25 May, 2025

Շրջաբերական. Ռուս Սօց.-Յեղափոխականների Բագւի Կօմիտէ

Ընկերներ,

Մայիսի 11-ին, ցերեկւայ ժամը 3-ին, քաղաքի կենտրօնում, ռումբի հարւածով սպանւեց Բագւի նահանգապետ իշխան Նակաշիձէն: Դաշնակցութեան որոշմամբ էր այդ:

Արի՜ւն ընդ արեան:

Փետրւարի 6-8-ի գազանային կոտորածը, որ ամբողջ քաղաքակիրթ աշխարհի կրծքից ցասման աղաղակ կորզեց, չէր կարող անպատասխան մնալ ժողովրդի կողմից:

Նա, որ կազմակերպեց եղեռնը՝ հրէշաւոր իր ծաւալով ու դաժանութեամբ, մասսային կոտորածներ ու տանջանքներ, ջարդ ու թալան, որ բարեկամաբար սեղմում էր եղեռնագործների ձեռքը՝ հէնց այն ժամանակ, երբ նրանք մահ ու աւեր էին սփռում քաղաքի մէջ՝ նա պէտք է ընկնէր:
Ու ամէնքը սպասում էին վճռական հատուցման:

Երերացող գահի այդ նենգամիտ ճորտն էր, որ ձգտում էր թշնամութիւն սերմանել հայ ու թիւրք ազգութիւնների մէջ՝ կասեցնելու յեղափոխական շարժումները Կովկասում:

Շրջապատելով իրեն լրտեսների ու ոստիկանների ոհմակներով, զինւորներով եւ կօզակներով, նա կարծում էր վրիժառու հերոսի ուժեղ ձեռքը վերջ դրեց Բագւի սատրապի գործունէութեան ու արատաւոր կեանքին:

Ընկերներ, Նակաշիձէն բախտակից եղաւ Սիպիագինին, Պլէվէյին, Բօգդանօվիչին, մեծ իշխան Սէրգէյին... Ժողովրդական դատաստանը քնած չէ:

Պէտք է ընդլայնել այդ գործունէութիւնը:

Մա՛հ ժողովրդի հարստահարիչներին:

Մա՛հ նրանց, որոնք կաշկանդել են մեզ քաղաքական ստրկութեան շղթաներով, որոնք պահպանում են մեր տնտեսական ստրկութիւնը:

Մա՛հ նրանց, որոնք խաղաղ աշխատաւորի դէմ դուրս են բերում գիւղացիներ ու բանւորներ պաշտօնական համազգեստով:

Մա՛հ նրանց, որոնք փտեցնում են բանտերում ազատութեան մարտիկներին, Սիբիր քշում նրանց:

Մա՛հ նրանց, որոնք հալածում են ազատ եւ շիտակ միտքը եւ բանւորական դասակարգին նւիրւած յանդուգն աշխատողներին:

Մա՛հ նրանց, որոնք ատելութիւն են սերմանում եղբայր ժողովուրդների մէջ. նրանց, որոնք մտցնում են մեր մէջ լրտեսութիւնն ու պրօվօկացիան. նրանց, որոնք ստում են բացարձակօրէն, վերեւից րէֆօրմներ խոստանալով, որոնք ճգնում են ոչնչացնել ժողովրդական զարթն ու գիտակցութիւնը:

Մա՛հ ժողովրդի թշնամիներին, մա՛հ միապետութեան,
Կեցցէ՜ յեղափոխական մարտը,
Կեցցէ՜ մասսային շարժումն ու տէռօրը,
Կեցցէ՜ քաղաքական ազատութիւնը,
Կեցցէ՜ սօցիալիզմը:

Ռուս Սօց.-Յեղափոխականների Բագւի Կօմիտէ
1905, մայիս. Բագու

«ԴՐՕՇԱԿ» 
Յուլիս 1905, Թիւ 7 (160)