հաշուեյարդարի ենթարկելու այդ խնդիրները: Եւ Ռոստոմը, իր բարոյական անսահման հեղինակութեամբ ու խոհականութեամբ նախախնամական դեր կատարեց այդ հարցերի լուծման մէջ: Առաւելապէս Ռոստոմին ենք պարտական, որ Հ. Յ. Դաշնակցութիւնը այդ Ժողովից դուրս եկաւ միակամ, համերաշխ եւ աւելի ուժեղ: Ռոստոմի պնդումի վրայ էր նաեւ, որ Ընդհ. Ժոովը իւրացրեց Պարսկաստանի ազատագրական շարժման մասնակցելու առաջարկը:

Ընդհ. Ժողովից յետոյ, Ռոստոմը անցաւ Բուլգարիա Հ. Յ. Դ. Զինուորական Վարժարանի գործով, որ հաստատուած էր գլխաւորապէս իր ջանքերով: Ապա՝ ներկայ եղաւ Ընկերվարական Միջազգային Համագումարին, Շտուտգարտում, ուր Հ. Յ. Դաշնակցութիւնը ընդունուեց Ընկերվարական Միջազգայնականի անդամ: Այնտեղից անցաւ Կովկաս ու Թաւրիզ, որպէս ղեկավար Պարսկաստանի յեղափոխական կռիւների՝ Նիկոլ Դումանի եւ Քեռիի հետ:

Թաւրիզի ռուսների կողմից գրաւուելուց յետոյ, 1909-ին, Ռոստոմը Նիկոլ Դումանի հետ անցաւ Թուրքիա: Նոյն տարուայ ամառը մասնակցեց Հ. Յ. Դ. Հինգերորդ Ընդհ. Ժողովին, Վառնայում եւ միաժամանակ, որպէս Բիւրոյի անդամ գործելով Պոլսում, 1910-ին, իբրեւ անդամ Հ. Յ. Դ. Բիւրոյի Հայաստանի հատուածի եւ որպէս Ազգային վարաժարանների ընդհանուր տեսուչ, հաստատուեց Կարնում, ուր մնաց մինչեւ 1914 թ. ամառը, յաջորդաբար մասնակցելով Հ. Յ. Դ. Վեցերորդ, Եօթներորդ եւ Ութերորդ Ընդհ. Ժողովներին:

Հ. Յ. Դ. Ութերորդ Ընդհ. Ժողովը, 1914 թ. ամառը, որոշեց Ռոսոտմին մէկ տարուայ «հանգիստ» տալ Ժընեւում՝ պարտք դնելով նրա վրայ, որ գրէ նաեւ Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւնը: Բայց ի՞նչ հանգիստ կարող էր ունենալ պատերազմի եւ Մեծ Եղեռնի արհաւրալից օրերին: Արտասահմանում էլ նա հանգիստ ու հոգեկան անդորրութիւն չտեսաւ: Գերագոյն ճիգ թափեց ամոքելու համար հայութեան տառապանքները, բայց ի՞նչ կարող էր անել աշխարհասասան պատերազմի խօլական մրրիկների դէմ:

1915-ին, Սկանտինաւիայի վրայով, Ռոստոմը անցաւ Կովկաս: Հայութիւնը այստեղ գերագոյն յոյսերի եւ տագնապի օրեր էր ապրում: Մի կողմից՝ կամաւորական շարժումն ու ռուս քաղաքականութեան նենգութիւնները: Միւս կողմից՝ տեղահանութեանց ու ջարդերի զարհուրելի լուրերը Թուրքիայից: Ճնշուած սրտով Ռոստոմը նետուեց դէպքերի մէջ, իբրեւ ղեկավար դէմք Դաշնակցութեան:... Այնուհետեւ նրան տեսնում ենք ամէն տեղ եւ բոլոր գործերի մէջ – Ազգ. Բիւրօ, Կամաւորական շարժում, գաղթականներին օգնող կազմակերպութիւնների մէջ, արեւմտահայերի գործերում, քաղաքական ձեռնարկներում, կուսակցական ասպարէզում:

1917ի ռուսական յեղափոխութիւնը չխանդավառեց Ռոստոմին. նա բնազդօրէն սարսափում էր ռուսական զօրութեան անժամանակ փլուզումից: Հակառակ դրան, ստիպուած էր մասնակցել յեղափոխական շարժումենրին, իբրեւ Դաշնակցական շարքերի հեղինակաւոր առաջնորդը: ... Կարինը գրաւուելուց յետոյ՝ շտապեց այնտեղ՝ տեսնելու եւ ողբալու համար այդ շէն եւ քաղցր յիշատակներով լեցուն քաղաքի կործանումը:

Իբրեւ Դաշնակցութեան առաջին ներկայացուցիչը, Ռոստոմը ընտրուեց Համառուսական Սահմանադիր Ժողովի անդամ եւ 1917-ի աշնանը մեկնեց Պետրոգրատ, ուր, տեղական Հայկական Կոմիտէի գործակցութեամբ, յաջողեց հայկական պահանջներն եւս մտցնել Ժամանակաւոր Կառավարութեան հաշտութեան պայմանների մէջ: Ապա անցաւ Ստոկհոլմ, ներկայացնելու համար Հ. Յ. Դաշնակցութիւնը, գումարուելիք Ընկերվարական Միջազգային Համաժողովին: Այստեղ եւս, Կազմակերպիչ Մարմնում, ընդունել տուեց Հայկական Հարցը, իբրեւ պատերազմի նպատակներից մէկը:

Երբ վերադարձաւ Ռուսաստան, իշխանութիւնը արդէն անցել էր բոլշեւիկների ձեռքը, եւ ողջ երկիրը բռնուած էր քաղաքացիական պատերազմի հրդեհով: ... Ռոստոմը, Պետրոգրատի եւ Մոսկուայի հայ գործիչների հետ միասին աշխատեց կապեր հաստատել Խորհրդային իշխանութեան հետ եւ Թրքահայաստանի ազատութեան պահանջն էլ մտցնել խաղաղութեան ռուսական պայմանների մէջ: Եւ որոշ խոստումներ ստացաւ էլ, բայց Բրեստ-Լիտովսկում բոլշեւիկները ոչ միայն Թրքահայաստանից ձեռք քաշեցին, այլ Ռուսահայաստանի մի մասն էլ զիջեցին թուրքերին:

...Ռոստոմը եւ ուրիշ Դաշնակցական գործիչներ, ինչպէս բժ. Յ. Զաւրեանը, Լիպ. Նազարեանը, կարողացան համոզել Խորհրդային իշխանութեան, որ արտօնեց հայ սպաներին ու զինւորոներին զէնքով եւ ռազմամթերքով անցնել Բագու: Քիչ յետոյ, Ռոստոմն ինքն եւս մեկնեց Բագու եւ մինչեւ վերջ մնաց այնտեղ, իբրեւ Բագուի Հերոսամարտի ղեկավար ոգին:

Բագուի ողբերգական անկումից յետոյ, Ռոստոմը բազմահազար հայերի հետ մեկնեց Պարսկաստան, ուր մի կողմից ջանաց ապահովել գաղթականութեան օգնութեան գործը՝ ազգային մարմինների ու պարսիկ եւ անգլիական իշխանութիւնների օժանդակութեամբ, միւս կողմից յարաբերութեան մէջ մտաւ Եւրոպայի եւ Ամերիկայի ազգային ու քաղաքական կազմակերպութիւնների հետ՝ Հայաստանին օգնութիւն փութացնելու համար: Հակառակ ընդհանուր յուսալքութեան, Ռոսոտմը երբեք չընկճուեց եւ միշտ մնաց լաւատես ու կորովի:

Ընդհանուր զինադադարից յետոյ, 1918 թ. Նոյեմբերին, երբ ճանապարհները բացուեցին, Ռոստոմը շտապեց վերադառնալ Կովկաս: Հայաստանը այլեւս անկախ հանրապետութիւն էր: Նոր յոյսեր ու նոր հեռանկարներ էին բացւում հայութեան առջեւ: ...

Գիշեր ու ցերեկ Ռոսոտմը հանգիստ չունէր: Անվերջ ոտքի վրայ էր, ժողովների եւ խորհրդակցութիւնների մէջ, ձմեռուայ ցրտին, մի թեթեւ վերարկուով ու ծակ կօշիկներով, անփոյթ դէպի իր առողջութիւնը, անտես առնելով ընկերների թախանձանքը՝ խնայելու իր անձը: Ու մի գիշեր էլ, ժողովից ուշ վերադառնալով տուն, անկողին ընկաւ ու այլեւս ոտքի չելաւ. պարզուեց, որ վարակուած էր բծաւոր տիֆով: Քիչ անցած՝ տիֆը վերածուեց թոքերի բորբոքման: Բժշկական գիտութիւնն անզօր էր այլեւս օգնելու: Եւ 1919 թ. Յունուար 19-ի գիշերը, Ռոստոմը յաւիտենապէս փակեց աչքերը: Մեծ սիրտը, որ յոգնել չգիտէր, կանգ առաւ: Ռոստոմը մեռաւ անկախ Հայաստանը չտեսած...:

Ս. Վրացեան
«Յուշապատում Հ. Յ. Դաշնակցութեան. 1890-1950»