05 May, 2023

ՀՀ Բիւրօ-Կառավարութեան Անդրանիկ Կոչը


Կառավարական Հաղորդագրութիւն
Հայաստանի Հանրապետութեան Քաղաքացիներին

Քաղաքացիներ,

Հերոսական պայքարով եւ անօրինակ զոհողութեամբ Հայ աշխատաւոր ժողովուրդը տիրացել է անկախութեան եւ ազատութեան եւ միացնելով բռնաւորների կամքով դարեր շարունակ իրարից բաժանւած հայրենիքի երկու հատւածները՝ հիմք է գրել պետական յառաջադէմ շինարարութեան: Հայաստանի Պարլամենտի եւ կառավարութեան ամբողջ մտահոգութիւնն է եղել ապահովել աշխատաւոր ժողովրդի ֆիզիքական գոյութիւնն ու սոցիալական անարգել զարգացումը եւ անսասան պահել հանրապետութեան դեմօկրատիկ իրաւակարգը:

Քաղաքացիներ, այսօր, Հայաստանի ժողովրդի կեանքի այս բախտորոշ վայրկեանին, նորից սեւ ամպեր են կուտակւում մեր գլխին: Մահւան ճիրաններում գալարւող տաճիկ փաշաները մի կողմից եւ բոլշեւիզմի կարմիր պատմուճանը հագած ադրբէջանեան խաները միւս՝ նորից սպառնում են Հայաստանի անկախութեան եւ ազատութեան: Գիտակցաբար կամ անգիտակցօրէն նրանց օգտին են գործում եւ մի շարք տարրեր երկրի ներսում, որոնք աշխատում են օգտագործել պարենաւորման ճգնաժամն ու ժողովրդի յոգնածութիւնը, որպէսզի առաջ բերեն անկարգութիւններ եւ իրենց նեղ տենչերին յագուրդ տան: Եւ այն ժամանակ, երբ Ադրբէջանի զօրքերն ու հրոսակախմբերը շարունակում են արիւնահեղութիւն: Ղարաբաղում ու Գանձակում, այն ժամանակ, երբ տաճիկ ասկէրները շարժումներ են անում Շարուրի ու Նախիջեւանի շրջանենրում եւ հրդեհում հայ գիւղերը, զանազան անպատասխանատու խմբակներ վերջ չեն տալիս իրենց գրգռիչ ընթացքին եւ կամենում են պառակտում առաջ բերել երկրի մէջ, առանց հաշւի առնելու, որ ամեն մի խլրտում առաջ կբերէ անիշխանութիւն ու պարենաւորման սուր տագնապ եւ կզրկէ ժողովուրդը ապրուստի միջոցներից:

Քաղաքացիներ, Հայաստանը կարիք ունի հանգստի եւ համերաշխութեան, ոչ մի յուզում, ոչ մի խլրտում. ամեն ոք պէտք է գտնւի իր գործի եւ պաշտօնի գլխին՝ Զինւած՝ Պարլամենտից ստացւած արտակարգ լիազօրութիւններով Կառավարութիւնը դիմում է Ձեր քաղաքացիական գիտակցութեան եւ հրաւիրում ամենքիդ հայ ժողովրդի գոյութեան այն ճգնաժամային վայրկեանին համախմբւել կառավարութեան շուրջ, որի նշանաբանն է Հայաստանի անկախութեան եւ ազատութեան պաշտպանութիւնն, ու ներքին դեմօկրատիկ կարգերի ամրապնդումը: Այս նպատակներն իրագործելու համար կառավարութիւնը չի խնայի եւ ոչ մի ճիգ եւ նա կյաղթէ ձեզ հետ եւ ձեզ համար:

Նախարարապետ եւ Արտաքին գործերի նախարար՝ Հ. Օհանջանեան
Զօրական եւ ներքին գործերի նախարար՝ Ռ. Տէր-Մինասեան
Գիւղատնտեսութեան եւ աշխատանքի նախարար՝ Ս. Վրացեան
Ֆինանսների եւ արդարադատութեան նախարար՝  Ա. Գիւլխանդանեան
Հաղորդակցութեան նախարար՝ Ա. Ջամալեան
Հանրային Կրթութեան եւ Արւեստի նախարար՝ Գ. Ղազարեան

«Յառաջ», Երեւան
Բ. Տարի, Թիւ 94
Շաբաթ, 8 Մայիսի 1920