1908 թիւն էր: Պարսկաստանում յեղափոխութիւն էր ծագել: Արեւելքի այդ մեղկ, կին, գինի, երգ ու վարդ սիրող ժողովուրդն էր շարժւել եւ ուզում էր մի հարւածով տապալել «շահիզմը» ու հաստատել «Մաղրութան» (սահմանադրութիւն): Թաւրիզն էր այդ յեղափոխութեան կենտրոնը, նրա վրա էին շարժւել Մահմադ Ալի շահի զինւորներն ու նրա կողմնակից ցեղերից կազմւած բազմահազար բանդաները: Այդ բոլորը չէր: Քաղաքի մէջ գտնւած յայտնի միապետակաները իրենց շուրջն էին հաւաքել ընդդիմադիրները՝ բերդը ներսից խորտակելու համար: