18 February, 2020

Բոլշեւիկեան Իշխանութիւնը Տապալւած

Անակնկալօրէն, հայ ժողովրդի վզին ծանրացած բոլշեւիկական դաժան իշխանութիւնը տապալւած է վերջապէս:

Ամբողջ երկու եւ կէս ամիս, աննկարագրելիօրէն ճնշիչ եւ թունաւոր մի մթնոլորտում հայ ժողովրդին ստրկացնելուց, նրա սիրտը, հոգին եւ զգացումները վերջնականապէս սպանել փորձելուց յետոյ, ընկերային յեղափոխութեան նշանաբաններովը փետրաւորւած արկածախնդիր բօլշիեւկների խաբուել այսօր այլեւս չկայ, նա տեղի է տւած ամենախայտառակ նահանջի ճանապարհը բռնելով:

Իր անկախութեան եւ ազատութեան համար աւելի քան երեսուն տարիներից ի վեր պայքարող, միլլիոնաւոր զոհեր տւող հայ ժողովուրդը, որի սիրտը ամենադաժան բռնակալութիւններն իսկ չեն կարողացել սպանել դարերի ընթացքում, չհանդուրժելով այլեւս իրերի դրութեան, որ սպառնում էր քամել իր երակների արեան ամենավերջին կաթիլն իսկ, բարձրացրեց գլուխը եւ մի յանդուգն, շատ շատերի համար թերեւս անսպասելի հարւածով ճզմեց նրանց՝ ովքեր փորձում էին խեղդամահ անել իրան եւ արդէն իսկ արիւնլւայ եւ բզկտւած հայ ժողովուրդի անշունչ դիակի վրա կանգնեցնել կօմունիզմի դրօշակը:

Այս շարժումը որ մեր ազատագրական պատմութեան մէջ կմնայ անմահ, գերազանցօրէն ժողովրդական էր, վկայ այն նմանը չտեսնւած խանդավարութիւնը, որով տոգորւած, անգամ կանայք եւ անչափահաս պատանիներ, հրացանները գրկած՝ նետւել էին փողոց բօլշեւիկ կոչւածներին մեր երկրից դուրս շպրտելու համար:

Բայց այս շարժումը, ժողովրդական այս բուռն, տարերային պոռթկումը ուղղւած չէ Ռուսաստանին եւ ոչ էլ նրա ղեկավարող կուսակցութեան: Մենք եղել ենք բարեկամը եւ սիրողը ռուս մեծ ժողովրդին, եւ այսուհետեւ էլ կշարունակենք մնալ նոյնը, պայմանաւ միայն որ հիւսիսի մեր մեծ դրացին փոխադարձաբար յարգէ մեր ժողովուրդը եւ նրա արիւնովը վաստակած անկախութիւնը:

Այդպէս չարին սակայն բռնի մեր երկիրը ներս խուժած հայ բօլշեւիկները: Նրանք հանդիսաւորապէս խոստացել էին մեզ խաղաղօրէն կառավարել երկիրը եւ ժողովուրդը, ձեռք չտալ ոչ ոքին, ոչ իսկ դաշնակցականներին, որոնք առանց ընդդիմութեան քաշւել էին հրապարակից: Բայց փոխանակ նրանք իրենց խոստումը կատարելու, կանոնաւոր ալան թալանի ենթարկեցին մեր դժբախտ երկիրը, մեր ցորենը, ալիւրը, որբերի համար պահւած կաթերն իսկ փոխադրեցին դէպի Ադրբէջան եւ Ռուսաստան, նրանք լեցուցին բանտերը բերնէ բերան, շատերին սովամահ արին, շատերին գնդակահար, շատ շատերին աքսորեցին եւ ճանապարհին սպանեցին եւ այս բոլորը յանուն ընկերային յեղափոխութեան: Հետեւանքը – ահաւասիկ, համբերատար հայ ժողովուրդ ոտի կանգնեց եւ ամենախիստ պատժի ենթարկեց իրան հարստահարողներին:

Բայց մենք կռիւ չենք ուզում: Մեր երկիրը որբերի եւ գաղթականների աշխարհ է, մենք ուզում ենք հանգստութիւն՝ մեր աւերակները կանգնելու, սոված ժողովրդին հաց ճարելու եւ շինարար, ստեղծագործ աշխատանքի սկսելու:

Արդէն իսկ կազմւած է «Հայրենիքի փրկութեան կօմիտէ», որ պիտի կառավարի երկիրը մինչեւ կառավարութեան կազմւելը:

Իւրաքանչիւր քաղաքացի, որ սիրում է իր հայրենիքը, նրա անկախութիւնը, պարտաւոր է թեւ ու թիկունք լինել օրւայ կառավարութեան, կատարել նրա բոլոր հրամաններն անթերի:

Վերջ բոլոր ցոյցերին:

Ամեն ոք պէտք է լինի զգաստ, սառնարիւն, եւ մշտապէս պատրաստ կառավարութիւնից բղխած հրամանները կատարելու: Դաւաճանները մեր շուրջը վխտում են եւ իւրաքանչիւր հայի սրբազան պարտականութիւնը պէտք է լինի նրանց հետապնդել եւ յանձնել իշխանութեանը:

Այս է ահաւասիկ մեր պարտականութիւնը, որին պէտք է հետեւենք բոլորս անշեղօրէն:

«Ազատ Հայաստան»
Օրգան Հայաստանի Հանրապետական Կառավարութեան
Շաբաթ, 19 Փետրւարի 1921 թ.
Թիւ 1