Մութն ընկաւ, որոտագոչ թնդանօթների բօմբիւններն ու մարտինիների միահամուռ զալպերի թնդիւնները դադարեցին Այգեստանը դղրդեցնելուց: Կռիւը վերջացած էր եւ մենք, կամայ ակամայ, պէտք է թողնէինք Վանը: Երեք հոգի տեղացի վերցնելով մեզ հետ, երեկոյեան ժամը 1-ին ըստ տաճկական, ելանք այգիներից: Նախ քան ելնելը՝ մի մարդ ուղարկեցինք, իմանալու համար, թէ ո՛ւր մնաց Վարդան ը իր խմբով. լրաբերը եկաւ, յայտնելով, որ քաղաքից քիչ առաջ մի խումբ է դուրս եկած, սակայն յայտնի չէ, Վարդանի՞ առաջնորդութեամբ, թէ ուրիշի: Երկար մտածելն աւելորդ էր. հարկաւոր էր շտապել դեռ ևս ցերեկով. կռւի ժամանակ պայմանաւորւած էինք երեկոյեան ելնել Այգեստանից և միանալ միմեանց հետ Հայոց-Ձորում, Կէմ գիւղի սարում: Ուղեցոյցն առաջ ընկաւ, մենք հետևցինք նրան: Ս. Խաչ վանքի ճանապարհին նկատեցինք թարմ և շատ ոտնահետքեր. այդ արդէն ապացոյց էր, որ մեր միւս խումբն այդտեղով անցել է և բոլորս էլ յուսացինք, որ գիշերը նրանց հետ կը լինինք: