Հ. Յ. Դաշնակցութեան Ե.-րդ Ընդհանուր Ժողովը կանգնած է քաղաքական երկու տարբեր պատկերների առջև: Մինչ մի կողմից գալիս ենք Թիւրքիայի մեր քսանամեայ կռիւների փայլուն յաղթանակն արձանագրելու, մինչ Իրանի պատմութեան մէջ՝ մեր մասնակցութեամբ բացւած նոր շրջանն ենք աւետում, մինչ երկու երկիրների բռնապետների տապալումը և ուժասպառ ժողովուրդների վերածնութիւնն ենք ողջունում,– այնտեղ՝ Ռուսաստանում սև րէակցիան է, որ տիրող է, յաղթական: Ժողովրդի դէմ յայտարարւած պատերազմն է, որ շարունակում է մղւել յամառ ու անողոք. այնտեղ՝ արիւնոտ, նոր, մեծ պայքարի հեռանկարն է, որ դրւած է սպառնալից: