01 October, 2022

Նատալիա Մատինեան

Մօտ երկու ամիս առաջ* երկարատեւ ու ծանր հիւանդութիւնից յետոյ Թիֆլիսում վախճանւեց ընկ.Նատալիա Մատինեանը, որի անունը սերտ կերպով կապուած է Հ.Յ. Դաշնակցութեան սկզբնական շրջանի պատմութեան հետ: «Դրօշակ»-ի ընթերցողներից քչերին յայտնի կը լինի Նատալիա Մատինեանի անունը. բայց ինսնական թւերին, երբ Հ.Յ. Դաշնակցութիւնը նոր էր հիմնւել՝ նրան գիտէին ամէնքը, որոնք գործօն մասնակցութիւն ունէին Հ.Յ. Դաշնակցութեան մէջ:

Նա, ինչպէս նաեւ իր կրտսեր քոյր Սաթենիկը (հանգուցեալ իշխան Արղութեանի այրին) դեռ շատ երիտասարդ հասակից ոգեւորուած էին հայրենասիրական եւ յեղափ. գաղափարներով:

Թիֆլիզցի գիմնազիոնը աւարտելուց յետոյ ընկ. Նատալիան գնում է Մոսկվա մանկաբարձութիւն ուսանելու համար, որտեղից 1890 թւին վերադառնում է Թիֆլիզ եւ անմիջապէս մտնում Դաշնակցութեան գործերի մէջ:

Թէ՛ Քրիստափոր Միքայէլեանը, թէ՛ Զաւարեանը եւ թէ՛ Ռոստոմը շատ էին գնահատում նրա անձնուէր եւ գաղտնապահ բնաւորութիւնը եւ յաճախ շատ պատասխանատու յանձնարարութիւններ անում, որ նա միշտ բարեխղճութեամբ կատարում էր, երբեմն մեծ զոհաբերութիւնների գնով:

Գոլիցինեան հայահալած րէժիմի օրերին ընկերուհի Մատինեանը մի քանի անգամ ձերբակալւում եւ ամիսներով բանտարկւում է, բայց ամէն անգամ բանտից ազատուելով՝ աւելի եւս մեծ եռանդով նւիրւում է կուսակցական գործերին:

Լինելով անձնւէր յեղափոխական՝ նա միեւնոյն ժամանակ ուշադիր, սրտացաւ ընկեր էր, եւ բառին բուն իմաստով բարի մարդ: Այս կամ այն ընկերոջ հիւանդութեան ժամանակ  յաճախ ամբողջ օրեր եւ շաբաթներ թողած ամէն ինչ՝ գալիս էր խնամելու հիւանդին, շատ անգամ անքուն գիշերներ անցկացնելով  նրա անկողնի մօտ:

Վերջին տարիները ընկերուհի Մատինեանը ապրում էր նիւթական շատ նեղ վիճակ, որը եւ վերջնականապէս քայքայեց նրա առողջութիւնը:

Խորին յարգանքով եւ ակնածանքով խոնարհւում ենք մեր անձնւէր եւ գաղափարական ընկերուհիի թարմ շիրիմի առաջ:

«Դրօշակ» - Դեկտեմբեր 1925
Թիւ 6 (248)

*Հոկտեմբեր 1925-ին