Կովկասեան ճակատի մերկացումը սպառնական կերպարանք է առել հայ ժողովրդի ֆիզիքական եւ քաղաքական գոյութեան համար: Ռուս յեղափոխութեան ամենից արժէքաւոր նւաճումները պաշտպանելու, ինչպէս նաեւ հայ ժողովրդի գոյութիւնը ճակատի վերահաս վտանգից փրկելու համար հայութիւնը պարտաւոր է լարել իր բոլոր կենդանի ոյժերը: Ճակատագրի բերումով Ազգային Խորհուրդն է վիճակւում վարել հայ ժողովրդի բաղդը այս վտանգալից ժամանակ: Իբրեւ Մեծ Ռուսաստանի ազատ քաղաքացիներ եւ իբրեւ հայ ժողովրդի բաղդի վարիչներ, իր քաղաքացիական եւ ազգային պարտականութեան, ինչպէս եւ իրեն վրայ ընկած ծանր պարտականութեամբ՝ Ազգային Խորհուրդը զէնքի է կանչում ճակատի պաշտպանութեան համար բոլոր հայերին Անդրկովկասի եւ Ռուսաստանի սահմաններում, վստահ թէ մեր հարեւան ազգերն եւս իրենք միջոցներն ձեռք կառնեն Կովկասի կուլտուրան եւ յեղափոխութեան նւաճումները պաշտպանելու համար:
Այդ նպատակով կարգադրում ենք.
1) Որ այն բոլոր հայերը, որ ծնւել են 1899 թ. մինչեւ նրանք, որ 1918 թ. յունւարի 1-ին դարձել են 25 տարեկան լրիւ պարտաւոր են անմիջապէս անցնել հայ զօրքի շարքերը՝ ենթարկւելով այն դեկրետների տրամադրութիւններին, որ հրատարակել է Անդրկովկասի Կոմիսարիատը զօրակոչի վերաբերեալ:
2) Որ այն բոլոր հայ զինւորները, որ 25-ից բարձր տարիք ունեն մինչեւ նրանց, որ 1918 թ. յունւ. Մէկին դարձած են 32 տարեկան, պարտաւոր են մնալ այն հայ զօրամասերում, ուր կան. իսկ ովքեր այս կամ այն պատճառով չեն մտած կամ ողել են զօրքի շարքերը, պէտք է շտապեն մտնել հայ զօրամասերը նոյն հիմունքներով, որ բերւած են Անդրկովկասի Կոմիսարիատի դեկրետի մէջ զօրակոչի վերաբերեալ:
Յայտնում ենք նաեւ
ի գիտութիւն հայ ժողովրդի, որ ազգային տեղական միլիցիա կազմելով պէտք է ապահովել Կովկասի
հայ ազգաբնակութեան պատիւը, կեանքը եւ գոյքը աւազակների դէմ՝ Անդրկովկասի Կոմիսարիատի
հաւանութեամբ եւ նրա բարեացակամ աջակցութեամբ:
Միաժամանակ Խորհուրդը իր վրայ է առնում զինւորների ընտանիքների ապահովութիւնը պետական եւ ազգային միջոցներով:
Այն բոլոր հայերը, որ կը փորձեն որեւէ միջոցով խուսափել զօրակոչից, կը յայտարարւեն հարենիքի, ազգի եւ յեղափոխութեան դաւաճան եւ կենթարկւեն պատասխանատւութեան: