28 May, 2023

ԶԵՄԼԵԱԿ. Արտեմ Նանումեան


Շտաբի հեռագիրներ
28 մայիս, երեկ. ժ. 10

Այսօր երեկոյեան ժամը 8,40-ին, անհաւասար կռուի մէջ հերոսաբար ընկաւ մեր հին հայդուկներից Զեմլեակը:

Թուրքերը՝ երեքօրեայ կռիւներից յետոյ ջարդուած են և յետ են նահանջում հապճեպ կերպով: Նրանց զօրամասերը բաժանւած են երեք խմբերի. Առաջինը՝ Ալագեազի կայարանից նահանջում է դէպի Անի կայարանը, երկրորդը՝ Կրմզլու և երրորդը՝ Ախջա-կալա: Մեր զօրամասերը քայլ առ քայլ հերպանդում են նրանց: Ոգևորութիւնը աներևակայելի է:

–Կէս գիշերին յայտնում են, որ մերոնք գրաւել են Ալագեազ կայարանը և շարժւում են դէպի Անի:

«Զանգ» Երեւան
Ուրբաթ 31 Մայիսի (18) 1918
Երկրորդ տարի, Թիւ 38 (54)

Զեմլեակ (Արտեմ Նանումեան)

Հայոց ազատագրական շարժումը տւել է անձնւէր գործիչների, գաղափարական հերոսների երկար շարան. այդ շարքի մէջ իր պատւաւոր տեղն ունի գրաւած Գանձակեցի Զեմլեակը: Տիպական հայդուկ էր նա՝ ելած աշխատաւոր գիւղացիութեան ծոցից, տառապած նրա ցաւերով ու զոհւած յանուն նրա ազատագրութեան. իսկական հայդուկ էր նա՝ մոռացած ամեն անձնական, հրաժարւած կեանքի բոլոր վայելքներից ու բոլորանւէր սրտով փարած յեղափոխական կռւին: Նա իր մէջ խտացնում էր բոլոր այն առաքինութիւնները, որոնք անհրաժեշտ են յեղափոխական-հասարակական գործչին իր յանձն առած պարտականութիւնները շիտակութեամբ կատարւելու համար: Բիւրեղանման մաքրութիւնը նրա փայլուն գծերից մէկն էր. իր երկարամեայ յեղափոխական գործունէութեան մէջ մաքուր մնաց նա ու կատարելապէս ազնիւ: Համեստութիւնը՝ մարդկային հոգու առաքինի արտայայտութիւններից մէկը, որ խթան է ամեն մի գործչի յաջողութեան, նրա բնաւորութեան էական յատկութիւնն էր կը գործէր, կը տառապէր լուռ, անաղմուկ. իսկ որ կարևորն է, պարտաճանաչ էր միշտ: Պարտքի գիտակցութիւնը միշտ վառ էր նրա մէջ ու այդպէս էլ մնաց մինչև վերջին րոպէն:

Դեռ մանուկ հասակում յեղափոխական շրջաններին ծանօթ անձն էր նա. լինելով միշտ յեղափոխական գործիչների հետ, շուտով նա դարձաւ յեղափոխութեան իսկական սպասաւոր և երբ 1896 թ. տեղի ունեցաւ Արդւինի արշաւանքը տխրահռչակ Միհրանի առաջնորդութեամբ, Զեմլեակը արշաւանքին մասնակցող գործօն անդամներից մէկն էր: Այնուհետև նա զանազան քաղաքներում կատարեց մի քանի տերրորներ ու այդպիսով դարձաւ Հ. Յ. Դաշնակցութեան աչքի ընկնող ահաբեկիչներից մէկը:

Հայ-թուրքական ընդհարումներին Զեմլեակը իր փոքրիկ խմբով անհաւասար կռիւ մղեց Ագուլիսի շրջանում, իսկ երբ սկսւեց Պարսկական յեղափոխութիւնը նա անցաւ Պարսկաստան ու մասնակցեց բոլոր կռիւներին:


Այնտեղից նա վերադարձաւ Կովկաս, բայց չդիմանալով ցարական ուժեղ հալածանքներին, ստիպւած եղաւ Կ. Պօլիս անցնել, որտեղից գնալով Էրզրում, հիւրանոց պահողի անւան տակ զէնք հայթայթելով և ազգաբնակութեանը զինելու գործով էր զբաղւած: Ռուս-Տաճկական պատերազմը յայտարարւելուց անմիջապէս յետոյ, Զեմլեակը Կովկաս եկաւ և մտաւ հայկական կամաւորական 1-րդ գունդը, որպէս ձիաւորների պետ. իր խիզախութեան և քաջութիւնների համար պարգևատրւեց Գէորգեան 3, 4 և 2 ասիտճանի խաչերով: Կամաւորական խմբերը լուծւելուց յետոյ նա գնաց Թիֆլիս և հազիւ էր սկսել, երկար տառապանքներից յետոյ, խաղաղ կեանք վարել, երբ սկսւեց տաճիկների առաջխաղացումը դէպի Սարիղամիշ. Զեմլեակը ձիաւորների նոր խումբ կազմելով կռւի դաշտ դիմեց ու մի քանի կռիւներից յետոյ փոխադրւեց Երևանի շրջանը իր զինւորական պարտականութիւնները կատարելու համար:

Կամաւորական Բ. գունդի վաշտապետներ.
Կանգնած ձախէն՝ Յովհաննէս Քուրանեան, Զեմլեակ, Դալի Ղազար (Միքայէլ Պատալքէխեան), Ռիժա Տիգրան. 
Նստած ձախէն՝ Օնէ (Յովհաննէս Մելքոնեան), Եապոն (Յակոբ Պարոնեան), Մարտիրոս Աբրահամեան
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Մայիսի 28-ին, երեկ. ժ. 8-ին, Բաշ-Աբարանի ուղղութեամբ ծաւալւող կռւի մէջ թշնամու գնդակը վերջ դրեց նրա բազմաչարչար կեանքին:

Համեստ, լռակեաց ու արտաքինից անտարբերութիւն արտայայտող այդ մարդու հոգին ալեկոծւում, փոթորկւում էր: Այդպէս են ամենքը՝ բոլոր Զեմլեակները. հսկայ վիշտը սեղմած իրենց կրծքի տակ, ցաւագին ճիգեր են թափում նոքա. տառապում լուռ, անաղմուկ և այրւում են, անվերջ այրւում մեր անարև կենաքին լոյս տալու համար:

Մ. Այվազեան
«Զանգ» Երեւան
Ուրբաթ 31 Մայիսի (18) 1918
Երկրորդ տարի, Թիւ 38 (54)

Արտեմ Նանումեան (Զեմլեակ)

Հեռագիրը գուժեց, որ մայիս 28-ի երեկոյեան ժամը 8,40-ին, Ապարանի անհաւասար կռիւներուն մէջ, հերոսաբար ինկած է մեր հին հայդուկներէն Զեմլեակը:

Այսօր, հայ Ցեղին ազատամարտի ի խնդիր զոհուած այս հեոսը՝ Գանձակեցի է. փոքր հասակէն իսկ լծուելով յեղափոխական գործունէութեան. իր մօտիկ ընկեր Գասպարին հետ ... Երկիրը կանցնի:

Վերադարձին սակայն, Պաթումի մէջ կը բանտարկուի: Երկու ամիսէն ազատուելով՝ կանցնի Երեւան կրկին անգամ Երկիր անցնելու դիտաւորութեամբ, սակայն հայ-թուրքական ընդհարումներ զինքը քուրայի մը մէջ կը ձգեն:

Նոյն շրջանին Զեմլեակը կանցնի Ագուլիսի շրջանը իբր խմբապետ եւ իբր քաջարի մարտիկ: Հայ-թուրքական կռիւներէն ետք, Զեմլեակը ազատագրական շարժումներու նոր օրրան – Պարսկաստանը կը մտնէ, եւ կը միանայ առիւծորդի Եփրեմին ու Քեռիին եւ կը մասնակցի անոնց վարած ազատագրական պայքարին:

Զեմլեակը յետոյ կը դառնայ Պաթում, ապա Պոլիս, անկէ Տրապիզոն, ու ամէնէն վերջը Կարին, ուր հիւրանոց մը կը բանայ. ու այդ պատրուակով զէնքով եւ սուրով կը զինաւորէ յեղափոխական մասսան: Այս գործունէութիւնը կը վերջանայ միայն ներկայ համաշխարհային պատերազմի սկզբին:

Զեմլեակ (սպիտակ ձիով, դիմացը) իր ձիաւոր խումբով
Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմնադրամին

Ինքնաշխատ կրթութիւն միայն ստացած, խոհուն, շատ քիչ խնդումերես Զեմլեակը անմիապէս իսկ Կովկաս կը հասնի:

Կովկասահայութեան համար յուսավառ այդ օրերուն, ան կը միանայ Դրոյի կամաւորական բանակին՝ իբր ձիաւոր Բ. գնդի խմբապետ: Կամաւորական յաճախակի յաղթական կռիւներուն՝ անիկա կարժանանայ քանիցս շքանշաններու:

Մեր պատմութեան էն դժբախղդ ու նորագոյն օրերուն՝ Զեմլեակը Սարիղամիշի եւ այլն վայրերու օրհասական կռիւներուն եւս կը մասնակցի, կը դառնայ նահանջող բանակին հետ Իգդիր եւ Երեւան, ուրկէ ալ Ալագեազի լանջերու հերոսական կռիւներուն լեռն ի վեր խոյանալու ատեն, առնականօրէն ու դիւցազնաբար կիյնայ, վաստկելով քաջարի խմբապետի միշտ պայծառ ու միշտ գեղեցիկ Լուսապսակը:

«Աշխատանք», Երեւան
Գ. Տարի, Թիւ 4 (204)
Շաբաթ, 1 (19) Յունիս, 1918