09 December, 2017

Չորս Կախաղան


Ադրիանուպօլսում, դեկտեմբերի 9-ին, հրապարակաւ կախաղան հանւեցին մեր երկու թանկագին ընկերները՝ ՊԵՏՐՈՍ ՍԷՐԷՄՃԵԱՆ եւ ՕՆՆԻԿ ԹՈՐՈՍԵԱՆ: Նրանց հետ միաժամանակ կախաղան բարձրացան իրենց զինակից երկու բուլկար ընկերները՝ ՍՎԻԱՆՏՕՍԼԱՎ ՄԷՐՋԱՆՕՖ եւ ՀԱՃԻ ԽՐԻՍՏՕ ԻԼԻԷՎ:

Կախաղանով սկսեց Սայիդ փաշան... Պէտք էր միանգամ ընդմիշտ ահաբեկել անհանգիստ «կօմիտաջիներին», որոնք Մակեդօնիայի սահմաններում շարունակ դաւեր էին նիւթում օսմանեան իշխանութեան դէմ: Վագրը իր անզուսպ, արիւնածարաւ բնազդումներով արթնացաւ այդ զառամեալ տաճկի մէջ, որը քանիցս ըմբոստացել էր տիրոջ կամքի դէմ...

Եւ կախաղանները ցցւեցին Ադրիանուպօլսի չորս կէտերում... Վաղուց չտեսնւած փաստ: Սարսափն ընդհանրացնելու համար կախաղանը գործեց հրապարակաւ: Մի քանի հազար հոգի ականատես եղան, թէ ինչպէս մահւան սիւների վրայ ճօճեցին չորս երիտասարդ դիակներ... Վագրը կշտացաւ: Գերագոյն մի հաճոյք զգաց նա, լսելով իր զոհերի վերջին հռնդիւնները, եւ արիւնոտուած կախաղանների շուրջը սկսւեցին դիւային խրախճանքներ...

Իսկ նոյն միջոցին հայ ու բուլգար հայրենիքներում աղեկտուր հառաչանքներ լսւեցին, սգաւոր մայրերի, անմխիթար բարեկամների ցաւագին հեծլկտոցները մինչեւ երկինք հասան:

Բայց ողբ ու հառաչանք պէր միայն լսւում... Նոյն այն միջոցին, երբ մեծ վիզիրը գոհունակութեամբ շփում էր իր ձեռքերը եւ զեկուցանում էր արիւնոտ փաստը Ելդըզի Ճիւաղին,– նոյն այդ վայրկեանին Մարիցայի ափերում ողբի հետ միասին՝ լսւում էին ցասման ահեղ որոտումներ. վրէ՜ժ էին աղաղակում հայ ու բուլգար սրտերը եւ ամուր կռում հայ-մակեդօնական համերաշխութիւնը:

Երկու հայ ու երկու բուլգար՝ չորսն էլ եղբայրացած ընդհանուր խարազանի դէմ, հպարտ ու անվեհեր գնացին դէպի կախաղան եւ բարձրագոչ վկայութիւնը տւին այդ համերաշխութեան:

Չորսն էլ՝ երիտասարդ, կենսուրախ, լի խանդ ու աւիւնով... Նայեցէ՛ք Պետրոսին, Խանասօրի մեր սիրելի բուլգարացուն: Դիտեցէ՛ք նրան հայդուկի եւ բուլգարական սպայի համազգեստում: Ո՜րպիսի կօնտրաստ...


Միմիայն, կարծէք, կեանքի ու վայելչութեան համար ստեղծւած՝ այդ ազնիւ դէմքը եռում, փոթորկում էր շարունակ գաղափարի համար եւ վայրկեանը հասնելուն պէս՝ միշտ օրինակելի անձնւիրութեամբ նետւում էր կռւի դաշտ... Թերեւս կախաղանի անակնկալ դատավճիռը լսելով, նա կսկիծ զգաց, որ իրեն չվիճակւեց մեռնել Հայրենեաց հողի վրայ, մի մեծ ու ահեղ ճակատամարտում: Բայց նա մեռաւ իրեն արժանի մահով: Նա գնաց իր ընկեր-հայրենակցի հետ միանալու այն պաշտելի նահատակներին, որոնք զարդն են հայկական Պանթէօնի, որոնց անունները ոսկէ տառերով պիտի արձանագրէ հայ յեղափոխութեան գալոց պատմութիւնը:

«Դրօշակ» - Դեկտեմբեր 1901
Թիւ 9 (120)