31 December, 2022

Համբարձում Տէրտէրեան

Ընկ. Համբարձում Տէրտէրեանը ծնւել է Նոր-Նախիջեւանի շրջանի Թոփտի գիւղում, մի համեստ եւ բազմանդամ ընտանիքի մէջ 1884 թւին:

Ընկ. Համբարձումը սնւել եւ դաստիարակւել է իր մեծ եղբօր՝ Յովհաննէսի շնչի տակ: Վերջինս ճեմարանաւարտ եւ ուսուցիչ Նոր-Նախիջեւանի թեմական դպրոցում, համոզւած դաշնակցական էր:

Թոփտի գիւղի ծխական դպրոցից յետոյ նա Յովհաննէսի խնամքի ներքոյ ուսանել է Նոր-Նախիջեւանի թեմական դպրոցում: Այդտեղից անցնելով Վլադիկավկազի ռուսական գիմնազիան, աւարտել է այն ու բարձրագոյն ուսումն ստացել է Ս. Պետերբուրգի համալսարանի իրաւաբանական ճիւղում:

Իր ուսանողական շրջանում, սկսած ծխական դպրոցից մինչեւ բարձրագոյնը փայլուն ընդունակութիւն է ցուցադրել եւ բուռն հետաքրքրութիւն է յայտնաբերել հասարակական հարցերի եւ աշխատանքների նկատմամբ: Դեռ աշակերտ, նա որոշ խմբակներում նոր մտքեր էր արծարծում եւ խմորում առաջ բերում: Նրա եւ Ալէքսանդր Մեասնիկեանի խմբագրութեամբ խմորատիպ  լոյս է տեսել աշակերտական «Աղաւնի» շաբաթաթերթը հետաքրքիր բովանդակութեամբ (100 օրինակ ամէն անգամ): Խմբագրել է նաեւ «Գաղութ» անունով մի թերթ, որ ձեռքից-ձեռք էին խլում:

Ս. Պետերբուրգի իր ուսանողութեան շրջանում եղել է կազմակերպիչ եւ նախագահ Հայ Ուսանողական Միութեան: Նրա ջանքերով ժամանակին Ս. Պետերբուրգի միութեան հետ կապ է հաստատել Մոսկւայի ու Խարկովի հայ ուսանողութիւնը ու միասին տարել ազգային հասարակական եւ մշակութային աշխատանքներ: Ուսանողական այդ միութեան գործադրած արդիւնաւէտ ջանքերով պատրաստւել եւ հրապարակ են եկել մեզ համար արժէքաւոր երիտասարդ մտաւորականներ, որոնք ապագայում կարեւոր դեր են կատարել մեր հասարակական եւ մշակութային բնագաւառներում:

Համալսարանը վերջացնելուց յետոյ, ընկ. Համբարձումը վերադարձել է Ռոստով-Նախիջեւան եւ իր ամբողջ ոյժերով նւիրւել ազգային-հասարակական գործունէութեան:

Ուղղամիտ եւ շիտակ մարդ թէ՛ իբրեւ դաշնակցական եւ թէ՛ իբեւ հայ մարդ, ընկ. Համբարձումը գիտէր օգտակար լինել ոչ միայն իր կուսակցութեան, այլեւ գործակցել բոլոր հայ հոսանքների հետ, եթէ դա կարեւոր էր մեր ազգային-հասարակական շահերի տեսակէտից: Զանցառութիւն երբեք չէր հանդուրժում, կեղծիքը չափազանց ատում էր եւ թէկուզ ամենամտերիմի մեղքը տալիս էր երեսին:

Ընկ. Համբարձումն իր կեանքի ամենաբեղմնաւոր աշխատանքը տարել է հիւսիսային կովկասի «Նալբանդ» Կենտր. Կոմիտէի շրջանում (Նոր Նախիջեւան-Ռոսդով): Կուսակցական աշխատանքների ժամանակ չի խուսափել երբեք վտանգներից, գաղտնապահութիւնը սրբազան օրէնք էր նրա համար: Ընկերական էր բառիս բուն իմաստով: Սիրում էր իր համեստ գործակիցներին, պահելով նրանց հետ իր մտերմութիւնը հին ժամանակներից մինչեւ այսօր՝ իր մահը:

1917 թւի ռուսական յեղափոխութիւնից յետոյ, երբ հնարաւոր եղաւ ընդյատակեայ գործունէութիւնից դուրս գալ հրապարակ, ընկ. Համբարձումը լայնացրեց իր ասպարէզը:

Եւ կրկին մեկնելով մեր հասարակական շահերի տեսակէտից, շփման մէջ մտաւ ռուսական առաջաւոր հոսանքների հետ, մասնակցեց նրանց ժողովներին եւ դերակատար եղաւ նրանց այն մեծ հաւաքոյթներում, ուր կռել եւ կոփել էին ցանկանում կազմալուծւած Ռուսաստանի բազմազան ցեղերի ապագան: Իր եռանդուն գործունէութեամբ եւ բարձր կարողութիւններով այնպիսի համբաւի հասաւ, որ 1919ին պատգամաւոր ընտրւեց Դոնի շրջանի կոզակ համագումարում ուր նախագահեց 2000 հոգինոց ժողովին (Ռագա), իր տեսակէտները յարգւեցին եւ գործադրւեցին, բայց աւա՜ղ, Հոկտեմբերեան յեղաշրջումն ելաւ եւ քանդեց ամէն յոյս...

1918 թւին Նալբանդի շրջանում Դաշնակցութեան գործունէութիւնն արդէն կէս օրինական պայմանների մէջ էր: Բայց շուտով վրայ հասաւ բոլշեւիկեան հալածանքը դաշնակցականների դէմ, որ անհամեմատ աւելի խիստ էր քան ցարիզմի ժամանակներին: Կուսակցական աշխատանքը նորից ընդյատակեայ կերպարանք ստացաւ, գործունէութիւնը նւազեց, բայց գործի մարդուն ասպարէզ էր պէտք: Եւ ընկ. Համբարձումն իր ցուպն առած 1919-ին դիմեց դէպի հայրենիք, ուր հռչակւած էր արդէն Հայաստանի անկախութիւնը:

Իր իղձերի, իր երազների իրագործումը տեսնելով ազատ Հայաստանում, նա բոլորանւէր լծւեց ծանր, բայց իր սրտին այնքան մօտ աշխատանքի: Մտաւ ամէն տեղ, անցաւ ամէն ասպարէզ, մասնակցեց Շանթի պատւիրակութեան, որ Մոսկւա գնաց Հայաստանի կողմից բոլշեւիկեան կառավարութեան հետ բնականոն յարաբերութիւններ սկսելու համար:

Ապա 1920 թւին Ս. Վրացեանի կառավարութեան մէջ ստանձնեց ելեւմտական նախարարի պաշտօնը:

Նոյն թւականի Դեկտեմբեր 2-ին Հայաստանի կառավարութեան փոխանցման ժամանակ, ըստ Լըգրանի հետ կնքած համաձայնութեան, զօրավար Դրոյի եւ Սիլինի հետ մաս կազմեցին Հայաստանի ժամանակաւոր կառավարութեան:

Ընկ. Համբարձումը մասնակցում է նաեւ «Փրկութեան Կոմիտէին», որ կազմւել էր 1921 թւին, Փետրւար 18-ին, ժողովրդական ընդվզումի հետեւանքով, վարելու երկրի գործերը:

Նոյն թւի Օգոստոսին, իր ընկերների եւ հազարաւոր տարագիրների հետ անցնում է հիւրընկալ Իրան եւ այստեղ աչքը յառած հայրենիքին լծւում է կրթական եւ հանրային աշխատանքների:

Տարիներ անցկացրեց Ռեշտում եւ Համադանում եւ վերջապէս վերջին մի քանի տարիներում հաստատւեց Թեհրանում, ուր եւ մահացաւ 1955 թիւ. Դեկտեմբեր 31-ին:

Ընկ. Համբարձումի մահը մեծ կորուստ էր ինչպէս Կուսակցութեան, նոյնպէս եւ Հայ Ժողովրդի համար:

Հին կաղնիներն ընկնում են: Նորերն արդեօ՞ք պիտի բռնեն նրանց տեղը:

Ա.
«Ալիք», Թեհրան
ԻԶ. Տարի, Թիւ 2 (5352)
Երեշբաթի, 3 Յունւար 1956 թ.