11 October, 2023

Մեր Յորդանսը

Նոր տարի է... Համայնական մեծ տօն... Եւ ինչ որ գլխաւորն է հաշւետւութեան օր: Հաշւետւութիւնը ամբողջ մի տարւայ երկար օրերի, շաղկապւած ո՛չ միայն մարդու անհատական կեանքի պայմաններու հետ այլ եւ իրեն անմիջապէս շրջապատող եւ աւելի հեռուն գտնւող դէպքերի ու երեւոյթների յիշատակներով:

Հայ նորագոյն պատմութեան շրջանում, 1915 թիւը բացառիկ տեղ պիտի գրաւէ իր սոսկումներուն սեւ էջերով եւ ապագայ պատմաբանը զուր պիտի փնտռէ հայ պատմութեան նոր շրջանում նրա նման երկրորդը գտնել, ուր հայ կեանքը ընդվզումների այնքան երկար շարան ապրած լինի, ինչպիսին ապրեց 1915 թիւը:

1895-96 թւականներն անգամ իրենց ահռելի յիշատակներով նսեմանում են 1915-ի սոսկումների առաջ, որոնք իւրաքանչիւր օրւայ յիշատակարանը բացի անմեղ զոհերու արիւնալի արձանագրութիւններից ուրիշ ոչինչ չէ պարունակում, իսկ ամբողջութիւնը միասին վերցրած ներկայացնում է ամենալաւ վկայականը «Երիտասարդ Թուրքերու» ոճրագործ քաղաքականութեան եւ անորակելի գազանութիւններու, արդիւնք թուրք վանդալականութեան սահմանադրական րէժիմի, վաւերացրւած Վիլհելմեան կնիքով:

Եւ երբ յետադարձ հայեացք եմ ձգում անցած տարւայ երկար օրերին, հիւսւած մեր թանկագին հարիւր հազարաւոր անմեղ զոհերու յիշատակներով, ընկած հայ ազատագրութեան փշոտ ճանապարհին եւ իրենց պարտականութեան դիրքերում, յիշում եմ դրանց շարքում եւ մի նոր կորուստ, զւիցերուհի հայու, մեր սիրելի Յորդանսի յիշատակը, որին սակայն չվիճակւեց, աւա՜ղ, այնպիսի մահ, ինչպիսի ինքը կցանկանար:

Յորդանսը այդպիսիների շարքին էր պատկանում:

Ո՞վ կարող էր սպասել որ Զւիցերիոյ խաղաղ ընտանիքի այդ ծնունդը, սնւելով ու դաստիարակւելով իր ծնողական յարկի տակ, կեանքի պայմաններու տնտեսութեամբ պիտի հեռանար ու օտարանար իր հարազատներից եւ հարազատը դառնար օտարների, որոնց մասին թերեւս երբէք էլ չէր երազել իր կեանքում:

Ուսուցիչ ու ուսուցչուհի ծնողաց խնմաքի տակ՝ Յորդանսը աւարտելով իր ծննդավայր Օնէ գիւղաքաղաքի – Ժընեւի կից – միջնակարգ դպրոցը եւ հետեւելով իր ծնողաց օրինակին, ոտ է կոխում ուսուցչական ասպարէզը իր քսանամեայ հասակում:

Տանելով հանդերձ բարեխղճութեամբ իր ուսուցչուհու եւ դաստիարակչուհու ծանր պաշտօնները, նա շնորհիւ իր ունեցած եռանդին, հնարաւորութիւն է ստեղծում հետեւելու նաեւ Ժընեւի համալսարանում գրականութեան դասախօսութիւններին, եւ այդ որոշումն է որ դրդապատճառն է դառնում խլելու Յորդանսին իր ապրած միջավայրից եւ ձգելու այն մթնոլորտում որ նրան վիճակւած էր իր կեանքի մնացորդ մասն անցնելու:

Ծանօթանալով Ժընեւի համալսարանում Յոնան Դաւիթեանի հետ – մէկը այն վառվռուն երիտասարդներից, որ հայ ազատագրական շարժման գաղափարներով տարւած՝ եկել էր եւրոպական լուսաւոր մթնոլորտից իր անհրաժեշտ պաշարն առնելու եւ իր ուժերը տրամադրելու իր սիրած գործին – Յորդանսը առիթ է ունենում մօտից ծանօթանալու հայ ազատագրական նորածին շարժման հետ եւ քիչ յետոյ կապելով իր կեանքը իրեն համակրելի երիտասարդի հետ, հայ ասպարէզին նւիրւելու ակտն է անում եւ մինչեւ իր կեանքին վերջին րոպէն հաւատարիմ մնում իր ուխտին:

Եղած աղբիւրներից օգտւելով նա մի կողմից ուսումնասիրելով հայ պատմութիւնը, միեւնոյն ժամանակ մեծ եռանդով սկսում է սովորել հայերէն լեզուն, խոր գիտակցելով նրա անհրաժեշտութիւնը մօտակայ ծրագրի տեսակէտից, որովհետեւ որպէս մանկավարժ նա գիտէր մայրենի լեզւի նշանակութիւնը հայ մատաղ սերնդի դաստիարակութեան համար, որին նւիրւելու ուխտն էր արած իր ամուսնու հետ:

Եւ իր նպատակի իրագործման համար է որ նա ձգում է մայրենի երկիրը, խաղաղ ու անդորր կեանք, ծնողք, ընտանիք, ապահով ապագայ եւ այնքան սիրով օտարութեան ցուպը ձեռքին առած չւում է իր ամուսնու հետ դէպի հեռու Արեւելք – Պարսկաստան – պաշտօնավարելու առաջին անգամ Թաւրիզի հայոց դպրոցում, ուր հասնելուն պէս, շնորհիւ իր զւիցերուհու տիպին յատուկ հեզ բնաւորութեան, սիրւում ու մեծարւում է ոչ միայն աշակերտական ու ուսուցչական այլ եւ նոյնիսկ ամբողջ հասարակական շրջանից:

Այդ օրից սկսած նա ապրում է անդադար հայ միջավայրում եւ որպէս ուսուցչուհի հաւատարիմ մնում իր կոչման, պաշտօնավարում է երեք անգամ Պարսկաստանում Թաւրիզի Լիլաւա թաղի հայոց դպրոցում, երկու անգամ Տփխիս (Թիֆլիս)՝ Յովնանեան դպրոցում, այդտեղ նա մասնակցում է նաեւ հայուհեաց ընկերութեան եւ աչքի ընկնում իր դէպի գործ ցոյց տւած ջանքերի համար: Մասնաւորապէս Թաւրիզի, Տփխիսի եւ Բագւայ ինտիլիգենտ շրջանները, ուր նա եղել է եւ թողել է իր ամենալաւ յիշատակները, սրտի խոր կսկիծով է որ պիտի յիշեն հայացած զւիցերուհու կորուստը:

Տարաբաղդաբար կեանքի անողորմ հարւածները չեն թոյլ տւել Յորդանսին իր ամբողջ եներգիան սպառելու, ի շահ այն միջավայրին, որին նւիրել էր իր կեանքի կէս մասը:

Հազիւ գործի ասպարէզը մտած, թոքախտը բուն է դնում նրա առողջ օրգանիզմի մէջ եւ սիստեմադիկ կերպով իր կործանարար դերը կատարում: Բայց հեռու յուսահատութիւնից, որին երդւեալ հակառակորդն էր, Յորդանսը մաքառելով այդ ահռելի խոչընդոտին դէմ, նրան տեսնում ենք երբեմն երկուքէն երեք տարով Պարսկաստան, Տփխիս կամ Բագու հայ դպրոցական ու հասարակական եռուն աշխատանքի մէջ, երբեմն էլ Զւիցերիոյ հիւանդանոցներում, իր քայքայւող առողջութեան հոգ տանելու ծանր բեռին տակ տնքալիս: Բայց հանգստութեան թէօրիայի այդ ախոյեանը այստեղ եւս պարապ չի անցնում իր օրերը: Նա գիտէր օգտագործել ժամանակը եւ սկսում է մի կողմից ինքնօգնութեամբ սովորել իտալերէն եւ անգլիերէն լեզուները, իսկ միւս կողմից մանկական գրականութեան թարգմանութիւններ կատարել ֆրանսերէնից հայերէն, որոնք այնքան հետաքրքրութեամբ կլանւում են հայ մանուկներից եւ որոնց մէջ աչքի է ընկնում Ֆրանսիս-տը-Փրէսանսէի մօր գլուխ գործոց «Փոքրիկ Մայրը» աշխատութիւնը:

 Շփման մէջ գտնւելով իր կեանքի մեծ մասում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գաղափարական տարրի հետ, հոս առիթ է ունենում ծանօթանալու հայ ազատագրութեան պատմութեան ու գրականութեան հետ. նրա մէջ գնալով խմորւում է նոյնպէս յեղափոխական միտքը եւ այդ ասպարէզին եւս նա նւիրաբերում է իւր ուժերի մի մասը: Նրա սահուն ու կոկիկ գրչին է պատկանում Ակնունիի «Կովկասեան Վէրքեր» խոշոր հատորի Ֆրանսերէն թարգմանութիւնը:

1895ին Սասնոյ ապստամբութեան տարեդարձին նւիրւած իր խրախուսական կոչով, որը լոյս է տեսնում Դրօշակի նոյն թւի նոյմեբերի համարում, Յորդանսը ցոյց է տալիս իր արտայայտած անկեղծ զգացմունքներով, թէ նա որքան հայացած եւ տարւած է հայկական արդար դատով, նա իր կոչը վերջացնում է հետեւեալ պարբերութեամբ. «Ձեր առջեւը դուք տեսնում էք դալկացած եւ արնոտ դէմքերը Սասունի սուրբ մարտիրոսներին, որ կոչում են «եռանդ եւ վրէժ» լսեցէք նրանց եւ եղէք հաւատացած, որ անկումը յաղթութեան կփոխւի»:

Չափազանցութիւնների մէջ մտած չենք լինի ասելով, որ Զւիցերիոյ խաղաղ մթնոլորտը բացառապէս կարող է տալ նրա նման յեղափոխական մտածելակերպ ունեցող անհատներ, մանաւանդ իգական սեռի մէջ. եւ նա մէկն էր այդ սակաւ բացառութիւններից:

Իսկ իր կեանքի վերջին տարեշրջանում թարգմանաբար տալիս է Լօզան հրատարկւող «Bibliotheque Universelle» հանդէսում Ջէյմս Բրայսի «Հաջի Բաբայի Արկածները Պարսկաստանում» վէպի հայերէն թարգմանութեան ֆրանսերէնը, որը լինում է նրա վերջին աշխատութիւնը:

Վերջին անգամ Պարսկաստան – Թաւրիզ – եղած ժամանակ 1912-13 դպրոցական տարեշրջանը լրացնելով, հայ ուսուցիչի տիպին յատուկ այդ զոյգը իրենց քայքայւած առողջութիւնը քիչ կազդուրելու եւ նորից պարտականութեան վայրը դառնալու նպատակով, մի տարի Զւիցերիա գալ հանգստանալու եւ բժշկւելու որոշումն են կայացնում, բայց, աւա՜ղ, չար բաղդը հակառակն է տնօրինում եւ հազիւ այդ չարագուշակ տարին անցած, նա կնքում է իր մահկանացուն Դաշնակցութեան տան մէջ, որին այնքան կցւած էր իր ամբողջ հոգով, եւ երեւի այդ էր պատճառը որ նրա մահացած դէմքը ցոյց էր տալիս այնքա՜ն խաղաղութիւն, կարծես ասելիս լինէր զինքը շրջապատողներին, որ ինքը չափազանց գոհ է որ 25 տարուց յետոյ, առաջին անգամւայ համար իրեն է վիճակւում այդ տան մէջ իր հանգիստը կնքել եւ շրջապատւած լինել, բացի իր հարազատներից նաեւ իր սիրելի հայերից եւ մանաւանդ նրա գաղափարական տարրերից, որոնք հնարաւորութիւն ունեցան իրենց յարգանքի վերջին պարտքը կատարելու:

Թէեւ այսօր երեք ամիս է անցնում նրա մեզ թողնելու օրից, սակայն, երբ յիշում եմ նրա յուղարկաւորութեան այնքան տպաւորիչ պատկերը, ինձ թւում է թէ մի քանի օր է միայն ինչ նա մեզնից բաժանւել է:

Տարօրինակ գուցէ եւ բնական երեւոյթ: Բացառիկ զւիցերուհի-հայուն վիճակւել էր բացառիկ յուղարկաւորութիւն ոչինչով չնմանւող տեղական յուղարկաւորութիւններին: Նրա սիրելիներն ու համակրողները ծանօթ լինելով նրա ծաղիկ սիրող բնաւորութեան, դագաղն ու դիակառքը ծածկել էին թարմ ծաղիկների փունջերով, ծաղկամաններով ու պսակներով: Աչքի էին ընկնում շատերի շարքում «Դրօշակ»ի խմբագրութեան, Ժընեւի Դաշնակցական «Ջանք» խմբի եւ Ուսանողական Միութեան պսակները:

Ուսանողներս – որոնց շարքում կային եւ հանգուցեալի Թաւրիզի աշակերտներից – ի յարգանք մեր սիրելի Յորդանսի եւ ուսուցչի, դագաղը մեր ուսերի վրա առած Դաշնակցութեան տնից փոխադրեցին դիակառք, որին հետեւում էինք համրաքայլ եւ ճնշւած տրամադրութեան տակ մեր առաջ ունենալով սեւ քօղով ծածկւած, ուսանողութեան եռագոյն դրօշակը. ապա հանգուցեալի հարազատները եւ նրան համակրող երկսեռ հասարակութիւնը:

Ահա եւ գերեզմանատունը: Նախ քան մեր բաժանւելը, նրա Թաւրիզի աշակերտներից մին դամբանական է խօսում դրւատելով համառօտ կերպով նրա անցեալն ու ցոյց տւած գործունէութիւնը հայ իրականութեան մէջ, իսկ միւսը կարդում նրա՝ «Դրօշակ»ում լոյս ընծայած կոչը նւիրւած Սասնոյ ապստամբութեան տարեդարձին, որից յետոյ մենք ընդ միշտ բաժանւեցանք մեր սիրելի Յորդանսից:

Ոչ միայն Նոր Տարին, հաշւետւութեան ու անդրդարձումի այս օրն է, որ պիտի քեզ յիշեցնել տայ քու համակրողներին եւ հազարաւոր դէմքերին, այլ բոլոր այն րոպէները, որոնք դժբաղդաբար սակաւ չեն մեր սուգի ներկայ օրերում, երբ քեզ նման եռուն աշխատանք կատարողի այնքան մեծ կարիքն է զգացւում, մինչդեռ դու ապրելով հանդերձ քո սիրելիների շրջանում, անկարող ես զոհաբերելու նոյն շրջանին քո կենդանի աշխատանքը, նւիրաբերելու քու ուժերը եւ խրախուսանքի կոչեր արտասանելու քո շրջապատին:

Դու չկաս այլեւս մեզանում, բայց դու միշտ կապրիս քո հարազատների, սիրելիների եւ մի լայն շրջանում, որովհետեւ դու թողել ես աւելի քան գեղեցիկ յիաշտակներ քո գործունէութեան վառ ասպարէզում:

Հանգիստ տանջւած ոսկորդներիդ:

Մ. Ղազարեան
«Հայրենիք», Պոսթոն
17րդ Տարի, Թիւ 99 (1198)
Երկուշաբթի, Ապրիլ 3, 1916