Դաշնակցութիւնը ծերունի ներկայացուցիչ գրեթէ չունի: Այս հանգամանքը ինքնին ապացոյց է Դաշնակցութեան երիտասարդութեան, բայց եւ բնորոշումն է կուսակցութեան յեղափոխական կեանքի ու գործի: Սիմէօն, Քրիստափոր չծերացան, չէին կարող..
Անունների մի անվերջ շարք, յեղափոխութեան պանթէօնի մէջ, ոչ մէկը ծերացած եւ ոչ մէկը նրանցից անկողնում մեռած:
Երիտասարդ էր նաեւ Վաչօն:
Նա ծնւել է 1888-ին Երեւանի նահագնի Ալափարս գիւղում, հարուստ ու ազնւական մի ընտանիքում: Գիւղի աղան էր նրա հայրը՝ Ներսէսը:
Երեխաներին ուսման տալու համար, Ներսէս «աղան» փոխադրւում է Երեւան: Վաչօն փոքրիկ ու կայտառ գինազիստ էր:
Դեռ գիմնազիոնի III, IV-րդ դասարաններում, երեւան է բերում նա յեղափոխական խառնւածք:
Գիմնազիոնում կազմակերպում է աշակերտական մի նեղ շրջան, ուր եւ սկսում է պարզւել ու գունաւորւել նրա հասարակական հաւատամքը:
Այդ շրջանումն են հասունանում
եւ կազմակերպւում նաեւ երկու ուրիշ հոգիներ՝ Արտաշէս Սեւիկեան (Նորայր Մալինցեան դաւադրաբար սպաննուած
Թեհրանի մէջ, 1 դեկտեմբեր 1914-ին) եւ Համիկը (Համբարձում Ալթունեան մահացած Դիլիջանի մէջ,
20 մարտ 1914-ին, թոքախտէ):
Այս երրիրդութիւնը մի սրբազան ջերմութիւն էր: Եւ այժմ, ինչպէս եւ առաջ, ով խօսում է նրանցից մէկի մասին, անհրաժեշտօրէն յիշում է նաեւ միւսներին: Մէկը միւսի լրացումն էր: Վաչօն-ռիսկ էր ու գործ, Արտաշէսը՝ խելօքութիւն ու քաղաքագիտութիւն, Համիկը՝ պարզ, յստակ մի տրամաբնութիւն եւ խոհականութիւն: Երեքն էլ՝ չնայած ռուսական դպրոցի կրթութեան՝ գիտէին մայրենի լեզուն, պատմութիւնը եւ գրականութիւնը:
Եւ այդ երեքի հոգեւոր-գաղափարական հայրը, յեղափոխական դաստիարակիչը Թորոսն էր (Գալուստ Ալոյեան) Վաչօի քեռին: Նա էր, որ գործի էր դնում նրանց եւ պատրաստում, որ իրենից յետոյ շարունակեն գործը:
Այսօր այդ երեքից եւ ոչ մէկը չկայ: Նորայրը ընկաւ գործի ճանապարհին՝ Թէհրանում, Համիկը՝ Լիէժի ճամբին, ուր տարել էր նրան կատարելագործւելու բուռն տենչը. վերջին օղակն էր Վաչօն, որ ահա վաճխանւեց Սմոլենսկու տաժանակիրների բանտում, հենց այն ժամանակ, երբ գալիս յայտնում են, թէ այլեւս ազատ է:
Ի՞նչ է արել Վաչօն: Նա արել է աւելին, քան ներելի էր իր տարիքին:
Դեռ աշակերտական նստարանի վրայ՝ նա մասնակցում է յեղափոխական խմբակներին, դեռ աշակերտ՝ Երեւանի ամենագործօն երիտասարդն էր նա:
Յեղափոխական գործունէութիւնը չէր թողնում, որ Վաչօն կենտրոնանայ դասերի վրայ ու IV դասարանից արձակում են նրան: Եւ նա լիովին դնում է իրեն կուսակցութեան տրամադրութեան տակ ու գործի անցնում:
Ընտրւում է Կ. Կոմիտէի անդամ. նրան է յանձնւած պահեստների գործը: Եւ ռէակցիայի սոսկալի օրերին նա տանում է պատւով այդ գործը. զէնքերի փոխադրութեան մի քանի յաջող դէպքեր կապւած են Վաչօի անւան հետ:
Ռէակցիան ուժեղաոնւմ էր, բայց Վաչօն միշտ մնում էր գործի վրայ: 1909 թւին կասկածւում է ու հալածւում: Այդ իսկ ժամանակներում պահնորդական բաժանմունքի շեֆ Մելիք Շահնազարեանը քանդում էր Երեւանի նահանգը: Ծրագրւում է տեռորը, որի մէջ խոշոր մասնակցութիւն է ունենում Վաչօն: Այդ տեռորից յետոյ Երեւանում անկրելի է դառնում մնալը, անցնում է սահմանը, դէպի Տաճկաստան: Բայց այնտեղ նա չէր կարող հանգիստ մնալ:
Վերադառնում է եւ օրւայ հարց է դարձնում ժանդարմերիայի շեֆ Բուրգադսկու տեռորը: Գործի կազմակերպումը ամբողջովին Վաչօյին է պատկաոնւմ. նա ի կատար է ածում մի երկու ընկերոջ հետ պատւով ու ռիսկով:
Օրը ցերեկով, մի բանուկ փողոցում, ընկնում է Բուրգադսկին. Վաչագանը մաուզէրը ձեռքին շտապում է ժամադրավարյը ու կանչում է. Терорь портии Дашнакцутюнь, не поддодите (Террор партии Дашнакцутюн, не подходите):
Երեւանում մնալն անկարելի էր այլեւս, տունը մի քանի անգամ խուզարկութեան է ենթարկւում. Վաչօն հեռանում է քաղաքից եւ ապրում ու գործում է Իգդիր-Բայազիդ գծի վրայ:
Յաճախ նա երեւում էր մեր շրջանում տաճկական ֆէսով. նոյն ուրախ բնաւորութիւնը, նոյն պատրաստակամութիւնը, բնաւ լքում, միշտ գոհ ու պատրաստ:
1911 թւին Իգդիրում նա բռնւում է մատնութեամբ: Փախուստի ծրագիրը գլուխ չի գալիս: Նրան փոխադրում են Երեւանի բանտը: Գնացի տեսութեան. միշտ նոյնն էր: Ես իր վիճակով էի հետաքրքրւում, նա ինձ գործից ու ընկերներից էր հարցնում. ոչ մի տրտունջ եւ որ գլխաւորն է, ոչ մի պահանջ ոչ կուսակցութիւնից ոչ ընկերներից:
1913 թ. մայիսի 6-ին նրան դատում են ու դատապարտում մահւան: Վճիռը փոխւում է 20 ամեայ տաժանակրութեան: Մի քանի ամսից նրան ճանապարհ են դնում դէպի Ռուսաստան. իր 20 ամեայ տունը հաստատում է Սմոլենսկու բանտում, որը եւ լինում է նրա գերեզմանը:
Վաչօի արածի բովանդակութիւնն ու արժէքը դիւցազնական է: Մի տիպիկ յեղափոխական էր նա իր խառնւածքով ու գործելակերպով: Մի մաքուր իդէալիստ հասարակական բարոյական հարցերում: Այսպէս էր մեր Վաչօն:
Ծայրայեղ իդէալիստ, գործ ստեղծող ու կատարող, յեղափոխական գործերի սիրահար, որ հիմնաւորում էր տեսականօրէն անգամ, եւ իր ապրելաձեւով ու վարմունքով դերւիշական էր միանգամայն:
Այս բոլորի մարմնացումն էր Ալափարսի Ներսէս «աղայի» որդին՝ մեր Վաչօն:
Հանգի՜ստ նրա ոսկորներին:
Փառք նրա կորովին ու գործին:
ՎԱՉՕ
Ալափառս գիւղից էր, լեռնցի, մարտական իր ամբողջ խառնւածքով: Երեւանի գիմնազիայում 1905-1906 թւականներին աշակերտական բոլոր հաւաքոյթների, ձեռնարկութիւնների հոգին էր կազմում: Սակայն մենակ չէր՝ երեք էին. միշտ միասին, անբաժան. Տարբեր բնաւորութեամբ, խառնւածքով, բայց գերազանցօրէն իրար լրացնող: Անցան դաշնակցութեան բովով, տեսան, լսեցին Գալուստին ու Դումանին՝ մեր առաջի շրջանի պատկանող գաղափարական յեղափոխականներին եւ ճշտօրէն ըմբռնեցին ու իւրացրեցին այն տոկուն ու յամառ բնաւորութիւնը որ ունէին այդ ուսուցիչները:
Երեքին էլ կարծես վիճակւած չէր տեսնել ներկայ ազատո ւ փայփայանքի առարկայ եղած օրերը:
Ընկերներից Համիկը՝ բնաւորութեամբ աւելի քնքոյշ, սրտով աւելի զգայուն, տառապեց Մետեխում, բայց ազատւեց ու անցաւ արտասահման կրթութիւնը շարունակելու, սակայն հիւանդացաւ թոքախտով, ու մեռաւ Դիլիջանում: Նորայրը՝ այդ Ռուսական դպրոցներում սովորող աշակերտութեան պատիւ բերող երիտասարդը. իր ընդունակութեամբ, կազմակերպչական շնորքով, բնաւորութեան ազնւութեամբ, բոլորի սէրն ու յարգանքն էր վայելում: Մշտապէս զբաղւած էր կազմակերպչական գործով եւ հէնց դրա համար, լրտեսները նրան հանգիստ չէին տալիս: Նա ստիպւած անցաւ պարսկաստան՝ Թեհրան, որտեղ կարճ ժամանակամիջոցում ստեղծեց իր շուրջը մեծ համակրութիւն, եւ տեղական կուսակցական կեանքի առանցքը եղաւ: Նա էլ չտեսաւ ազատ Ռուսաստանը:
Երրորդը՝ Վաչօն էր սիրահար յանգուգն ակտերի, արկածասէր ու միշտ գործի մէջ: 1909-10 թուականներին էր, երբ Երեւանում մատների վրայ կարելի էր համրել կուսակցական ընկերներին, երբ տեղական ժանդարմերեան հանգիստ չէր տալիս տեղական ընկերներին եւ անօրինակ ճնշումներ գործ դնում քաղաքական կալանաւորների վրայ, երբ րէակցիան իր ամենաուժեղ շրջանն էր ապրում, Վաչօի մասնակցութեամբ էր, որ կատարւեցին մի քանի յեղափոխական ակտեր, որոնք պատիւ կարող էին բերել իւրաքանչիւր յեղափոխական կուսակցութեան: Բռնւեց Վաչօն, դատեցին ու դատապարտեցին 20 տարի տաժանակիր աշխատանքի:
Եօթ տարի բանտում տառապելուց յետոյ, ռուսական յեղափոխութիւնը բացեց քաղաքական յանցաւորների առաջ բանտերի դռները եւ բազմաթիւ բանտարկեալների հետ ազատւեց եւ Վաչօն: Սակայն բանտը մաշել եւ հիւծել էր նրան եւ ազատւելուց 3-4 օր յետոյ մեռնում է Սմալենսկւոմ հեռու հայրենի երկրից:
Այս ազատութեան օրերին երբ մենք վայելում ենք այդ վաղուց սպասած հասարակարգը, արժէր, որ յիշէինք մեր այն ընկերներին, որոնք ընկան այդ հասարկարգը դարբնելու ճանապարհին: