14 February, 2023

Տերրօր. Մխիթար Բաւօեան

Կազմակերպական Ազդեր

Հ. Յ. Դաշնակցութեան Կովկասեան Ահաբեկիչ Մարմնի վճռով ահաբեկումի ենթարկւեց Օսմանեան Հայաստանի Բուլանըխ գաւառի Կոփ գիւղացի Մխիթար Բաւօեանը (Մխօ), իր կատարած մատնութիւնների, բռնաբարութիւնների և իր համագիւղացիների վրայ գործ դրած անլուր կեղեքումների համար:

Երկրի և Կովկասի դաշնակցական մարմինների հաղորդած տեղեկութիւններից, ինչպէս և կատարւած հարցաքննութիւններից երևաց, որ Բաւօեան Մխիթարը Կոփ գիւղում իր երկարամեայ գրագրութեան միջոցին կատարած է, իմիջի այլոց, հետևեալները.

1) Նորածին երեխաների ծնունդը մատնել է կառավարութեան գլխահարկի ենթարկելու համար նրանց: Յղի կանանց արձանագրել տւած է, իբրև տղայ զաւակ բերողներ՝ նոյն նպատակով:

2) Վաղուց մեռած մարիդկ իբրև ողջ յայտարարելով, նրնաց տուրքը գանձել տւած է ազգականներից:

3) Կոփ գիւղը ապաստանած բազմաթիւ ռշտունի պանտուխդները իբրև տեղացի արձանագրել տւած է, նրանցից տուրք առնելու համար: Նրանց փախչելուց յետոյ, այդ արձանագրութեան զօրութեամբ, Կոփ գիւղը մինչև այսօր էլ վճարում է նրանց տուրքը:

4) Օլամը միշտ բեռցնում էր խեղճ և աղքատ գիւղացիների վրայ: 1899-ին գիւղացիներին ստիպեց ձրի փոխադրելու պետական ցորենը, և կառավարութիւնից ստացւած փոխադրագինը 15,000 ղրուշ ինքը գրպանը դրեց: Երբ բողոքներ եղան, նրանց մատնեց իբր և սուլթանին հայհոյողներ:

5) Տուրքերի հաւաքման ժամանակ, չունեցողներին ստիպում էր փոխ առնել զինւորներից, մէկ մէճիտի փոխարէն մէկ քիլէ ցորեն սալաֆ տալու պայմանով:

6) Գրագրութիւնից երբ պաշտօնանկ եղաւ, կառավարութեան պարտք դուրս ելաւ մօտ 60,000 ղուրուշ, որը գանձեց իր «երաշխաւորներից», որոնց կնիքները կեղծած էր, նրանց տունն ու արտերը ծախու հանւելով:

7) Հարկահանութեան միջոցին, Մխօն միանալով հարկահանների հետ, կատարում էր ամեն տեսակ լրբութիւն անպաշտպան կամ այրի կանանց նկատմամբ:

8) Յականէ-յանւանէ յայտնի են բռնաբարութեան ինը դէպքեր, կատարւած Մխօի ձեռքով, վկաներով հաստատւած:

9) Մխօն հալածում էր յեղափոխական երիտասարդներին, հմուտ լինելով նրանց բռնելու ժողովի միջոցին:

10) Նրա մատնութեամբ իբր յեղափոխական բանտարկւեցին չորս գիւղացիք, որոնցից երկուսը մեռան բանտում, միւս երկուսը 101 տարւան բանտարկութեան դատապարտութիւն են կրում այժմս:

Ահաբեկիչ մարմինը, հիմնաւոր և ապացուցւած գտնելով բոլոր ամբաստանութիւնները, որոնց գլխաւորները միայն առաջ բերած են այստեղ – արձակեց մահւան դատավճիռ:

Հ. Յ. Դ. Ահաբեկիչ Մարմին
14 Փետրւար

«Դրօշակ» - Մարտ 1908
Թիւ 3 (191)