Հոկտեմբեր 26-ը յիշատակելի կը մնայ յեղափոխական տարերգութեան մէջ:
Առաւօտեան ժամը 4-ն էր: Մեր զինակիր յոգնած խումբը Բագրեւանդի (Ալաշկերտ) Խաստուր գիւղի մօտ պահ մի կանգ առաւ: Պարզ էր, որ կանխորոշ դիրքը չպէտք է կարողանայինք հասնել, որովհետեւ դեռ եւս 4-5 ժամուայ ճանապարհ ունէինք առաջներս, իսկ յոգնած մարդուն՝ այդքան ճանապարհ անցնելու համար կրկնակի ժամանակ է հարկաւոր:
Անհրաժեշտ էր հանգիստ առնել:
Շրջանակի նստեցինք գետնի վրայ եւ սկսեցինք խորհել, արդեօք չի՞ կարելի մօտակայ սարերը ապաւինել եւ ոեւէ ձեռնտու դիրքում ցերեկը անցնել: Վալադների ասելով, մօտակայքում ամենեւին յարմար դիրք չկար: Լեռները հեռու էին:
Մեր դրութիւնը շատ վատ էր: Առաջներս տարածւում էր մի ընդարձակ դաշտ. կամայ ակամայ պէտք է դաշտում մնայինք, իսկ դաշտում ցերեկւան ընդհարումը անխուսափելի էր: Միւս կողմից՝ ցուրտը աւելի շատ էր նեղացնում քան յոգնածութիւնը:
-Գիւղ մտնենք,– ասա խաստուրցի Ղուկասը,– եւ քանի որ անունս ֆէդայի է, տունս էլ, տեղս էլ, մալ ու մուլքս էլ թող այս հրացանիս ղուրբան լինեն: Ընկերներ՜ր, չ'ուշանա՛նք. աստղերը շուտով երկնքում կ'աներեւութանան. արշալոյսը հեռու չէ: Շուրջերնիս խորին լռութիւն է տիրում: Ինչո՞ւ ենք այսպիսի ցրտում սառը գետնի վրայ տարածւել. սկսում ենք պաղել. վեր կացք գնանք մեր տուն:
-Գիւղ մտնել, շշնջոց բարձրացաւ, բայց...
-Էլ ինչ բայց,– ընդհատեց Ղուկասը –
բայցերի ժամանակը անցել է. գոնէ մի ժամ կը հանգստանանք
եւ չենք պաղիլ բեխերիցս սառցի կտորներ են կախւել...
-Վեր կացէ՛ք գնանք,– կրկնեց Ղուկասը
եւ դէպի գիւղը վազեց:
-Գիւղ մտնե՛նք, կրկնեցին վալադները.
Ամէնայարմարը գիւղն է. եթէ կռւի բռնւելու լինենք, գոնէ մի փոքր հանգստացած կը լինենք եւ պաղած
չենք լինի, իսկ եթէ ոչինչ չպատահի, աւելի լաւ, երեկոյեան դէմ բոլորովին թարմացած վեր
կը կենանք ճանապարհներս կը շարունակենք:
-Աւելի լաւ է դաշտում մնանք, քան գիւղ մտնենք.եթէ ընդհարում ունեցանք այստեղ, գոնէ մենակ մենք կը
տուժենք, իսկ եթէ գիւղում բան պատահեց՝ գիւղացիք էլ կարող են վնասւել,– ասացին
շատերը եւ նորից մեկնւեցին սառը գետնի վրայ:
Վալադները դեռ եւս համոզում էին, երբ Ղուկասը վազէվազ յետ դարձաւ. «ամէն ինչ պատրաստ է. գիւղում ոչ քիւրդ կայ, ոչ էլ ասկեար, շուտ արէք գնանք»:
-Գնա՛նք, ոչ մի վտնագ չկայ ոչ գիւղի եւ ոչ էլ մեզ համար,– յուսադրում էին վալադները: Նրանք առաջ անցան. խումբը հետեւեց նրանց:
Գիշային խաւարը թանձրացել, վաղուց ընդգրկել էր առօրեայ աշխատանքից խոնջացած գիւղը: Հեռուից մի ինչ որ խուլ ու աններդաշնակ ձայն էր լսւում, որ գիւղական շների ընդհանւոր անընդհատ կաղկանձոցի հետ միախառնւելով՝ խիստ անհաճոյ համերգ էր կազմում: Ձայնը հետզհետէ մօտենալով ասիական քարաւանի անցն էր յայտարարում:
Քարաւանը անցաւ: Մեր առաջ ճռնչաց խարխուլ հողակոյտի դուռը. «մտէք», ձայնեց մէկը ներսից:
Գում էր ասպնջարանը: Խաչիկ վարժապետը, որ տան տէրն էր, թէեւ ճրագը վառել էր գոմը լուսաւորելու համար, այնուամենայնիւ այնչափ մութն էր, որ հազիւ հազ նկատելի էին պատերի մօտ շարած անասունները: Գողը ընդհարձակ էր եւ տաք:
Մեր բարեւներին՝ «բարի էք եկել եղբայրներ», պատասխանեց վարժապետը յուզւած ձայնով, եւ երկու խոշոր կաթիլներ գլորւեցին նրա շիկացած այտերից...
«Չափազանց ուրախ եմ, շարունակեց նա, որ ձեզ իմ յարկիս տակն եմ տեսնում: Անհոգ եղէք. Յոյս ունեմ, որ մեզ ոչ մի վտանգ չի սպառնում: Իսկ հակառակ դէպքում՝ թող իմ արիւնս էլ մեր սրբազան դատին նւիրական լինի, եւ թող մեր նահատակ դիակների վրայ հիմնապնդւի մեր եւ մեր սերունդների փրկութիւնը, ազատութիւնը»...
Մենք համբուրւեցինք...
Մի քանի րոպէ եւս, եւ հանգիստ քունը տիրեց բոլորիս: հանգիստ էինք, որովհետեւ դրսում Խաչիկի էս արթուն պահապան ունէինք, իսկ ներսում մեր զինակից հերթապահ ընկերներն էին հսկում...
Լուսացաւ: Տղերքը սկսեցին հետզհետէ արթնանալ: Մէկը հրացանն էր սրբում, պատրաստում, միւսը չարըխի կապերն էր ամրացնում, երրորդը թութունը հանել, ծուլօրէն գլանակ էր շինում ծխելու... Խաչիկը մի քանի անգամ ներս ու դուրս էր արել եւ ամէն անգամ բարեյաջող լուրեր էր բերել: Բոլորի երեսին էլ մի տեսակ թմրութիւն ու թախիծ էր երեւում: Կարծես անբաւական լինէին ներկայ հագնստութիւնից: Եւ ինչպէս չթմրէր ու չտխրէր սարերի զաւակ ֆէդային՝ փակւած այս անտանելի գոմի հեղձուցիչ տօթում:
Ժամը 10-ն էր: Խաչիկ վարժապետը ուշացաւ, չէր երեւում: Յանկարծ մի կին դռան շէմքից թշնամու զօրքերի գալուստը գուժեց. «Պատրաստ եղէք», ասաց նա ու անմիջապէս հեռացաւ:
Տղերքը իսկոյն տղներից վեր թռան, եւ, խմբապետի հրահանգի համաձայն, տասնեակները նշանակւած տեղերը կանգնեցին:
Ասկեարները մեր հոտը առել էին, բայց սակաւութեան (100 հոգի) պատճառով չէին համարձակում մօտենալ:
Մեր ներկայութիւնը իմանալուն պէս, դրանք դուրս էին եկել գիւղից, այս ու այն կողմն էին ցրւել, նախ որպէսզի հաւարի կանչէին շրջակայ համիդիականներին, եւ երկրորդը՝ ժամանակ վաստակէին, մինչեւ օժանդակ զօրքերը կը հասնէին: Ղարա-Քիլիսայից թնդանօթների էին սպասում: Գիւղացիների կարծիքով, զօրքը սարերն էր քաշւում մեզ այնտեղ փնտրելու համար:
Մենք կազմ ու պատրաստ սպասում էինք: Առաջւան թմրութիւնն ու թախիծը տեղի էին տւել աշխոյժ կենդանութեան: Հասել էր րոպէն, երբ ամէն մէկը իր շնորհքն ու արիութիւնը ցոյց էր տալու ընդհանուր թշնամուն: Չէ՞ որ ֆէդայի ենք: Մի վարկեան եւս, եւ ճակատ առ ճակատ կը զարնւենք Եըլդըզ-Քէօսքի նեցուկների հետ: Ա՜խ, ի՜նչպէս ուշանում են. Վայրկեանները կարծես տարիներ լինեն: Մեզ համար այլեւս ոչինչ չկայ ամբողջ տիեզերքում բացի կռւից,- վրիժաժու սրբազան կռիւ, փրկարար կռիւ...
Բայց խոհեմութիւնը սպասել էր ապտւիրում: Սակայն կատաղած ֆէդայիին կռւի շեմքում զսպելը այնքան էլ հեշտ չէ: Շատերը կամացուկ իրենց տեղերից սպրտում են, նախայարձակների շարքերն են մտնում: Ամէն մէկը ցանկանում է առաջինը նետւել թշնամու բանակին մէջ. ամէն մէկը ցանկանում է առաջին գնդակը ինքը շեշտի թշնամու կրծքի մէջ:
Խմբապետը հրացանը ձախ ձեռքն առաւ ու աջով մերկ խանչակը բարձրացրեց: Դա նշան էր, որ պէտք էր լռել, որ ինքը ուզում է խօսել: Բոլոր շունչերս քաշեցինք... Նա սկսեց.
«Ընկերնե՛ր, ֆէդայինե՛ր, ահա՛ վճռական րոպէն. Յիշեցէք ձեր կոչումը. Թշնամին յիրաւի բազմաթիւ է, բայց յոյս ունեմ, որ չէք ընկճւիլ նոցա գնդակների տարափի տակ: Վրէ՛ժ, ընկերնե՛ր, վրէ՜ժ մեր սուրբ ու ամայացած Հայրենիքի. Վրէժ անպատւած քոյրերի, մայրերի ու սրբապղծւած նւիրական վայրերի... Տղերք ջա՛ն, սստրուկ ենք ծնւել, բայց ստրուկ մնում են միայն նրանք, որոնք կամենում են ստրուկ լինել- մենք յեղափոխականներ ենք, թանկ ծախենք մեր ազատ կեանքը: Ընկերնե՛ր, կռւենք միասի՛ն, ապրենք միասին, մեռնենք միասին»...
-«Կեցցէ՜ յեղափոխութիւնը, կեցցէ՜ մեր խմբապետը, որոտաց խումբի պատասխանը. Երդւում ենք յանուն Դաշնակցութեան եւ յանուն ֆէդայիի մեծ կոչման՝ կռւել մինչեւ մեր վերջին շունչը. Թող մեր մահը վրէժի մի նոր ուխտ լինի մեզնից յետոյ եկող խմբերին»...
Դռան ճեղքերից նկատելի էր զինւորների վազվզոցը, իսկ հանդէպի քարերից, որոնք 30-40 քայլ հեռու էին մեր տնից, կարմիր ֆէսեր էին երեւում եւ հրացանի փողեր՝ ուղղւած դէպի մեր դուռը: Գիւղը շրջապատւած էր: Տաճկական զինւորական թողը երկրորդ անգամ կռիւ էր ազդարարում...
Յանկարծ կտուրն ի վայր 3-400 հրացան որոտաց: Կռիւը սկսւեց: «Ուռռա՜», որոտաց մեր խումբը եւ կտուրն վեր միահամուռ մի քանի անգամ արձակեց:
Գոմը մթնեց. ծուխն ու հնամեայ հողէ կտուրի փոշին ներսը լցրել էր:
Այդ միջոցին առաջին տասնեակը, որը գոմից դուրս էր եկել եւ պատի մօտ թշնամուց աննկատելի շարւած՝ խմբապետի հրահանգին էր սպասում, անմիջապէս թշնամու առաջին դիրքերի վրայ յարձակւեց, նախապէս կայացած զինւորական խորհրդի միաձայն վճռի համաձայն:
Գոմը հետզհետէ դատարկւում էր: Տղերքը գնդակների տարափի տակ թշնամու վրայ էին վազում:
Այժմ դուրսն էին: Թշնամին վաղուց շրջապատել էր գիւղը եւ խոտի, աթարի դէզերի, կտուրների, քարերի ու աղբակոյտների վրայից էր կռւում: Մեզ մնում էր իւրաքանչիւր քայլը թշնամուց արիւնով խլել: Հարկաւոր էր գիւղի մի ծայրից մինչեւ միւսը, դէպի մօտակայ բլուրը, դիրքերը խլելով, ճանապարհ բաց անել:
Ընդհարումը կատաղի էր: Մեր տղերքը այս ճակատագրական կռւում աննման էին: «Ռուռա՜, տղերք ջան, վրայ տւէ՛ք», խրախուսում էին տասնապետները: Եւ իւրաքանչիւր տասնեակ տասնապետի հետ միասին այս ու այն դիրքերի վրայ էր յարձակւում, որտեղից լսւում էին տաճկական սալավաթները: Միւսիւլման պետերը աշխատում էին ոգեւորել իրենց շարքերը այդ նւիրական բառով:
Կռիւը հետզհետէ ծաւալւելով, աւելի ու աւելի էր տաքանում: «Կռւեցէ՛ք տղե՛րք, կռւեցէք քաջ քաջ», հնչում էր որոտագին մեր սիրած ռազմերգը...
Մինչեւ գիւղի միւս ծայրը, որտեղից դաշտն էր սկսւում, դէպի մեր բռնելիք բլուրի դիրքերը՝ իւրաքանչիւր դիրքում թշնամու դիակները 10-նեակներով կարելի էր համարել: Մի քանի տեղ էլ տաճիկ կանոնաւոր զինւորները զէնքերը վայր թափել՝ պաղատագին կեանքը իբրեւ պարգեւ էին աղերսում. «Ալլաշ աշգընայ, գնայըն բէնի, օջագնա դիւշմիշըմ»:
Մեր ընկերներից չկար մէկը, որ մէկ կամ մի քանի ասկեար կամ քիւրդ Մահմէդի գիրկը ուղարկած չլինէր:
Գոմի դռան մօտ մեր ընկերոջ (տասնապետ Գրիգոր) դիակի վրայ թշնամու 6 հատ դիակ փռւեց:
Գոմից դուրս գալու ժամանակ տասնապետ Գրիգորը զարկւում է: Դարվիշ աղան, որ միեւնոյն
գիւղի տէր-աղան էր, նահատակի հրացանը վերցնել է կամենում: Հէնց որ կռանում է վերցնելու,
մեր ընկերներց մէկի գնդակը ճակատից ընծայ է ստանում. Չէ՞ որ հրացանի հետ գնդակ էլ էր
հարկաւոր մեր դէմ կռւելու համար... Աղայի եղբայրը շտապում է սպանւած եղբօր դիակը կռւից
քաշելու. Նա էլ անմիջապէս պառկում է եղբօր դիակի վրայ: Յետոյ Դարվիշ աղայի երկու որդիքն
են շտապում իրենց հարազատների վրայ պառկելու: Վերջապէս մայրն ու հարսը վազում են ծանր
կորուստը ողբալու, նրանք եւս միեւնոյն վիճակին են արժանանում. բայց չգիտենք, մե՞ր գնդակների
պատահական զոհն են վերջին երկուսը թէ՞ թշնամու:
Կատաղի յարձակման առաջ թշնամին տեղի տւեց, աջ ու ձախ դիակներ թողնելով: Խմբապետի հրահանգի համաձայն, մեր 4 տասնեակները, գիւղի ծայրին պահակներ թողնելով, շտապում են դէպի բլուրը. Գգետը յաջողութեամբ անցնելով ¾ ժամում դաշտը կտրում են եւ բլուրին տիրանում:
Այնուհետեւ ուղղակի անկարելի էր մեզ համար բարձր դիրքերի հասնելը, որովհետեւ տաճկական կանոնաւոր ձիաւորներն ու համիդիէ քիւրդերը վաղուց գրաւել ործել էին այդ տեղերը: Այսպիսով՝ երկու մասին բաժնւեցինք. մեր մի կէսը գիւղումն էր կռւում, իսկ միւս կէսը սարերում:
Գիւղից դուրս, սարի կռւում, մեր եւ թշնամու դիրքերի հեռաւորութիւնը, 1000-15000 քայլ էր: Անընդհատ հրացանաձգութիւնը, որ մինչ երեկոյ շարունակւեց, սաստիկ ձանձրալի էր: Եւ ի՞նչ. թԹշնամին բարձր էր եւ անհամեմատ աւելի լաւ դիրքեր ունէր, քան թէ մենք: Բլուրի մակարդակը մօտաւորապէս ¼ քառակուսի վերստաչափ էր, եւ թշնամին մեզնից անհամեմատ շատ եւ շատ. ուստի մենք ստիպւած էին ամէն կողմից հսկել թշնամուն, որպէս զի նա բլուրին չկարողանար մօտենալ, եւ որովհետեւ մօտիկ կռւում մենք կը յաղթւէինք, այդ պատճառով մեր կողմից կռիւը պատշպանողական էր եւ այնչափով էինք գնդակ արձակում, որչափ որ անհրաժեշտ էր նրանց գրոհը արգելելու համար: Բայց եւ այնպէս ձանձրոյթից ազատւելու համար երբեմն թշնամու հետ հանաքներ էլ էինք անում. երբեմն դադրեցնում էինք հրացանաձգութիւնը եւ երբեմն այնպէս արագ ու շուրջանակի զալպեր էինք տալիս, որ ողորմելիները քարից գլուխ բարձրացնելու ժամանակ չէին գտնում...
Արեւը հետզհետէ իջել էր. իսկ թշնամին մեր կողմից դէպի արեւմուտք գտնւող դիրքերումն էր կտրօնացել: Այդ պատճառով արեւը սկսել էր մեզ խանգարել նշան բռնելիս. շատերը մեզնից նոյնիսկ դադարեցրին հրացանաձգութիւնը եւ հրացաններ էին սրբում: Թշնամին սիրտ առաւ. հաւանօրէն, մեզ կամ կոտորւած, կամ վհատւած էր կարծում: Ժամը 6-ին, երբ մոութը արդէն գետին էր կոխել, յանկարծակի սալավաթ կանչելով մեր վրայ գրոհ տւին: Խմբապետը սուլիչով մեզ իր մօտ հրաւիրեց, մենք էլ ընդհանուր ուժով, դիրքերը թողած, հրացաններ արձակելով, վրայ պրծանք: Մի քանի քայլ եւս, եւ իրար ացնանք, խառնւեցինք: Հրացան բանեցնելը անկարելի էր, իսկ խանչալը թշնամու այսպիսի բազմութեան մէջ խիստ անյուսալի զէնք է, եւ շատ սուղ պէտք է նստէր մեզ այդպիսի մի կռիւ: Մնում էր ռէվօլվէրը. Մաուզէրի 10 հարւածեանը հանած, աջ ու ձախ անխնայ կրակում էին: Րոպէն սոսկալի էր. Կռիւը կատաղի... Այլեւս ապրելու յոյսը ցնորք էր...
Եւ յանկարծ մեր ազատարար փողի ձայնն ենք լսում. «պառկել» - ազդարարում էր խմբապետը. Րոպէն մեզ համար շատ թանկ արժէր: 5 րպչէ եւս, եւ մենք կորած էինք, բայց «պառկելու» այս ազդը մեզ փրկեգ: Բոլորս պառկեցինք. Այժմ ոարզ էր, որ կանգնողները թշնամիներ էին: Խմբւած թշնամին ոչինչ չհասկացաւ այս ճարպիկ ռազմագիտական ազզդից. Միմեանց թշնամի կարծելով, նրանք սկսեցին փոխադարձաբար կոտորել իրար, մենք էլ մեր պառկած տեղից մեր ռէվօլվէրներով պակասը լրացրինք:
Ջարդը կատարեալ էր. Մեր պառկած ընկերների վրայ թշնամու դիակները հնձւած հասկերի նման վայր էին թափւում:
Չեմ յիշում որքան ժամանակ տեւեց այս հունձը. այնքան է միտքս, որ ահաբեկւած թշնամիների յետին շարքերը երկու մասին բաժանւած, դիւահարների նման, վայրենի աղաղակներով ի փախուստ դարձան սարն ի վայր, համարեա գլորւելով: Անմիջապէս մենք եւս վեր կացանք ու, երկու մասի բաժանւած, ուռռաներով նրանց յետեւից վազեցինք:
Դեռ եւս երկար պէտք է հետապնդէինք, եթէ երկրորդ ազդը մեզ խմբապետի մօտ չհրաւիրէր: Բոլորս նորից մեր խմբապետի շուրջն էինք: Տեսարանը խիստ յուզիչ էր. Սկսեցինք գրկախառնւել եւ համբուրւել խմբապետի եւ իրար հետ... Ապա թշնամու բարձր դիրքերը շտապեցինք, եւ որպիսի ուրախութի՜ւն -
Խմբապետի օգնականը, որ գիւղում եւ գիւղից դուրս՝ խոտանոցներում, կռւող ընկերների
հետ էր, մնացած թշնամուն դիրքերից հալածելով, վաղոց գրաւել էր նրանց եղերը եւ մեզ էր
սպասում: Ակամայ բոլորիս կրծքից «Կեցցէ՜ Յեղափուխոթիւն,
կեցցեն մեր պետերը» դուրս թռաւ:
Սարերում ամէն ինչ լուռ ու հանգիստ էր: Գիւղի կողմից դեռ եւս հրացանաձգութեան ու ու՜ռռաների ձայն էր լսւում: Այդ մեր մնացած ընկերներն էին, որոնք գալիս էին մեզ միանալու... Ճանապարհները բաց էին. Դե՜հ, ֆէդա՜յի, ուր ուզում ես գնա՛...
Խաստուր գիւղը եւ ընդհանրապէս Ալաշկերտի միւս հայ գիւղերը ամենեւին չեն վնասւում եւ ոչ էլ թալանւում: Պատմում են (հաստատ եւ վստահելի աղբիւրներ), որ քիւրդերը Խաստուրից եւ մօտակայ ԶԷտկան գիւղից տաւար են տանում: Կռւի միւս օրը Էրզրումից հեռագրով կանչւած զօրքը հասնում է Խաստուր: Միւշիրը հարցուփորձ անելուց յետոյ կանչում է Թօփրագ-Գալէի զօրքերի հրամանատարին եւ մի լաւ ծեծելուց յետոյ կռները կապում՝ Էրզրում է ուղարկում: Վալին Էրզրումից հեռագրով հրամայել էր դիակները չհաւաքել. թէ մերոնց եւ թէ իրենց: Միւշիրը հարցնում է Թօփրագ-Գալէի հրամանատարին.
-Այս ի՞նչ դիակներ են:
-Մօտ 400 ֆէդայիներ կային. մենք յարձակւեցինք
նրանց վրայ, նրանք թեւեր ունէին, կտոորեցին մերոնց եւ թռան: Գիւղում ընկածները ոչ թէ
ֆէդայիներ են, այլ տեղացիք. մեր գնդակը ֆէդայիներին չէր վնասում. նրանք թռան գնացին:
-Ո՞ւր էին ֆէդայիները:
-Խաստուր, Խաչիկ վարժապետի տանը:
-Կանչեցէ՛ք Խաչիկին:
-Խաչիկին սպանեցին. Դարվիշ աղան է խանչալով
սպանել:
-Քէօփայօղլիք, ինչո՞ւ սպանեցիք. եթէ ձեր
տունը գային ֆէդայիները, չէի՞ք ընդունիլ – եւ հրամայում է միւշիրը, որ անմիջապէս
թէ խաստուրցիներին եւ թէ զէտկանցիներին վերադարձնեն բոլոր տարած աւարը, թէ տաւարը եւ
թէ ոչխարը:
Խաչիկ վարժապետին, նախ քան կռիւը, գիւղում խանչալով սպանում են. սպանում են եւ Խաչիկի եղբօրը: Խաչիկը ընտանիքով բողոքական էր:
Յիշատակելի է եւ մի օրիորդի քաջութիւնը: Երբ գոմումն էինք, այս օրիորդը մեզ համար ջուր էր բերում. Նախ քան կռիւը, երբ բոլորը (գիւղացիները) փախել, դէս ու դէն էին ցրւել, Խաչիկն էլ չկար, օրիորդին խնդրեցինք, որ ինքն եւս հեռանայ. «Ո՛չ, պատասխանեց նա, ես պէտք է ձեզ հետ լինեմ. կամ ապրել ձեզ հետ, կամ ձեզ հետ մեռնել»... Օրիորդը այժմ ազատ է, եւ ապահով դրութեան մէջ:
Մատնութեան կեղտոտ գործը խաստուրցի Յովսէփն է կատարել:
Հայ գիւղացիների ասելով, թշնամու կողմից ընկել են, բացի Դարվիշ աղայից, իր եղբօրից եւ երկու որդիներից, 2 հատ շէյխ, Ալի փաշայի տղան, 3 հատ հազարապետներ եւ շատ հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ:
Ահա եւ մի քանի տեղեկութիւններ քիւրդական աղբիւրներից.
Տանիքի վրայ մեր թշնամիներից 35-50 մարդ է զարկւել: 9 հատ շէյխ է ընկել, որոնց ոտքի կոխած տեղը սուրբ է մահմեդականների համար: 10-15 նշանաւոր եւ ազդեցիկ քիւրդ բէկեր են սպանւել: 40-50 ասկեար զարկւում են սարի կռւում, իսկ քիւրդ՝ աւելի շատ: Բոլոր սպանւած թշնամիների թիւը, ոմանց ասելով, 350 է, ըստ ոմանց էլ՝ մօտ 400:
Երեկոյեան կռւի միջոցին մի գնդակ մտնում է պատերազմական փողի բերնաը այն ժամանակ, երբ զինւորը փչելիս է լինում, եւ փողի ծայրը փրցնելով՝ զինւորի ծոծրակից դուրս է թռչում: Քիւրդերը այժմ առած են դարձրել, թէ ֆէդայիները, բացի թեւեր ունենալուց, գիշերն էլ ցերեկւայ պէս պարզ տեսնում են:
Կռւում թշնամու կողմից մասնակցել են այս ու այն կողմից հաւաքւած 800 հոգի զօրք (հետեւակ), 300 հոգի կանոնաւոր հեծելազօրք եւ 5 աշիրէթ (ցեղ) քիւրդ. Մինչեւ անգամ Սիփկանցի քիւրդեր էլեն մասնակցել կռւում:
Քիւրդերը բողոքներ են բարձրացրել եւ սպառնացել են այն տաճիկներին, որոնք կռւի պատճառ են եղել, թէ – «ջանըմ, նրանք ջան ֆէդայի, ղաչաղ մարդիկ են,. ինչո՞ւ համար կռւի առիթ էք ալիս. Գալիս են թէ գնում են, մեր ի՞նչ գործն է. ուր ուզում են գնան, նչ ուզում են թող անեն, չէ՞ որ մեզ չեն վնասում, ոչ մեր մալն են տանում եւ ոչ էլ մուլքը: Դւորս ենք գալիս կռւում հետները, մեր տունն են քանդում: Լա՞ւ եղաւ, որ տներս քանդեցին, այսքսն մարդ ջադեցին, իրենք էլ փառաւորապէս անցան իրենց գործին գնացին»....
Վերջացնում եմ նամակս մեր նահատակւած ընկերների ցանկով.