12 February, 2025

Կովկասի Բոլոր Ազգութիւններին

Քաղաքացիներ,

Ինքնակալ կառավարութիւնը դարերով ճնշում եւ կողոպտում է ժողովրդին, նրա բռնութիւնը հասաւ ծայրայեղութեան եւ ժողովրդի համբերութիւնը հատաւ: Այն անհաւասար կռիւը, որ դժգոհների մի խումբ վաղուց սկսել էր մղել թագաւորի ինքնակալութեան դէմ, հետզհետէ արծարծւեց եւ գրաւեց ժողովրդի աւելի եւ աւելի լայն խաւերը եւ վերջապէս փոխւեց մի հզօր յեղափոխական հեղեղի, որ պէտք է քշէ ու ջնջէ երկրի երեսից ցարի գահը:

Ինքնակալութիւնը ճնշում եւ խեղդում է բոլորին: Եւ բոլորը ոտքի ելան նրա դէմ, ժողովրդի բոլոր խաւերի եւ բոլոր ազգութիւնները, որոնք ապրում են լայնածաւալ Ռուսաստանում:

Ցարի ինքնակալութիւնը սերմանում էր խառնակութիւն եւ այժմ հնձում է սերմանածի պտուղը – ժողովրդի ատելութիւնը: Կառավարութիւնը իր բոլոր հպատակներին, ամբողջ ժողովուրդը, դարձրեց իր կատաղի թշնամին: Բոլորը դժգոհ են նրանից, բոլորը հակառակ են նրան, եւ նա ինքը հակառակ է բոլորին: Երերւեց թագաւորի ինքնակալութիւնը: Նա զգաց ժողովրդի հզօր հոսանքը, եւ նրա առաջ կանգնեց ժողովրդավարական վրէժխնդրութեան ահեղ պատկերը – յեղափոխութիւնը:

Որպէս զի իր սեփական գոյութիւնը պաշտպանէ, որպէս զի ժողովրդի աչքում բարձրացնէ իր կոտրւած վարկը՝ կառավարութիւնը ձեռնարկեց աննպատակ պատերազմի Եաօնիայի հետ, մի պատերազմ, որ ոչ ոքին հարկաւոր չէր, բայց միայն կառավարութեանը: Սակայն մի շարք պարտութիւններ ցամաքի եւ ծովի վրայ՝ բաց արին ցարի րէժիմի ամբողջ ապականութիւնը, այնպէս որ կառավարութեան այ զէնքն էլ իր դէմ ուղղւեց: Ուրեմն նրա այս հնարագործութիւնն էլ չյաջողւեց, եւ հարկ եղաւ դիմել ուրիշ՝ յաճախ արդէն փորձւած միջոցի՝ կործանւող գահը թրկելու համար – այն է ազգաբնակութեան մի մասը միւսի դէմ գրգռելու, որպէս զի այս միջոցով յետ մղէ այն հարւածը, որ ուղղւած է ինքնակալութեան դէմ:

Նա կազմակերպեց խուժանների խմբեր, որպէս զի որսան ու կոտորեն ազատութեան համար կռւողներին. Նա կազմակերպեց հրէական ջարդեր, ինչպէս Կիշինեվում, Գօմէլում եւ ուրիշ քաղաքներում, եւ այժմ էլ գիտենալով որ Կովակսում ապրում են բազմատեսակ ազգութիւններ, այստեղ էլ նոյն միջոցին է դիմում:

Այս նպատակով է ահա, որ թագաւորի գազան պաշտօնեաները կազմակերպեցին Բագուի կոտորածը: Օգտւելով մահմէտական ազգաբնակութեան տգիտութիւնից եւ կուրութիւնից եւ նրան նախապէս զինելով՝ այդ պաշտօնեաները նրան բաց թողեցին անպաշտպան եւ անզէն հայերի վրայ: Նրանք խոստացան թուրքերին, որ բոլորովին անպատիժ կը մնան, եւ ահա Բագւում տեղի ունեցաւ մի զարհուրելի եղեռնագործութիւն, որի համեմատութեամբ Կիշինեվի սարսափների ոչինչ են: Հինգ օր է արիւն է հոսում: Հառաչանք ու ողբ լցրել են քաղաքը: Մահմէտական խաւար ժողովուրդը, ոստիկանութիւնից քաջալերութիւն գտնելով, այնպիսի գազանութիւններ է գործում, որոնք գերազանգում են նույնիսկ թիւրքական գազանութիւններից:

Հապա ոստիկանութի՜ւնը, հապա զօ՜րքը: Նրանք չեն երեւում: Նրանք անում են այն՝ ինչ հրամայւած է – չխանգարել մահմէտականներին եւ խլել զէնքը՝ պաշտպանւող հայերը ձեռքից: Երբ հայերը դիմում են զօրքի օգնութեանը՝ սրանք պատասխանում են. «Մեզ չէ հրամայւած միջամտել»: Նահանգապետը յայտարարում է, թէ զօրք չունի կոտորածը դադարեցնելու համար:

Անամօ՜թ սուտ: Երբ բանւորներն են դուրս գալիս ցոյց անելու, այն ժամանակ զօրք լինո՜ւմ է: Այն ժամանակ նրան ամբողջ քաղաքը մի րոպէում զինւորական բանակի են վերածում, իսկ ա՜յժմ – այդ նրանց ձեռնտու չէ:

Քաղաքացինե՜ր. Այս բոլորը մեռնող րէժիմի վերջին ջղաձգութիւններն են: Ինքնակալութիւնը զգում է, որ իր օրերը համրած են, եւ դիմում է վերջին միջոցին: Այսօր նա մահմէտականներին է զինում հայերի դէմ, վաղը վրացիներին կը զինէ հայերի կամ մահմէտականների դէմ, եւ այսպէս շարունակ: Մենք չունենք ապահովութիւն վաղւայ օրւայ համար: Ինքնակալութիւնը ամէն միջոցի կը դիմէ, որպէս զի կարողանայ իր խղճուկ գոյութիւնը պահպանել: Վաղը այստեղ էլ կարող են կրկնւել Բագւի կոտորածի սարսափն ՍՕՑ-երը:

Դէ՛հ, ուրեմն, քաղաքացիներ, ոտքի կանգնենք մենք ինքներս՝ մեր իրաւունքները, մեր կեանքը պաշտպանելու:

Եթէ ոստիկանութիւնը փորձ անէ այսպիսի գազանութիւններ կազմակերպել եւ ուրիշ տեղերում – մենք այդ թոյլ չենք տալ: Մենք առաջ կը գանք: Բայց առաջ կը գանք միացած ոյժերով մեր ընդհանուր թշնամու դէմ, այս կոտորածների գլխաւոր պատճառի-ինքնակալութեան դէմ: Մենք թոյլ չենք տալ, որ կառավարութիւնը յափշտակիչների մի խմբի հետ կոտորէ եւ կողոպտէ խաղաղ քաղաքացիներին: Մենք մեր բոլոր ոյժերը կ'ուղղենք ոստիկանութեան, ժանդարմների դէմ, զզւելի թագաւորի այդ զզւելի ստրուկների դէմ:

Թող բոլորիս նշանաբանը լինի՝ բոլորը մէկի համար եւ մէկը բոլոր համար:
Կորչի՛ ցարի ինքնակալութիւնը:
Կեցցէ՜ ազգերի համերաշխութիւնը:
Կեցցէ՜ ապագայ յեղափոխութիւնը:

ՌՈՒՍ. ՍՕՑ.-ԴԷՄՕԿՐԱՏ. ԲԱՆՒՈՐ. ԿՈՒՍԱԿ. 
ԿՈՎԿԱՍԵԱՆ ՄԻԱՑԵԱԼ ԿՕՄԻՏԷ

ՀՆՉԱԿԵԱՆ ՍՕՑ.-ԴԷՄՕԿՐԱՏԱԿ. ԿՈՒՍԱԿ. 
ԹԻՖԼԻՍԻ ԿՕՄԻՏԷ

«ՍԱՔԱՐԹՎԷԼՕ» ՍՕՑԻԱԼ ՖԷԴԷՐԱԼԻՍՏ. 
ԹԻՖԼԻՍԻ ԿՕՄԻՏԷ

ՍՕՑ.- ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ.- ԹԻՖԼԻՍԻ ԿՕՄԻՏԷ

ՀԱՅ ՅԵՂ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ
ԿՈՎԱԿՍԵԱՆ 
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿՕՄԻՏԷ

12 փետրւարի 1905 թ.
Թիֆլիս

«Դրօշակ»
Մարտ 1905
Թիւ 3 (156)