18 March, 2025

Դաշնակցական Ընկերներին (Շրջաբերական)

Ընկերներ.

Թաւրիզում մի քանի օր առաջ պատահած՝ խորին նողկանք ազդող իրողութիւնը, կատարւած յեղափոխական դիմակի ներքոյ թագնւած բաշիբօզուկների ինչ որ խմբակի կողմից, գալիս է մի անգամ էլ (օրինակ, մեր շրջանում, մասնաւորապէս Սալմաստում, վերջերս կատարւած մի շարք ցաւալի ընդհարումների եւ նոյն իսկ սպանուեթան դէպքեր) ապացուցանելու բարոյական եւ յեղափոխական սնանկութիւնը ենիչերիների այն խմբակցութեան, որի միակ զբաղումն ու գործը եղել է միշտ եղբայրասպան կռիւների յարուցանելն ու արծարծելը:

Կենտրօնական Կօմիտէն սրանով յայտարարում է ի գիտութիւն դաշնակցական ընկերներին, թէ Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ երբէք տրամադիր չէ վատ դասեր առնելու ուրիշներից, միշտ անխնայ է եղել դէպի յեղափոխական դրօշակը անարգող անհատները եւ առանց վարանումի դուրս է շպրտել այդպիսիներին իր շարքերից: Դա մի հրամայական պահանջ է ամեն մի կազմակերպութեան համար, որ չի կամենում դէպի սնանկութիւն, դէպի ինքնասպանութիւն դիմել:

Դաշնակցական ընկերները ընդհանրապէս եւ զինւորները մասնաւորապէս պէտք է ամեն կերպ խոյս տան արիւնհեղութիւնից, անգամ ամենասուր պրօվօկացիաների հանդէպ, այլ եւ յեղափոխութեան հմայքը եւ հասարակութեան անդորրութիւնը վտանգող ամեն տեսակ արարքներից: Վստահ պիտի լինել միաժամանակ, որ կազմակերպութիւնը գիտէ՝ հարկաւոր դէպքերում՝ պատշաճաւոր եւ իր կանոնաւոր ճանապարհով պատժել այդ օրինակ ժպիրհ գործերի իսկական հեղինակներին, որոնք գալիս են զարթուցանելու նորա իրաւացի զայրոյթը եւ, քանի-քանի անգամներ լինելով, փորձելու նրա երկար համբերութիւնը:

Հ. Յ. Դ. Վրէժստանի Կենտ. Կօմիտէ
18 մարտ, 1906

«Դրօշակ»
Մայիս 1906
Թիւ 5 (171)