28 December, 2022

Տերրօր. Սախարով

1904 թւի դեկտեմբերի 3-ին, երեկոյեան ժամը 9-ին, Թիֆլիսի փողոցներից մէկում երկու գնդակի մահացու հարւածով ընկաւ ոստիկանական ծառայող (ականլօգոչնի նադզիրատել) Տէր-Սահակովը: ...

Ուղիղ 12 օր յետոյ, դեկտեմբերի 15-ին (հին տոմարով) Տէր Սահակովի բախտին արժանաւաց Շուշի քաղաքում ոստիկանապետ Սախարովը: Սա որպէս աւելի բարձր պաշտօենայ, աւելի վնասակար արբանեակ հանդիսացաւ միապետութեան: Սա չէր բաւականանում ոստիկանական սովորական կամայականութիւններով եւ հարստահարութիւններով, այլ ամէն ջանք գործ էր դնում սիստէմատիքաբար թշնամութիւն սերմանելու երկու հարեւան ազգութիւնների՝ հայերի եւ թիւրքերի մէջ, կռւեցնելու նրանց իրար հետ եւ այդպիսով երկուսին խեղդելու գործն էլ հեշտացնել:

Այդ նպատակով նա չքաշւեց մինչեւ անգամ հրաւիրել թիւրք հասարակութեան յայտնի ներկայացուցիչներին եւ նրանց բացարձակապէս գրգռել հայերի դէմ, բարդելով վերջինների վրայ մի շարք անհիմն մեղադրանքներ: Նա ստիպում էր թիւրքերի գլխաւորներին՝ թիւրք ամբոխի ատելութիւնը գրգռել հայերի դէմ: Սակայն բարեբախտաբար թիւրքերի գլխաւորները այնքան հեռատես են գտնւել, որ չեն ենթարկւել այդ հրէշի մեքենայութիւններին եւ չեն ընկել նրա թակարդը, ապա թէ ոչ կարող էր սոսկալի եւ ցաւալի ընդհարումներ առաջ գալ երկու դարեւոր հարեւան ազգութիւնների միջեւ:

Բայց Սախարովը այնուամենայնիւ հանգիստ չէր մնում. նա յատկապէս մահմէտական լեզգիներ բերել տւեց Դաղըստանից լրտեսութեան համար եւ զինելով նրանց, իրաւունք տւեց տեղն եկածին խփել: Լեզգիները շլացած ոստիկանապետի այդ ուշադրութիւնից եւ տւած իրաւունքից՝ պտտում էին քաղաքում սպառնական դիրք բռնած, եւ պատրաստ զարկելու որոշ անձնաւորութիւնների: Այլեւս դժւար էր համբերել՝ լեզգիներից ամենավտանգաւորը եւ ամենաեռանդոտը ենթարկւեցաւ տէռօրի: Նամակ ղրկւեցաւ Սախարովին, որ միւսներին հեռացնի 24 ժամում ու ինքն էլ հեռանայ Շուշուց երկու շաբաթւայ ընթացքում: Միեւնոյն ժամանակ նամակ գրւեցաւ բարձր իշխանութեան, յայտնելով Սախարովի բռնած ընթացքի մասին եւ պահանջելով, որ նրան հեռացնեն, որպէս զի անախարժութիւններ առաջ չգան: Սակայն բարձր իշխանութիւնը աւելորդ համարեց ուշադրութեան առնել այդ լուրջ հանգամանքը, թերեւս ուրախ, որ Սախարովի պէս գործունեայ ագենտ ունի: Իսկ ինքը Սախարով թէպէտ անմիջապէս հեռացրեց մնացեալ լեզգիներին, սակայն իր հեռանալը աւելորդ համարեց: Բաւական չէ այդ.– լեզգու սպանութիւնն էլ նոր առիթ դարձրեց, գրգռելու թիւրքերի ատելութիւնը հայերի դէմ, լուր տարածելով, որ հայերը սպանել են լեզգուն մահմէտականների դէմ ունեցած ատելութիւնից դրդւած: Գաղտնի կօմիտէն շտապեց փարատել թիւրքերի կասկածը եւ պարզեց իրողութեան աստառը: Միաժամանակ վռւեց իրագործել Սախարովի վերաբերեալ վճիռը եւ տէռօրիստի անշեղ հարւածները օրը ցերեկով մեծ փողոցի վրայ վերացրին նրան այս աշխարհից, ազատելով շուշեցիներին այդ պատուհասից:

Թող լաւ գիտենան միապետութեան գործակալ Տէր-Սահակովներն ու Սախարովները, ով եւ լինեն, որ նրանց գլխին ամէն րոպէ դամօկլեան սրի պէս կախւած կայ տէռօրիստի դաշոյնը՝ ժողովրդեան վրէժխնդրութեան մահացու թոյնով թաթախւած...

Հ.Յ.Դ. Կովկաս. Պատասխ. Կեդրոնական Կօմիտէ

Պաշտօնական Ազդեր. Երկու Տէռօր
«Դրօշակ» - Ապրիլ 1905
Թիւ 4 (157)