06 October, 2023

Տիկ. Անահիտ-Եփրեմի Մահը

Երկարատեւ եւ ծանր հիւանդութիւնից յետոյ, հոկտեմբեր 7-ի առաւօտեան ժամը 6ին վախճանուեց տիկին Անահիտ Եփրեմը:

Նոյն օրը ժամը 4-ին դիակը տարուեց Դարվազա Ղազւինի Ս. Գէորգ Եկեղեցին եւ ապա կիրակի, հոկտեմբեր 8-ին, Սբ. Պատարագից յետոյ, դագաղը առաջնորդուեց Հայոց դպրոցը, ուր դրուեց իր մեծանուն ամուսնու – Եփրեմի գերեզմանաքարի վրայ ուր կատարուեց մաղթանք:

Ապա խօսեց պ. Յ. Թադէոսեանը, ասելով ի միջի այլոց, որ հակառակ տիկին Անահիտի կենսագրականի մասին իրեն արուած հարց ու փորձին, այնուամենայնիւ նրա կեանքից շատ քիչ բան գիտենք:

Սակայն մի բան յայտնի է մեզ բոլորիս, որ տիկին Եփրեմը, ինչպէս առհասարակ սովորական կանայք են լինում, ծանր քար չեղաւ՝ կախուած Եփրեմի փեշերից՝ արգիլելու եւ խափանելու համար նրա յեղափոխական եւ ազգային-հասարակական գործունէութիւնը: Ընդհակառակը, հանգուցեալը իր ամբողջ հոգով ու մտքով նուիրուեց իր ամուսնուն, եղաւ նրա օգնականն ու նեցուկը եւ բաժանեց մեծ յեղափոխականի գործունէութեան ընթացքում նրա ուրախութիւններն ու դառնութիւնները:

Եփրեմի մահից յետոյ էլ նա երկիւղածութեամբ պահեց ու գուրգուրեց այն բոլոր յիշատակները, ինչ որ մնացել են մեծանուն հայի կենդանութեան օրից: Նրա տունը այս րոպէիս ներկայացնում է Եփրեմի յիշատակներով լեցուն մի թանգարան, որոնց ամէն մէկ իրի վրայ դուք կը նկատէք փայփայանքի եւ հոգատարութեան խնամքոտ ձեռքի ներկայութիւնը, որի շնորհիւ եւ հնարաւորութիւն է ստեղծուած ուսումնասիրելու, լրիւ գաղափար կազմելու նրա հանգուցեալ ամուսնու մեծածաւալ գործունէութեան մասին: Հէնց այս արժանիքները բաւական են, որ մենք յայտնենք մեր երախտագիտութեան զգացմունքներն հանգուցեալի թարմ աճիւնի առաջ եւ վերջին յարգանքը տալով նրան ասենք՝

Հանգիստ ոսկորներիդ, տիկին Անահիտ:

Դամբանականից յետոյ նոյն խուռն բազմութեամբ դագաղը առաջնորդուեց Դուլաբի գերեզմանատուն, ուր եւ ամփոփուեց:

Ք–զադէ
«Ալիք», Թեհրան
Չորեքշաբթի, 11 Նոյեմբեր 1931
Ա. Տարի, Թիւ 33