Լո՛ւռ. մի՛ մրմնջար. Քայլիր հանդարտ, ընկեր. տղամարդի կրծքից թռած հառաչը ժպիտ է բերում չար բախտի դէմքին: Ձիւնոտ այս լեռը պիտի անց կենանք. չէ՞ միւս կոմից է բերում մեզ քամին ողբ ու հառաչի աղեխարշ ձայներ. այնտեղ կ'ասես ձորերն են տնքում. սղմիր հրացանդ թարմ վէրքիդ վրայ, պի՛նդ, պի՛նդ, և առաջ քայլենք: Նոր տարին մօտ է. չլինի թէ նա հասնի և մեզ թոյլ ու ընկճւած տեսնի: Տե՜ս, երբ այն պլպլան աստղը այս լեռան կատարին հասնի, այն ժամանակ Նոր տարի կը լինի...
Վերելքը ծանր է, ճանապարհը երկար, բայց շատ ենք անցել: Լո՜ւռ քայլիր, ընկեր. առաջդ լաւ նայի՛ր. ձեանը չհաւատաս. ինչպէս երբեմն սրտերի քէնը, հոգիների թոյնը մարդիկ ծածկում են նենգ ժպիտների խաբուսիկ քօղով, այդպէս էլ ձիւնի սպիտակ սաւանը պաղ գեղեցկութեան դաւաճան քօղի տակ անդունդ է ծածկում մեր ոտքերի տակ: Այսքան քայլել ենք և ի՜նչ օրերով,– մեղք է, որ Նոր տարուան մօտիկ յանկարծ կուլ գնանք մի խորխորատում: Տե՜ս, աստղը հեռու չէ լեռան կատարից. էլի մի փոքր, և Նոր տարի կը լինի...
Ի՜նչ ցուրտ է, ընկե՛ր. գիտեմ, մրսում ես: Դէ՛ մենակ մենք չենք. քանի՜ քանիսները մեզ պէս մրսում են, դողում, սարսռում. ձմեռ է պատել մեր ողջ երկիրը. որբեր, այրիներ, դողում են ցրտից, և ծերերն իրենց չորացած բազուկները ծոցերում կծկած՝ դողում են, դողում: Եւ ում որ միսը չի դողում, ում պարարտ մարմինը պատած է ոսկու եւ արծաթի զրահով, նրա էլ հոգին է մրսում, հոգին է դողում: Եթէ որ մենք էլ նրանց պէս դողանք, էլ ո՞վ պիտի դիմաւորի Նոր տարուն: Տե՜ս, աստղը մօտ է լեռան կատարին, և Նոր տարին հեռու չէ մեզնից...
Էլի մրմնջացիր. ցաւո՞ւմ է վէրքդ. կեցի՛ր, իմ ընկեր, թո՛ղ որ իմ շնչով մի փոքր փչեմ, տաքացնեմ նրան: Հաւատա, ընկեր, մտերմի շունչին. նա փրկարար է, վէրք է բժշկում, հոգի է տալիս, սիրտ է տաքացնում, բոցեր է վառում: Թո՛ղ, թո՛ղ որ փչեմ այդ վէրքիդ վրայ. հաւատա, հոգիս, այդ հզօր ճար է. ա՛յ այս լաթովս էլ կը կապեմ վէրքդ... այսպէս լա՞ւ է. այժմ հանգի՞ստ ես. դէ՛հ բռնիր հրացանդ. փողը դեռ տաք է. պինդ սղմիր ձեռքիդ. Լաւ չէ, որ Նոր տարին քեզ առանց հրացան տեսնի: Տե՜ս, աստղը մօտ է. էլի մի փոքր և Նոր տարի կը լինի...
Մռայլ է չորս կողմներս, խաւարը թանձր. լուռ է ամէն ինչ, ասես մեռել է ողջ տիեզերքը. սարսափը խաղում է աշխարհի վրայ, մարդիկ վախում են ձայն տալ իրարի, նոյնիսկ մոռացել են, թէ Նոր տարի է գալիս. ցաւերի մեծ բեռը մէջքերին դրած՝ արիւնոտ շրթունքներով ժպտում են երկիւղից բռնութեան դէմքին և սարսափի հանգստի մահաբեր ծոցում լռել են, մնջել և սպասում են... Ինչի՞... հրաշքի... Անմիտի գլխին՝ բարիքով ամուլ ու չար երկինքը միայն շանթ ու փոթորիկ ունի: Եթէ որ մենք էլ նրանց պէս լռենք, ո՞վ պիտի դիմաւորի Նոր տարուն: Դէ, քայլիր, ընկեր...
Դեռ արշալոյս էր, երբ ճանապարհ ընկանք: Քանի՜ հոգի էինք. այժմն մնացել ենք երկուսով միայն: Որքա՜ն ենք քայլել. ծանր էր ճանապարհը. ստոր մատնութիւնը բռնութեան արիւնոտ թաթիցը բռնած քայլում էր մեր յետևից. որքան զոհ տւինք. բուքն ու փոթորիկը խլեցին տարան. ցուրտն ու խաւարը մէկէն կուլ տւին... Մենք ենք մնացել, զոյգ ասպտամբներ. ի՜նչ փոյլ թէ քիչ ենք. ամէն ընկնողի վերջին հառաչից մենք հիւսել ենք մեր վայրենի երգը. նրանց զայրոյթը թունոտ կաթիլներով մենք համեմել ենք մեր ատելութիւնը չար բռնութեան դէմ. նրանց մեծ սրտի սրբազան բոցից մի մի շիթ խլած մեր ըմբոստ ոգու թևերն ենք հիւսել և սլանում ենք վրէժի շնչով՝ ուր կանչում է նւիրական պարտքը. մենք կը չանգռենք յուսահատութեան խոպան, կոշտացած հողը և նրա կրծքին կը ցանենք յուսոյ սերմերը արիւնոտ ձեռքով... Քայլիր, ընկեր: Մօր է աստղը: Տե՜ս, երբ նա այս լեռան կատաիրն հասնի, այն ժամանակ կէս գիշեր կը լինի, Նոր տարի կը լինի...
Կանգ առ մի փոքր: Այս ի՞նչ պատահեց. խաւարը սաստկացաւ. տես, ընկեր, աստղը ծածկւեց կատարին չհասած. այն մռայլ ամպը իր սև ծոցի մէջ կուլ տւեց նրան: Մօտալուտ տարւայ պլպլան նշանն՝ էլ չենք տեսնում. էլ կա՞յ այս երկրում մի ուրիշ նշան, որ մենք իմանանք Նոր տարու մուտքը: Ե՞րբ կը գայ նա և երբ կ'անցնի, այդ մենք չգիտենք, թէ ինչպէս գալիս է ու անցնում մեր գլխով Նոր տարին. թող այս էլ անցնի: Բռնութեան ճիրաններում կեանքը մեր երկրում դարձել է արիւնոտ ժամերի մի շարք. ի՜Նչ ասել է այստեղ Նոր տարի, երբ օրերը սև են, հողերը կարմիր... Խաւարը թանձրացաւ. մռայլը ճնշում է. ցուրտը սաստկացաւ, ասես ժայռերն էլ են ցրտից դողդողում... Ահա և լեռան կատարը. հասանք վերջապէս: Տե՜ս այնտեղ ներքևում սև սև ստւերները. գիւղեր են նրանք. լուռ են ու մեռած. աստղի Նոր տարին չի կարող տալ նրանց կենդանութիւն. երկնքից իջնող լուսոյ շողերը միշտ փոփոխական են և անհաստատ, ինչպէս երկնքից իջած ձրի շնորհը, որով դեռ ոչ ոք երջանիկ պի եղե երկրիս երեսին...
Փոյթ չէ այդ, ընկեր. իջնենք վար շուտով. թողնենք երկինքը հանգիստ իր տեղում. հրացանի բոցով պատռենք խաւարը. գնդակի որոտով խռովենք այս հոգեհան լռութիւնը. խօսենք այն լեզւով, որ ամէնասոսկալին է բռնութեան համար, ազատութեան լեզւով, որոտի լեզւով, շանթերի լեզւով. կռւի գոռոցի մէջ խեղդենք բռնութեան լպիրշ քրքիջը. քանդենք այս գիւղերի լեզւի կապանքը. մի փոքրիկ կայծ դնենք նրանց շրթունքներին. մի փոքրիկ բոց դնենք նրանց սրտերում. չորացնենք այնտեղ լացի աղբիւրը, և այն ժամանակ մենակ չենք մնայ, և այն ժամանակ կը գայ իսկական Նոր Տարին. փոյթ չէ՝ թէ այն աստղը ծածկւի ամպերով. փոյթ չէ նոյնիսկ՝ եթէ ողջ երկինքը կորչի խաւարում...