Մեր քաղաքը արիւնալի, ամօթաբեր գործողութիւնների ասպարէզ էր դարձել:
Չորս օր ականատես եւ ակամայ մեղսակից էինք անմիտ, զզուելի եղբայրասպանութեան:
Թափւեց շատ անմեղ արիւն, ընկան բազմաթիւ մարդկային զոհեր:
Հարեւանը զինւեց հարեւանի դէմ եւ սկսւեց կոտորած՝ վայրենի, անփառունակ եւ ամօթաբեր:
Թէ ո՞ւմ վրայ է ընկնում այդ սարսափելի օրերի պատասխանատւութիւնը,– մենք դեռ յետոյ կը երադառնանք դրան:
Այժմ անկեղծ սրտով ողջունում ենք վերականգնւած խաղաղութիւնը եւ ցանկանում ենք, որ դա լինի ամուր եւ ընդմիշտ, որովհետեւ գիտենք եւ լաւ յիշում ենք, որ ոչինչ բաժանելիք չունենք թիւրքերի հետ: Մենք չունենք միմեանց հակասող շահեր, որ ստիպւած էինք պաշտպանել մեր պատիւը, մեր կեանքն ու մեր կայքը:
Բայց հէնց որ հնչեց խաղաղութեան հրաւէրի առաջին կոչը, մենք թեթեւացած սրտով ցած դրեցինք հարեւանների արիւնով ներկւած մեր զէնքերը:
Այդ արիւնին մենք ծարաւի չէինք եւ չենք էլ ծարաւել երբէք: Մեծ զզւանքով ենք յիշում դեռ նոր անցած օրերը եւ գործ կը դնենք մեր բոլոր ուժերը, որ նրանք այլեւս չկրկնւեն:
Հէնց նոյն այդ հաշտութեանն ենք հրաւիրում ձեզ, մահմէտականներ, մի՛ փնտռէք թշնամուն այնտեղ, ուր նա չկայ եւ մի՛ գործածէք ձեր զէնքը այնպիսի մի գործում, որը կը ծածկէ ձեզ ոչ թէ փառքով, այլլ ամօթով: