20 May, 2023

ԿԱՐՕ. Համբարձում Աղաջանեան

Նկարը՝ Համբարձում Աղաջանեան, ետնանկարը՝ Խմբապետ Միհրան

Համբարձում Աղաջանեանը աստրախանցի էր. ծնւել է 1877 թւին: Նրա հայրը, Մկրտիչ, արհեստով դերձակ էր. նա առաջին ամուսնութիւնից ունէր երկու աղջիկ. իսկ երկրորդ ամուսնուց միմիայն Համբարձումն է:

Վերջինիս ծնւելուց անմիջապէս յետոյ մեռնում է մայրը եւ երեխային վերցնում են պահելու մօտ ազգականները: Նախնական կրթութիւն նա ստացել է Աստրախանի ծխական ուսումնարանում եւ այնուհետեւ տեղափոխւում է Աստրախանի Հայոց Արհեստաւորաց ուսումնարանը իբրեւ գիշերօթիկ սան. այնտեղ նա սովորում է հիւսնուիթւն: 1893 թ. աւարտում է յիշեակ ուսումնարանը եւ սկսում է բանել Աստրախանի արհեստանոցներում իբրեւ հիւսն՝ ամսական 7-9 ր.:

1895-ին թողնելով արհեստը մտնում է Կասպեան ծովի վրայ բանող նաւի մէջ իբրեւ նաւաստի եւ տեղափոխւում է Բագու: Բագւում մտնում է Ալէքսանդր II-ի ծովագնացների ուսումնարանը. Միժամանակ ապրելու միջոց հայթայթելու համար բանում էր նաեւ արհեստանոցներում. այդպէս շարունակւում է մինչեւ 1897 թւի ապրիլ ամիսը:

Այդ ժամանակ Համբարձումը ծանօթանում է Բագւում եղած դաշնակցականների հետ եւ ոգեւորւելով եղած տրամադրութեամբ, թողնում է ամեն բան եւ բուռն կերպով նւիրւում է յեղափոխական գործունէութեան: Քիչ յետոյ վճռում է գնալ մարտական խմբերի հետ երկիր: Նրան իր մտերիմ ընկեր Մկրտիչ Սուլթանեանցի, Աստուածատուր Միրզաեանցի (Կրէտացի) եւ մի քանի ուրիշների հետ 1897 թւի ապրիլ ամսին ուղարկում են դէպի Սալմաստ: Նա մասնակցում է Խաանսորի կռւին. այդ կռւում կորցնում է իր ընկերներին Սուլթանեանցին եւ Կրէտացուն եւ նոյն տարւայ սեպտեմբերին վերադառնում է Բագու, ուր մտնում է ծառայութեան Բալախանում եւ մինչեւ 1904 թիւը անցնում է համեմատաբար խաղաղ կեանք:

1904 թ., երբ կուսակցութիւնը համախմբում էր իր ուժերը երկրում եւ թէ որոշ կէտերում ձեռնարկներ անելու, Կարօն թողնում է ծառայութիւնը եւ իրան դնում է կուսակցութեան տրամադրութեան տակ: Նոյն թւի մայիս ամսին նա կուսակցութեան յանձնարարութեամբ անցնում է Բուլղարիա, այնտեղից Պօլիս եւ մի շարք այլ վայրեր. Նոյն 1904 թւի նոյեմբերին վերադառնում է Բագու, ուր նոյնպէս ամբողջապէս իրան նւիրում է կուսակցական գործունէութեան եւ առ հասարակ մինչեւ իր կեանքի վերջը ապրում է բացառապէս կուսակցական կեանքով:

Բագւում եւ Կովկասում նրա վրայ դրւած է եղել բազմապիսի յանձնարարութիւններ. կազմակերպել է Կենտր. Կօմիտէի յանձնարարութեամբ մարտական խմբեր եւ մի շարք ահաբեկումներ. ճանապարհորդել է Հիւսիսային Կովկաս եւ այլ վայրեր, իբրեւ «Փոթորիկի» ներկայացուցիչ: 1907 թւին, երբ նա գտնւում էր կովկասեան հանքային ջրերում, նրան յանձնարարւեց կազմակերպել Մ-ի (Բաբերդցի Միհրանի) եւ իր ընկերների ահաբեկման գործը: Չը նայելով որ հիւանդ էր ոսկրացաւով եւ ջղերի քայքայումով, Կարօն անմիջապէս կլանւեց այդ գործով: Մի քանի անգամւայ պատահած անյաջողութիւնը նրա վրայ շատ ծանր էր ազդել ու ճնշում էր նրան, երբ Պեատիգօրսկում մահափորձը չի յաջողւում եւ Մ-ն տեղափոխւում Եալտա՝ Կարօն էլ անմիջապէս ընկերներով գնում է նոյն վայրը: Այնտեղ մի մահափորձ կատարելուց յետոյ նա մի քանիսի հետ բռնւում են եւ տեղափոխւում Սիմֆերօպօլի բանտը: Ամբողջ 10 ամիս բանտում մնալուց յետոյ, 1908 թւի մայիսի 20 Սեւաստապօլում զինւորական դատարանը 7 հոգու, որոնց մէջ եւ մի կին, մահւան է դատապարտում: Ի վերջոյ Կարօին, Մարտիրոսին եւ ռուս Բագրօվին իբրեւ ղեկավարների կախաղան են բարձրացնում, իսկ միւսների մահւան պատիժը փոխում:

Թէ բանտում մինչեւ դատը եւ դատից յետոյ, Կարօն եւ իր բոլոր ընկերները իրանց պահել են շատ արիաբար, որի մասին վկայում են Կարօի գրածները բանտից եւ թէ նրա մահից յետոյ բանտից ստացած ընկերների նամակը, ...:

Կարօի դատապարտւելուն մեծապէս նպաստել են Միհրանի մատնութիւնները, որ ճանաչելով Կարօին ցոյց է տւել՝ որ նա է եղել իր դէմ մահափորձեր կազմակերպողը եւ մի շարք այլ ահաբեկումների հեղինակը: Կարօն բանտում յայտնի էր Կարապետ աւագեան անունով եւ մինչեւ վերջն էլ իր իսկական անունը չը յայտնեց կառավարութեան:

«Դրօշակ» - Նոյեմբեր-Դեկտեմբեր 1908
Թիւ 11-12 (198)