Հայաստանի Պարլամենտ
Պարլամենտի ամսիս 23-ի արտակարգ նիստը
Նիստը բացւում է երեկոյեան ժամը 3ին: Ներկայ են 35 պատգամաւորներ:
Նախագահում է ՅՈՎՀ. ՔԱՋԱԶՆՈՒՆԻՆ:
Նախագահ.- Հայաստանի պարլամենտի պատգամաւորներ: Նախագահութիւնը նախարարապետ Հ. Օհանջեանից ստացել է ներկայ կառավարութեան հրաժարականը, որ հետեւեալն է.
Նախագահ.- Ցանկանում է արդեօք նախարարապետը բերանացի կերպով, որևէ բան աւելացնել:
Նախարարապետ Հ. Օհանջանեանը խօսք է խնդրում:
Նախարարապետ. Հայաստանի պարլամենտի յարգելի պատգամաւորներ, պարլամենտի
վերջին նիստից յետոյ անցել է 10-12 օր: Այդ ժամանակամիջոցում մեր կեանքում այնպիսի
մեծ փոփոխութիւններ են առաջ եկել, որ կառավարութիւնը նորից դիմում է պարլամենտին: Յաղթող
թշնամին մեզ առաջարկել էր զինադադարի այնպիսի պայմաններ, որոնց անհնար էր ընդունել
եւ կռիւը շարունակւեց:
Յետագայ դրութիւնը, որ ստեղծւեց ռազմաճակատում, ցոյց տւեց, որ արիւնյեղութիւնն անիմաստ է: Եւ մենք ստիպւած եղանք ընդունել զինադադարի պայմանները եւ անցնել հաշտութեան բանակցութիւններին:
Ամսիս 18-ին իրագործւեցին զինադադարի պայմանները: Վաղն երեկոյեան Ալէքսանդրապօլում հաշտութեան բանակցութիւններն սկսւելու են պաշտօնապէս:
Կառավարութիւնն առանց սպասելու պարլամենտի նիստին, ընտրել եւ ուղարկել է հաշտութեան պատւիրակութիւն հետեւեալ կազմով.- նախագահ՝ Ալ. Խատիսեան, անդամներ՝ Աբր. Գիւլխանդանեան եւ Ստ. Ղորղանեան. որպէս խորհրդականներ մեկնել են պարլամենտի անդամներ՝ Լ. Զարաֆեան եւ Վ. Մինախորեան եւ մի շարք մասնագէտներ:
Պատւիրակութիւնն Ալէքսանդրապօլ մեկնեց երէկ գիշեր, ուր թշնամու պատւիրակները սպասում են նրանց: Թէ ինչ վախճան կունենայ դժւար է ասել:
Անցեալ անգամ ես այստեղ կարդացի մեր եւ հակառակորդի միջեւ փոխանակւած գրութիւնները, որոնց մէջ հոգատարութեան պայմանները կային ընդհանուր գծերով:
Այժմ բացւում է նոր շրջան, քաղաքական ուժերի նոր սիտուացիա եւ որպէսզի Հայաստանի պարլամենտն ազատ լինի ինքն իր վերաբերմունքը ցոյց տալու, իմ կառավարութիւնը ներկայացրեց իր հրաժարականը ի նկատի ունենալով հանրապետութեան շահերը:
Պատգամաւոր Ս. Թորոսեան.- Հայաստանի պարլամենտի պարգամաւորներ,
Սրանից վեց ամիս առաջ, մեր հանրապետութիւնը կանգնած էր ծանր օրերի առաջ. մենք ընտրեցինք այժմ հեռացող կառավարութիւնը: Այդ կառավարութիւնը պատւով դուրս եկաւ մայիսեան դէպքերի ծանր բեռի տակից: Նա ուղիղ գծով տարաւ հանրապետութեան պաշտպանութեան գործը համախմբելով դրա համար երկրի անհրաժեշտ ոյժը:
Ամսուայ վերջին դժւար սպասելի անցքեր տեղի ունեցան մեր հանրապետութեան սահմանների վրա: Մենք գիտէինք, որ Տաճկաստանը մի օր պիտի շարժւի մեր վրա, վերջնական մի հարւած տալու համար: Պարզ չէր սակայն, որ այդ կկատարւի այդքան արագ եւ եւ այդքան շուտ: Մուստաֆա Քէմալը, որ կարողացաւ իր ձեռքում կենտրոնացնել Տաճկաստանի զինական ամբողջ ոյժը, բաւական յաջողութիւններ ունեցաւ. նա յաղթանակեց:
Մեր զօրքերի յաղթւելու պատճառն ունի հոգեբանական հիմք, եւ մենք հաւատացած ենք, որ դա շուտով եւ հեշտութեամբ կանցնի:
Պէտք է լինենք աւելի զգաստ եւ վերաքննենք քաղաքական դրութիւնը:
Ժողովուրդն ուզում է հաշտւել թուրքերի հետ եւ դա կլինի: Նա միշտ ցանկացել է հաշտւել միշտ պաշտպանելով ինքն իրեն՝ կռւել է, սակայն ոչ երբէք նոր նւաճումներ անելու նպատակով:
Այն կառավարութիւնը, որ վեց ամիս պայքարել է եւ կարողացել է անվնաս դուրս բերել երկիրը եւ ժողովուրդը, այսօր, քաղաքական դրութեան այլ դասաւորման պատճառով պէտք է հեռանայ: Կառավարութեան փոփոխութիւնը անհրաժեշտաբար պիտի կատարւի:
Հ. Յ. Դաշնակցութեան ֆրակցիան կառավարութեան հրաժարականը գտնում է յարգելի եւ ընդունում է այն:
Պատգամաւոր Խոնդկարեան.- Պարլամենտի վերջին նիստում մենք ասացինք, որ կառավարութիւնը պէտք է տայ իր հրաժականը:
Այս հրաժարականը մենք ըմբռնում ենք այն ձեւով, որ այսօրւանից կատարւում է պատմական մի փոփոխութիւն: Մենք ընդունում ենք կառավարութեան հրաժարականը: Կառավարութիւնը անշուշտ ունեցել է սխալներ, բայց այդ պիտի վերագրել ոչ կառավարութեան մէջ եղած անձերին, այլ տիրող սիստեմին:
Մենք հաւատացած ենք, որ մեր քաղաքական կեանքը կկարողանայ կարող ոյժեր հրապարակ հանել մեր երկրի կառավարութեան համար:
Նախագահը կարդում է դաշնակցութեան ֆրակցիայի առաջարկած բանաձևը.-
«Պարլամենտը լսելով նախարարապետի զեկուցումը հրաժարականի մասին եւ պատգամաւորների ճառերը յարգելի է համարում, ընդունում է հրաժարականը եւ անցնում նոր նախարարապետի ընտրութեան»:
Առաջարկւած բանաձեւն անցնում է 35 ձայնով, ընդդէմ ոչ մի ձայն, ձեռնպահ մի ձայն:
Պարլամենտն անցնում է նոր նախարարապետի ընտրութեան:
Թերթիկներով առաջարկում են թեկնածուներ:
Թերթիկներով նախարարապետութեան համար թեկնածու է առաջարկւում Սիմէոն Վրացեանը (նախկին գիւղատնտեսութեան, պետական գոյքերի եւ Աշխատանքի նախարար):
Նախագահը ընկ. Վրացեանից քւէարկւելու համաձայնութիւն ստանալով առաջարկում է պարլամենտին քւէատուփերով անցնել գաղտնի քւէարկութեան:
Գաղտնի քւէարկութեան արդիւնքն է լինում հետեւեալը: –Քւէարկւած միակ թեկնածու Ս. Վրացեանը ստանում է 34 սպիտակ քւէ, իսկ սև ոչ, ձեռնպահ մէկը:
Նախագահը յայտարարում է քւէարկութեան արդիւնքը, որ 34 ձայնով պարլամենտը նախարարապետ է ընտրում Ս. Վրացեանին:
Պատգամաւորների կողմից ծափահարութեամբ ողջունւում է նրա ընտրութիւնը:
Խօսք է տրւում նորընտիր նախարարապետ ընկ. Վրացեանին:
Նորընտիր նախարարապետի խօսքը
Ս. Վրացեան.- Ես գիտակցում եմ, թէ քաղաքական այս ծանր պայմաններում պարլամենտն ինչպիսի ծանր բեռ է դնում իմ ուսերին:
Իմ կազմելիք կառավարական կազմը յաջողութիւն կունենայ, եթէ երկիրը եւ Հայաստանի գերագոյն օրէնսդրական մարմինը նրա հետ լինի: Ես հաւատացած եմ, որ Ձեր եւ երկրի աջակցութեամբ կյաջողւի մեզ տագնապալի այս վիճակից դուրս գալ պատւով:
Իմ կողմից ես խոստանում եմ, ամեն ճիգ թափել եւ ոչինչ չխնայել մեր հանրապետութեան բարգաւաճման համար:
Խնդրում եմ 24 ժամ միջոց տալ կառավարութեան կազմը ձեզ ներկայացնելու համար:
Պարամենտը հանձնաժողովին 1 օր է տալիս: Նիստը յայտարարւում է փակւած յաջորդ օրւան թողնելով նիստի շարունակութիւնը: