21 November, 2024

ԿՈՉ. ՀՅԴ Թիֆլիսի Կենդրոնական Կոմիտէ

Մեր շրջանի գիւղացիութիւնը ներկայումս տանջւում, քայքայւում է թէ տնտեսապէս եւ թէ բարոյապէս, բացի ընդհանուր տնտեսական եւ քաղաքական աննպաստ պայմաններից՝ նաեւ գողութիւնից ու աւազակութիւնից, որոնց թեւ է տալիս գիւղացիութեան ինքնօգնութեան թուլանալը, շնորհիւ րէակցիայի դաժան րէժիմի: Աւազակները եւ գողերը կազմակերպւած կողոպտում են աջ եւ ձախ՝ թէ հային, թէ թուրքին եւ թէ վրացուն, խլում են խեղճ գիւղացուց վերջին լծկան եզը, այրում են նրա խոտն ու դարմանը, ահաբեկում նրան: 

Հայ-թուրքական կոտորածի մթնոլորտում առաջ եկած մարդկային ստոր եւ վայրենի ինստինկտները իրենց զգացնել են տալիս եւ նրա արտայայտումից տուժում են ամենքը՝ թէ հասարակութիւնները, թէ անհատները եւ թէ ժողովրդի բարեկեցութեան համար գոյութիւն ունեցող գործերը: Կառավարութիւնը զբաղւած է միայն եւ միայն «կրամօլայի» դէմ կռւելով, իսկ աւազակութիւնների, գողութիւնների եւ շանտաժի վրայ նայում է իբրեւ որոշ գործօնների, որոնք քանդում են ժողովրդական ինքնագործունէութեան հիմքերը եւ դրանով նպաստում կառավարութեանը՝ իր ոճրագործ արարքների մէջ:

Ոճրագործութեան երկու ֆակտօրների քայքայիչ ներգործումը հասարակական հիմքերի վրայ ներկայումս հասել է իր գագաթնակէտին. ժողովուրդը հեծկլտում է այդ տանջանքներից: Սակայն այդ գործօնների դէմ ատելութեան թոյնը լցնում է ժողովրդի համբերութեան բաժակը. ժողովուրդը տեղ-տեղ խիստ պատիժ է տալիս ոճրագործութեան հեղինակներին:

Բայց ի՞նչ օգուտ մասնակի պատիժներից. չարիքի դէմ կռիւը պէտք է լինի կազմակերպւած, ընդհանուր ու որոշ ծրագրով. տանջւողները պէտք է ձեռք մեկնեն իրար եւ ուժգին հարւած տան թշնամուն: Եթէ ներկայումս կարելի չէ գլխաւոր ոճրագործին՝ կառավարութեանը տապալել, կրաելի է վերջ տալ ժողովրդի մէջ գոյութիւն ունեցող գիշատիչ տարրերի արարքներին: Դրա համար հարկաւոր է ոչ թէ վհատւել ու ողբալ, այլ կազմակերպւել ու կատաղի կռիւ յայտարարել այդ չարագործներին:

Աշխատաւոր գիւղացիութիւն, որ միշտ խորշել ես եւ խորշում ես աւազակներից ու գողերից, որ կարողացար պատւով դուրս գալ այն սեւ ու կործանիչ մթնոլորտից, որի անունն է հայ-թուրքական կոտորած, դու կարող ես արմատախիլ անել քո միջից եւ այդ՝ համեմատաբար փոքր՝ չարիքը: Դա պահանջում է քո բարեկեցութիւնը եւ այն սուրբ գործը, որի համար դու այնքան արիւն ես թափել: Դաւ չը պէտք է թոյլ տաս, որ քո ձեռքով մաքրած հրապարակում խաղեր խաղան գողերը, աւազակները եւ շանտաժիստները. սրանք պէտք է չքանան, սրանք չը պէտք է խոչընդոտ հանդիսանան քո գաղափարական կռւի ճանապարհին: Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ միշտ պաշտպանել է աշխատող, դառն քրտինք թափող ժողովուրդին, որ նրա գոյութեան ու բարեկեցութեան նեցուկն է եղել, չի կարող այս դէպքում էլ մնալ անտարբեր. նա ցոյց կը տայ իր աջակցութիւնը այդ ժողովրդին: Թող լաւ իմանան ուրեմն այդ գիշատիչ տարրերը, որ նրանց քաջագործութեան վերջաւորութեան ժամը հասել է եւ թող օր առաջ ձեռք վերցնեն իրենց ոճրագործ արարտմունքներից: Աշխատաւոր ժողովրդի արեան գնով մաքրւող ասպարէզը դրանց համար չէ:

Կեցցէ աշխատաւոր ժողովուրդը.

Կորչի ոճիրն ու ոճրագործ կառավարութիւնը.

Կեցցէ Հ. Յ. Դաշնակցութինը.

Հ. Յ. Դ. Թիֆլիսի Կենդրոնական Կօմիտէ
1906, նոյ. 21

«Դրօշակ»-Դեկտեմբեր 1906
Թիւ 12 (178)