23 September, 2025

Նիկոլը. գրեց՝ Ս. Վրացեան

Վիրաւոր առիւծը իր շունչը փչեց:

Նա վաղուց էր ստացել այդ վէրքը: Խոցւած սրտից՝ թափառում էր երկրից երկիր՝ անհանգիստ ու հայրենակարօտ: Աշխարհը նրա համար դարձել էր մի նեղ վանդակ, որի պաղ ձողերն էր կրծում նա յուսահատօրէն: Ժընեւից Պոլիս, Պոլսից Բարձր Հայք ու Ատրպատական քայլում էր նա հալածական: Մի անմեկնելի կարօտ մշում էր նրա սիրտը, եւ յաւիտենական թախիծը կծկւել էր նրա աչքերի մէջ:

Բոլոր մեծ տարագիրներու պէս՝ նա եւս չպատւաստւեց օտար միջավայրում, միշտ որոնեց ու միշտ ձգտեց դէպի այն հողը, որից կեանք էր առել: Իր հոգին մեծ ցնցումներով ապրա՝ չը լուծւեց միջակութիւնների աշխարհում: Մի ոստիւն – եւ նա ծիծաղեց անհեթեթ չարիքի երեսին:

Մի ոստիւն եւս, եւ նա ծառացաւ դաժան մահւան դէմ, որ իր անողոք թաթը դրել էր նրա վրայ: Մեռնել էլ ուզեց այնպէս, ինչպէս ապրել էր՝ ըմբոստ ու գեղեցիկ:

Եւ ահա նրան գրկող վանդակը սեղմւեց, սեղմւեց ու ճնշեց նրա խիզախ սիրտը: Եւ վիրաւոր առիւծը իր շունչը փչեց՝ հեռու այն փոթորկոտ տարրերից, ուր նրա համարձակ հոգին ապրել էր իր առնական կեանքը: Դումանի մահով հայ հասարակական ասպարէզից հեռանում է մեր հին, գաղափարական սերնդից մնացած հազւագիւտ գործիչներից մէկը, մի եզական բնաւորութիւն, որ անջնջելի կերպով դրել է իր դրոշմը վերջին մի քանի տասնեակ տարիների մեր շարժման վրայ:

Առաջին անգամ ես 1910-ի աշնանը հանդիպեցի րնան Պոլսում: Արտակարգ կերպով յոգնած էր, մաշւած, նիհար: Միայն խոհուն աչքերն էին պահել իրենց նախկին փայլը թուխ դէմքի վրայ: Բայց նրանց մէջ էլ կար մի ինչ որ անըմբռնելի տառապանք: Մրսում էր, հակառակ Պոլսի առատ արեւին: Գանգատւում էր իր յօդացաւի վրայ: Դժգոհ էր արտասահմանից, հիասթափւած՝ Պոլսից. իր անոյշ հումորով զաւեշտական պատմութիւններ էր անում հոսհոսների կեանքից եւ խօսք ընդ մէջ յիշում էր Կովկասը, որից հեռու էր, բայց որի կարօտով էր ապրում: Մանաւանդ նրան ճնշում էին Պոլսի եսական բարքերն ու ընկերական մտերիմ կեանքի բացակայութիւնը:

Նոր էր վերադարձել Կոպենհագենից ուր մասնակցել էր Ընկերվարական Միջազգային Համագումարին իբրեւ Դաշնակցական պատւիրակութեան անդամներից մէկը: Հիացումով էր խօսում դանիական ժողովրդի աշխատասիրութեան եւ կուլտուրական նւաճումների մասին: Իր դիտող ու խուզարկու միտքը համագումարի ճառախօսութիւններից եւ արտաքին փայլից աւելի նկատել էր այն յամառ ստեղծագործական աշխատանքը, որ այդ մի ափ ժողովուրդը թափում էր իր երկիրը շէնացնելու եւ բարեկեցութեամբ լեցնելու համար: Դումանը երազում էր մեր երկրին էլ տեսնելու քաղաքակրթութեան նոյն աստիճանի վրայ:

Եւ ինքը, որ խրւած օրւայ սեւ աշխատանքի մէջ կամ տարւած մարտական ծրագիրներով, չէր նկատած իր շուրջը տեղի ունեցող ընկերային շերտաւորումները, հիացած էր մնացել համաշխարհային աշխատաւորութեան մղած դասակարգային պայքարից եւ ձեռք բերած յաջողութիւններից:

Եթէ ուզում էք, ասում էր նա, մեր հակաընկերվարականներին դարձնել կողմնակից դասակարգային պայքարի եւ աշխատաւորական դատի, ուղարկեցէք նրանց համագումար, ամենահամոզւած ընկերվարականը կը դառնան նրանք:

Առանձնապէս դառնացած էր նա ռուսական ընկերվարականներից, որոնց աղանդապաշտական ոգին այնքան էր առաջ գնացել, որ ապարդիւն էին անցել բոլոր ճիգերը նրանց մէջ համերաշխութիւն ստեղծելու: Դումանը ինքն էր մասնակցել այդ ուղղութեամբ հայ պատւիրակութեան կողմից եղած փորձերին, բայց ամեն ջանք կորել էր անհետեւանք: Նա հաւատում էր, որ միայն բոլոր ընդդիմադիր տարրերի ճամագործակցութեամբ կարելի պիտի լինի հասնել ընդհանուր նպատակին: Մարտական ձեռնարկների յաջողութիւնն էլ այդ համագործակցութեան մէջ էր տեսնում: Բոլոր տարագիրների պէս, Դումանի գլխին էլ կախւած էր նիւթական անապահովութեան ուրւականը: Նրան չափազանց ծանր էր թւում այն միտքը, որ ինքը կարող է բեռ լինել ուրիշի համար: Եւ ահա մենք տեսնում ենք, որ ամիսներ անցած՝ մի քիչ կազդուրւելուց յետոյ, նա «հացի համար» ճանապարհ է ընկնում Պարսկաստան, Հայաստանի վրայով, յանձն առնելով տասնեակ օրերի տաժանքներով մի ճամբորդութիւն:

Իմ երկրորդ հանդիպումը նրան եղաւ Կարինում, ուր կառք չգտնելու պատճառով նա ստիպւած եղաւ մնալ մօտ մի ամիս: Այս անգամ արդէն աւելի առողջ էր, աշխոյժ: Գոհ չէր միայն ոտքերից եւ ատամներից, որոնք երբեմն ըմբոստանում էին:

Դումանի կարճատեւ կեանքը Կարինում մեծ կենդանութիւն մտցրեց մեր՝ տարագիրներից փոքրիկ խմբակի մէջ: Դպրոցական պարապմունքներից յետոյ հաւաքւում էինք թէյասեղանի շուրջը, եւ Դումանն ու Ռ.(ոստոմ) մոռացնել էին տալիս ժամանակի անցնելը իրենց անվերջ յիշողութիւններով: Մի տեսակ մրցում էր տեղի ունենում պտամելու մէջ. երկուսն էլ դւորս էին բերում իրենց յիշողութեան տոպրակից բազմազան պատմւածքներ, մէկը միւսից հետաքրքրական ու գրաւիչ: Մեր վերջին քսանհինգ տարիների պատմութիւնն էր, որ համայնապատկերի պէս անցնում էր մեր առջեւով: Յաճախ իրար ընդհատում էին, մէկը լրաացնում էր միւսի պակաս թողածը կամ ուղղում միւսի սխալը:

Իր մեղմ ու անուշ խօքսերով պատմում էր Դումանը իր ուսուցչական տարիների մասին Պարսկաստանում. ուսուցչութիւնը նա համարում էր հայ յեղափոխութեան անհրաժեշտ մասը: 90-ական թուականներից սկսած հայ ֆիդային ոչ միայն զէնք էր տանում դէպի Երկիր, այլ եւ գիրք ու գրականութիւն: Դումանը այդ տեսակ ուսուցիչ-ֆիդայիներից մէկն էր թերեւս ամենացցուն դէմքը իր գործակիցների մէջ:

Խանասորի արշաւանքը իր հերոսական կռիւներով, հայ-թաթարական ընդհարումները իրենց բազմապիսի դրւագներով, հայ ֆիդայիների կեանքը Պարսկաստանում, մարտական առանձին էպիզոդներ՝ համեմւած Դումանի սրամիտ նկատողութիւններով՝ պարւում էին մեր առաջ: Ինչքա՜ն ճոխ պաշար ունէր նա յիշողութիւններից, ի՜նչ թանկարժէք նիւթեր՝ մեր պատմութեան համար:

Մի քանի հոգի ենք մնացել, ասում էր նա, հին, առաջին սերնդից, մի Սիմոն, մի Ռ.(ոստոմ), Իւս(ուֆեան)... Պէտք է պատմութեան համար փրկել նրանց յիշողութիւնները, անհրաժեշտ է ստիպել, որ գրի առնենք այդ յիշողութիւնները:

Ինքն էլ խոստանում էր անպատճառ գրել իր մեմուարները: Սկսե՞ց արդեօք, չտարա՞ւ իր հետ պատմական հարուստ պաշարը, ինչպէս արին շատերը:

Դիւրահաղորդ, զարմանալի կերպով ընկերասէր ու շիտակ Դումանը կարողանում էր ստեղծել իր շուրջը ջերմ, մտերմական մթնոլորտ: Գործի ժամանակ գործիչ էր, բայց եւ գիտէր իր ազատ ժամանակը հաճելի կերպով անցկացնել: Մոլեռանդ որսորդ էր: Հենց որ լսեց Կարնի դաշտի Եփրատի շաբուտների մէջ ապրող առատ սագերի եւ բադերի մասին, մոռաացաւ ե՛ւ հիւանդութիւն, ե՛ւ սպասողական վիճակի տաղտուկը:

Մի քանի ժամւայ մէջ նա սպանեց մի ամբողջ սայլ սագեր ու բադեր: Եւ մօտ տասը օր մեր խմբակը «դատապարտւած» էր սագի միս ուտելու, ձանձրանալու աստիճան: Կատակով բարկանում էինք այս «պատիժի» համար, իսկ նա ծիծաղում էր իր գրաւիչ ծիծաղով...

Կարնից մեկնեց դէպի Պարսկաստան, իբրեւ առեւտրական գործակալ, բայց տեղ հասաւ թէ չէ, ոտքով-գլխով խրւեց Պարսկաստանի յեղափոխական շարժման մէջ: Նա անցաւ Թաւրիզը պաշտպանող մարտիկների գլուխը եւ հակառակ ֆիզիքական տկարութեան՝ հանդիսացաւ ղեկավարը Թաւրիզի հերոսական դիմադրութեան:

Թաւրիզում նա երգեց իր կարապի երգը. Անողոք ցաւը հիւծեց նրա մարմինը, ընկճեց խոյանքների սովոր մարտիկ-հոգին: Նրա կեանքի յաջորդ տարիները եղան ըմբոստացումի եւ յուսահատ կռւի տարիներ մահւան դէմ: Նա հրաժարեց հնազանդւեց բնութեան կոյր քմահաճոյքին, ընդվզեց, բողոքեց ու մեռաւ տանջանքով՝ մեծ յոյսերի եւ մեծ գորերի նախօրեակին նրա շունչը սակայն կենդանի է: Նա սաւառնում է այն շարքերի գլխին, որոնք ահա գնում են Դումանի փայփայած իդէալներին կեանք ու ոգի ներշնչելու: Նա մեռած չէ, նա մեր մէջ է...

«Հորիզոն», Թիֆլիս
Կիրակի, 28 Սեպտեմբերի 1914
Վեցերորդ Տարի, Թիւ 214