Դրօ եւ Մարտիրոս Նկարը՝ ՀՅԴ Պատմութեան Թանգարան-Հիմանդրամին |
Այս տարի լրացաւ մեր մեծանուն ընկեր Եփրեմի մահւան քսանամեակը, որը ոգին էր պարսկական յեղափոխութեան:
Պարսկական յեղափոխութիւնը, որ ուռճացաւ և մեծացաւ Հ. Յ. Դաշնակցութեան զօրաւոր շնչի տակ, բացի Եփրեմից խլել է մեզնից և մի քանի տասնեակ ուրիշ անձնազոհ և գաղափարական ընկերներ, որոնց մէջ իր ուրոյն տեղն ունի Մարտիրոս Չարուխչեանը, որը նահատակւեց 1909 թ. փետր. 7ին (հին տոմարով), Թաւրիզի շրջանի Ալւարի կռւում:
Թէպէտ դեռ երիտասարդ, բայց շնորհալի իր առնական և անվեհեր հոգու, շիտակ, անձնազոհ և քաղցր բնաւորութեան, հ. Յ. Դաշնակցութեան մէջ իր դիրքն էր գրաւել և գծել այն ուղին, որով ընթանում էր անշեղօրէն և անշուշտ դառնալու էր մեր առաջաւոր մարտիկներից մէկը:
Մարտիրոսը կուսակցականօրէն մեծացել և հասակ էր նետել Բագուի մթնոլորտում, ուր սովորում էր տեղական գիմնազիաներից մէկում: Նրա առաջին կուսակցական ուսուցիչը եղել է Դաշնակցական Խէչօն, որ կարողացել էր այդ պատանի աշակերտի մէջ շատ վաղ ժամանակից զարթեցնել կուսակցական և գաղափարական հետաքրքրութիւն:
Բագուի Հայկակա՞ն թէ Վարանցովսկայա փողոցի վրա մի փոքրիկ և աննշան խանութի մէջ աշխատում էր մեր ընկեր կօշկակար Ալեքսանը, որի մօտ յաճախ էին հաւաքւում Խանասորի արշաւանքից յետոյ, աշխատանք ճարելու համար Բագու եկած հայդուկները: Այդտեղ էր ահա ազատ ժամերին սնտում Դաշնակցական Խէչօն և իր շուրջը հաւաքում հետաքրքիր երիտասդարդներ ու պատանիներ և նրանց պատմում ու բացատրում էր զարմանալի հմայիչ կերպով Դաշնակցութեան գործը և դերը:
Դպրոցական դասերը վերջանալուն պէս աշակերտների մի քանի խմբակներ, որոնց մէջ կային գիմնազիայի բարձր և ցածր դասարանի աշակերտներ, շեղւելով իրենց սովորական ճանապարհից, կը հասնէին Ալեքսանի խանութը և եթէ Խէչօն այնտեղ էր, ներս կը թափւէին և իրենց անվերջ հարցերով այս կամ այն խնդրի մասին կատարելապէս կը ռմբակոծէին Խէչօին կամ կը ստիպէին նրան պատմելու այս կամ այն հայդուկի քաջութիւնների, այս կամ այն դաշնակցական արշաւանքի մասին:
Այդ մնայուն յաճախորդների մէջ էր և Մարտիրոս Չարուխչեանը, որ ագահաբար լափում էր այն բոլոր պատմութիւնները, որոնք վերաբերում էին Դաշնակցութեան հերոսամարտին:
Դաշնակցական Խէչօն, որ արդէն մեծ հեղինակութիւն էր Բագուի երիտասարդութեան և պատանիների աչքին, իր ունկնդիրներից կազմել էր մի տասնեակ, որոնց, ինչպէս ինքն էր ասում, վարժեցնում էր հայդուկային կեանքի: Այդ տասնեակի մէջ էր և Մարտիրոս Չարուխչեանը, որ այն ժամանակ հազիւ 16-17 տարեկան էր:
Այդ խմբակը պիտի ընտելանար չարքաշ կեանքի, խմբի բոլոր անդամները պիտի լինէին դիմացկուն, պիտի կարողանային երկար ժամանակ քայլել, օրերով քաղցած մնալ և վարժւէին զէնք գործածելուն:
Այդ խմբակի բոլոր անդամները դաշնակցական երդում էին տւել ոչ մի ժամանակ ոչ ոքի ոչինչ չխօսել իրենց աշխատանքների մասին և երդւել էին իրենց կեանքը զոհաբերել Դաշնակցութեան գաղափարների համար:
Այդպէս էլ եղաւ. բոլորը զոհաբերւեցին անխտիր, զէնքը ձեռքին, կուսակցական պարտականութիւններ կատարելու ժամանակ:
Մ. Չարուխչեանի զինավարժական աշխատանքները տեւեցին երկար, և առաջին անգամ պէտք եկաւ «Փոթորիկ»ին, որից յետոյ Մարտիրոսը, հակառակ իր վերին աստիճանի քնքոյշ զգացումներին, դարձաւ Հ. Յ. Դաշնակցութեան կարևորագոյն ահաբեկիչներից մէկը, որ շնորհիւ իր եռանդին, մասնակցութիւն է ունեցել Անդրկովկասի մեր յեղափոխական բոլոր ձեռնարկներին:
Ով նրան տեսել էր մէկ անգամ, չէր կարող անուշադիր անցնել այդ նուրբ դիմագծերով, գրաւիչ, կիրթ և բարեհամբոյր արտայայտութեամբ երիտասարդի մօտից: Միշտ ժպիտը դէմքին վազում էր դէպի մահը, ճիշտ այնպէս ինչպէս գիշերային թիթեռնիկները դէպի փայլլուն կրակը, առանց մտահոգւելու կամ երկիւղ կրելու, որ մի օր այդ կրակը այրելու է իրեն: Իր կեանքը բոլորովին գոյութիւն չունէր իր համար. անծանօթ էին կեանքի և մահւան սահմանները: Սա, թերեւս, անհասկանալի առեղծւած է, թէ ի՞նչպէս կարող էր այդպիսի մի քնքոյշ անձնաւորութիւն լինել այնքան դաժան դէպի ուրիշի անձը, ինչ որ անհրաժեշտ է ահաբեկիչի համար: Դժբախտաբար, մեր իրականութեան դաժան պայմաններն էին, որ խորը գիտակցող և պարտաճանաչ երիտասարդութեան, մինչև իսկ ամենաքնքոյշների մէջ ստեղծում էին այդ ոյժը, պողպատի պէս ամրացնում էին նոցա կամքը և մղում նրանց ամէն տեսակ պատահարների, ուր կանչում էր կուսակցութիւնը:
Բագւեցի մեծահարուստ, բայց չափազանց ժլատ Ա-ն յամառօրէն և արհամարհանքով մերժում էր «Փոթորիկ»ի կրկնակի և եռակի դիմումները և «Փոթորիկ»ը ստիպւեց իր վճիռը ի կատար ածել: Մեր կուսակցութիւնը մինչ այդ չափազանց քիչ ահաբեկումներ էր կատարել և այդ պատճառով մեծ դժւարութիւն կար համապատասխան ընկերներ ճարելու: Նախ՝ գործը պիտի յաջողութեամբ գլուխ գար և երկրորդ, եթէ ընկերը ձերբակալւէր, այնքան առնական քաջութիւն պիտի ունենար, որ հակառակ ոստիկանական ամէն տեսակ ճնշումների և տանջանքների, կամքի թուլութիւն ցոյց չտար իր ընկերների և ընդհանրապէս գործի վերաբերմամբ...
«Փոթորիկ»ը երկար քննութիւններից յետոյ կանգ առաւ Մկրտիչ Աղամալեանի վրա, որը իրեն ընկերակից էր վերցրել Մ. Չարուխչեանին: Գործը յաջողութեամբ և անաղմուկ կատարելու համարորոշւել էր գործ ածել միմիայն սառը զէնքեր և աննկատելի կերպով անյայտանալու համար, պէտք է նստէին մեր ընկերներկից մէկը կառքը, որ պիտի սպասէր դէպքի վայրից մի քանի քայլ հեռու:
Զոհի օգնութեան կանչերին՝ մօտակայ վայրերից հասնող ոստիկանների և մերոնց մէջ թէպէտ սկսւում է կատաղի մենամարտ, բայց մերոնք յաջողութեամբ կատարելով իրենց գործը և դիմադրելով ոստիկաններին, կարողանում են իրենց ձգել կառքի մէջ, որտեղից շարունակելով իրենց կատաղի կռիւը՝ կառքերով և ոտքով իրենց հետապնդող մի քանի տասնեակ ոստիկանների հետ, սլանում են Բագուի փողոցներով:
Շնորհիւ կառապանի համարձակ և ճարպիկ ձիավարութեան, մերոնց յաջողւում էոչ միայն ազատւել հետապնդող ոստիկանների համազարկերից, այլ և անյայտանալով քաղաքի հեռաւոր փողոցներից մէկում, կարողանում են պատսպարւել մի ընկերոջ տան մէջ:
Կառքից իջնելու ժամանակ միայն պարզւում է, որ Մարտիրոսը, դաշոյնով իր հարւածները Ա-ին իջեցնելու ժամանակ, վիրաւորել էր և իր փորը: Թէպէտ վէրքը չափազանց խոր և վտանգաւոր էր, բայց շնորհիւ վերին աստիճանի լաւ խնամքի, նա կարողացաւ ազատւել անխուսափելի մահից:
Հակառակ ոստիկանութեան ձեռք առածբոլոր միջոցների, անկարելի եղաւ ոչ ահաբեկիչներին ճարել և ոչ էլ սպանութեան ծալքերը բանալ... Սակայն, օրը ցերեկով այդքան խիզախութեամբ և յանդգնութեամբ կատարած ահաբեկումը այնպիսի սարսափ էր տարածել Թիֆլիսի, Շուշիի և Բագուի այն անձնաւորութիւնների վրա, որոնց դիմել էր «Փոթորիկ»ը, որ համարեա թէ բոլորն էլ շտապեցին իրենց հաշիւները մաքրել «Փոթորիկ»ի հետ, իսկ մնացած մի երկու ակամայ «խուլերին», որոնք աշխատում էին ամէն կերպ խուսափել իրենց պարտականութիւնից, պէտք եղաւ մի աւելորդ անգամ եւս յիշեցնել իրենց պարտականութիւնը, և «Փոթորիկ»ը վերջացած համարելով՝ դադարեց ընդմիշտ իր դիմումները: Բայց միաժամանակ մտահոգւելով, թէ զանազան կասկածելի և մեղսապարտ խմբակներ կամ անհատներ կարող կը լինեն միամիտ և անծանօթ մարդկանց շահագործել, ի լուր ամենքի յայտարարեց, որ «Փոթորիկ»ը վերջացրել է իր դիմումները և ամէն մի խմբակ կամ անհատ, որ կը համարձակւի շահագործել այդ անունը ամենախիստ պատժի կենթարկւի Հ. Յ. Դաշնակցութեան կողմից *1):
1905ի փետրւար 6ին շնորհիւ նահանգապետ Նակաշիձէի ջանքերի և թաթար համիսլամականների դաւադրութեան Բագուի փողոցները ներկւեցին անմեղ կանանց և մանուկների արիւնով: Բագուի հայութիւնը սուգի և յուսահատութեան մէջ էր... Թաթարական հրոսակներն արդէն անջատել էին հայկական թաղերը միմեանցից և ջարդելով ու սարսափ տարածելով իրենց տներում պատսպարւած խելակորոյս հայերի վրա՝ իջնում էին քաղաքի կենտրոնը, որի գրաւելուց յետոյ, ամէն կողմից պիտի սկսէին իրենց կատաղի ջարդը և հրդեհը:
Ահա հայերի այդ խելագար և յուսահատ վայրկեանին, մի խումբ, ընդամենի 6-7 հոգի խիզախ ընկերներ, ժայռի պէս իրենց կուրծքը դէմ տալով թշնամու կատաղի յորձանքներին, առնական բազկով և մոլեգին ու խօլական հարւածնեորվ բառացիօրէն ոչնչացրին նախայարձակ թաթարական խմբակները և Բագուի հայութենա ինքնապաշտպանութեան հիմքը դրին:
Այդ ընկերների մէջ էր Մարտիրոս Չարուխչեանը, որ երեք օր՝ գիշեր-ցերեկ, առանց մի վայրկեան դադարի, ամենավտանգաւոր և պատասխանատու գործերի վրա էր միշտ, մինչև կայացաւ հաշտութիւնը և թաթար ամբոխը վար դրեց իր զէնքերը:
Կուսակցական մի կարևոր գործի ուսումնասիրութեան համար Մկրտիչ Աղամալեանը, Հմայեակ Ջամփոլադեանը, Մարտիրոս Չարուխչեանը և ուրիշ մի ընկեր 1905ի մարտ 22ին իջել էին քաղաքային այգին, բայց անակնկալ կերպով մի խումբ ոստիկաններ և մօտ 10-15 զինւած թաթարներ շրջապատելով սոցա, պահանջում են անցնել ոստիկանատուն, որի ճանապարհին թաթար խուժանը սկսում է կրակել դրանց վրա: Մարտիրոսը, որ արդէն մօտ էր ոստիկանատան շէնքին, չկորցնելով իր սառնասրտութիւնը կարողանում է մտնել ոստիկանատուն՝ քաշելով իր հետ և մէկ ընկերոջը և այսպիսով ազատւում է խուժանի յաջորդ հարւածներից, թէպէտ ընկերը վիրաւորւում է թևից: Իսկ Ք. Ջամփոլադեանը, որ դեռ ևս հեռու էր ոստիկանատնից, միակ ելքը համարում է դիմադրել կրակող ամբոխի վրա և վիրաւորելով իրեն շրջապատող մի երկու թաթարների, թէպէտ կարողանում է շղթան ճեղքել և դուրս գալ թաթարական նեղ փողոցներից ու ընկնել ծովափի լայն փողոցը, որտեղից հայկական մասը այնքան էլ հեռու չէր, սակայն, այստեղ նրան հետապնդող խուժանին միանում են և ոստիկաններ, որոնք իրենց անդադար համազարկերով, բազմաթիւ վէրքեր են հասցնում Համայեակին և նա ընկնում է արնաքաշ և անշնչացած:
Մարտիրոսը և ընկերները յանձնւում են զինւորական դատի և ոստիկանութիւնն ու թաթարների մի խմբակ այնպէս էին դասաւորել սուտ վկաները և կեղծ ամբաստանութիւնը, որ լուրջ երկիւղ կար թէ Մարտիրոսը և իր ընկերները մահւան պատիժ կը ստանան: Սակայն, շնորհիւ նրա, որ այդ ժամանակի ընթացքում, երբ Մարտիրոսը և ընկերները բանտումն էին, կատարւեց Նակաշիձէի տերրորը, որը մեծ սարսափ էր առաջ բերել թաթարների մէջ, դատավարութեան ժամանակ բոլոր սուտ վկաները երկիւղից կամ չերևացին դատարանին և կամ փոխեցին իրենց ցուցմունքները և զինւորական դատարանի համար պարզւեց մեղադրանքի ամբողջ կեղծիքը և մեր ընկերները միանգամայն արդարացման և անմիջապէս ազատ արձակւեցին *2):
Մարտիրոսը դեռ ևս նոր էր ազատւել կախաղանի սպառնալիքից, երբ ծայր տւեցին Բագուի երկրորդ հայ-թաթարական ընդհարումները: Ինչ խօսք, որ Մարտիրոսը նախորդ կռիւներում իբրեւ փորձւած մէկը, ոչ միայն ինքն էր կանգնած առաջաւոր դիրքերում այլ և իր օրինակով վարակում, ոգևորում և խիզախութիւն էր ներշնչում ամենքին:
Բագուի առաջին ընդհարումներից սկսած և այնուհետև Մարտիրոսը դառնում է ոչ միայն Բագուի, այլ և Անդրկովկասի մեր բոլոր կարևոր ընկերների ուշադրութեան և գուրգուրանքի առարկան, և նա իրապէս արժանի էր դրան թէ իր յեղափոխականկեցւածքով և թէ իր անխառն, միտակ ու անկեղծ բնաւորութեամբ:
Ռուսական կառավարութիւնը ինչպէս քայքայել էր սկսել Սոցիալիստ-Յեղափոխականների կուսակցութիւնը Ռուսաստանում՝ զանազան մեծ ու փոքր Ազէֆների շնորհւի, որոնք գտնւելով կուսակցական պատասխանատու դիրքերի վրա միաժամանակ և գաղտնի ոստիկանութեան տեղեկատուներ էին, ճիշտ նոյնպիսի աշխատանք էր սկսել և Անդրկովկասում Դաշնակցութեան և այլ յեղափոխական կուսակցութիւնների վերաբերմամբ:
Թիֆլիսում այդ գործի ղեկավարութիւնը վերցրել էր իր վրա փորձւած և մասնագէտ հետախուզական գործերի փոխարքայի օգնական զօրավար Շիդենկինը, որը բերել էր տւել մայրաքաղաքից սոցիալիստ-յեղափոխական Կ. Կոմիտէից համապատասխան թղթերով լիազօրւած մի «ընկեր», որի պարտականութիւնը պիտի լինէր կազմակերպել փոխարքայ Շելինկինի ահաբեկումը...
Նորեկ «սոցիալիստ-յեղափոխական ընկերը», որ հրէական ծագումով մի երիտասարդ էր, կարողացաւ իր ծուղակի մէջ ձգել մի շարք յեղափոխականներ և ի միջի այլոց մեր ընկեր կոլոտ Գասպարին և իր ժամանակին անյայտացաւ:
Բագուի երկրորդ ընդհարումների օրերին էր, թէպէտ կռիւները դադարել էին, բայց փոխադարձ հայ և թաթար որսորդութիւնը դեռ ևս շարունակւում էր: Այդ խառն օրերին Սոցիալիստ-Յեղափոխականների Բագուի մարմնին յաջողւել էր գտնել պրովոկատոր հրեային (որի ազգանունը, դժբախտաբար, մոռացել եմ), սակայն, պատժել անկարող էին, յարմար մարդիկ չունենալու պատճառով և խնդրում էին մեր աջակցութիւնը:
Հ. Յ. Դաշնակցութեան Զինւորական Մարմնի որոշումը և վճռի իրականացումը, Մարտիրոսը այնքան արագութեամբ կատարեց, որ միանգամայն ապշեցրել էր սոցիալսիտ-յեղափոխականներին: Ինչ խօսք, որ նոյն օրը սոցիալիստ-յեղափոխականները բաց թողեցին մի ընդարձակ թռուցիկ, թէ ինչպէս պատժեցին այդ պրովոկատորին, միաժամանակ զգուշացնելով բոլոր նրանց, որոնք կը համարձակւեն երբ և իցէ դաւել Սոցիալիստ-Յեղափոխական կուսակցութեան դէմ:
Բագւից բացի հայ-թաթարական ընդհարումներին իր վճռական մասնակցութիւնը բերել է Մարտիրոսը և Երևանում, ուր իր անվեհերութեամբ և քաջութեամբ սիրելի էր դառել Երեւանի շրջանի բոլոր մարտիկներին:
1908 թւականն է: Պարսկական յեղափոխական շարժումները արդէն որոշ կերպարանք էին ստացել:
Մարտիրոսին պատել էր ինչ որ անձնական մի թախիծ, մի ծանր վիշտ: Կեանքը իր հմայքը կորցրել էր այդ անվեհեր և կտրիչ երիտասարդի համար... Ներքին մեծ յուզումների և ծանր ապրումների պատճառով նա մահ էր որոնում...
Եւ Ալւարի կռիւներում, երբ թշնամին պատրւած, կարծես ուզում էր փախչել, այդ յաղթանակի րոպէին, ճակատագրի մի դաժան խաղով, մի պատահական գնդակի զոհ է գնում:
Ես չգիտեմ թէ երբ և իցէ պարսիկ ժողովուրդը գրել կամ գրելու է իր յեղափոխական պատմութիւնը, սակայն, այդ պատմութիւնը մենք գրել ենք մեր կարևոր զոհերով և մեր հերոսների թափած արիւնով:
Մարտիրոսը մեր այդ կարևոր զոհերից մէկն էր:
*1) 1905ի վերջերին, երբ հայ-թաթարական ընդհարումները սաստկացան և հայ ահրուստներից որոշ տարրեր խուսափում էին հայութեան զինման գործին աջակցել, 1905ի նոյեմբերին Անդրկովկասի Դաշնակցական Ռայոնական Ժողովը որոշեց Հիւսիսային Կովկասի մի քանի քաղաքների մէջ բռնի հանգանակութիւն կատարել: Շատերը շփոթում են այդ որոշումը, ենթադրելով, որ 1898ի Երկրոդ Ընդհ. Ժողովում ընտրւած «Փոթորիկ»ն էր, որ իր գործունէութիւնը շարունակում էր. մինչդեռ Ռայոնական ժողովում ընտրւած մարմինը ոչ մի առընչութիւն չունէր նախկին «Փոթորիկ»ի հետ:
*2) «Դրօշակ»ի 1910ի 5-6 միացեալ համարում, Մարտիրոս Չարուխչեանի կենսագիրը գրում է ի միջի այլոց, որ իբր թէ նա մասնակցել է նահանգապետ Նակաշիձէի ահաբեկման, որ միանգամայն չի համապատասխանում իրականութեան: