26 September, 2021

Յայտարարագիր Կովկասեան Գործունէութեան Առթիւ. ՀՅԴ Ե.րդ Ընդհանուր Ժողով

Հ. Յ. Դաշնակցութեան Ե.-րդ Ընդհանուր Ժողովը կանգնած է քաղաքական երկու տարեր պատկերների առջև: Մինչ մի կողմից գալիս ենք Թիւրքիայի մեր քսանամեայ կռիւների փայլուն յաղթանակն արձանագրելու, մինչ Իրանի պատմութեան մէջ՝ մեր մասնակցութեամբ բացւած նոր շրջանն ենք աւետում, մինչ երկու երկիրների բռնապետների տապալումը և ուժասպառ ժողովուրդների վերածնութիւնն ենք ողջունում,– այնտեղ՝ Ռուսաստանում սև րէակցիան է, որ տիրող է, յաղթական: Ժողովրդի դէմ յայտարարւած պատերազմն է, որ շարունակում է մղւել յամառ ու անողոք. այնտեղ՝ արիւնոտ, նոր, մեծ պայքարի հեռանկարն է, որ դրւած է սպառնալից:

Ռուսական Յեղափոխութիւնը – նա, որ այնքան ուժգին զարկ տւեց Թիւրքիայի և Իրանի շարժումներին, որ երկար ժամանակ իր վրայ սևեռած պահեց ամբողջ Արևմուտքի ուշադիր հայեացքը, նա, որի ազդեցութիւնը սօցիալիստական մտքի և գործի ուղղութեան վրայ անուրանալի է,– այդ մեծ յեղափոխութիւնը անզօր եղաւ, սակայն, պահպանել իր նւաճումները, ձեռք բերւած այնքան զոհողութիւններով:

Տարւած գաղափարի վեհ թռիչքներով՝ նա չը կշռեց իր ուժերը, հաշւի չ'առաւ խոչընդոտների ամբողջ լրջութիւնը և կազմակերպւած ուժի հանդէպ՝ չը պատրաստեց մարտական կուռ շարքեր:

Հակառակ արւած կրկնակի փորձերին, անհնարին եղաւ համախմբել կռւող կուսակցութիւնները մի բանակի մէջ միահամուռ գործողութիւնների համար, և յեղափոխական փայլուն ըմբոստացումները՝ ժողովրդական թէ զինւորական՝ տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում ջախջախւեցին իրարից անկախ, իրարից անջատ: Աւելին ևս,–իրենք կուսակցութիւնները՝ աղանդական ոգով տոգորւած, բաժնւած էին և նոյնիսկ կռւի ընթացքում շարունակում էին բաժանւել ֆրակցիաների, տարւելով հատւածամոլ նեղսրտութեամբ՝ ներելի միայն առօրեայ կեանքի խաղաղ շրջանում:

Պալատական կամարիլլան՝ սմքած սկզբում՝ յաջողեց այդ դրութեան հանդէպ՝ գործի դնելով իր վարչական կապերը, ամրացնելով ոտի տակ հողը, նախ՝ պօգրօմային համատարած գործողութիւններով և ապա՝ սիստեմատիկ ու անդուլ գրոհներով: Մի կողմից՝ յեղափոխութեան կարմիր սպառնալիքը գործիք դարձրած, միւս կողմից՝ զսպիչ միջոցները ժողովրդական լայն մասսաների վրայ ևս տարածելով, մերթ ամբոխի տականքները ոտքի հանելով, մերթ պրօվօկատօրների աջակցութեամբ՝ սարսափ ազդող, բայց վիժելու սահմանւած ձեռնարկներ երևան բերելով, նա կարողացաւ խախտել յեղափոխութեան հեղինակութիւնը, ջլատել ուժերը, խռովութիւններ սերմանել, իր հետ կապել խոշոր բուրժուազիան ու կալւածատէր ազնւականութիւնը, ստիպել, որ ահաբեկւած խաւերը միապետութեան գրկում փնտրեն իրենց փրկութիւնը, և որ գլխաւորն է, նա իր ձռեքի տակ հաւաքեց զօրքը, թափել տալով նրա մէջ ամբարւած զայրոյթը հէնց իրենց յեղափոխականների և ժողովրդական լայն զանգւածների գլխին:

Հ. Յ. Դաշնակցութիւնը – նա, որ առաջինը դուրս եկաւ զինւած մասսաներով պլէվէեան րէժիմի, դէմ Կովկասում, վերջինը եղաւ, որ ենթարկւեց միապետութեան վճռական գրոհին, և դա մի այնպիսի ժամանակ, երբ կուսակցական ուժերի կարևոր մասերը կլանւած էին Թիւրքիայում սահմանադրութիւնը ապահովելու խնդրով Իրանում՝ սահմանադրութիւնը յետ ստանալու և ժողովրդի ինքնապաշտպանութեան կռիւը առաջ տանելու անյետաձգելի գործով:

Կռիւը դաշնակցական շարքերի և ընդհանրապէս կովկասահայ մտաւորականութեան դէմ՝ երկարօրէն և խնամքով նախապատրաստւած, մղւում է հայ ժողովրդի տականքների աջակցութեամբ ու խրախուսանքով, յաճախ նոյն պաշտօնեաների ձեռքով, որոնք դեռ երեկ մեր կօմիտէների թոյլտւութեանն էին սպասում՝ իրենց պաշտօնատեղին երթալու համար, դաշնակցական մարմինների ու դատարանների աջակցութեանն էին դիմում և՝ յեղափոխական դրօշակի ետևից քարշ ընկած՝ կազմակերպութեան մարտական ու գաղափարական կորովն էին գովաբանում:

Րէակցիան այսօր տէր ու տիրական է համայն Ռուսաստանում: Եւ նա կանգ չի առնում: Յայտարարւած ազատութիւնները աւելի ու աւելի կրճատւում են, աշխատաւորութեան իրաւունքները՝ արեան գնով ձեռք բերւած, սեղմւում են: Ազգային ճնշումները լայն չափեր են ընդունում: Լիֆլանդիայից, Լեհաստանից և Կովկասից յետոյ հերթը ինքնավար Ֆինլանդիային է հասել: Դուման պահւում է լոկ արտաքինը փրկելու համար: Ժողովրդական լայն մասսաները՝ շշմւած արշաւախմբերից, էկզեկուցիաներից, կախաղաններից, լռում են իրենց ցաւերը: Ասպարէզը գիշատիչներին է և նրանց գարշապարը լիզող սողուններին:

Բայց դա երկար տևել չի կարող: Քայքայւող տնտեութիւն, պետական պարտքերի յարատև աճում, կուլտուրական կեանքի կաշկանդում, մատաղ ուժերի սիստեմատիկ բնաջնջում,– ահա ներքին պատերազմի և միապետութեան յաղթանակների իրական արիդւնքները: Երկիրը չի կարող երկար դիմանալ, դժգոհութիւնները կուտակւում են նորից, բողոքները սկսում են մարմին առնել գիտակից փոքրամասնութեան մէջ, յեղափոխական ոգին վերակենդանանում է. րէակցիայի աջակիցներն անգամ սկսում են գիտակցել, որ նրա իւրաքանչիւր յաղթանակը մի մի պարտութիւն է երկրի համար, որ Ստօլիպինի դափնիները փշեայ պսակներ են Իզվօլսկու ճակատին: Պլէվէեան ուղին է, որ վերահաստատւում է, և . չեն կարող չը յիշել – այդ ուղիի հետ է, որ կապւած են Մանջուրիան, Ցուսիման և ներքին փոթորիկների վիթխարի պայթումը:

Յեղափոխական նոր պայքարի գերագոյն ստիպողականութիւնը մեր առջևն է. պէտք է պատրաստւել՝ զինւած անցեալի փորձառութեամբ: Հ. Յ. Դաշնակցութեան Ե.-րդ Ընդհ. Ժողովը ուշադրութեան առնելով այն կարևոր հանգամանքը.

Որ Ռուսաստանի յեղափոխական կազմակերպութիւնները անցեալում ծանրանում էին գլխաւորապէս ծրագրային առանձնայատուկ ուղղութիւններն առաջ տանլու գործի վրայ,

Որ առանց ձեռնարկելու դրական միջոցների, որոնց նպատակը պիտի լինէր ապահովելև ընդարձակել ձեռք բերւած ազատութիւնները, ոմանք զուտ տնտեսական պայքարի շուրջն էին կենտրօնացնում իրենց ջանքերը, ոմանք էլ սօցիալիստական մեծ յեղաշրջումն էին երազում Ռուսաստանում՝ յափշտակւած գաղափարի վեհութեամբ, անտես առնելով արտաքին և ներքին խոչընդոտները,

և Որ դրանով յեղափոխական կուսակցութիւնները դիւրութիւններ էին ընձեռում միապետական ուժերին՝ վերականգնելու ընկած իշխանութիւնը՝

– Գալիս է այն հաստատ համոզման, որ Ռուսաստանի արդի սօցիալ-տնտեսական պայմաններում, մօտակայ գործունէութեան ծանրութեան կենտրօնը պէտք է համարել կռիւը միապետական ընդհանուր րէժիմի դէմ, որի գոյութեամբ չափազանց դժւարին, յաճախ ապարդիւն են աշխատաւորների տտնտեսական նւաճումները և անխուսափելի՝ ազգային հալածանքները:

Ընդհանուր ժողովը աչքի առաջ ունենալով և այն մեծ ուժը, որ պահպանել է միապետական բիւրօկրատիան, այն մեծ խոչընդոտը, որ բղխում է ժողովրդական մասսաների և զօրքի քաղաքական տհասութիւնից, գիտակցելով, որ այդ բացասական պայմանների հանդէպ անզօր են եղել և անզօր պիտի լինին կազմակերպութիւնների անջատ գործողութիւնները,

Հրահանգում է իր մարմիններին՝ արծարծել միւս կուսակցութիւնների և խմբակցութիւնների շրջաններում ստիպողական անհրաժեշտութիւնը մի ընդհանուր համագումարի, որին մասնակցէին ոչ միայն սօցիալիստական և յեղափոխական, այլ և բոլոր կազմակերպուած դիմադիր տարրերը:

Համագործակցութեան այս հրաւէրը առաջինը չէ, որ բղխում է Դաշնակցութեան կողմից: Բայց այս անգամ նա գալիս է հնչեցնելու իր կոչը աւելի մեծ ուժգնութեամբ և վստահութեամբ, սրտապնդւած այն երկու յաղթանակներով, որ ձեռք բերեց համագործակցութեան տակտիկի շնորհիւ, Թիւրքիայի և Իրանի նման յետատմնաց, ծայր-բռնապետական երկիրներում:

Քաղաքական կռիւ, սահմանադրական լայն կարգերի հաստատում, ազգային հաւասարութեան իրական ապահովութիւն,– ահա այն որոշակի նշանաբանը, որի շուրջը հրաւիրւում են համախմբւել Ռուսաստանի բոլոր կռւող տարրերը, անկախ իրենց կուսակցական առանձնայատուկ կերպարանքից:

«Դրօշակ» - Հոկտեմբեր-Նոյեմբեր 1909
Թիւ 10-11 (207)