17 May, 2023

Կազմակերպական Ազդեր. Առիւծ Աւագի ահաբեկումը

Ընկերներ եւ քաղաքացիներ.

Հ. Յ. Դաշնակցութեան Չորրորդ Ընդհանուր Ժողովի ուշադրութիւնից վրիպած չէին այն բազմատեսակ վրդովիչ կեղեքումները, որոնց ենթակայ էր եւ է տակաւին մասամբ՝ Կարսի շրջանի հայ գիւղացիութիւնը մի խումբ ինքնակոոչ «յեղափոխականների» կողմից: Դրանց շարքում գտնւում էին նաեւ մի քանի նախկին դաշնակցականներ, որոնք շարունակում էին մութ անկիւններում շահագործել կուսակցութեան անունը:

Իրերի այս արգահատելի կացութեան մի դարման տանելու նպատակով, Ընդհ. Ժողովը մասնաւորապէս յանձնարարեց Հ. Յ. Դ. Կովկասի Ահաբեկիչ Մարմնին հարկաւոր միջոցները ձեռք առնել՝ մաքրելու Կարսի շրջանը այդ կեղեքիչներից:

Ահաբկիչ Մարմինս ի լրումն անցեալ 1907-ի գարնան եւ ամառւան մէջ ձեռք առած արտակարգ միջոցներին՝ որոնք մասամբ միայն կարող էին զգացտացնել այդ չարագործներին, վերջերս դիմեց աւելի կտրուկ միջոցի:

Գրաւոր կերպով պահանջ դրւեց այդ զեղծարարների պարագլուխներից նշանաւորին՝ խլաթցի Աւագին (մականունով «Առիւծ») մինչեւ մայիս 20 հեռանալ իր խմբով դէպի Բաթում այնտեղ սպասելով Քննիչ Ատեանի հրաւէրին: Հակառակ այն յօժարութեան որ Աւագը կանխաւ յայտնել էր թէ գրաւոր կերպով եւ թէ իր մէկ ազգականի միջոցով ենթարկւելու կազմակերպութեան որոշումներին – նա ո՛չ միայն մերժում է ատեանի հրաւէրը, այլ եւ հրապարակաւ նախատալից հայհոյանքներ է թափում յեղափոխական կազմակերպութեան հասցէին:

Ուստի Ահաբեկիչ Մարմինս նկատելով,

Որ Խլաթցի Աւագը իր գլխին հաւաքելով անգործների մի խմբակ չարաչար կեղեքում է գիւղացիներին Հ. Յ. Դաշնակցութեան լիազօր խմբապետի անունով,

Որ նա կատարել է բազմաթիւ բռնաբարութիւններ,

Որ նա կատարել է կամ մեղսակից է եղել անմեղների սպանութեան,

Որ նա իր ներկայութեամբ Կարսի շրջանում քաջալերում է հակայեղափոխական եւ աւազակային տարրերի զարգացումը,

Որ նա, հակառակ մինչեւ հիմա իրեն նկատմամբ ցոյց տրւած ներողամտութեան, ոչ միայն չէ ուղղւել, այլ օրից օր եւս աւելի լրբացել ու անբարոյացել, եւ իր շահատակութիւնների անպատիժ մնալովը,

Վնասել Հ. Յ. Դաշնակցութեան հմայքին,

Ահաբեկիչ Մարմինը միաձայն որոշեց մահւան պատժի ենթարկել նրան:

Մայիս 17-ին ահաբեկիչների խումբը գործադրում է վճիռը հրացանազարկ անելով Աւագին եւ նրա երկու ընկերներին Համբարձումին եւ Մաւրակցի Գրիգորին, որոնք փորձում էին պաշտպանել նրան:

Յայտնելով այս բոլորը իլուր հասարակութեան, Ահաբեկիչ Մարմինս ներկայից պահանջում եւ հրամայում է բոլոր նրա նմաններին, որոնք բոյն են դրել Կարսի շրջանում, անմիջապէս ձգել հեռանալ այդ շրջանից: Հակառակ պարագային, այս առաջին ազդարարութիւնից յետոյ, նրանց անունները պիտի հրատարակւին եւ նրանց նկատմամբ եւս ձեռք պիտի առնւին խստագոյն միջոցները:

Առիթից օգտւում ենք մի անգամ եւս յայտարարելու որ Դաշնակցութիւնը ոչ մի խմբապետի իրաւունք տւած չէ Կարսի շրջանի գիւղերում նստելով դատ վարելու, տուգանք ստանալու եւայլն:

Հրաւիրում ենք հասարակութեանը անխնայ հալածել եւ խփել բոլոր նոյն կարգի զեղծարարներին, որոնք գալիս են բռնի պահանջներ անելու, Դաշնակցութեան կամ յեղափոխութեան անունից:

Ժամանակ է վերջապէս որ հասարակութիւնը ինքն էլ կազմակերպւի իր սեփական ուժերով, պաշտպանելու իր գոյքն ու պատիւը ամեն տեսակ խաչագողների եւ դրամաշորթների դէմ – որպէսզի Դաշնակցութեան ձեռք առած միջոցներն էլ պսակւին վերջնական յաջողութեամբ, ունենան տեւուն հանգամանք, վերահաստատելով Կարսի շրջանում նախկին խաղաղութիւնը եւ բեղմնաւոր աշխատանքը:

20 մայիսի 1908 թ.
Հ. Յ. Դ. ԿՈՎԿԱՍԻ ԱՀԱԲԵԿԻՉ ՄԱՐՄԻՆ

«Դրօշակ» - Յունիս 1908
Թիւ 6 (194)