17 October, 2020

Աւետիք Շահխաթունեան


Երեւան, 27 հոկտեմբերի 1918

Մի լաւ ընկեր էլ կորցրինք:
Մեռաւ Շահխաթունեանը:

Յովնանից յետոյ Աւետիքը երկրորդ զգալի կորուստն է, որ այս տարի կրեց Հ. Յ. Դաշնակցութիւնը:

Անհամեմատ երիտասարդ, սակայն իր կուսակցական աշխատանքներով ու ձեռք բերած դիրքով Շահխաթունեանը այնպիսի անուն է, որ առանց դժւարութեան կարող է դասւել մեր անւանի ընկերների՝ Քրիստափորի, Սիմոնի... շարքը:

Բարձրագոյն կրթութեամբ ու գիտական լուրջ պատրաստութեամբ օժտւած Շահխաթունեանը աշխատում էր ոչ միայն դաշնակցական իդէոլոգիան խորացնել, այլ եւ մայրենի գրականութիւնը հարստացնել, առանձնապէս զարկ տալով կովկասագիտութեան ու ինքնավարական խնդիրներին:

Կովկասեան ժողովուրդների մերձեցման, ինչպէս եւ այդ ժողովուրդների ինքնօրէն կեանք ստեղծելու մէջ Աւետիքը յատուկ աշխատանք ունի կատարած:

Պերեդելի խնդրին նւիրած նրա լուրջ ու բազմակողմանի ուսումնասիրութիւնը բաւական է, որ Շահխաթունեանի անունը, որպէս գրական դէմք, մտնի ոչ միայն մեր նորագոյն պատմութեան մէջ եւ բռնի իր պատւաւոր տեղը, այլ եւ դասւի կովկասագէտների շարքը:

Նրա սահմանագծման թէորան, որ հիմք ունի Անդրկովկասի առանձնայատուկ պայմաններն ու նրա ժողովուրդների տարբեր կենցաղը, կուլտուրան ու տնտեսական զարգացումը – միակ ուղին է, որը կարող է առանց ցաւի ու մեծ ցնցումների, վճռել կովկասեան ժողովուրդների շատ բարդ ու կնճռոտ խնդիրները:

Պերեդելը – Շահխաթունեանի ուղեղն ու սիրտն է: Այստեղ յստակօրէն ցուցադրւած է հեղինակի ե՛ւ հայրենասիրութիւնը, ե՛ւ արդարադատութիւնը, եւ ժողովուրդների իրահաւասարութեան ըմբռնումը եւ աշխատաւորի բարեխղճութիւնը. մի խօսքով այն ամեն յատկութիւնները, որոնք կարող են ամբողջացնել մի մտաւորականի, դեմոկրատ մտաւորականի պատկեր:

Շահխաթունեանը յատուկ տեղ ունի նաեւ աշխատաւորական գաղափարների պատւաստման խնդրում. նա Հ. Յ. Դաշնակցութեան շարքերում այն սակաւաթիւ դէմքերից է, որ հետեւողականօրէն առաջ էր տանում ու զարգացնում մեր ծրագրի սոցիալիստական ջիղը:

Շահխաթունեանի մահով ոչ միայն Հ. Յ. Դաշնակցութիւնն է զրկւում մի գիտականօրէն պատրաստի ուժից, այլեւ անդրկովկասեան դեմոկրատիան կորցնում է մի իսկական ինտերնացիոնալիստի, որի ամենամեծ աշխատանքներից մէկն էլ եղած է՝ Կովկասի աշխատաւոր տարրերի մերձեցումը, ինչպէս եւ կովկասեան ժողովուրդների ֆեդերացիան:

Շահխաթունեանի մահը ամենից շատ զգալի պիտի լինի նորակազմ Հայաստանի հանրապետութեան համար, որովհետեւ մեր երկրի վերաշինութեան գործում Աւետիքը առանձնայատուկ դեր ունէր կատարելու:

Յարգա՜նք վաղամեռ ընկերոջ յիշատակին:

«Զանգ», Երեւան
Կիրակի, 27 Հոկտեմբերի 1918
Բ. Տարի, Թիւ 65 (81)